Համաշխարհային մշակույթի ստեղծման ներշնչանքի առանցքային գործոններից մեկը հնագույն ժամանակներից ի վեր եղել է կինը։ Նա ընկալվելէ թե՛ որպես կյանքն իր մեջ կրող ու պարգեւող քարանձավ, ջրհոր, ակնաղբյուր, անոթ եւ թե՛ այդ կյանքը պահպանող ու սնուցող առեղծվածային այն էակը, որն օժտված է ներըմբռնողությամբ, նրբազգացությամբ, քնքշությամբ, անմնացորդ սիրով ու նաեւ փոփոխական  հուզականությամբ։ Նա մշտապես ակնածանքի է արժանացել ինչպես իր կանացի տկարությամբ, նույնքան էլ աներեւակայելի զորեղությամբ, մանավանդ եթե խոսքը վերաբերում է իր զավակի կամ սիրեցյալի պաշտպանությանը։ Այստեղ չի կարելի բացառել նաեւ կնոջ պլաստիկ ձեւերի գրավչությունը։ Այս բարդ ու հակասական, հաճախ անկանխատեսելի էակը եղել է, կա ու մնում է որպես կյանքի հավերժագո շարժիչ ուժը. կնոջն են միայն հասու մայրության անպարտելի ոգու իշխանությունը եւ երկունքի ցավի երկակի զգացողությունը՝ որքան տառապալից, նույնքան եւ քաղցր։ Տղամարդը կնոջ մեջ է տեսել կյանքի հանդեպ իր սիրո ու մաքառումի իրական կիրքը, ընկնելու եւ բարձրանալու իր “պտուտաձողը”։ Հանուն կնոջ՝ վերելքներ են ապրել ու ճգնաժամի հասել երկրներ, կառուցվել ու կործանվել քաղաքներ ու դղյակներ, արարվել կերպարվեստի գլուխգործոցներ, գրական ու երաժշտական գոհարներ… Հայ իրականության մեջ վաղնջական ժամանակներից ի վեր մշտապես մեծարվել է կինը։ Նա եղել է սիրո, մաքրության, մայրության խորհրդանիշը, գնահատվել ու փայփայվել է՝ որպես անկոտրում նվիրումի, ընտանիքի ամրության ու հավատարմության մարմնացում։ Մեզ հասած հայկական մշակութային ժառանգության մեջ համենայն դեպս չի պահպանվել բախտախնդիր կնոջ ոչ մի կերպար, ոչ մի անուն։ Նույնիսկ հայկական դիցարանից մեզ հասած աստվածուհիները եղել են միայն մայրության ու սիրո հովանավորներ։ Հայոց պատմությունը մեզ թողել է նաեւ հայ կնոջ հայրենասիրության ու ազգային արժեքներին անմնացորդ նվիրվելու սքանչելի օրինակներ։ Հիշենք թեկուզ Եղիշեի Վարդանանց պատմության այն դրվագը, որում պատմիչը գրում է, թե ինչպես հայոց աշխարհի փափկասուն տիկինները “Մոռացան իրենց կանացի տկարությունը եւ առաքինի տղամարդիկ դարձան հոգեւոր պատերազմի մեջ…”՝ կանգնելով իրենց ամուսինների կողքին. այդ կանանց մենք տեսնում ենք նաեւ մեր պատմության հետագա անցքերում, տեսնում ոչ միայն թշնամու դեմ մղած պատերազմներում, այլեւ քաղաքաշինության ու հայրենաշինության ակունքներում, մշակութային արժեքների ստեղծման ու պահպանման գործում։ Իսկապես հայ կնոջ հոգեւոր ու բարոյական կերտվածքը պարտավորեցնող է։ Նրան ենք պարտական մեր անզուգական քնարերգության ու կերպարվեստի գլուխգործոցների, գուսանական ու ժողովրդական անկրկնելի երգերի ու տաղերի համար։ Նրան ենք պարտական նաեւ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի՝ մեզ ավանդած այն հիասքանչ գործերի համար, որոնցում հիմնականում վեր են հանված կնոջ կերպարի ինքնատիպ ու զարմանալի խոսուն տարընթերցումները։ Էլիբեկյանի վրձնած կանայք, որոնք մեծապես առինքնում են ոչ միայն իրենց նրբությամբ ու գեղեցկությամբ, հոգեբանական հագեցվածությամբ, կատարողական անթերի լուծումներով, ներքին արժանապատվությամբ ու առաքինությամբ, առանձնակի դերակատարությամբ ու արժեւորումով, ընդգծված անհատականություններ են եւ դրանով հանդերձ՝ մեծապես ներկայացնում են ժամանակակից կնոջ ընդհանրական, հավաքական մարմնացումը։ Սա է, թերեւս, այն հիմնական պատճառը, որ Էլիբեկյանի ստեղծած կինը՝ լինի թատրոնի դերասանուհի թե սովորական մի ծանոթուհի, ազգականուհի թե հենց իր՝ նկարչի կինը, առօրեականից փոխակերպվում է վերացականի, դառնում պահի ու անցքի ոչ միայն երեւակայական կերպարը, այլեւ իրական կյանքի լիիրավ մասնակիցը՝ հասարակական թե անձնական, մշակությաին թե կենցաղային դաշտում։ Էլիբեկյանի կանանց կերպարներն ուսումնասիրելիս պարզորոշ նկատելի է մի հանգամանք, որն էապես տարբերակում է մտցնում այլ նկարիչների եւ նրա՝ կնոջ կերպարի մեկնաբանման հայեցակարգում։ Դա ժամանակի վերացական ընկալման պարագան է, որ թույլ է տալիս նկարչին կնոջ ֆիզիոլոգիական հետագա դրսեւորումները դիտարկել ժամանակից դուրս՝ առաջին պլան մղելով սոսկ նրա հոգեւոր ու հոգեբանական, հուզական ու ներհուզական զարգացումները։ Ասածս ավելի քան հաստատվում է, երբ փորձում ենք կողք կողքի դնել նույն անձանց՝ Սոնայի, Մարիամի, Ռայայի, Մարիի եւ այլոց՝ տարբեր տարիներին ստեղծված դիմանկարները։ Գործերի այս շարքում զարմանալին այն է, որ նկարիչն այս կամ այն դիմանկարը ստեղծելիս չի չարչրկում լուծումների համախմբությունը, չի փորձում փնտրել գեղարվեստական միջոցների եւ էֆեկտների անհիմն ու սին խաղեր՝ իր առջեւ դրված խնդրին հասնելու համար։ Նա դրան հասնում է միանգամից, վրձնի առաջին իսկ հպումից՝ կտավի վրա ներկը ներկի, գույնը գույնի կողքին “նստեցնելով”` առանց ներդաշնության երկարատեւ որոնումների, առանց դրանց կասկածելի “փորձարկումների”. դրանք ասես ի վերուստ են թելադրված, ի վերուստ չափ ու կշիռ առած։ Ինչպես գիծը, այնպես էլ գունաթույրը, ինչպես դիմագծերի դիպուկությունը, այնպես էլ հոգեբանական առանձնահատկությունները վրձնահարվածված են ասես ինքնաբերաբար, թեթեւ ու անբռնազբոս, սրտի ու մտքի, զգացմունքների ու տրամադրության լոկ պահի պոռթկումից՝ չենթարկվելով բնավ ժամանակի ու տարածության քմահաճություններին։ Սա խոսում է այն մասին, որ նկարիչը երբեւէ պատվերառու չէ. նա խորությամբ գիտի իր “բնորդուհուն” եւ ամենագլխավորը՝ սիրում է նրան՝ զանց առնելով տարիների՝ հաճախ ավերիչ առկայությունը։ Կերպավորման նման մոտեցումը, որով նկարիչը փորձում է կարեւորել իր ժամանակների կնոջ բուն էությունը, նրա հոգու ելեւէջները, ներքին ու արտաքին հայտերը, միանգամայն խորքային է եւ ունի հիմնավոր սկզբունք՝ կինը տարիք չունի. նա միշտ գեղեցիկ է եւ առինքնող։ Նա մայրության եւ սիրո անոթն է՝ միշտ ու հավերժորեն անմրցելի։

Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s