Սկիզբը՝ 2011 Օգոստ. Ա
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Չարենցի ստեղծագործական ուղին տեւել է 25 տարի: Առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1912-ին, վերջինները գրվել են 1937-ին: Քառորդ դարը երկար ճանապարհ չէ, բայց, հաշվի առնելով գրողի գաղափարագեղագիտական գարգացման առանձնահատկությունները, կարելի է բաժանել փուլերի: Չարենցի մեջ, մեկը մյուսին շարունակելով ու ամբողջացնելով, երբեմն նաեւ հերքելով, ասես ապրում էին մի քանի ստեղծագործող՝ հայրենիքի ողբերգության ու մարդու ողբերգության բանաստեղծը, խորհրդավոր երազանքների ճամփորդը (1912-1917), կյանքի վերափոխման պայքարի մունետիկն ու իր ժողովրդի փորձության ժամի ողջակեզը (1918-1921), նոր արվեստի պատգամախոսն ու նոր օրերի երգիչը (1922-1924), ժամանակի վիպական պատմության տարեգիրը (1925-1930), պատմության երթի ու ժողովրդի բախտի փիլիսոփան (1931-1934), ողբերգական մաքառումի ու սխրանքի ճշմարտախոս վկան (1935-1937): Չարենցի պես ստեղծագործ անհատը պատմության առջեւ կանգնում է
ժամանակի ամբողջ ընդգրկումով: Իսկ ժամանակը նրա համար ե՛ւ իր կյանքի ժամանակն էր, ե՛ւ պատմության ժամանակը: Այդ լայնությամբ էլ նա ի մի է բերում հայ եւ համաշխարհային գեղարվեստական զարգացման հարուստ փորձը:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ: Մարդկային ապրումների անսահման աշխարհում՝ սիրո, կարոտի, երազանքների ու կյանքի իմաստի որոնման բարդ հանգույցներում, Չարենցն սկզբից եւեթ հաստատեց իր անմնացորդ նվիրումը հայրենիքին: Ազգային ցավի ողբերգությունն ու վերածնության հույսը դարձան նրա ապրումների առանցքը, նրա ինքնարտահայտման ու ինքնաճանաչման հիմքը:
«Կապուտաչյա հայրենիք» (1915) անավարտ պոեմը 18-ամյա բանաստեղծի հարազատության հավաստումն էր հայրենիքին եւ հայրենիքի հանդեպ տածած իր զգացմունքների քնարական վերապրումը: Օգտագործելով դիմառնության ձեւը՝ Չարենցը մարդկայնորեն անձնավորում Է հայրենիքը՝ դիմելով նրան «Օ՜, հեռավոր, կապուտաչյա սիրուհիս… Օ՜, հեռու իմ քույր…» արտահայտություններով:
Զգացմունքի անմիջական տարերքը շատ շուտով բախվում է իրականությանը: Կամավորական զորքերի հետ հայրենիքի փրկության հույսով հասնելով մինչեւ Վան՝ բանաստեղծը տեսնում է իրական հայրենիքի վիճակը եւ տեսածի ու զգացածի անմիջական տպավորությամբ 1915-1916 թթ. գրում եւ առանձին գրքով հրատարակում է «Դանթեական առասպել» պոեմը: Պատումը Չարենցն սկսում է սովորական, առօրյա ոճով: Սակայն դժոխային պատկերների նկարագրությունից հետո աստիճանաբար
հասնում է մահվան տեսիլի: Բանաստեղծը վերարտադրում է համազգային ողբերգությունը եւ դա ներկայացնում երբեմն լուսանկարչական ճշգրտության հասցված պատկերներով: Ինքն ականատես էր Մեռյալ Քաղաքի՝ Վանի ողբերգությանը: Հոգեբանական լարվածությունը հատկապես ակնառու է պոեմի հինգերորդ գլխում, որտեղ նկարագրությունը, քնարական ապրումը, զգացմունքային բռնկումն ու զեղումը հասնում են ծայրահեղ շիկացման եւ բառացիորեն դառնում մահվան տեսիլ ու զառանցանք.
Եվ մենք այդ գիշեր մնացինք այդտեղ՝
Մեռած Քաղաքի ավեր շենքերում:
Ամբոխվել էին տեսիլներն ահեղ
Խեղերի նման ցատկում ու պարում,
Ու դառնում էին մեռելներ մի տեղ՝
Սատանայական տենդոտ շուրջպարում:
Մեռած Քաղաքի շենքերից մեկում,
Աչքերս անլույս խավարին հառած,
Պառկել էի ես — ահավոր, անքուն:
Ու դեմս, կարմիր կրակներ վառած,
Ցատկոտում էին, բառաչում, տնքում
Մեռելներ զվարթ ու բազմատարազ:
Ահա ազգային այս սահմռկեցուցիչ ողբերգության մեջ էր ձեւավորվում պատանի հանճարի հոգեբանությունը: Բայց եւ, անգամ դժոխքի այդ պարունակներից, նա ազգին հոգեպես փրկելու ուղիներ է որոնում, որովհետեւ, հակառակ դեպքում, ամեն ինչ կդատապարտվեր վերջնական կործանման.
Ու պետք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած,–
Քայլել անիմաստ մի կյանքի համար,
Մարել — ու վառել աստղերը մարած,
Որ — տիեզերքի զառանցանքը մառ
Չցնդի՜ երբեք ու մնա — երազ…
Ազգային կեցության ուղիների որոնման ճանապարհին Չարենցը գրում է նաեւ «Վահագն» (1916) երկը, որը, չնայած իր փոքր ծավալին (16 տող), զետեղել է պոեմների մեջ: Ազգային կյանքի պատկերը ճիշտ արժեքներով տեսնելու եւ գնահատելու զգացողությամբ բանաստեղծը ներքին զայրույթով բռնկվում է բոլոր այն սին խոստումների ու թերացումների դեմ, որ նախկինում կատարվել էին հայրենիքի գաղափարախոսության հարցում: Ազգային ողբերգության մղձավանջը տեսած բանաստեղծը, խաբված որդու նման, ընդվզում է բոլոր նրանց դեմ, ովքեր իրական Հայաստանի փոխարեն առասպելական Հայաստան էին տեսնում եւ իրական ուժերի փոխարեն պանծացնում առասպելական հերոսներին: Սակայն նախնիներն էլ մեղք չունեին. ազգային ոգու հարությունը հիմքեր էր որոնում, որոնցից մեկն էլ անցյալի փառքն էր, ինչը, սակայն, մնաց որպես ռոմանտիկական մի մտահայեցում՝ ամենեւին սատար չլինելով իրական Հայաստանի իրական վիճակին: «Վահագնը» հենց այդպես խաբված որդու դիմադարձ ընդվզումն է նախորդների դեմ, ովքեր անցյալ ժամանակների պատմություններով թմրեցրել էին միտքը, իսկ արդյունքը երբեւէ չեղած ամոթալի ծանր պարտությունն էր ու պատմական հայրենիքի կորուստը.
Հրդեհի աստված. հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի:– Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՛ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…
«Փրկության արեւ Վահագնիդ տեսար» տողի մտայնության ժխտմամբ՝ Չարենցի «Վահագնը», հակադրվելով Հովհաննես Հովհաննիսյանի «Վահագնի ծնունդը» բանաստեղծությանը, միաժամանակ անկասելի բողոքի ձայն էր ընդհանրապես հայրենասիրության այս բնույթի ըմբռնումների դեմ: Չարենցն իրական կյանքով ապրող հայրենիք էր երազում եւ ջանում մաքրել 19-րդ դարի պատմական դրամաներից, պոեմներից ու վեպերից պահպանված եւ 20-րդ դար հասած ռոմանտիկական պատրանքները: Այս առումով «Վահագնը» շրջադարձային ստեղծագործություն է:
Համատարած անհուսության եւ անելանելիության արտահայտություն են «Հատված» վերնագրված պոեմը, «Ողջակիզվող կրակ» շարքի մի քանի գործեր:
«Հատվածը» անորոշության դատապարտված հայրենասերի տառապագին ու հոգետանջ մի ինքնաբացահայտում է՝ անչափ բնորոշ 1918 թ. ազգային կյանքին, երբ արդեն վերջնականապես դատարկվել էր ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ նույն աղետն էր սպասվում նաեւ Արեւելյան Հայաստանին. «Մենք, լուռ, շվարե՜լ ենք, // Լույսերս // Մարել ենք — // Հույսերս էն ո՞ւմ ենք տվել… // Եվ ո՞վ մեզ, // Էլ ո՞վ մեզ, // Էն ո՞վ պիտի տա — // Երկի՛ր իմ, թռիչք ու թեւեր…»:
Այս պայմաններում հայրենիքի կորստի տագնապներն սկսում են որոշակիությունից հեռանալ եւ հույսի ու սպասումի ակնկալիքներով կառչել հեղափոխության բերած նոր տրամադրություններին: Դա ոգեւորում է բանաստեղծին, սակայն սոսկ որպես ռոմանտիկական տարերք, որ ուժգնացել էր անելանելի կացության մեջ փրկության ելք որոնելու ճանապարհին: Դա նաեւ հայրենիքի իրական վիճակը եւ փրկության երազանքը համատեղելու անհնարին թվացող փորձ էր, ինչը եւ դառնում է նոր կասկածանքների ու ողբերգական ապրումների արտահայտություն: Ասվածի վկայությունն է «Ինչպես երկիրս անսփոփ…» բանաստեղծությունը.
Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ —
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ…
…Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ —
Այնպես էլ սիրտս — անսփոփ, այնպես էլ սիրտս — անուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ —
Ախ, սի՜րտ իմ՝ բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ…
Այս տրամադրությունները տարածվում են «Ողջակիզվող կրակ» շարքի «Առավոտ» ենթաբաժնի բանաստեղծությունների մեջ: Ներքին հակադրության մեջ լինելով նույն շարքի «Իրիկուն» ենթաբաժնի գործերի հետ՝ դրանք բերում են նաեւ ոգու հարություն եւ փորձանքներին դիմագրավելու տոկունություն: Կարմիր նժույգների ու կարմիր երգերի, հուր ու կրակի, բրոնզի ու վառվող ապագայի պատկերներով, առույգ տրամադրությամբ Չարենցը ողջունում է սպասումը. «Հողմի պես հնչեղ երգեր // Հնչում են սրտում իմ ջինջ, // Տեսնում եմ — մի նոր երկիր // Բացվում է իմ դեմ քիչ-քիչ…»:
Այս սպասումն ու դրան հաջորդող խանդավառ տրամադրությունները հիմք են դառնում «Սոմա» (1918) եւ «Ամբոխները խելագարված» (1919) պոեմների համար:
«Սոման» տրամադրությունների ներքին որոշակի զարգացմամբ ընթացող քնարական բռնկումների շղթա է: Նախ՝ ի՞նչ է Սոման: «Սոմա» բառն առաջացել է հին հնդկերեն «քամել» բառից: Սոման Ինդրայից ու Ագնիից հետո երրորդ աստվածությունն է: Սոման՝ որպես խմիչք, ունի բուսական ծագում: Խմողին գցում է զմայլվածության վիճակի մեջ: Սոման կենսական ուժի ակունք է, որ բերում է երջանկություն ու բարիք: Պոեմը Չարենցը հրատարակել է «Նոր վեդյան պոեմ» ծանուցումով եւ «Ռիգվեդայից» հղած
«Սո՛մա, դու վերջին ազատություն» բնաբանով:
«Սոմա» պոեմն ամբողջությամբ պաշտամունքային ծիսակատարություն է: Սոման կերպավորվում է ե՛ւ որպես Աստված, ե՛ւ որպես պաշտամունքային խմիչք: Բանաստեղծն այստեղ հանդես է գալիս Գանգեսի քուրմի երեւույթով, իր սերն է խոստովանում Սոմային եւ, նրանով արբած, կյանքն ընծայում «վառվող աշխարհին»:
Նախերգանքի բնույթ ունեցող առաջին մասում բանաստեղծը ներկայացնում է իր երգի առարկան: Անմիջապես դրանից հետո երգի առարկան վերածվում է դարեր շարունակ որոնված ազատության խորհրդանշանի, որն անհուսության պահերին փրկության վերջին երաշխիք է: Հաջորդում է Սոմայի՝ որպես սրբազան խմիչքի նկարագրությունը եւ դրա փոխաբերական իմաստի բացահայտումը. «Օ, սրբազան հա՜րս դու
ազատության, // Դու — ազատություն»: Արբեցման տարերքը նախ վերածվում է երգի, ապա՝ պարի, այնուհետեւ՝ ամեն ինչ հիմնահատակ կործանելու մոլուցքի եւ պայքարի ոգու. «Ամբոխները զրահապատ // Ծափ են զարկում ու պարում, // Ջա՜հ է դարձել ամեն մի մարդ // Կրակապատ աշխարհում»:
Պայքարի ոգին ընդլայնվում է եւ վերածվում հրավերի կոչի՝ ուղղված բոլորին: Այդ հրավերը համախմբում է ամբոխներին, նրանց տանում պայքարի ու հաղթանակի, որի խորհրդանիշը հին աշխարհի կործանումն է: Պոեմի իններորդ մասը, ինչը, ըստ էության, խոսքի իններորդ ալիքն է, դառնում է ասելիքի բարձրաթռիչ վերջաբանը:
Վերափոխված կյանքի պատկերը դառնում է մի նոր «ոսկի տեսիլ», իսկ այդ վերափոխման ուժը՝ սերունդների կյանքի ուղին իմաստավորող գրավական: Քնարական առանձին բռնկումները ներքին կապով ձուլվում են մեկ ամբողջության մեջ եւ ի հայտ բերում տրամադրության զգացական վերարտադրման մի յուրահատուկ ձեւ, որը պոեմի միանգամայն նոր տարատեսակ է:
Շարունակելի
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s