Սկիզբը՝ 2011 Հունիս Ա-Բ

Վարդան Հունանյանի գործունեությունն իր չարագուշակ ավարտին հասավ 1689 թ. հոկտեմբերի 10-ին՝ Լվովում գումարված գավառական ժողովի կամ Սյունհոդոսի որոշումների մեջ, որոնց համաձայն՝ Լեհաստանի հայոց եկեղեցիներում գործածվող ծեսերը համարվեցին Հայաստանյայց Եկեղեցու հայրերի կարծեցյալ մոլորություններ եւ Վարդան Հունանյանի ու նրա կարճամիտ համախոհների կողմից “ուղղվեցին”, կազմվվեցին նոր օրինակներ, որոնք ուղարկվեցին Հռոմ՝ տպագրվելու եւ հռոմեադավան հայերի շրջանում կիրառվելու համար։ Այդ գործին իրենց մեծ նպաստն են բերում լատին քարոզիչ աբեղաներն ու Լեհաստանում պապի նվիրակ Գանդելմին, որը նախագահում էր ժողովում։ Վերջինս որոշում է Աստվածատուր Ներսիսյան եպիսկոպոսին հանձնել սրբագրյալ ծիսարանները՝ “Պատարագատետրը”, “Տօնացոյցը”, “Ժամագիրքը”, “Շարականը” եւ “Մաշտոցը”՝ Հռոմ տանելու եւ տպագրելու համար։

Լվովի ժողովը Հայ Եկեղեցու համար ունեցավ ողբերգական հետեւանք։ Խախտվել էր հայոց կաթողիկոսի իրավունքը, քանի որ ժողովում նախագահել էր պապի նվիրակը։ Վարդանն այդ քայլով վերջնականապես խզեց լեհահայերի կապն Էջմիածնից, իսկ մինչ այդ թե՛ Նիկոլը եւ թե՛ Վարդանն ընդունում էին իրենց հպատակությունը Մայր Աթոռին։ Փաստորեն՝ 1689 թվի հոկտեմբերի 10-ը դարձավ լեհահայերի՝ Էջմիածնից անջատվելու տարեթիվը։ Այս իրադարձությունից հետո Մոլդավիայի, Վալախիայի եւ Բուկովինայի հայ գաղթականները բաժանվեցին Վարդան Հունանյանից եւ հավատարիմ մնացին ազգային Եկեղեցուն։ Նույնիսկ այլեւայլ վայրերում գտնվող հռոմեադավան հայերը եւս քաղաքականապես անջատվեցին նրանից, եւ միայն Գալիցիան մնաց հռոմեադավան եպիսկոպոսին ենթակա։

Հայտնվելով այդօրինակ կացության մեջ՝ Վարդան Հունանյանը որոշեց իր ազդեցության տակ առնել Հունգարիայի մաս կազմող Տրանսիլվանիայում հաստատված հայ գաղթականներին։ Սրանք այստեղ հաստատվել էին դեռ մինչեւ 1654 թիվը, սակայն բուն գաղթականությունը հաստատվեց 1672-ին, երբ Մոլդավիայի հունադավան իշխանն սկսեց հալածել հայադավաններին։ Հայերի մի մասը հեռացավ Մոլդավիայից դեպի Տրանսիլվանիա։ Դրանց մեջ էին Մինաս Զելիֆտարօղլու եպիսկոպոսը եւ Սուչովայի քահանա Եղիան։ Ցավոք, առաջինին Վարդանը հաջողեց իր կողմը գրավել եւ նրա մահվանից հետո՝ 1691 թ. հուլիսի 30-ին, Տրանսիլվանիայի հայոց եպիսկոպոս ձեռնադրեց Օքսենտիոս Վերծերեսքոյին կամ Վրզարյանին, որը Բոտոշանի վարդապետն էր եւ ուսանել էր Հռոմի Պրոպագանդայի վարժարանում։ Եկվոր հայ գաղթականները կազմակերպված չէին եւ կարոտ՝ Ավստրիայի իշխանությունների պաշտպանությանը, ուստի շատ հեշտությամբ դավանափոխ արեցին հունգարահայերին։ 1691 թվին դավանափոխ եղավ նաեւ Եղիան՝ Սուչովայի քահանան։

Լավ չէր կացությունը Պարսկաստանի հայերի համար։ Հակառակ իր նախորդների՝ շահ Սուլեյմանը մտադրվեց քրիստոնյաներին, մանավանդ հայերին, պարտադրել իսլամը։ Հայերը, որ կորցրել էին իրենց հայրենիքը, այժմ զրկվեցին դավանական հանգստից, ինչն ունեին Շահ-Աբասի ժամանակներից։ Գաղթական հայերի կենտրոնն Ամենափրկչի վանքն էր, որը նշանավոր էր արժանավոր առաջնորդներով։ Ըստ ոմանց՝ Խաչատուր Կեսարացուն հաջորդեց Դավիթ Ջուղայեցին, սակայն իրականում հաջորդել էր Սիմեոն Ջուղայեցին։ 1655-ին արդեն Դավիթն էր, որին գովեստներ են շռայլել ժամանակակիցները։ Նա վերաշինեց Ամենափրկչի վանքը (ավարտվեց 1664-ին)։ Նա 40-ի չափ աշակերտներ հավաքեց, որոնք հետագայում պարսից կրոնական բռնաճնշումների ընդդիմադիրները դարձան։ Նրանց մեջ հատկապես նշանավոր էին Ստեփանոս Ջուղայեցին, որ հաջորդեց Դավթին, Հովհաննես Մրքուզը, որը հռչակվեց մահմեդական օրենսգետների եւ անգամ պարսից շահի հետ ունեցած՝ քրիստոնեական հավատքին վերաբերող ջատագովական վիճաբանություններով։ Հիշվում են նաեւ Ալեքսանդրը, Խաչատուրը, Մինասը, Անդրեասը, Միքայելը, Մարկոսը, Հովսեփը, Սիմեոնը եւ Հովհանը, որոնք վարդապետներ էին՝ հետագայում հասած եպիսկոպոսական աստիճանի, բացի Մրքուզից, որը կամովին հրաժարվել էր այդ աստիճանից։

Երբ 1680 թվին Հակոբ կաթողիկոսը գտնվում էր Կոստանդնուպոլսում, Յոհան անունով մի աբեղա ստիպում է նրան, որ իրեն հանձնի Փերիա գավառի առաջնորդությունը՝ Հազարջրիպի վանքով հանդերձ։ Եվ երբ կաթողիկոսը չի ուզում դա անել, նա սպառնում է հակառակ դեպքում ուրանալ քրիստոնեությունը։ Հակոբը ձեւ է անում, թե զիջում է, բայց Էջմիածին լուր է ուղարկում, որ նրան գալուն պես ձերբակալեն, նետեն Սեւանի կղզին, որպեսզի այդտեղից նա դուրս չգա։ Այդպես էլ արվում է, եւ Յոհանը մի քանի տարի մնում է Սեւանում։ Սակայն նրան հաջողվում է փախչել եւ գաղտնի գալ Փերիա եւ հաստատվել Հազարջրիպի վանքում։ Այդ մասին իմանում են Նոր Ջուղայում, եւ Ստեփանոս վարդապետը, որ հաջորդել էր Դավթին, Աղաբիր Շահխաթունյանց գյուղապետն ու ջուղայեցիների առաջնորդները գալիս են, ծեծի ու խոշտանգումների ենթարկում Յոհանին եւ բանտ նետում։ Յոհանին հաջողվում է այդտեղից էլ փախչել եւ դիմելով պարսիկներին՝ ընդունել իսլամ։ Նա ստանում է Մեհմեդ-Ալի բեկ կամ Շեյխ-Մումին անունը։ Նա հարմար առիթ էր փնտրում Ստեփանոսից ու մյուսներից վրեժ լուծելու համար։ Այդ մասին հաղորդող տեղեկությունները հակասական են, ուստի ժամանակագրության հարցերին չենք անդրադառնում։ Լոկ նշենք, որ Շեյխ-Մումինը Սուլեյման շահի մոտ մեղադրեց Ստեփանոս վարդապետին, որին շահը բանտարկել տվեց։ Ձերբակալվեցին շատ այլ վարդապետներ, քահանաներ, որոնք ենթարկվեցին տանջանքների։ Նրանց բանտում պահեցին ավելի քան մեկ տարի եւ ազատեցին՝ 1000 թուման տուգանք վերցնելով հայ մեծամեծներից։ Հայերը խոստացան նաեւ տարեկան 300 թուման տուգանք վճարել։ Տուգանքը վճարվում է մինչեւ 1691 թիվը, եւ 1692 թվին Ջուղայի գյուղապետ Ավետիսը փակում է այն։ Այս ամենը եղավ Եղիազար կաթողիկոսի շրջանում, եւ զարմանալի է, որ նրա անունը բնավ չի հիշատակվում։

Այս շրջանում է եղել Հովհաննես Մրքուզի գիտական եւ կրոնական ջատագովությունների մի մասը, ինչը նա արել է՝ պաշտպանելու համար քրիստոնեական վարդապետությունը։ Նա իր ջատագովությունները կատարել է մասամբ Սուլեյման եւ հիմնականում Հուսեյն շահերի օրոք, որը 1694 թվին հաջորդել էր հորը։ Նա իր ջատագովությամբ հիացնում եւ զարմացնում է շահին ու իսլամ հոգեւորականներին։

Հետաքրքիր է, որ հիշատակված այս իրադարձությունների շրջանում խոսք անգամ չկա Եղիազար կաթողիկոսի միջամտության կամ գործակցության մասին, որն իրավունք է տալիս Մ. Օրմանյանին եզրակացնելու, որ Եղիազարը որքան ձեռներեց էր եւ բազմակողմանի գործունեության ձգտող, ապա նույնքան հանգիստ էր պաշտոնավարության շրջանում։ Դժվար է ասել, թե դա արդյունք էր տարիքով բացատրվող հոգնածության, հուսախաբության կամ հիասթափության։ Պատմագիրները եւ հիշատակարնները Եղիազարի գործունեությունն առվելապես ներկայացնում են Մայր Աթոռի նյութական եւ բարեկարգման խնդիրների հետ կապված։ Նոր ուսումնասիրողներից միայն մեկն է, որ Եղիազարին համարում է Արեւմուտքի հետ հարաբերվելու կողմնակից եւ լատին հոգեւորականների նկատմամբ հաշտ վերաբերմունք ունեցող։ Որ իբր նրանց թույլատրել է քարոզել հայոց եկեղեցիներում եւ արտոնել 1686 թվին վախճանված լատին միաբան Ռու աբեղային մեծ շուքով թաղել հայոց գերեզմանատանը։ Նա շատ հակամետ չի եղել հռոմեադավանությանը, սակայն չի կարելի համաձայնել Ավետիք Եվդոկացու հետ, թե Եղիազարը եղել է լատինամետ։ Ավետիքի նման եզրակացությունը կապվում է հավատաքննական բանտարկության մեջ դավանափոխությամբ ազատություն ձեռք բերելու նյութի հետ, ինչն իրականում եղել էր հարկադրանքի ազդեցության տակ։ Նա կարող էր համարձակ հարաբերությունների մեջ մտնել արեւմտականների հետ, սակայն դա երբեք իրավունք չի տալիս նրան լատինամետ համարելու։ Հավանբար իր նախորդի՝ Հակոբի պես միտք է ունեցել Էջմիածնից մեկնել Կոստանդնուպոլիս՝ եվրոպացիների հետ հեշտությամբ բանակցելու համար։ Անշուշտ, նպատակը եղել է Արեւմուտքից քաղաքական օգնություն ստանալը։ Թերեւս մեկնել է 1691 թվին, սակայն հասնելով Կարին՝ վերադարձել է՝ հաշվի առնելով ճանապարհորդության վտանգավորությունը, քանի որ գահընկեց էր եղել Մեհեմմեդ Դ սուլթանը, եւ երկիրը բռնված էր խռովություններով ու ապստամբություններով։ Դրանում հատկապես աչքի ընկան Եեկեն Օսման եւ Կետուք Մեհեմմեդ փաշաները։ Այդ խռով վիճակը շարունակվեց 6 տարի՝ Սուլեյման Բ եւ Ահմեդ Բ սուլթանների գահակալության շրջանում։ Սուլեյման Բ-ն մահացավ 1691 թ. հուլիսի 14-ին, եւ նրա եղբայրը՝ Ահմեդ Բ-ն հաջորդեց նրան, սակայն երկիրը հանգիստ չէր, եւ Եղիազարը չէր վստահի ցամաքային ճանապարհորդություն կատարել եւ ոչ էլ հաջողություն հուսալ Կ. Պոլսում։ Վերադառնալուց հետո նա մահացավ 1691 թվի օգոստոսի 8-ին՝ պաշտոնավարելով 9 տարի. թաղվեց Ս. Գայանեի յուրաշեն գավթի աջ կողմում։

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s