ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 
Ձեր անունից հարցերը Կյուրեղ քահանա Տալյանին է ուղղում մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա Խաչատրյանը։
 
— Սուրբ Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր թղթում ասում է. "Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի. եւ եղած իշխանությունները Աստծուց են կարգված: Հետեւաբար ով հակառակում է իշխանությանը, Աստծու հրամանին է հակառակում" (Հռոմ. ԺԳ 1): Տե՛ր հայր, արդյոք մի՞շտ պետք է հնազանդվել իշխանություններին։
— Խիստ արդիական հարց է, որ հետաքրքրում է մեր շատ հավատացյալներին. մարդիկ չգիտեն` ինչպես վարվել, ինչպես արձագանքել անարդարությանը, մարդկանց հանդեպ գործադրվող բռնություններին: Եվ շատերը (հենց հավատացյաների միջից), խույս տալով իրենց բաժին պատասխանատվությունից, մատնացույց են անում իշխանություններին հնազանդվելու առաքելական պատգամը: Անշուշտ, իշխանություններն Աստծուց են կարգված, բայց այստեղ առաքյալը խոսում է քիչ թե շատ ընդունելի իշխանության մասին` ասելով, որ նրանք խրախուսում են բարին եւ պատժում են չարը (տե՛ս Հռոմ. ԺԳ 3): Իշխանության անելիքը երկրում կարգ ու կանոն հաստատելն է, ժողովրդի մասին հոգալը, սրտացավությունն ու հայրենասիրությունը, ինչը շատ դժվար է այսօր գտնել մեր երկրում: Առաքյալն ասում է. "Ուզո՞ւմ ես չվախենալ իշխանությունից. բարին գործիր եւ նրանից գովասանք կստանաս, որովհետեւ նա Աստծու պաշտոնյա է քեզ` բարի գործերի համար" (Հռոմ. ԺԳ 3-4): Հստակ է առաքելական խոսքը. եթե իշխանավորը, պաշտոնյան, ղեկավարն իսկապես արդար լինեն եւ եթե շատ խիստ էլ լինեն, մարդիկ կհարգեն ու ուրախությամբ կհնազանդվեն: Մենք սովոր ենք ասել, որ մեր ժողովուրդն օրենք չսիրող ժողովուրդ է: Եթե այդպես է, ապա ինչպե՞ս արագ սովորեցինք ամրագոտիներ կապել, օրինապահ կերպով հատել փողոցը: Մենք չենք ճանաչում մեր ժողովրդին: Եթե օրինապահությունը ներքին համոզմունք չէ, այլ արտաքին կաղապար, շատ շուտ փշրվում է: Աստված նայում է մեզ, մեր վարքագծին, վիճակին: Եթե մարդը որոշակի գումարի դիմաց քվեարկում է նրա օգտին, ով հետո իր գլխին չարիք պիտի դառնա, իրավունք չունի բողոքելու: Այդպիսի մեկը չի մտածում իր զավակների մասին: Չէ՞ որ այդ ընտրություններով երկրի, պետության ընթացքն է կերտվում, հետեւաբար Աստված թույլ է տալիս` ասելով. "Եթե այդպես եք ուզում, առեք ձեզ թագավոր":

Մենք ապրում ենք ժողովրդավարական ժամանակներում: Ի դեպ՝ ժողովրդավարության առաջին ակնարկն Աստվածաշնչում է: Աստված ասում է Իր ժողովրդին. "Ձեր միջից ընտրեք իմաստուն, խոհեմ, շրջահայաց մարդկանց. նրանց ձեր գլխին իշխան կարգեք": Ահա տեսնում ենք, որ Աստված տալիս է չափանիշներ, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդը: Իմաստությունն աստվածային շնորհ է, խոհեմությունը` մարդկային հատկանիշ, մտքի ինչ-որ երեւույթներ վերլուծելու ունակությունն է, շրջահայացությունը` հորիզոնական այս դաշտի վրա հարաբերվելն է մարդկանց հետ: Ահա իրական ժողովրդավարությունը որտեղ է: Մեր ժամանակներում ամեն բան գլուխն ի վայր է շուռ եկած…

Հնազանդությունը՝ հնազանդություն, սակայն եթե իշխանավորը, պաշտոնյան խրախուսում են մեղքը՝ ինձ էլ մղելով մեղք գործելու, հնազանդվելով` ես մասնակից եմ լինում նրա մեղքին: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Նույնիսկ խորհրդային ժամանակներում եղել են դեպքեր, երբ զինվորների մի փոքրիկ վաշտ հրաժարվել է կրակել իր ժողովրդի վրա: Նրանք քաջ գիտակցել են` ինչ են անում, գնդակահարվել են, սակայն դեմ չեն գնացել իրենց խղճին:
— Փաստորեն այս դեպքում չհնազանդվելը մեղք չի դիտվում։ Ավելին. հնազանդվելն է մեղք։ Այդպե՞ս է:
— Այո՛, այդպես է: Ընդհանրապես երկրի ղեկավարին պետք է ընտրել խոհեմությամբ, իսկ այս եւ նմանատիպ այլ հատկությունները մեր ժողովրդի միջից կարծես իսպառ վերացել են. յուրաքանչյուր ոք պետք է երկրին տեր լինելու զգացումն ունենա, իսկ եթե ես տեր եմ իմ երկրին, պետք է իմ կարողության չափով ջանամ օգտակար լինել: Անտարբերությունը մեծագույն չարիք է: Անտարբեր մարդը չի ուզում խառնվել, բայց ուզում է, որ ամեն ինչ առանց իր մասնակցության բարեփոխվի, լավանա, սակայն այդպես չի լինում: Յուրաքանչյուրիս գործն է մեր երկիրը, պետությունը կառուցելը: Մեր ժողովրդի մեծ մասը սպասում է, որ պիտի գա մի բարի թագավոր, ով մեզ "լավ կնայի": Ավետարանում սրա նախատիպը կա: Հիշենք, թե ինչպես հրեաները հացի բազմացումից հետո փնտրում էին Քրիստոսին` Նրան թագավոր դարձնելու համար, որովհետեւ նյութական կերակրով հագեցան… Նրանք մտածում էին, որ Նրան թագավոր դարձնելով` իրենք չէին չարչարվի եւ միշտ կուշտ կլինեին: Ահա մեր ընկալումն էլ այսպիսին է, եւ դա շատ տխուր է: Օրինակ` հրեաներն այդպիսին չեն. նրանք գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը պետք է իր քարը դնի պետության կայացման գործում: Նրանք այդպես են դաստիարակվել:
— Գիտենք, որ "պաշտոնյա" բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է ծառա, ուստի ղեկավարի, պաշտոնյայի կոչումը մարդկանց ծառայելն է: Ըստ ձեզ` այսօր որեւէ պաշտոնյա կարո՞ղ է ընկալել սա:
— Այո՛, իշխանավորը պարտավոր է ծառայել ժողովրդին: Ցավոք, այսօր որեւէ պաշտոնյա չի կարող ընկալել այդ, սակայն ես ճանաչում եմ գյուղապետների, որոնք իսկապես ծառայում են գյուղի ժողովրդին: Այսինքն` իշխանությունը նրանց համար արտոնությունների մի տրցակ ունենալն ու վայելելը չէ, նրանք սեփական գրպանը լցնելու մասին չեն մտածում, այլ՝ ժողովրդին ծառայելու: Սակայն բոլորը չէ, որ ունեն այդ գիտակցությունը: Այսօր մարդը հիմնականում իշխանության է ձգտում հարստանալու, վայելելու համար: Եթե մարդկային չափանիշներով նայենք, մեր վիճակն անհույս է, եթե Աստված չմիջամտի:
— Ի վերջո, այդպիսի իշխանավորներն ուղղակի կամ անուղղակի կերպով գայթակղություն են հասարակ ժողովրդի համար։
— Որեւէ երկրում սահմանված օրենքը գործադրվում է` օգնելով մարդկանց օրինապահ լինել: Իշխանավորը չի կարող երկրում օրենք հաստատել, եթե ինքն օրենքին չի ենթարկվում: Ես չպետք է ընդօրինակեմ իշխանավորի սխալը, թեեւ խիստ դժվար է:
— Սողոմոն Իմաստունն ասում է, որ "հզորներն ավելի խիստ են դատվելու" (Իմաստ. Սողոմոնի Զ 6): Իշխանության ձգտող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ մի օր Աստծուն հաշիվ է տալու իր վարած իշխանության համար, այդպես չէ՞:
— Այո՛, իշխանությունը ծանր բեռ է: Ավետարանում ասվում է. "Ում շատ է տրված, նրանից շատ էլ կպահանջվի": Սողոմոն Իմաստունն էլ ասում է. "Լսեցեք, ո՛վ թագավորներ, եւ հասկացեք… Ակա՛նջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը` Բարձրյալից. Նա էլ հատուցում է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները…" (Սողոմոն Զ 1- 5): Եթե իշխանավոր մարդն ունենա Աստծո երկյուղը, Աստված իմաստություն էլ կտա, որով նա կհասկանա, թե ինչ պետք է անի, ինչպես պետք է ծառայի ժողովրդին: Չէ՞ որ "իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է" (Առակ. Ա 7): Մեր ժողովրդի միջից Աստծո երկյուղը պակասել է, վերացել է սրբության ընկալումը. իշխանավորի մեջ չկա, ժողովրդի մեջ չկա:
— Իսկ որքանո՞վ է կարեւոր ղեկավարների համար մեր արած աղոթքը:
— Մենք պարտավոր ենք սրտացավությամբ աղոթել մեր ղեկավարների համար: Եկեղեցին մշտապես աղոթում է նրանց համար ժամերգությունների եւ պատարագների ընթացքում: Այստեղ կան նրբություններ. մենք աղոթում ենք բարեպաշտ իշխանավորների համար: Իսկ եթե բարեպաշտ են, ինչո՞ւ ենք աղոթում: Քանի որ իշխանությունն այնքան մեծ գայթակղություն է որեւէ մեկի համար, որ մարդուն հեշտությամբ կարող է կորստի մատնել` կործանելով նաեւ ժողովրդին: Աստվածաշնչում բազում օրինակներ կան, երբ մի անօրեն թագավոր է իշխում` ժողովրդին էլ իր ետեւից կորստյան մատնելով: Իսկ քրիստոնյա պաշտոնյան, ով ունի վտանգը տեսնելու գիտակցություն, միշտ սթափ կլինի, իրեն կշրջապատի քրիստոնյա, ազնիվ մարդկանցով, եւ դա երջանկություն է որեւէ ժողովրդի համար:
-Պողոս պատրիարք Ադրիանապոլսեցին ասում է, որ "Երջանիկ է այն ազգը, որի առաջնորդները բարեկարգ են, իշխանները` հայրենասեր, քահանաները` իմաստուն, դատավորները` արդար, ուսուցիչները` առաքինի, ծերերը` խորհրդատու, երիտասարդները` ջանասեր": Երբեւէ գուցե Աստծու ողորմությամբ կկարողանանք մեզ վերագրել պատրիարքի խոսքը: Սակայն, ըստ ձեզ, այսօր մենք արդյո՞ք ազգովի դարձի, ապաշխարության կարիք չունենք:
— Իհարկե ունենք: Մենք միասնական Աստծուն դառնալու, մեր մեղքերի համար զղջալու կարիքն ունենք, այդ դեպքում Աստված մեզ կօգնի: Ես լավատես եմ, հավատում եմ, որ մի օր այդ նկարագիրը մեր երկրում կլինի: Լավատես եմ, քանի որ տեսել եմ 88-ի հրաշքը. կարծես մի մեռած ժողովուրդ հարություն առներ… Ինչպիսի միասնականության ու ինքնագիտակցության դրսեւորում:

Մեզանում շատ են անընդունելի երեւույթները. սարսափելի է ճաշակի ու գեղեցիկի ընկալման այս աստիճանի անկումը. մտածում ես` ի՞նչ ժողովուրդ ենք. մեր պապերը կերտել են սքանչելի վանքեր, սրբավայրեր, որոնք Աստծուն անկեղծ սիրելու պտուղներն են: Առանց նվիրումի ու անկեղծ սիրո հնարավոր չէր լինի այդ անել: Մենք էլ, Աստծուն սիրելով, կսիրենք եւ մեր հայրենիքը, մեր ժողովրդին, չէ՞ որ այս ամենը տնտեսություն է, յուրաքանչյուրս պատասխանատու ենք Աստծու առաջ, թե ինչպես ենք տնօրինում այդ տնտեսությունը: Ես լավատես եմ, սակայն ձեռքերս ծալած չեմ նստում:
— Տե՛ր հայր, "ձեռքերս ծալած չեմ նստում" ասելով` ի՞նչ նկատի ունեք։
— Նկատի ունեմ անարդարությունը չհանդուրժելը, թույլին պաշտպան լինելը, սգավորներին մխիթարելն առանց վախի, բայց ոչ երբեք՝ զենք վերցնելը, ջարդելն ու փշրելը: Այո՛, այսօր վատի կողքին կա նաեւ լավը. եթե այդ էլ չլիներ, մեր վիճակն անհույս կլիներ: Ուրախալի է, որ այսօր թեեւ քիչ, բայց կան երիտասարդներ, որոնք անտարբեր չեն, ուզում են մաքուր լինել, բաց ճակատով նայել մարդկանց երեսին: Դա այն թթխմորն է, որից կարող է խմորվել ողջ զանգվածը (տե՛ս Մատթ. ԺԳ 33):
— Տե՛ր հայր, ինչո՞ւ է Աստված Իր անքննելի նախախնամությամբ թույլատրում անօրեն իշխանությունների գոյությունը: Գուցե Տերը, գիտենալով մարդկանց քար սրտերը, այդպիսի իշխանություններին գործիք է դարձնում՝ մարդկանց դարձի համար։
— Այո՛, Աստված թույլ է տալիս՝ մարդկանց դարձի համար. մարդկային հոգեբանությունն է այդպիսին: Մարդը պետք է հայտնվի մի որեւէ դժվարին իրավիճակի մեջ, որպեսզի շատ բաներ հասկանա: Աստված թույլ է տալիս ամբարիշտ մարդկանց իշխանության գալ ոչ թե մարդկանց կործանելու, այլ խրատելու համար: Մենք պետք է միասնական լինենք գոնե հանուն մեր երեխաների. թույլ չտանք, որ տարբեր անօրեն պաշտոնյաներ, կաշառակեր իշխանություններ մեր գլխին չարիք բերեն:

Գիտենանք, որ ժողովրդին ծառայելու, ժողովրդին ղեկավարելու լավագույն ձեռնարկն Աստվածաշունչ Մատյանն է: Գիտենանք նաեւ, որ բարեպաշտ թագավորն օրհնություն է ժողովրդի համար: Աստված պատրաստ է ամեն ժամ մեր աղոթքների շնորհիվ մեզ բարեպաշտ թագավոր շնորհել, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք. եթե ես հանուն արդարության չեմ պաշտպանում թույլին, Աստված իմ աղոթքները չի լսի… Չվախենանք ճշմարտությանը հետամուտ լինելուց: Առանց վախենալու` պաշտպանենք, ինչքան կարող ենք:                          

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s