ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Ձեր հարցերին պատասխանում է Տաթեւի վանքի վանահայր տեր Միքայել աբեղա Գեւորգյանը։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա Խաչատրյանը։

— Հա՛յր սուրբ, Եկեղեցու սուրբ հայրերի բնորոշմամբ` բոլոր առաքինությունները բախում են Աստծու ողորմության դուռը, բայց միայն խոնարհությունն է բացում այն: Ինչո՞ւ է խոնարհությունը համարվում գլխավորը բոլոր առաքինությունների մեջ, եւ ո՞րն է խոնարհության ճշմարիտ կերպը։
— Խոնարհությունը համարվում է առաքինությունների գլուխը, քանի որ առանց խոնարհության՝ որեւէ առաքինություն չենք կարող ձեռք բերել: Թեոդորոս Գազացին ասում է, որ առաքինությունը մի տուն է, որի քարերն առաքինություններն են, իսկ շաղախը` խոնարհությունը: Եվ տունն ամուր լինել չի կարող՝ առանց շաղախի: Քրիստոսն ասում է Ավետարանում. «Ես որտե՞ղ պիտի բնակվեմ, եթե ոչ նրանց մեջ, ովքեր վախենում եւ դողում են Իմ խոսքերից»… Այստեղ Տերը պատկերում է խոնարհամիտ մարդու կերպարը, քանզի խոնարհամտությունը ներքին հոգեւոր վիճակ է, կենսակերպ, թեեւ ներկայիս իրականության մեջ այն շփոթվում է ստրկամտության, նվաստության հետ: Մինչդեռ այդպես չէ. խոնարհությունը կոչվում է խոնարհամտություն, որովհետեւ մենք, քննելով մեր անձը, խոնարհվում ենք մեր կատարած սխալների համար, հիշում դրանք, նաեւ` մեր չգործած բարիքները… Այս կերպ մենք խոնարհվում ենք Տիրոջ առջեւ: Խոնարհամտությունը մեզ տանում է դեպի աստվածճանաչողություն: Իրական խոնարհ մարդկանց մեջ Աստված է բնակվում, որովհետեւ երբ մենք մեղքի դեմ մղվող այս ներքին_հոգեւոր պայքարում հաղթանակում ենք` խոնարհվելով, Աստված բնակվում է մեր մեջ, Ում զորությամբ էլ հաղթանակում ենք նաեւ արտաքին հարաբերությունների մեջ: Ահա խոնարհության ճշմարիտ կերպը: Խոնարհ մարդու մեջ Աստծու շնորհներն են գործում. այդպիսին առաքինի կենցաղավարություն ունի, նրա հետ երկյուղով ու պատկառանքով են շփվում, որովհետեւ հասկանում են, որ այդպիսի մեկը ոչ միայն իր դիմացինի, այլեւ իր մեջ բնակվող Աստծո հետ է խոսում անդադար: Տերն ասում է. «Ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա » (Մատթ. ԻԳ 12), այսինքն` խոնարհվելով Աստծու առջեւ՝ բարձրանում ենք մարդկանց առջեւ:

— Այնուամենայնիվ, խոնարհությունն այսօր ճիշտ չի ընկալվում. աշխարհիկ մտածելակերպ ունեցող, հոգեւորից հեռու մարդիկ չեն ընկալում խոնարհությունը` այն համարելով կամքի թուլություն, հոգու անզորություն: Թույլ մարդը կարո՞ղ է խոնարհ լինել, չէ՞ որ խոնարհ մարդը նախ եւ առաջ ունի ամուր, զորեղ կամք, հետեւաբար չի կարող թույլ լինել…
— Խոնարհությունը վախկոտության հետ չպիտի շփոթել: Վախկոտությունը ստոր մեղք է, որը ծնում է բազում այլ մեղքեր: Մինչդեռ առաքինի եւ խոնարհ մարդն ամենաքաջ մարդն է: Ինչպե՞ս կարող է վախենալ նա, ում մեջ Աստված է բնակվում, որովհետեւ Աստծուց վախեցող մարդը ոչնչից չի վախենում: Խոնարհ մարդը պատրաստ է հանուն Աստծո մինչեւ վերջ պայքարել, ընկերոջ համար զոհաբերությունների գնալ: Ուրեմն՝ խոնարհ մարդն ամենաքաջ մարդն է իրականում:

— Ինչպե՞ս է ձեռք բերվում ճշմարիտ, իրական խոնարհությունը։
— Խոնարհամտությունը գալիս է մեղքի գիտակցությունից. մարդը պիտի իրական աչքով տեսնի իր եսը, քննի իրեն, տեսնի իր սխալները, մեղքերը, զղջա ու խոստովանի դրանք, խոնարհվի իր մեղքերի բեռան ծանրության տակ: Մարդը խոնարհություն է սովորում` Տիրոջից մեղքերի թողություն եւ ողորմություն խնդրելով: Իսկ ովքեր իրենց անմեղ են համարում, չեն կարող խոնարհ լինել:

— Հա՛յր սուրբ, իրենց խոնարհ համարող մարդիկ հաճախ բարկանում եւ ըմբոստանում են փոքր-ինչ դիտողության կամ նույնիսկ խրատի դեպքում: Մինչդեռ խոնարհը կամենում է իր թերությունները տեսնել` դրանք շտկելու համար…
— Սա արդեն ոչ թե խոնարհության, այլ հպարտության նշան է: Մեկ օրինակ բերենք «Հարանց վարքից»: Մի եղբայր ոչ ոքի չէր հակառակվում, ինչ ասում էին, համաձայնում էր: Մի օր նրան հարցնում են, թե ինչո՞ւ ոչ ոքի չի հակառակվում. գուցե սուտ են խոսում, իսկ ինքը մասնակից է լինում նաեւ այդ ստի՞ն: Այդ եղբայրը խոնարհաբար պատասխանում է. «Միգուցե», այսինքն` նույնիսկ այդ պարագայում էլ չի հակառակվում: Իրական խոնարհության մեջ մեծ իմաստնություն կա: Նա, ով իր անձն Աստծու առջեւ խոնարհել է, լավ գիտի Աստծու ճանապարհները. Աստված շատ պարագաներում խոնարհվում է մարդկանց առջեւ եւ հազվագյուտ դեպքերում` ընդվզում:

— Հա՛յր սուրբ, հիշենք մարդ արարածի հանդեպ Աստծո կատարյալ սիրո եւ խոնարհության գերագույն դրսեւորումը` Ոտնլվան. երկնքի ու երկրի Արարիչը խոնարհվեց հողի` մարդու առջեւ` լվանալով աշակերտների ոտքերը: Կարո՞ղ ենք ասել, որ մենք, իբրեւ գերագույն օրինակ, չափանիշ պիտի ունենանք այդ խոնարհությունը։
— Անշուշտ, որովհետեւ Տերը, լվանալով աշակերտների ոտքերը, պատգամում է. «Մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք»։ (Հովհ. ԺԳ 15): Մենք մեր հոգու աչքերով կարող ենք տեսնել, որ օրվա ընթացքում Աստված բազմաթիվ անգամներ մեզ խոնարհվելու առիթներ է տալիս: Փորձությունների ժամանակ պետք է ունենալ ճիշտ հոգեվիճակ: Օրինակ` եթե մենք փորձությունները համարում ենք Տիրոջ կողմից եկած ողորմություն, խոնարհության առիթ, ապա ընդունում ենք եւ խոնարհվում: Մի օրինակ բերենք. եկեղեցու սպասավոր մի մարդ աղոթում էր Աստծուն` խնդրելով իրեն խոնարհություն սովորեցնել: Հաջորդ օրը եկեղեցի են գալիս մի խումբ մարդիկ` կամենալով եկեղեցու տարածքում խնջույք անել: Նա խոնարհաբար զգուշացնում է, թե չի կարելի եկեղեցու տարածքում աղմկել, խնջույք անել: Եվ մեկն այդ մարդկանցից սկսում է ամենավերջին հայհոյանքներն ուղղել հոգեւոր սպասավորի հասցեին, վիրավորել նրան, բայց վերջինս, թեեւ կարող էր պատասխան տալ, ուներ լծակներ նրան «ոչնչացնելու», սակայն խոնարհաբար լռում է` կանգնելով այդ հայհոյանքների տեղատարափի տակ: Հետո նա խոստովանում է, որ այդ պահին իր հոգին ցնծության երանության մեջ էր, արտասուքների վտակներ էին հորդում նրա աչքերից… Մենք ամեն առիթ պետք է օգտագործենք խոնարհվելու եւ ոչ՝ ընդվզելու համար:

— Կարո՞ղ ենք ասել, որ նույնությամբ չպատասխանելը կարող է օգնել նաեւ դիմացինին` այդ խոնարհությունից պատկառելու, ազդվելու եւ, ի վերջո, փոխվելու:
— Ս. Ներսես Շնորհալին բոլորին «լույս» էր կոչում: Երբ մեկը բարկության արժանի արարք էր գործում իր հանդեպ, խոնարհաբար ասում էր. «Լո՛ւյս, եթե ես չխնայեի, կբարկանայի քեզ վրա. սակայն չբարկանալով ե՛ւ ինձ եմ խնայում` մեղքի մեջ չընկնելով, ե՛ւ քեզ եմ օգնում դուրս գալ այդ վիճակից»: Խոնարհության մեկ այլ օրինակ հիշենք. մի կույս, գալով վանահոր մոտ, ասում է. «Հա՛յր սուրբ, հասել եմ բավական շատ առաքինությունների, անգիր գիտեմ Հին եւ Նոր Կտակարանները, աղոթում եմ, ծոմ պահում, երկրպագություն անում եւ այլն»: Վանահայրը հարցնում է. «Երբ քեզ անարգում են, ընդունո՞ւմ ես»: Նա ասում է. «Ո՛չ»: Նորից է հարցնում. «Իսկ երբ գովում են, հպարտանո՞ւմ ես` գովեստները քեզ վերագրելով»: Նա պատասխանում է. «Այո՛, քիչ են ասում, ես արժանի եմ ավելիին»: Եվ վանահայրն ասում է. «Գնա՛ եւ սովորիր Ավետարանները, որովհետեւ ոչինչ չգիտես»:

— Խոնարհության հակառակ մոլությունը հպարտությունն է, որի դեմ պայքարելու լավագույն միջոցը խոնարհություն ձեռք բերելն է: Իսկ ի՞նչ առաքինություններ են ծնվում խոնարհությունից:
— Բազում առաքինություններ` համբերություն, ներողամտություն, գութ, կարեկցանք, ողորմություն, մարդասիրություն… Խոնարհ մարդն ամուր պատնեշ է այդ առաքինությունների համար, կարող է դրանք իր մեջ պահել: Սուրբ Սարգիս Շնորհալին ասում է, որ «Մեղքն ու շնորհը նման են միմյանց` հայտնելուց վերանում են, որովհետեւ մեղքը խոստովանելուց ջնջվում է, իսկ շնորհը, ի ցույց մարդկանց հայտնելուց, վերանում»: Խոնարհ մարդը երբեք չի ասում, որ առաքինի է, այլ խոստովանում իր մեղավոր լինելն Աստծու առաջ: Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է, որ իր մեղքերը նման են օդում տարածված փոշու հյուլեներին: Նա այնքան մանրամասն էր տեսնում մեղքերը, որ հասկանում էր դրանց անթիվ-անհամար լինելը` փոշու հյուլեների չափ: Եթե մարդն իրական հոգեւոր աչք ունենա, կտեսնի իրեն շրջապատող մեղքերը` չար խորհուրդներ, զգացողություններ, չար սովորություններ, որոնցից ինքը մշտապես հաղթվում է:

— Ի՞նչ խորագիտություն պիտի ունենա խոնարհ մարդը, որպեսզի իր խոնարհությունը չշահագործվի այլոց կողմից, ինչը հաճախ հանդիպող երեւույթ է մեր օրերում։
— Խոնարհությունը կարող է անգիտաբար շահագործվել, սակայն երբ սկսում են հասկանալ ու գնահատել դիմացինի խոնարհությունը, այլեւս հարգանքի ու պատկառանքի են արժանացնում: Իսկ եթե չի հասկացվում, երանելի է այդպիսին, որովհետեւ չարչարվում է հանուն Քրիստոսի: Սակայն լինենք զգուշավոր եւ լավ քննենք մեզ. գուցե իրականում ամենեւին էլ խոնարհ չենք: Սուրբ Գրիգոր Տաթեւացին ասում է, որ մենք հաճախ պատժվում ենք մեր մեղքերի ու սխալների համար, սակայն համարում ենք, թե արդարության համար հալածվեցինք, ինչպես աղանդավորներն են այսօր կարծում… Նաեւ պատահում է, որ մեզ ճշմարտապես հանդիմանում են` տեսնելով մեր մեղքը, իսկ մենք համարում ենք, թե անարդարացի մեղադրեցին մեզ: Այդպես չէ. մենք պատժվում ենք մեր սխալների համար:

— Հա՛յր սուրբ, իրական խոնարհություն ձեռք բերել ցանկացող մարդն ի՞նչ զոհողությունների պիտի գնա այդ ճանապարհին։
— Ինչի՞ է ձգտում մարդը. առաքինության, կատարելության, սակայն առաջին հերթին մենք պիտի ձգտենք մեղքերի թողության, սրբվելու: Այդ դեպքում կլինենք ե՛ւ առաքինի, ե՛ւ կատարյալ: Ուրեմն՝ մեղքերի խոստովանությամբ խոնարհվենք, որպեսզի Աստված մեզ բարձրացնի:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s