ՆԱՀԱՊԵՏ Ա ԵԴԵՍԱՑԻ

(1691-1705)

Սկիզբը՝ 2011 Հուլիս Բ-Օգոստ. Ա

Այդ շրջանում է, որ սկսվում է Մխիթար Սեբաստացի սարկավագի գործունեությունը։ Մխիթար Պետրոսյանը կամ մինչեւ ձեռնադրվելը՝ Մանուկը ծնվել է 1676 թվի փետրվարի 7-ին Սեբաստիա քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստանում է տեղում՝ հայ քահանաների եւ վարդապետների մոտ։ Հետո դառնում է Սբ Նշան վանքի միաբան՝ 1685-ին որպես դպիր, իսկ 1691-ին՝ սարկավագ՝ ձեռնադրվելով վանքի առաջնորդ Անանիա եպիսկոպոսի կողմից։ Մայր Աթոռ մտնելու փափագով դառնում է փոքրավոր՝ Միքայել եպիսկոպոսի մոտ։ Եպիսկոպոսի հետ 1691 թվի դեկտեմբերին Կարնի վրայով գալիս է Էջմիածին՝ տեղ հասնելով 1692 թվի փետրվարին։ Կարնում նա գտնում է ՙԽոկումն քրիստոնէական՚ լատիներենից հայերեն թարգմանված գիրքը (Վենետիկ, 1687), որը լիակատար հռոմեադավանություն էր քարոզում։ Միքայել եպիսկոպոսը, զգուշանալով աննպաստ ազդեցությունից, Մխիթար սարկավագի ձեռքից վերցնում է գիրքը։ Կարնում հայտնվել էին լատին քարոզիչներ, որոնք փորձում էին տեղացիներին լատինադավան դարձնել։ Ստեփանոս Սեբաստացի անունով մի ուխտավոր, որը Մխիթարին ծանոթ էր, հրապուրում է նրան՝ հայկական սրբավայրերում լինելու ծրագրով։ Ընդամենը երկու ամիս մնալով Մայր Աթոռում՝ նա իր ծանոթի հետ մեկնում է Խորվիրապ, իսկ այնուհետեւ՝ Սեւանա կղզու վանքը։ Սեւանա կղզում տեղի է ունենում Մխիթարի տեսիլքը, որի վկան, իհարկե, միայն ինքն է։ Տեսիլքում Աստվածածինը խոսում է Մխիթարի հետ եւ առաջարկում խնդրանքով իրեն դիմել։ Նա էլ պատասխանում է, թե ուզում է այն, ինչ Աստվածածինն ինքն է ուզում, եւ Տիրամայրը խոստանում դա կատարել։ Մխիթարյաններն այդ տեսլիքի մեջ կամենում են տեսնել իրենց միաբանության հիմնադրումը եւ վերջինիս հռոմեադավան ուղղությունը։ Իհարկե նման կարծիքը զավեշտական է։ Հետո Մխիթարն իր ծանոթի հետ որոշում է Սեբաստիա գնալ, սակայն մնում է Բասենի վանքի եպիսկոպոս Մելքիսեդի մոտ՝ ուսուցչություն անելու։ Կարնո Ավետիք եպիսկոպոսն էլ աշխատում է նրան Կարնում պահել։

Կարնո առաջնորդ Ավետիք Եվդոկացին նշանավոր է եղել հայոց պատմության մեջ։ Ծնվել է Եվդոկիայում 1657 թվի ապրիլի 7-ին, մինչեւ 15 տարեկանը սովորել է պապի՝ հարյուրամյա Սարգիս քահանայի եւ իրեն մկրտող Պետրոս քահանայի մոտ։ Հոր մոտ եղել է ջուլհակ եւ սովորել ղումաշ գործել։ Հակոբ Բելենկցի եպիսկոպոսի նվիրակության առիթով դառնում է նրա աշակերտը եւ 3 տարի անց՝ 1675-ին, Պայասում ձեռնադրվում սարկավագ։ 1689-ին նա գտնվում էր Սեբաստիայում՝ Հակոբ կաթողիկոսի՝ այնտեղ եղած ժամանակ։ Միանալով կաթողիկոսին՝ Բելենկցին գալիս է Կոստանդնուպոլիս, իսկ Ավետիքը, նրանից բաժանվելով, երուսաղեմացի Սահակ եպիսկոպոսի հետ գալիս է Էջմիածին։ Հետո նրա հետ գալիս է Երզնկայի Կապոսու կամ Կայիփոսի Սբ Հակոբ վանքը, որտեղ ձեռնադրվում է աբեղա եւ հետո՝ վարդապետ՝ նշանակվելով նույն վանքի առաջնորդ։ Այստեղից էլ ծագում է նրա Երզնկացի մականունը։ Նա նորոգում է ոչ միայն այդ, այլեւ Տիրանաշեն Սբ Նշանի կամ Տիրաշեն Սբ Ներսեսի վանքը, Երզնկայի Մարիամ Աստվածածին խոնարհված եկեղեցին։ Այդ շրջանում ծավալվում է ենիչերիների ապստամբությունը, որի ժամանակ վիրավորվում է Ավետիքը եւ 40 օր անկողին ընկնում։ Առողջանալուց հետո գալիս է Կ. Պոլիս եւ արքունական հրամանով զինվորական գունդ բերելով՝ ճնշում է արստամբությունը։ Նրա հակառակորդները նրան մեղադրում են, թե առանց թույլտվության եկեղեցի է նորոգել։ Կարնո փաշայի հրամանով նա բանտարկվում է, դրվում կոճղի մեջ եւ այդպես թողնվում 3 օր։ Դատարանում նա իր արդարացման համար պաշտոնագրեր է ներկայացնում եւ Ֆեյզուլլահ դատավորի վճռով ազատ արձակվում։ Այնուհետեւ գալիս է Երզնկա եւ շարունակում վերանորոգումը։ Այդ ժամանակ Երզնկայում գտնվող Գյումուշխանացի վարդապետից ծայրագույն գավազան է ընդունում եւ անցնելով Էջմիածին՝ 1691 թվին Եղիազար կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվում եպիսկոպոս՝ 35 տարեկան հասակում։ Երբ վերադառնում է Երզնկա, նրա կյանքին սպառնում են, եւ նա պահվում է տանը՝ շարունակ գտնվելով վախի մեջ։ Նրա կատաղի հակառակորդ դատավորը հանկարծ ընտանիքի հետ հիվանդանում է եւ դա համարելով աստվածային պատիժ՝ նրան թույլ է տալիս եկեղեցին շինել եւ անգամ դրամական եւ նյութական օժանդակություն ցույց տալիս։ Սակայն ենիչերիները կրկին ըմբոստանում են, եւ Ավետիքն ապավինում է Էջմիածնին եւ չորս ամիս անց՝ 1691 թվի վերջերին, Նահապետ կաթողիկոսի հրամանով նշանակվում Կարնո առաջնորդ։ Հենց այդ ժամանակ էլ Մխիթար Սեբաստացին հաստատվում է Բասենի վանքում, եւ Ավետիքը կամենում է նրան որսալ, ինչը ցույց տալիս, որ այդ ժամանակ Մխիթար Սեբաստացին դեռ հայադավան էր։

Մխիթար Սեբաստացին Բասենի վանքում մնում է ընդամենը մեկ տարի։ 1693-ին վերադառնում է Սեբաստիայի Սբ Նշան վանքը եւ մնում այնտեղ, մինչեւ իր պաշտպան Անանիա եպիսկոպոսին փոխարինում է Սահակ Կեսարացի վարդապետը։ Դրանից դժգոհ Մխիթարը 1695 թվին Հովնան Եվդոկացի վարդապետի հետ մեկնում է Երուսաղեմ՝ հայոց վանք գնալու համար։ Սակայն Բերիայում կամ Հալեպում նրանք հանդիպում նե լատին աբեղաների, որոնցից Անտոն Պովոլիեն, որը ճիզվիտ էր, նրանց գրավում է Հռոմ ուղարկելու եւ գիտնական դարձնելու իր խոստումներով։ Դրանով նա նրանց տրամադրում է դեպի հռոմեադավանությունը։ Ճիշտ է, նա դեռեւս Հայոց Եկեղեցու սպասավոր էր, սակայն դրանով դրվում է նրա՝ հռոմեադավանության անցնելու սկիզբը։ Նա դեռ լատինասեր հայ էր, բայց ոչ՝ կաթոլիկ։ Հռոմի անունով գրավված Մխիթարը մոռանում է Երուաղեմը եւ մեկնում Իսքենդերուն, որը հին Ալեքսանդրիան է։ Այստեղից նա անցնում է Կիպրոս եւ նավ նստում՝ Եվրոպա ուղեւորվելու համար։ Սակայն միտքը փոխում է, դուրս է գալիս նավից եւ Սելեւկիայի, Անտիոքի, Հալեպի ու Այնթապի վրայով մեկնում Սեբաստիա՝ 1695 թ. նոյեմբերին։ Կրկին հաստատվում է Սբ Նշան վանքում։ Այստեղ 1696 թվի ապրիլի 12-ին քահանա է ձեռնադրվում՝ Սահակ Կեսարացի եպիսկոպոսի ձեռամբ։ Նա հանդգնում է լատինասեր խմբավորման կողմը բռնել՝ առաջ բերելով իր դեմ դիմադրություն։ Ստիպված մեկնում է Եվդոկիա եւ Ակն, հետո կրկին վերադառնում Սեբաստիա՝ լսելով, որ իր հակառակորդ Ծառուկ վարդապետը մահացել է։ Այժմ նա հայացքը հառում է հայոց պատրիարքության կենտրոն Կոստանդնուպոլսին եւ 1698 թ. ապրիլին ժամանում օսմանյան մայրաքաղաք, երբ ընդամենը 22 տարեկան նորընծա վարդապետ էր։

Այդ միջոցին մի դժբախտ իրադարձություն պատահեց։ 1696-ին Սսի կաթողիկոս Ղասիտեջին իսլամացավ՝ կախաղանի սպառնալիքի ներքո։ Ինչպես իրավացիորեն նշում է Մ. Օրմանյանը, վերջինս իրականում մահմեդացավ 1707-ին։

1694-ից Պոլսի պատրիարքն էր Եփրեմ Ղափանցին, որը հայադավանության համարձակ ջատագով էր։ Մխիթարի՝ Կ. Պոլիս հասնելուց մեկ ամիս առաջ՝ 1698 թ. մայիսի 6-ին, Եփրեմը պաշտոնանկ եղավ։ Ըստ Մ. Օրմանյանի՝ պաշտոնանկությունը եղավ մայիսի 7-ին։ Նրան հաջորդեց Մելքիսեդեկ եպիսկոպոսը՝ հայտնի Սուպհի Շայիր մականունով, ինչը ցույց է տալիս նրա շայիր կամ աշուղ լինելը։ Սրա օրոք էլ շարունակվում էին Կ. Պոլսում հայադավանների եւ կաթոլիկների անվերջանալի վեճերը։ Խտրականությունները դեռեւս շատ խորացած չէին։ Օրինակ՝ հռոմեական դպրանոցում ուսում առած աբեղաները դառնում էին Հայոց Եկեղեցու վարդապետներ։ Ինչպես՝ Խաչատուր Կարնեցին կամ Առաքելյանը, որը լինելով պրոպագանդայի դպրոցի աշակերտ՝ քարոզչություն էր անում Սամաթիայի Սբ Գեւորգ եկեղեցում եւ անգամ բարձրանում էր Մայր եկեղեցու բեմը։

Մխիթարը Կ. Պոլսում հարում էր Խաչատուրին եւ մտմտում Հռոմ գնալու գաղափարը։ Մելքիսեդեկ պատրիարքն էլ Ղալաթիայի Սբ Լուսավորիչ եկեղեցում քարոզելու իրավունք է տալիս։ Ղալաթիայում Մխիթարն սկսում է ազատ շփումներ ունենալ լատինների հետ, ինչը նրան կամաց-կամաց հռոմեադավանության է տանում։ Այդ հարցում նրան քաջալերում էին Խաչատուր Կարնեցին եւ ճիզվիտ Հովհաննես Վերզոն։ Վերջինս նրան ծանոթ էր դեռեւս Բերիայից։ Հանդես գալով խտրականության դեմ՝ նա հայադավանների եւ հռոմեադավանների միջեւ խաղաղության եւ եղբայրության մասին քարոզներ էր կարդում։ Նույնիսկ հայադավանության ջատագովները Մխիթարին ասում էին, որ իրենք նրա հետ խնդիր չունեն։

Մխիթարը Կ. Պոլսում մնում է ընդամենը 5 ամիս։ 1698 թվի սեպտեմբերին նա որոշում է գնալ Հայաստանի ներքին գավառները, որտեղ նա ավելի վաղ տեսել էր շարժման միտումներ եւ ինչ-ինչ նշաններ։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s