ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ
 
"ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿԸ"
(Մատթ. ԻԵ 1-13)
 

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
 
— Այս առակը Քրիստոսը պատմեց Երուսաղեմում՝ Իր փրկագործական տնօրինության վերջին եւ վճռական շրջանում՝ Ավագ երեքշաբթի օրը։ Ընդհանրապես ընդունված է ասել, որ Ավագ երեքշաբթին նվիրված է հենց "Տասը կույսերի առակին", ավելի ճիշտ՝ առակից բխող ասելիքին եւ պատգամին։
Հիշեցնենք իրավիճակը. Ավագ երեքշաբթի մեր Տերը Ձիթենյաց լեռան վրա Իր աշակերտներին պատմում է Իր գալիք չարչարանքների, նեռի գալստյան, տաճարի ավերման, գործվելիք պղծությունների եւ Իր երկրորդ գալստյան մասին։ Ու այս ամենն ամփոփում է "Տասը կույսերի առակով"։ Ավետարանական պատգամը կարծես թե հստակ է. արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք Տիրոջ գալստյան եւ ձեր բարի կամ չար գործերի քննության ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը։
Տե՛ր հայր, անշուշտ, "արթո՛ւն կացեք" հորդորը չպետք է ընկալել "մի՛ քնեք" ֆիզիկական իմաստով։ Ա՞յլ…
— Ավետարանի էջերում բազմիցս հանդիպում ենք Տիրոջ՝ Իր աշակերտներին ու ժողովրդի բազմությանն ուղղված արթնության կոչերին։ Պարզ է, որ Տիրոջ պատգամը հիմնականում վերաբերում է հոգեւոր արթնությանը եւ միանշանակ աղոթքով արթուն, բարի գործերով արթուն, աստվածպաշտությամբ ու սուրբ կենցաղավարությամբ արթուն լինելու իմաստն ունի։ Սակայն կար նաեւ մարմնի արթնության հանգամանքը, որով պիտի աղոթեին եւ հարաժամ Աստծու ողորմությունը խնդրեին, ինչպես որ մատնության գիշերը Գեթսեմանիի պարտեզում եղավ առաքյալների հետ. Քրիստոսը մի քանի անգամ գնում աղոթքի էր կանգնում Հոր առաջ եւ ամեն անգամ գալով՝ քնի մեջ էր գտնում աշակերտներին։ Եվ ամեն անգամ պատվիրում էր. "Արթո՛ւն մնացեք եւ աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք" (Մատթ. ԻԶ 41)։
Առակի ամբողջ բովանդակությունն այս մեկ խոսքի մեջ կարելի էր ամփոփել։ Սակայն "մանրուքների" մեջ առակը բազմաթիվ երանգներ, բազմաթիվ ասելիքներ ունի, որոնք չի կարելի անտեսել։ Սկսենք առակի մուտքից. "Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմավորելու ելան։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրին" (Մատթ. ԻԵ 1-4)։ Հարսանիք էր։ Գիտենք՝ Տիրոջ եւ Եկեղեցու միությունն է, որ հարսանիքի է նմանեցվում։ Եվ տասը կույսերը հրավիրված էին մասնակցելու աստվածային, տիեզերական այդ հանդեսին։ Ինչո՞ւ տասը. որովհետեւ տասը կատարյալ թիվ է։ Իսկ ինչո՞ւ կույսեր. "կույս" բառն այստեղ մաքուր եւ անաղարտ իմաստն ունի։ Տասն էլ կույս էին, այսինքն՝ իրենց անձերի մեջ կրում էին կուսության, այն է՝ մաքուր ու անաղարտ հավատքի սրբությունը։ Սրանից պետք է ենթադրել, որ Տերն այս առակը պատմեց հենց քրիստոնյաների՝ Իր վարդապետության հետեւորդների համար, եւ նկատի չառնվեցին Եկեղեցուց դուրս մարդիկ։ Տասը հրավիրյալներն էլ ստացել էին Աստծուց ճշմարիտ աստվածպաշտության մաքուր ու անաղարտ հավատքը, սրբությունը, մյուս շնորհները։ Եվ տեսնում ենք՝ տասի նպատակն էլ մեկն էր՝ սպասել փեսայի գալուն (իմա՝ վերադարձին)։ Ընդհանրապես Եկեղեցու բուն նպատակն է՝ արթնությամբ սպասել Քրիստոս-փեսայի վերադարձին, Նրա երկրորդ գալստին։ Տերն Ինքը խոստացավ շուտով վերադառնալ։ Այդ "շուտովը" կարծես թե գիտակցում էին կույսերը, քանի որ սպասում էին։ Տասի ձեռքին էլ ճրագ կար, տասը ճրագն էլ վառվում էին։ Այսինքն՝ նրանց հավատքը գործուն հավատք էր։ Իսկ յուղը (ձեթը) Սուրբ Հոգին է խորհրդանշում. Քրիստոսի հետ հավատքով նշանված կույսերը, մկրտվելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, կնքվում են սուրբ մյուռոնի յուղով, եւ նրանց հոգու լապտերները վառվում են Սուրբ Հոգու շնորհներով։
— Բայց "փեսան ուշացավ", եւ ամեն ինչ խառնվեց իրա՞ր։ Ինչո՞ւ, տե՛ր հայր. չէ՞ որ "փեսայի ուշանալու" եւ նրա "շուտով վերադառնալու" խոստման մեջ որեւէ հակադրություն չեն տեսնում ո՛չ առաքյալները, ո՛չ Եկեղեցու սուրբ հայրերը։ Չգիտեի՞ն, որ փեսան կարող է ուշանալ։
— Իհարկե գիտեին։ Բայց պարզվում է՝ միայն գիտենալը քիչ է, եւ սա հենց ուղղակի հակադրությունն է մարդկային մտածելակերպի եւ աստվածային տնօրինության։ Տեսեք՝ առաքյալներն ասում էին՝ շուտով կգա։ Եվ շատերը թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր այդ "շուտովը" ընկալեցին իրենց մարդկային սահմանափակ մտքի համեմատ. առաքյալները մահացան, տասնյակ դարեր են անցել, բա ո՞ւր է այդ "շուտովը", "Ո՞ւր է Նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ նույն ձեւով է մնում, ինչպես էր արարչագործության սկզբից" (Բ Պետ. Գ 4)։ Դեռ այն ժամանակ առաքյալը բացատրում էր. "Սիրելինե՛ր, Տիրոջ համար մեկ օրը՝ ինչպես հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպես մեկ օր" (Բ Պետր. Գ 8)։ Այսինքն՝ Աստված ժամանակից դուրս Էություն է, եւ հետեւաբար Աստծու համար ժամանակի ընկալումն ու տնօրինումը բոլորովին այլ է, որովհետեւ մենք ենթակա ենք ժամանակին, իսկ Աստված՝ ո՛չ։ Մյուս կողմից՝ "Իզուր եք անհանգստանում. Տերը չի ուշացնի Իր խոստումը եւ եթե "ուշացնում է", ապա միայն ձեր օգուտի համար, քանզի չի ուզում, որ որեւէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն ապաշխարեն, որպեսզի փրկվեն" (հմմտ. Բ Պետր. Գ 9)։
— Ի վերջո, ժամանակների Տիրոջ սահմանած ժամկետի համեմատ նույն ակնթարթը չե՞ն մեկ օրը թե հազար տարին։ Բոլորն էլ՝ ոչ միայն առաքյալները, այլեւ Եկեղեցու սուրբ վարդապետները, ասում եւ զգուշացնում են այնքան համոզված, կարծես հենց իրենց կյանքի օրերին է դա լինելու։ "Մոտ է ժամանակը", "հեռու չէ օրը" արտահայտությունները շատ ծանոթ են մեզ…
— Իրենք ճիշտ էին։ Որովհետեւ երբ իրենք ննջեցին, այլեւս ժամանակը դադարեց նրանց համար։ Երբ մարդու հոգին բաժանվում է մարմնից, այլեւս հոգու համար ժամանակ հասկացությունը գոյություն չունի, այսինքն՝ հոգեղեն իրողությունները վերժամանակյա են։ Եվ ուրեմն՝ փեսան ուշացավ։ Վերադառնանք առակի տեքստին. "Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին եւ քուն մտան։ Եվ կեսգիշերին ձայն լսվեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմավորելո՛ւ ելեք։ Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։ Հիմարներն իմատուններին ասացին. "Ձեր այդ յուղից տվեք մեզ, որովհետեւ ահա                                                                                                                                                                                                                                                                                                    մեր լապտերները հանգչում են"։ Իմաստունները պատասխան տվեցին եւ ասացին. "Գուցե թե՛ մեզ եւ թե՛ ձեզ չբավականացնի, ուստի գնացե՛ք վաճառողների մոտ եւ ձեզ համար գնեցե՛ք"։ Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց"։
Փեսային երկար սպասելուց, թերեւս, կույսերի համբերությունն սպառվեց, նրանք չկարողացան մինչեւ վերջ արթուն մնալ ու ննջեցին, քուն մտան։ Սա բնական վիճակ է. ժամանակ առ ժամանակ մարդ կարող է տկարանալ։ Մյուս կողմից՝ "քուն" ասելով՝ Հիսուսը նկատի ունի մահը։ Ըստ Պետրոս Բերդումյանի եւ այլ մեկնիչների՝ բոլոր հավատացյալները, հավատքի լապտեր ունենալով, ննջում են մինչեւ Քրիստոսի գալուստը։ Բայց ըստ Հովհաննեսի՝ "Երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից իսկ ննջեցին ի Տեր։ Հոգին այս բանն է ասում՝ հանգստացան իրենց տքնություից, եւ միայն իրենց գործերի արդյունքը հետեւեց իրենց" (Հայտ. ԺԴ 13)։ Այսինքն՝ երանի՜ այն մեռելներին, ովքեր բարի գործերի յուղի պատրաստությամբ ննջեցին ի Տեր՝ իրենց ապրած կյանքում բազում առաքինություններ պահեստավորած, ինչպես իմաստուն կույսերը։ Իսկ անպատրաստները, ովքեր "իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին", ննջում են խղճմտանքով եւ  հարության ժամանակ՝ դատաստանի օրը, զարթնելու են արհավիրքից զարհուրած, ինչպես հիմար կույսերը։
Առակի այս դրվագը հարուստ նրբերանգներ ունի, որոնք մեկնության լայն դաշտ են բացում։ Օրինակ՝ հիմար կույսերի ձեռքին էլ վառվող ճրագ կար, իրենք նույնպես սպասում էին փեսային, ինչպես իմաստուն կույսերը։ Սակայն տեղի տվեցին. իրենց ճրագներում այլեւս յուղ չկար, ասել է թե՝ իրենց մեջ այլեւս ուժ չկար, զորություն չկար, օծություն չկար, իմաստություն չկար, նվիրում չկար… շատ բաներ այլեւս չկային, ինչի արդյունքում իրենց ճրագները հանգան։ Դրա՛ համար է Տերը սրանց հիմար կոչում։ Այս հինգը պահեստային յուղ չէին վերցրել ի սկզբանե, մինչդեռ իմաստունները վերցրել էին։ Գիտեք՝ միշտ պատրաստ լինելու եւ ամեն բան իր ժամանակին անելու խնդիրը կա։ Ասենք՝ հավատավոր մարդ կա, որ իր կյանքում որեւէ բարի առիթ բաց չի թողնում. մոտակայքում եկեղեցի կա՝ ամեն կիրակի այնտեղ է, ուխտագնուցություն կամ մի ինչ-որ հոգեւոր հավաք կա՝ անպայման ներկա է. իմաստուն ընթացքը սա է։ Չէ՞ որ երբ քո խաղաղ օրը, տանդ մեջ նստած, Սուրբ Գիրքն ես ընթերցում, աղոթքով ու Աստծու փառաբանությամբ ես քնում ու արթնանում, դրանով իսկ միտքդ զինում ես աստվածային անխոցելի զրահով։ Եվ երբ նեղության մեջ ընկնես, այդ ժամանակ Սուրբ Հոգի Աստված քո իսկ մեջ եղած զորությունը՝ Աստծու խոսքը, քեզ համար պիտի օգտագործի եւ քեզ շատ մեծ շնորհների արժանացնի։
Երբ մենք սովորում էինք քահանայից լսարանում, առավոտից մինչեւ երեկո գիրք էինք կարդում։ Եվ փա՜ռք Աստծո, որ կար այդ բարի մթնոլորտը, երբ բոլորը կարդում էին, որովհետեւ հիմա, որ արդեն քահանայության պաշտոնի մեջ ենք, գրեթե ժամանակ չի մնում ընթերցանության համար։ Ու եթե այն ժամանակ չընթերցեինք, հիմա պիտի զուրկ մնայինք. չէ՞ որ հիմա տալո՛ւ ժամանակն է։ Բայց եթե չես վերցրել, որտեղի՞ց տաս։ Ճիշտ եւ ճիշտ հիմար կույսերի պես. լսել էին Աստծո խոսքը, բայց չէին գործադրել։ Ժողովուրդն ասում է՝ մի ականջից մտել, մյուսից դուրս էր եկել։ Դրա համար էլ երբ փեսան եկավ, իրենք բացակա էին, եւ իրենց բացակայությամբ "դուռը փակվեց"։ Բայց չէ՞ որ Տերը զգուշացրել էր, որ Ինքը հանկարծակի պիտի գա, եւ վա՜յ նրանց, ովքեր քնած կլինեն։ Ինչո՞ւ. որովհետեւ ով քնած (անպատրաստ) լինի, ում ճրագի մեջ յուղ չլինի, նա պիտի զրկվի աստվածային շնորհից։ Ճիշտ այնպես, ինչպես հիմար կույսերը զրկվեցին, երբ ուշացած գալով՝ խնդրում էին Տիրոջը, որ բաց անի դուռը, սակայն Տերն ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում"։ Որից հետո Հիսուսը դիմում է Իրեն լսողներին՝ արթնության նույն կոչով. "Արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը"։
— "Հիմա կվայելեմ, հետո կապաշխարեմ",- այս բավականին կենսունակ մտայնությունը, կարծում եմ, ուղաղկորեն է կապվում "Տասը կույսերի առակի" հետ։ Ի՞նչ կասեք, տե՛ր հայր։
— Սուտ եւ կեղծ գաղափար է։ Չկա՛ նման բան։ Իրական եւ մեծագույն վայելքը հենց ապաշխարության պտուղն է, ապաշխարությամբ միայն կարող է տրվել այն, ինչը մենք վայելք ենք անվանում։ Որովհետեւ իսկական վայելքն առաջին հերթին հոգեւոր երեւույթ է։ Այո՛, շատերն են այդպես մտածում՝ հիմա կյանքը կվայելեմ, իսկ երբ մեծանամ, տարիքս առնեմ, նոր միայն կամուսնանամ, կապաշխարեմ եւ այլն։ Ներողությո՛ւն, ի՞նչ ես հասկանում՝ կյանքը վայելել ասելով, շնությո՞ւնն է կյանքի վայելքը, թե՞ անիմաստ կերուխումը։ Իսկ ի՞նչ է՝ ամուսնության, ընտանիքի մեջ վայելք չկա՞. մի՞թե երիտասարդ ծնողի համար իսկական վայելք չէ իր փոքրիկ մանկանը գրկելը, գուրգուրելը… Մյուս կողմից՝ իսկ եթե հետո, թերեւս, ուշ լինի՞։ Օրինակները բազում են, եւ բոլորն էլ փաստում են, որ վայելք կոչվածը կարող է ճաշակել միայն ու միայն ապաշխարող հոգին, այն հոգին, որ գիտի՝ ինչ է Աստծուն պաշտելը եւ Աստծուց առաջնորդվելը, գիտի՝ ինչ է ժամանակավորի, անցողիկի մեջ հավիտենականը փնտրելը, այս երկրավոր կյանքում երկնային գանձարանը լցնելը։ Մարդ, որը գիտի՝ ինչու է ապրում, ինչու պիտի ապրի, ինչու պիտի բարին գործի։ Եվ իրոք, եթե դու Աստծու պատվիրաններով առաջնորդվես, քո սրտից սե՛րը կհորդի, հո՛ւյսը կհորդի, համբերությո՛ւնն ու խաղաղությո՛ւնը կհորդեն. սրանից ավելի մեծ վայե՞լք… Նման մարդը ոչ միայն ինքն է երջանիկ, այլեւ ընդունակ է երջանկացնելու իր շրջապատի մարդկանց։
— Մի կարծրացած մտայնություն էլ կա, որ իբր մարդը որոշակի տարիքից հետո այլեւս չի կարող փոխվել. խոսքը բարոյապես վերածնվելու մասին է։ Իսկ քրիստոնեությունն ասում է, որ երբեք ուշ չէ, քանի դեռ ապրում ենք այս աշխարհում։ Անդադար հնարավորություն տալու այս երեւույթը, տե՛ր հայր, չի՞ թուլացնում արդյոք անկեղծ զղջման ու ապաշխարության ճշմարիտ զորությունը։
— Ո՛չ։ Որովհետեւ ամեն մարդու կյանքն անկրկնելի է, ինչպես ինքը՝ մարդը։ Ինչ վերաբերում է փոխվել-չփոխվելուն, առաքյալներն ո՞ւմ էին քարոզում. չափահաս մարդկանց։ Եվ այդ մարդիկ անկեղծ զղջումով դարձի եկան, փոխվեցին։ Ի դեպ, այդ հարցը մեզ՝ քահանաներիս էլ շատ են տալիս, երբ գնում ենք տարեցներին քարոզելու։ Ասում են. "Տե՛ր հայր, ջահելների՛ն քարոզեք, սրանց ժամանակն արդեն անցել է, ինչո՞ւ եք իզուր ջանք թափում"։ Ես ասում եմ. "Ո՛չ, մերը զուտ կրթության գործ չէ, որ միայն երիտասարդը կամ մանուկը կրթվի, մերը հավիտենական կրթության գործն է։ Չէ՞ որ տարեցը, թերեւս, ավելի մոտ է գերեզմանին, գոնե չհասցնի՞ մի "մեղա" ասել։ Նույն ձեւով ոմանք ասում են. "Ի՞նչ իմաստ ունի այցելել բանտում գտնվող մարդասպանին, որը չի զղջում իր գործած հանցանքի համար, ավելի լավ չէ՞ գնալ նրա մոտ, ով սպասում է Աստծու խոսքին"։ Նման ձեւով մտածողներին էլ ուզում եմ ասել. "Նախ՝ բանտում նստած բոլորը չէ, որ մարդասպան են, երկրորդ՝ շատ անարդարացի դատապարտվածներ էլ կան։ Թող ներեն ինձ դատաիրավական համակարգի պաշտոնյաները. ասածս գաղտնիք չէ, դա բոլորը գիտեն։ Եվ ամենակարեւորը՝ Աստված ժայռերը փշրելու զորություն ունի. ի՞նչ գիտես, որ քո հավատարիմ կեցվածքը չի փշրելու անգամ մարդասպանի սիրտը, ի՞նչ գիտես, թե այդ սիրտն արդեն իսկ փշրված չէ եւ մխիթարության կարոտ։ Վերջապես՝ ի՞նչ գիտես, որ հոգու խորքում չի զղջում իր արածի համար։ Դու կատարի՛ր քո պարտքը, իսկ նրա զղջալու կամ չզղջալու հանգամանքը թո՛ղ Աստծուն։
— Եզրափակենք, տե՛ր հայր, վերադառնալով առակին։ Քրիստոս-փեսայի եւ Եկեղեցի-հարսի միությունը հավերժական խնդության հանդեսն է, որից բացակայելով՝ զրկվո՞ւմ ենք Արքայությունից։
— Միանշանա՛կ։ Եվ, սակայն, սրտանց մաղթում եմ, որ մեր ժողովրդի զավակներից ոչ մեկը չբացակայի այդ վերին խրախճանքից, երկնային այդ հանդեսից։ Իսկ չբացակայելու համար պետք է, որ այս կյանքում քրտնաջան աշխատենք, ուշադիր մտքով աստվածային պատվիրանները կատարենք, աղոթենք, եկեղեցի գնանք, սուրբ Պատարագին մասնակցենք, հաղորդություն առնենք, ծոմ պահենք, ողորմություն տանք, բարի գործեր անենք, մեկ խոսքով՝ այն ամենը, ինչ որ Աստված Ինքն է թելադրում մեզ։
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s