Սկիզբը՝ 2011 Մայիս Ա-Հուլիս Ա

Բակունցը գեղարվեստական անկրկնելի պատկերներով է ներկայացնում քաղաքն ու նրա շրջակայքը՝ ներշնչված ե՛ւ իրական ազդակներից, ե՛ւ անիրական թվացող պատմություններից։ Ահա՛ բնութագրական հատվածներից մեկը. “Գորիսը կենտրոն էր՝ վարչական, ռազմական, տնտեսական կենտրոն մի լայնածավալ գավառի, որ ամենաընդարձակն էր Անդրկովկասում, տարածվում էր Սեւանա լճի հարավային լեռներից մինչեւ Արաքս։ Լեռնաշղթաներով, խոր ձորերով կտրտված այդ աշխարհում ապրում էին այլացեղ, այլադավան ժողովուրդներ՝ նստակյաց, վաչկատուն, խաշնարած, հողագործ, այնպիսի ժողովուրդ, որ ո՛չ հողագործ էր, ո՛չ խաշնարած, այլ անտառաբնակ էր, եւ ոչ ոք նրանց մասին ստույգ բան չգիտեր, եւ նույնիսկ ասում էին, որ նրանք առանձին ազգ են՝ այրում են, երկրպագում են բարձր ծառերի, եւ իբր թե մութ ծմակներում նրանք շրջում են առանց զգեստի”։

Բակունցի վերաբերմունքի մեջ սեր ու գուրգուրանք կա ամեն ինչի հանդեպ՝ հանդեպ մարդն ու բնությունը, կենդանին ու մեռյալը։ Եվ մեկ անգամ չէ, որ հոգու խորքից դուրս է հորդում քնարական բռնկումը. “Այս ի՞նչ է կատարվում քեզ հետ, իմ հայրենի քաղաք”։ Դա ավելի է խորանում հայրենի բարբառի զգացողությամբ, որի պաշտամունքն ասես ծիսական արարողություն լինի։ Դա ամեն ինչ է՝ լեզվի հանդեպ ծնրադիր փառերգությամբ արտահայտված սեր հայրենիքի հանդեպ, բնության ու ժողովրդի, ծառի ու քարի, անցյալի ու ներկայի։ Վիպակն ավարտվում է լեզվի երկրպագությամբ՝ դառնալով մի տեսակ վեհապանծ օրհներգություն, որն ի մի է բերում հայրենիքի բարձրագույն սերը։ Բակունցն ասես մրցում է Չարենցի հետ՝ աչքի առաջ ունենալով վերջինիս “Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում” հանրահայտ տաղը. “Ինչ չքնաղ լեզու է կյորեսերենը… Չուտեիր, չխմեիր, այլ միայն այդ լեզվով խոսեիր կամ լսեիր, թե ինչպես քաղցր, նուրբ հնչյուններով խոսում է լվացարարուհի Մինան, ինչպես էր ծոր տալիս, ասես ոչ թե խոսում, այլ ճախարակի առաջ բարակ երգ էր ասում, բառերը նստում էին, ինչպես փափուկ մալանչներ։ …Այդ լեզու չէր, այլ կարոտ, տխրություն, զայրույթ. այդպես Ղաթրինի ձորում երգում էր կաքավը, եւ մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը… Այդքան գեղեցիկ, հնչեղ էր Կյորեսի լեզուն”։

Սա “արեւահամ բառի” այն ոգեղեն տարերքն է, որ յուրաքանչյուր կորստի դիմաց դնում է հոգեւոր Հայաստանի անկորնչելի իսկությունը։

Վիպակում Բակունցի բոլոր նկարագրություններն էլ ճշգրիտ են, գեղարվեստորեն անթերի։ Ընդ որում՝ արվեստի ամենաբարձր պահանջը լուծված է ամենապարզ ձեւերով, որը երեւույթին իր ճիշտ անունը տալն է։ Դրան էլ ավելանում է հերոսների նախակերպարային, միջավայրի ու բնապատկերի տեղագրական հավաստիությունը։

Եվ այս ամենը՝ շաղախված մի տեսակ անամոք թախիծով, կյանքից դուրս մնացածի, արհամարհվածի ու վիրավորվածի հանդեպ կարեկցանքով։

“Կյորեսին” բնորոշ ցավի ու կարոտի անափ հորձանքի հետ մեկտեղ Բակունցը բանեցնում է նաեւ մի նուրբ երգիծանք։ Դա սիրելի մարդկանց հետ արվող կատակ է, սիրելի մարդկանց թեթեւակի ծաղրելու ցանկություն, իսկ որ ավելի հատկանշական է՝ նրանց ցանկությունների ու առկա վիճակների հակադրությունից ծնված ծիծաղ։

Երգիծանքի այս ջիղն է, որ գրեթե նույն հարաբերություններով խորանում, նոր բովանդակություն է ստանում “Հովնաթան Մարչ”, “Որդի որոտման” երկերում։ Ո՞վ է Հովնաթան Մարչը. հայրենիքը վերաշինելու նպատակով Հայաստան եկած մի սփյուռքահայ, որը ցանկանում է օգտակար լինել ազգային գործին։ Բայց հենց սկզբից գրողը նրան դնում է երգիծական վիճակների ու հարաբերությունների մեջ։ Երգիծական այս շերտը խորանում է նաեւ “Որդի որոտման” վեպի տպագրված հատվածներում։

Հերոսը Իգնատիոս Պեդեյանն է, որին, հանդուգն աշակերտ լինելու պատճառով, ուսուցիչն անվանել է Որդի որոտման։ Նա իր առջեւ խնդիր է դնում վերականգնել Բովեր գյուղը։ Սա մի նոր Կամսարյան է (Մուրացանի “Առաքյալը” վիպակի հերոսը)՝ սկզբից եւեթ դատապարտված անհաջողության։ Գրողը քննադատում է կոլտնտեսային շարժման այն գործիչներին, որոնք մի նոր աղետ պիտի բերեին ժողովրդին։ Դա է պատճառը, որ վեպից տպագրվել է երեք հատված, որովհետեւ, հակառակ Բակունցի, ժամանակը պատկանում էր կոլտնտեսային շարժումը գովերգողներին։

Բակունցի նախասիրությունը գյուղն էր։ Նյութի հետեւողական կուտակումը նրան հանգեցնում է “Կարմրաքար” վեպին։ Պատկերվող ժամանակաշրջանը 20-րդ դարի սկիզբն է՝ մինչեւ 1914 թ. օգոստոսը, երբ սկսվում է պատերազմը։ Սոցիալական կյանքի տարբեր բեւեռներում կանգնում են, մի կողմից՝ խոջա Հիբանի ձեռներեց որդին՝ Մկրտումը, մյուս կողմից՝ բանակից նոր զորացրված Արզումանը։ Սրան ավելանում է Սալբիի շուրջ սրվող բախումը։ Տպագրված մասն ավարտվում է Մկրտումի եւ Արզումանի գժտությամբ։ Արզումանը մեկնում է ռազմաճակատ։ Դեպքերի զարգացումն այդուհետեւ մնում է առկախ։ Պահպանվել է նաեւ “Զեյթայի ավերումը” հատվածը՝ հուշելով, որ գործողությունները պետք է շարունակվեին Զանգեզուրում՝ ներառելով 1914-ից հետո ընկած դեպքերը՝ ազգամիջյան ընդհարումներով, դասակարգային պայքարի սրումով, նաեւ` կյանքի վերափոխման իրադարձություններով։

“Կարմրաքարը” Բակունցի ծավալվող հնարավորությունների ամենավառ արտահայտություններից է։ Այդ շունչն առկա է նաեւ “Խաչատուր Աբովյան” վեպում։

Աբովյանի ողբերգական կերպարը հառնեց 1930-ական թթ. գրականության առջեւ, որովհետեւ նա խորհրդանշում էր հայոց վերջին մեծ դարձը, ինչը թեեւ ընդունվեց հավատով, բայց ռուսական ինքնակալության կողմից ենթարկվեց աղետալի փորձությունների։ Աբովյանը, ինչպես Չարենցի “Դեպի լյառը Մասիս” պոեմում, ներկայանում է երկփեղկված հավատի ու կասկածանքների մեջ։ Բակունցը խնդիր էր դրել բացահայտել Աբովյանի, նրա ժամանակաշրջանի բուն էությունը։ Դժբախտաբար, պահպանվել են սոսկ “Լիբեր Արմենիեր”, “Դեպի լյառն Մասիս”, “Գործ Մայրանա, դստեր Մկրտումի” հատվածները։ Հեղինակն իր երկը բնորոշել է որպես “պատմական վեպ”։ Երկն առանձնահատուկ է նրանով, որ դուրս է գալիս զանգեզուրյան գյուղաշխարհի շրջագծից, ներգրավում եվրոպական քաղաքի՝ Դորպատի, ասիական գյուղաքաղաքի՝ Երեւանի, նաեւ Քանաքեռի միջավայրը։ Սա միանգամայն նոր աշխարհ էր նրա համար։ Այստեղ ահա նրան օգնության են հասնում Աբովյանի դորպատյան օրագրերը, ինչպես նաեւ` իր ուսումնասիրության նյութերը։

Նկարագրված են Աբովյանի ուսանողական տարիները, Դորպատն ու համալսարանական միջավայրը։ Մենության պահերին մի անասելի մորմոքով Աբովյանը հիշում է անցյալը, հեռվում թողած հայրենիքը՝ հանուն որի նա հասել էր այդ օտար աշխարհը։

Մեծ հայրենասերը ձգտում էր գիտելիքներն օր առաջ ներդնել հայրենիքի լուսավորության գործին։ Վերջին հատվածում Աբովյանն արդեն երեւում է որպես ընտանիքի հայր, Երեւանի գավառական ուսումնարանի տեսուչ։ Գործողությունը դառնում է Մայրան անունով անչափահաս աղջկա ամուսնության, ողբերգական վախճանի շուրջ։

Բակունցի ծրագրերը մնացին անավարտ։ 1937-ի արյունոտ ձեռքն ամեն ինչ թողեց կես ճանապարհին։

Բակունցը խոսքի հմուտ վարպետ էր, որ գեղարվեստական պատումը ներքուստ բոցավառում էր ոգեղեն շնչով, ստեղծում իր երկրին ու բնաշխարհին համարժեք խոսքը. վայրի ու նախաստեղծ լեռներ, բայց մարդկային փխրուն հոգիներ, մութ ու թավուտ անտառներ, բայց պարզ ու թափանցիկ բնավորություններ։ Սա տեսակի հայտնաբերում է, որն ավելին է, քան սոսկ բարձրարժեք արձակը։ Սա այն է, ինչ կոչվում է բնաշխարհի, պատմության, մարդկային ճակատագրերի, այդ ամենի լեզվական արտահայտման հարազատություն։ Սա ժողովրդի ինքնությունն է՝ սերված անցյալից ու պարզված գալիքին։

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s