Սկիզբը՝ 2011 Հուլիս Բ
 
Ե­րե­միա Չե­լե­բի Քյո­մուր­ճյա­նի մահվանը հաջորդեցին մեծ շփոթներ՝ կապված կաթողիկոսության խնդրի հետ։ Պատճառը հախուռն եւ կրոնամոլ լատին աբեղաների գործունեությունն էր։ Սրանք նյութապես հարուստ էին, քաղաքականապես՝ պաշտպանված եւ ուժեղ, հանդուգն՝ ձեռներեցության մեջ, եւ փորձում էին մուտք գործել մի չարչարյալ ժողովրդի մեջ, որը գտնվում էր բռնության եւ տգիտության ճիրաններում։ Ոսկու հրապույրով, եվրոպական կրթության առվելություններով եւ ազդացիկ պաշտպանությամբ նրանց հաջողվում էր իրենց ցանցը գցել տկար հոգիներին, որոնք պատրաստ էին դրանց դիմաց զոհել իրենց ուղղափառ հավատը։ Եվ, իրոք, նրանց հետեւողների խմբակ ձեւավորվեց, սակայն եվրոպացի ականատեսների վկայությամբ՝ այդ գործունեությունը, չնայած մեծ ծավալներին, արդյունավետ չէր։ Բայց եւ այնպես այդ փոքր խմբակն անգամ դառնում էր օտար միջամտությունների աղբյուր եւ խանգարում ազգի անդորրը, տարածում շփոթներ ու ներքին երկպառակություններ։ Կաթոլիկ քարոզիչների չափն անցնելը նկատել էր եվրոպական մի դեսպան եւ մեղադրել նրանց։ Այդ շփոթին մեծապես նպաստում էին օտար դպրոցների հայազգի աշակերտները, դավանանքով տկարացած հոգեւորականները եւ անգամ հայ իշխանավորները։ Փորձում էին հայերին հեռացնել Հայոց Եկեղեցուց, եւ դա հատկապես կատարվում էր Կոստանդնուպոլսում։
Լատին քարոզիչներն այլ ձեւով էին գործում հայկական գավառներում եւ անգամ Մայր Աթոռում։ Նրանք Նահապետ կաթողիկոսից իրավունք ստացան՝ քարոզելու հայոց եկեղեցիներում։ Նահապետը մեղադրվում է լատինների հետ սերտ հարաբերություններ ունենալու մեջ՝ միջնորդությամբ ճիզվիտների կամ հիսուսականների միաբանության, որի ներկայացուցիչները գլխավորապես գործում էին հայոց գավառներում, որտեղ ավելի վաղ հաստատված դոմինիկյանները խիստ տկարացել էին։

Նրանց մնացորդներն էին Երնջակի ունիթորները։ Ըստ Մ. Չամչյանի՝ ճիզվիտները պատիվ ու ընդունելություն գտան Նահապետի կողմից եւ իբր մեծ վիշտ պատճառեցին նրան՝ ասելով, թե Արեւմուտքում լուրեր են տարածվում, թե հայերը հետ են կանգնել Հռոմին հպատակվելուց։ Կարծես թե հայերն առաջ Հռոմին են ենթարկվել, որ այժմ էլ հետ կանգնեին։ Բանը հասնում է այնտեղ, որ Նահապետ կաթողիկոսը հայերին այդ մեղադրանքից ազատելու համար, իբր, 1695 սեպտեմբերի 5-ին □սիրոյ եւ յարգութեան□ նամակ է ուղարկում Ինոկենտիոս ԺԲ պապին։ Իրականում նա այդ թվականին կաթողիկոսությունից զրկվել էր եւ աթոռից հեռացել։ Այդ նամակի պահպանված պատճենում եւ թարգմանության մեջ հպատակության մասին անգամ խոսք չկա, չնայած նամակը հեղեղված է արեւելյան չափազանցություններով։ Խոսքն ընդամենը վերաբերում է Հռոմի պապից նյութական օգնություն եւ քաղաքական պաշտպանություն խնդրելուն։ Հանուն դրա՝ արվում են շողոքորթ մարդահաճություններ։ Նահապետ կաթողիկոսը բոլորովին միտք չուներ զիջումներ կատարելու դավանական հարցերում։ Զաքարիա Քանաքեռցին, որ Նահապետ կաթողիկոսի ժամանակակիցն է եւ չի քաշվում նրա թերությունները նշելուց, բոլորովին տեղյակ չէ նրա՝ հռոմեադավանությանը հարելուց կամ պապին նամակ գրելուց։ Այդ նամակը Նապահետի անպաշտոն, անձնական ու գաղտնի մի ձեռնարկ է, որը ոչ մի արժեք չունի՝ Հայոց Եկեղեցու տեսակետից։

Նահապետ կաթողիկոսի դեմ դժգոհությունները գնալով աճում էին՝ կապված նրա սաստիկ բնավորության հետ, ինչը հավաստում են Զաքարիա Քանաքեռցին եւ Ջուղայեցին։ Հասկանալի է, որ նա ինչքան էլ անաչառ լիներ, խստություններ կիրառելիս կարող էր եւ կամայականություններ գործել, ինչպես նաեւ ազդվել քսու մարդկանցից։ Ուստի կաթողիկոսից սկսեցին դժգոհել Մայր Աթոռի միաբանները եւ այլ հոգեւորականներ, որոնք միավորվեցին նրա դեմ՝ կամենալով նրան գահընկեց անել։ Բողոքավորների գլուխ կանգնեցին Նախիջեւանի եւ Գողթնի եպիսկոպոսները, որոնց անունները պատմությունը չի պահպանել։ Այդ գործում նշանակալից էին պարսից իշխանությունների վերաբերմունքը եւ Նոր Ջուղայի հայ իշխանավորների դիրքորոշումը։ Տեղացի հոգեւորականներին դուր չէր գալիս օսմանահպատակ Նահապետի՝ իրենց վրա իշխելը։ Զաքարիա Քանաքեռցին, որ բոլորովին էլ Նահապետի համակիրներից չէ, մտածում է նույն ձեւով, որ պետք է հետ վերադարձնել Մայր Աթոռը տեղի հոգեւորականներին։ Կաթողիկոսի եւ թեմական կամ վանական առաջնորդների միջեւ անհամաձայնություններ ի հայտ եկան, եւ պարզ դարձավ, որ պարսկահայ եպիսկոպոսների համար տաճկահայ կաթողիկոսը հաճելի չէր։ Չի բացառվում, որ Նահապետ կաթողիկոսի՝ լատինների հետ ունեցած գաղտնի հարաբերություններն ու նամակագրությունն էլ ի հայտ եկան եւ ավելի բորբոքեցին հակառակորդներին։ Հավանաբար սա եւս որպես մեղադրանք օգտագործվեց, չնայած կարծես թե միաբաններն այդպիսի կարծիք չեն ունեցել։ Համենայն դեպս, հայ հոգեւորականությունը նման կապերի մեջ մասնակցություն չի ունեցել, եւ եղածը կաթողիկոսի անհատական եւ գաղտնի ձեռնարկն էր։

Ընդդիմադիրների գլուխ կանգնեցին Նախիջեւանի եւ Գողթնի եպիսկոպոսները, որոնք ամբաստանագրեր պատրաստեցին Նահապետի դեմ եւ համակիրների ստորագրություններն ստանալով՝ այդ ամբաստանագրերն ուղարկեցին ջուղայեցիներին, որպեսզի սրանք իրենց միանան՝ Նահապետին տապալելու գործում։ Ըստ որում, կամենում էին կաթողիկոսության աթոռ բարձրացնել Ստեփանոս Ջուղայեցուն, որը Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդն էր ու պարսկահայերի արքեպիսկոպոսը, որն ուրացող Յոհան աբեղայի ձեռքով բանտարկության եւ չարչարանքների ենթարկվեց։ Նամակները Նոր Ջուղա տարավ Մատթեոս Կարնեցի վարդարպետը՝ Բատրադեն մականունով։ Նա պետք է բանավոր եւս հորդորեր Ստեփանոս Ջուղայեցուն եւ խնդրեր ջուղայեցիներին, որ նրանք այդ գործը դյուրացնեն։ Առաքելությունը հաջողվեց, եւ Ստեփանոսը, մեծ ծախսեր անելով եւ միջոցներ մեջտեղ գցելով, ձեռք է բերում կաթողիկոս դառնալու՝ արքունի ռազամը կամ հրովարտակը։ Իր՝ Էջմիածին գալուց առաջ նա ուղարկում է Ալեքսանդր Ջուղայեցի վարդապետին, որը Դավիթ Ջուղայեցու առաջադեմ աշակերտներից էր։ Մինչեւ Ստեփանոսի տեղ հասնելը նա պետք է Նահապետին վտարեր, բանտարկեր Տաթեւի վանքում եւ իր վրա վերցներ, որպես տեղապահ, վանքի կառավարումը։ Նահապետը հասկացավ, որ տեղում ոչինչ անել չի կարողանա, առավել եւս որ վանքի միաբանները նրա դեմ էին, ուստի ձեւ անելով, թե մեկնում է Տաթեւ, ուղեւորվեց Թավրիզ, որտեղ գտնվում էր Հուսեյն շահը։ Այստեղ նա ապավինեց Շահօջախի կոչված վայրին, որը ծառայում էր որպես ապաստանատեղի, եւ եթե անգամ մահապարտն էր մուտք գործում այնտեղ, դառնում էր ոչ պատժելի։ Պաշտոնանկ Նահապետը վախենում էր, անշուշտ, որ իրեն, որպես մղավորի, կարող են պատժել։

Իսկ Ստեփանոսն արքունի հրովարտակով Ֆարզալի խանի հետ եկավ Երեւան եւ այնուհետեւ Էջմիածին եւ տիրացավ աթոռին կարճ ժամանակով՝ շուրջ տասն ամիս։ Նա կաթողիկոսական աթոռ բարձրացավ 1695-ին եւ աթոռակալեց եւս մի քանի ամիս 1696-ին։
Սակայն Նահապետը եւս կողմնակիցներ ուներ, եւ ինքն էլ իրեն պաշտպանել կարող էր։ Նրա բարեկամներից հատկապես եռանդուն գործեց Ավետիս Ջուղայեցի գյուղավագը, որը կարողացավ Հուսեյն շահին թախանձելով՝ Նահապետին օգնել։ Նա Հուսեյնի ճնշման տակ դավանափոխ էր եղել եւ անգամ իր երկու դստրերին տվել էր շահի հարեմին, ուստի մեծ համարում ուներ Հուսեյնի մոտ։ Չնայած նա ստացել էր Մուհամմադ Հուսեյն անունը, սակայն իր էությամբ չէ, որ իսլամացել էր, ուստի աշխատում էր զբաղվել հայերի խնդիրներով՝ դրանց դրական լուծում տալու համար։ Նա ցույց տվեց Ստեփանոսի ստացած հրովարտակի ապօրինությունը, քանի որ հակառակ էր հայկական օրենքներին, որովհետեւ չէր կարելի կաթողիկոսին գահընկեց անել, եթե նա չէր հրաժարվել, եւ չէր կարելի փոխարինել նրան, եթե նա չէր մահացել։ Ավետիսն այնքան հմուտ ներկայացրեց մեղադրանքները, որ Հուսեյն շահը հրամայեց Ստեփանոսից 1000 թուման բռնագանձել եւ նրան՝ իր համախոհների հետ, բանտարկել։ Գործը հանձնարարվեց Երեւանի խան Ֆարզալիին, որն Ստեփանոսին բարձրացրել էր կաթողիկոսական աթոռ։ Տուգանքը գանձվեց, Ստեփանոսն իր երեք համախոհների՝ Պետրոս Վայոցձորցի, Գրիգոր Մուղնեցի եւ Հովհաննես Ծաղկունացի առաջնորդների հետ բանտ նետվեց։ Դրանից հետո Նահապետը հաղթական վերադարձավ Էջմիածին։ Միաբանությունը չդիմադրեց ու լռեց, որը, թերեւս, հավաստում է, որ միաբանները գոհ չէին նաեւ Ստեփանոս Ջուղայեցուց։
Ստեփանոսի գործակիցներն առանց դժվարության, մեծ տուգանք մուծելով, շուտով ազատ արձակվեցին։ Սակայն Ստեփանոսը չազատվեց եւ անգամ մթին ու մահահոտ զնդանը նետվեց։ Նրանից կարծրանյութ քարեր կապեցին, իսկ ոտքերը կոճղի մեջ դրին, եւ շատ չանցած՝ նա մահացավ։ Հարկ է նշել, որ Ստեփանոսը բոլորովին արժանի չէր նման վախճանի։ Եվ դժվար է ասել՝ նա թագավորի՞ զայրույթի զոհը դարձավ, թե՞ Նահապետ կաթողիկոսի ոխակալության։ Ստեփանոսը մահացավ 1698 թ. հունվարի 4-ին կամ ավելի ճիշտ՝ հունվարի 5-ին՝ չորեքշաբթի՝ Աստվածհայտնության ճրագալույցին։ Չնայած տեղեկություն կա, թե նա մահացել է 1696 թ. փետրվարի 16-ին, որը, անշուշտ, շփոթ է՝ կապված նրա գահընկեցության թվականի հետ։ Ըստ այդմ էլ՝ նա չէր կարող 1605 թ. սեպտեմբերի 5-ին, որպես կաթողիկոս, պապին նամակ գրել։ Նրա մարմինը, իր իսկ կամքով, հողին հանձնեցին Խորվիրապի վանքում՝ Նահապետ կաթողիկոսի հոգածությամբ։ Վերջինս մեծ ծախսեր արեց՝ Ստեփանոսի դիակը զնդանից դուրս բերելու եւ մարմինը հանդիսավորությամբ հողին հանձնելու համար, ինչը, թերեւս, հավաստում է նրա ոչ ոխակալ լինելը եւ Ստեփանոսի՝ Հուսեյն շահի զայրույթի զոհ դառնալը։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր
 —>

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s