ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

 “ՏԱՍԸ ՄՆԱՍՆԵՐԻ ԱՌԱԿԸ”

(Ղուկ. ԺԹ 12-27)

 Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Տե՛ր հայր, մեր նախորդ զրույցի ժամանակ ասվեց, որ “Տասը մնասների առակը” շատ նման է Մատթեոսի Ավետարանում հանդիպող “Երեք ծառաների առակին”՝  պատումի մանրամասներով եւ ասելիքի նպատակներով։ Միաժամանակ նշվեց, որ այս երկու առակները միմյանցից տարբերվում են մի շարք կարեւոր հանգամանքներով, այդ թվում՝ պատմած օրվա եւ տեղի պարագայով։ Ուրի՞շ…

 

— Տեղի եւ ժամանակի տարբերություններից բացի՝ այս երկու առակները զատվում են նաեւ իմաստային որոշակի նրբերանգներով։ Սկսենք նրանից, որ Մատթեոսի Ավետարանի առակում տերն իր ծառաներին բաշխեց քանքարների տարբեր քանակություն՝ հինգ, երկու եւ մեկ։ Ղուկասի Ավետարանի “Մնասների առակում” բոլորն էլ հավասար չափով ստացան։ Ասում է. “Կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տվեց…”։ Տասն ամբողջն էր, որ տրվեց բոլորին, հավանաբար՝ յուրաքանչյուրին մեկական։ Այլ հարց է, որ տիրոջը հաշիվ տալիս միայն երեք ծառայի ենք տեսնում։ Կարծում եմ՝ այս երեքն ընդհանրացնում են նաեւ մյուսներին՝ մարմնավորելով մարդկային տեսակը։ Այս տասը թիվը բավականին հետաքրքիր խորհրդաբանական մեկնություն ունի։ Նախ՝ դա Աստծու տասը պատվիրաններն են, որ նա տվեց բոլորին եւ ասաց. “Շահարկեցե՛ք դրանով, մինչեւ որ գամ”։ Շահարկեցե՛ք, այսինքն՝ գործածե՛ք, գործադրե՛ք։ Մյուս կողմից՝ տասը, կատարյալ թիվ լինելով, խորհրդանշում է Քրիստոսի սրբազան Ավետարանը, քանի որ Ավետարանը՝ Աստծու Խոսքը, նույնպես կատարելություն է։ Ուրեմն՝ կատարյալ փրկությունն էր, հավիտենական կյանքի, անկորնչելի Լույսի ճանապարհն էր, որ բաշխեց Տերն իր հետեւորդներին եւ նրանցից պահանջեց շահարկել, այս կյանքում գործադրել, որպեսզի օգուտ ունենան, այսինքն՝ փրկվեն։

Եվ ահա մեկ-մեկ մոտենում են ծառաները՝ հաշիվ տալու, թե ով ինչ էր շահել այդ մեկ մնասով։ Առաջին ծառան մեկ մնասով տասն էր շահել, երկրորդը շահել էր հինգ մնաս, երրորդը՝ ոչինչ. ճիշտ եւ ճիշտ՝ “Քանքարների առակի” երրորդ ծառայի պես, այն տարբերությամբ միայն, որ նա քանքարը թաղել էր հողի, իսկ սա՝ ծրարել թաշկինակի մեջ։ Այստեղ այլաբանությունը գրեթե նույնն է, ինչ որ Մատթեոսի Ավետարանում. առաջին երկու ծառաները ժրաջանորեն ու նվիրումով պահել ու գործադրել էին տասնաբանյա պատվիրանները։ Հոգով-սրտով պաշտելով Աստծուն եւ արդյունավորելով տվածը՝ իրենց կյանքի ընթացքում տասնապատկել ու հնգապատկել էին Տիրոջ պարգեւած շնորհները, ինչի արդյունքում եւ արժանացան Տիրոջ գովեստին եւ նոր ու մեծամեծ պարգեւների։ Իսկ երրորդը, որ թաքցրել էր մնասը, այսինքն՝ ուղղակի անգործության էր մատնել Աստծուց ստացած շնորհները, դատապարտվեց՝ զրկվելով ամեն ինչից։ Այս առակում առկա է “գործող անձանց” մի խումբ, որը բացակայում է Մատթեոսի Ավետարանի առակում. Տիրոջ թշնամիներն են դրանք, որ առակում հանդես են գալիս “համաքաղաքացիներ” անվան տակ։ Ասում է. “Բայց նրա համաքաղաքացիներն ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա ետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեզ վրա թագավորի”։ Թշնամիների վախճանը հայտնի էր ի սկզբանե. սրանք տիրատյաց էին եւ այդպիսին մնացին մինչեւ վերջ, ինչի համար էլ իրենց վարձատրությունն ստացան խստագույն պատժով։ Սա հայտնի է դառնում առակի վերջում, երբ տերն իր թագավորությունն ստացած՝ վերադառնալով հրամայում է ծառաներին. “Իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագավորեմ իրենց վրա, բերե՛ք այստեղ եւ սպանեցե՛ք իմ առաջ”։ Հասկանալի է, որ Տիրոջ երկրորդ գալստյանը՝ ահեղ դատաստանի օրը, Նրա երդվյալ թշնամիները, որոնք, ըստ մեկնիչների, “իրեն համաքաղաքացի” հրեաներն են, նաեւ այլադավաններն ու չար քրիստոնյաները, պիտի պատժվեն խստագույնս։ Դատաստանը դատապարտություն է սրա՛նց համար, իսկ Տիրոջ հավատարիմ ծառաների համար՝ երանության պարգեւ ու փառքի բազմապատկում։ Սակայն դատվելու ենք բոլորս։ Ամեն մարդ կանգնելու է Աստծու ահեց դատաստանի առաջ՝ ե՛ւ նրանք, ովքեր Տիրոջ մնաս-շնորհներն ստացան, ե՛ւ Նրա թշնամիները։ Եվ ահա ծառաների մեջ էլ կային ծույլ ու թերահավատներ, որոնք նույնպես պատժվեցին, անշուշտ, ոչ այնքան խիստ, որքան թշնամիները։ Առաքյալն ասում է. “Դատաստանն սկսվում է Աստծու տնից”։ Ի՞նչ պատասխան պիտի տանք դատաստանի օրը, ինչպե՞ս պիտի արդարանանք Տիրոջ առաջ, եթե Նրա պարգեւած շնորհները գործադրելու եւ բազմպատկելու փոխարեն՝ թաքցրել ենք հողի մեջ կամ ծրարել թաշկինակում։ Ինչ էլ որ ասենք, պատասխանը նույնն է լինելու՝ այն, որ ասվեց երրորդ ծառային. “Հենց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհավատարի՛մ ծառա, գիտեիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, եւ հնձում եմ, ուր չեմ սերմանել։ Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտվիր, որպեսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջեի այն”։ Ո՞րն էր ծույլ ու անհավատարիմ ծառայի արդարացումը։ Ասում է. “Վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես”։ Ի՞նչ է ստացվում. վախենում էր եւ դրա՞ համար էր շնորհը մեռցնում։ Ճիշտ հակառակը՝ պիտի վախենար չգործածելուց, պիտի վախենար չարդյունավորելուց, չպտղաբերելուց։ Մենք ինչո՞ւ պիտի վախենանք Ավետարանի պատգամները պահելու եւ կատարելու համար, ինչո՞ւ պիտի վախենանք սիրելուց, խոնարհվելուց, Աստծուն պաշտելուց։ Ինչո՞ւ առաջին երկու ծառաները ժրաջանորեն գործադրեցին մնասը, բազմապատիկ դարձրին շնորհը, իսկ վերջինը, իբրեւ թե վախենալով, թաքցրեց։ Իրականում երրորդ ծառան պարզապես մեղանչել էր տիրոջ դեմ՝ ծուլությամբ ու թերահավատությամբ։ Եվ ահա տերը հիշեցնում է անհավատարիմ ծառային այն փոքրիկ քայլը, այն նվազագույնը, որ նա ուղղակի պարտավոր էր անել։ Ասում է՝ լա՛վ, ինքդ ես ասում, գիտեիր, որ խիստ մարդ եմ, եւ ընդունենք, թե վախենում էիր, ընդունենք նաեւ, որ ուրիշ ոչինչ չէիր կարող անել, բայց գոնե կարող էիր լումայափոխներին տալ մնասը, ինչո՞ւ չտվեցիր, դա էլ հո ջանք չէ՞ր պահանջում…

— Ասել է թե՝ եթե ուրիշ բան չէիր կարող անել, գոնե կարող էիր Ավետարանն ընթերցել կամ տալ ուրիշներին, որ կարդան…

 

— Իհարկե։ Մնասները շահարկելն արդեն իսկ Քրիստոսի սրբազան առաքելությանը մարդկանց հասու դարձնել է նշանակում։ Ավետարանը մարդկանց սրտերում սերմանել է նշանակում։ Ընդունենք, որ այն մեկական մնասը, որ տրվեց բոլորին, սուրբ մկրտությունն է։ Եվ ուրեմն՝ ամենքն ստացան Աստծու որդեգրությունը հավասարապես։ Բայց ոմանք, առաջնային հոգեւոր շնորհով վերածնված, նորանոր առաքինություններով ընթացան այս կյանքում, մյուսները ծուլանալով զլացան։ Նույնն է ձեռնադրության խորհրդի պարագայում. բոլոր քահանաներն էլ հավասարապես ստանում են քահանյության շնորհ (նույն մնասն է տրվում բոլորին)։ Արդյունքում մեկն առավելագույնս գործադրում է, մեկ ուրիշը, մեղա՜ Աստծու, մի տեսակ արհեստի է վերածում աստվածային շնորհը։

— Եթե “ամեն ինչ սկսվում է Աստծու տնից”, կարելի՞ է նաեւ ասել, որ ամեն ինչ սկսվում  է Աստծու սպասավորից։ Այսինքն՝ հոտը կարող է պտղաբերել, համայնքը կարող է ծաղկել, եթե նվիրյալ հովիվ ունի, եւ մյուս կողմից՝ քահանայի վարքագիծը կարող է գայթակղության առիթ դառնալ։ Սրա՞ մասին է խոսքը։

 

— Միանգամյան ճիշտ է։ Պարզ քրիստոնյայի դեպքում առակի մնասը կարող է մկրտությունը լինել, օծության պարագայում՝ քահանայությունը։ Սակայն գործադրման արդյունավետությունը թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում տարբեր է։ Մի կարեւոր հանգամանք եւս. առակի բոլոր ծառաներն էլ մեկական մնաս ստացան. հավասար պայմաններում մեկը կարողացավ առավելագույն արդյունք ապահովել. մեկին՝ տասը։ Մյուսն ավելի քիչ. մեկի դիմաց՝ հինգ։ Թերեւս այս մարդու կարողությունն էլ այդքան էր։ Երկուսն էլ գովեստի ու պարգեւի արժանացան։ Երրորդը պատժվեց, քանի որ այս դեպքում ոտնահարված էր պատվիրանը։ Չպետք է մոռանալ, որ Աստված շատ լավ գիտի բոլորիս կարողությունները եւ ըստ այդմ էլ տալիս եւ պահանջում է։ Գանձանակի մոտ կանգնած Քրիստոսը դիտում էր, թե ինչպես են մարդիկ մեծ-մեծ գումարներ նետում այնտեղ։ Սակայն Քրիստոսը դրանք քիչ համարեց. նրանք ընդամենն իրենց ունեցածի ավելցուկն էին տալիս։ Իսկ աղքատ ու այրի կնոջ երկու լուման Տերն ամենաշատը համարեց, որովհետեւ այդ չնչին գումարը կնոջ ամբողջ ունեցածն էր։ Այս առակի տասը մնասը, թերեւս, հենց այդ մոտեցումով է գնահատվում։ Եթե մի մարդ իր ամբողջ հոգով-սրտով պաշտում է Աստծուն, ուրեմն՝ նա մեկը տասը դարձրեց՝ անկախ իր ունեցածի նյութական հաշվեկշռից։ Նա եթե որեւէ բան չունենար տալու, իր սիրտն էր տալու, իր սերն էր տալու, դրանով իսկ՝ առավելագույնը։ Եվ ըստ իս՝ խիստ երկբայելի է այն կարծիքը, թե մեկից տասը մնաս ստացողները միայն հոգեւորականները կարող են լինել։ Եթե ես քահանա եմ եւ կիրակի օրը քարոզում եմ, ու ինձ լսում է, ասենք, հարյուր հոգի, եւ եթե մի պարզ քրիստոնյա իր շրջապատում հինգ կամ երեք հոգու հաղորդ է դարձնում աստվածային ճշմարտություններին, քարոզում է կամ պարզապես իր առաքինի ու աստվածահաճո ընթացքով օրինակ է ծառայում իր շրջապատի համար, ապա որեւէ մեկը չի կարող ասել, որ դրա արդյունքն ավելի փոքր է, քան քահանայի քարոզը։

— Ըստ մեկնիչների՝ այս առակի բարոյական իմաստն այն է, որ մարդը պետք է Աստծուց ընդունած շնորհներն իբրեւ ավանդ նկատի եւ այն արդյունավորի՝ իր իսկ օգուտի համար գործադրելով։ “Իր օգուտի համար” արտահայտությունը հաճախ թյուրըմբռնման առիթ է դառնում։

 

— Թյուրըմբռնումը միայն եւ միայն նյութականացնելու հետեւանք է։ Եթե որեւէ մեկի տեսադաշտը սահմանափակված է գերեզմանափոսով, եթե մարդը մտածում է, թե գերեզմանից այն կողմ ոչինչ չկա, նման մեկը “օգուտ” բառն այլ կերպ չի էլ կարող հասկանալ, քան նյութական օգուտ միայն։ Դա այն մարդն է, որը թշնամի է Քրիստոսին, որը չի հավատում, որ Քրիստոսը մեռավ եւ հարություն առավ։ Այն մարդն է, որն առակում թշնամիների մեջ է, ովքեր չէին ուզում, որ օծյալ Տերն իրենց վրա թագավորի։ Մարդկանց մի տեսակ էլ կա (որպիսիք բավականին մեծ թիվ են կազմում), որոնք ուղղակի լսել են կամ կարդացել ու մտածում են. “Դե որ այդքան ասում են, երեւի մի բան կա”։ Եվ այսօր արդեն անհավատության զորեղ նեցուկ չունենալով՝ սրանք որդեգրել են, մի տեսակ, միջանկյալ, շատ գաղջ ու տաղտկալի կեցված. իբրեւ թե հավատացյալ են, բայց իրականում ոչինչ էլ չեն։ Սրանք շատ նման են ավետարանական առակի՝ մնասն ստացած, բայց երբեւէ չշահարկած ծառային. կարծես թե չկորցրին, սակայն չշահարկելով՝ իրականում ի չիք դարձրին։ Իսկ նրանք, ովքեր գերազմանից այն կողմ են տեսնում, տեսնում են հավիտանական կյանքը, նրանք, ովքեր հավատում են Քրիստոսի հարությանը, ովքեր գիտեն, որ այս կյանքը ժամանակավոր է, եւ երկնքի թագավորության հույսն ունեն իրենց հոգում, այս մարդիկ մի բան շատ լավ գիտեն. քանի դեռ ժամանակը եւ այս կյանքն իրենց ձեռքին են, իրենք պետք է այն մշտապես շահարկեն, քանի որ Տերը շուտով պիտի գա։ Գուցե հազար տարի հետո, գուցե հենց վաղը… Եվ ուրեմն՝ պետք է միշտ արթուն լինել ու բարին գործել ժրաջանորեն, անտրտունջ, պետք է հարաժամ աղոթել, Աստծուն պաշտել, եկեղեցու շեմը մաշեցնել, առաքինության գործեր գործել՝ սիրել, ներել, խաղություն հաստատել, հույսով ապրել եւ այս ամենով նաեւ բարի օրինակ դառնալ այլոց համար։ Ա՛յս ծառան է, որ իրեն շնորհված մկրտության մեկ մնասը կարողանում է տասնապատկել։ Եվ իր ունեցածի վրա պիտի տրվի ու պիտի ավելացվի, ինչպես որ առակի վերջում հրահանգում է Տերը։ Եվ որքան էլ որ աշխարհիկ ընկալմամբ անարդարացի է թվում չունեցողից եղածն էլ վերցնելու եւ ունեցողին տալու աստվածային վիճռը, ուզում եմ շեշտել, որ դա խիստ արդար դատաստան է։ Այս մասին արդեն խոսել ենք նախորդ զրույցում։ Ուզում եմ միայն մեկ օրինակ բերել. չե՞ք նկատել՝ գիտուն մարդիկ գրքերն այնպես են կարդում, կարծես ոչինչ չգիտեն, իսկ ծույլ ու անբան մեկը, որ կյանքում ոչ մի գիրք չի կարդացել, ցանկություն էլ չունի որեւէ բան սովորելու, կարծում է, թե ամենագետ է. մեզանից յուրաքանչյուրն ինչպե՞ս կվարվեր նման մեկի հետ։ Կամ՝ նրանք, ովքեր աղոթել գիտեն, ամեն օր տենչում են նոր աղոթք սովորել։ Մեր եկեղեցում տատիկներ ունենք, որ միայն տեսնել է պետք՝ ինչ բարդ  շարականներ են սովորում ու մեզ հետ երգում ժամերգություններին։ Բայց 30-40 տարեկան մի մարդ էլ իրեն ծերունի է հայտարարում՝ ասելով, որ իր ուսման ժամանակն արդեն անցել է։ Ուրեմն՝ չունեցողից, այո՛, ունեցածն էլ պիտի վերցվի, իսկ ունեցողին պիտի տրվի եւ ավելացվի։

Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s