Հայ Առաքելական Եկեղեցու սակավաթիվ կանանց մենաստանների շարքում Նոր Ջուղայի Ս. Կատարինե կուսանաց վանքը, թերեւս, ամենաերկարակյացն է, որը գոյատեւել է ավելի քան 3 դար։ Այն հիմնվել է 1623 թվականին՝ հռչակավոր Լազարյանների տոհմի նահապետ խոջա Եղիազարի բարերարությամբ եւ գործել է մինչեւ 20-րդ դարի կեսերը։ Ավանդության համաձայն՝ կուսանաց վանքի առաջին կույսերը Հին Ջուղայից այստեղ գաղթած երեք կույսերն էին՝ Ուռուփսանա, Թագուհի եւ Հռիփսիմե անուններով։

«Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ» հատորում զետեղված է մի հիշատակարան, որը ամենահին ու արժեքավոր աղբյուրներից է Ս. Կատարինե կուսանաց անապատի միանձնուհիների մասին։ Նոր Ջուղայում 1660 թվականին գրված ձեռագիր հիշատակարանում թվարկված են Ս. Կատարինեի միանձնուհիների անունները, որոնց թվում քիչ չեն նաեւ սարկավագուհիները։ «Դարձեալ յիշեցեք զմիաբան սբ. ուխտիս, որ են ժողովեալ զսրբասնեալ կուսանքս եւ որ ի սմա են եկամուտ, զսարկաւագուհիքն՝ զՍառեն եւ Տրիսիէն, զՍանդուխտն եւ փոքր Սառէն, զԳայիանէն, Յուղիտէն, Մարինոսն, Թագուհին, Հռիփսիմէն, Եղիսաբեթն, Դշխոյին, Վարվառն։ Զմահդասիքն՝ միւս Ուղիտէն, զմայրապետ Թանկիկն, Մարամն եւ Անային, Իշխանն, զՆունին եւ զմիւս Անային։ Եւ սպասաւորք եկեղեցւոյն՝ Հռուփսանէն, Շուշանն, Մարթէն, Եպրաքսէն, Սուփիէն, զմիւս Վարվառն, զՆանաջանն, միւս Թագուհին, միւս Հռիփսիմէն, Թալիթէն, դռնապան Մարգրիտն, բազմաշխատ Պօղոսն, եւ հանգուցեալ միաբանք սոցին….
Յիշեցէք սբ. եկեղեցոյս զսպասաւոր Թեկղիէն, Եղինարն, Մարամն, Մամարն, յիշեցէք…»։
1700-ականների սկզբին այս կուսանոցում միանձնուհիների թիվը հասնում էր շուրջ 33-ի։ Հենց այս թվով խցեր կային վանքի տարածքում՝ նեղ ու անձուկ, հազիվ մեկ մարդաբոյ։ Հետագայում կույսերի թիվը գնալով նվազում է, եւ 19-րդ դարի կեսերին կուսանոցի միաբանության անդամների թիվը չէր հասնում 20-ի։ Կուսանոցն իր պատմության էջը վերջնականապես փակում է 1954 թվականին, երբ կյանքին հրաժեշտ է տալիս կուսանոցի վերջին կույսը՝ Եղիսաբեթ Իսրայելյանը՝ ձեռնադրված 1937 թվականին Թավրիզում՝ Ներսես արք. Մելիք-Թանգյանի կողմից։


Հնամյա կուսանոցի պատմության ու առօրյայի մասին հետաքրքիր տեղեկություններ է մեզ փոխանցում նաեւ նորջուղայեցի Հարություն Տեր-Հովհանյանցը՝ մենաստանի հիմնադրումից մինչեւ իր ապրած ժամանակները՝ 1800-ականների կեսերը։
Մենաստանի խստակրոն կույսերն ապրում էին աղոթական կյանքով, իսկ ազատ ժամանակը նվիրում էին ձեռագործին։ Առաջին կոչնակի կանչով, որ հնչում էր գիշերային ժամին, միանձնուհիները զույգ-զույգ խմբվում էին եկեղեցու սբ Սեղանի առջեւ եւ սաղմոսերգությամբ սկսում օրվա ժամերգությունը, որ շարունակվում էր մինչեւ արեւածագ։ Ցերեկային ժամերը նույնպես անցնում էին աղոթքով ու սաղմոսների ընթերցանությամբ՝ մինչ երեկոյան կոչնակը կրկին կհրավիրեր երեկոյան ժամերգության։
Միաբաններից յուրաքանչյուրն ուներ 1-2, երբեմն էլ ավելի դեռատի աշակերտուհիներ, որոնց ուսուցանում էին եկեղեցական սաղմոսներ եւ պատրաստում նրանց կուսակրոնության՝ այսպես ապահովելով միաբանության հաջորդականությունը։ Աղջիկները, սակայն, սրբակեցության ուխտն ընդունում էին 20 տարեկանից հետո միայն, որպեսզի որեւէ մեկն այլեւս չզղջար իր որոշման համար։ Ձեռնադրվելով թեմակալ առաջնորդի կողմից՝ նորընծաներն ստանում էին եկեղեցական ստորին աստիճանները եւ «խարանազգեստ եղեալ»՝ համալրում միաբանության շարքերը։ Սարկավագուհիները, որոնց ձեռնադրության կարգը կուսանոցում վերականգնվել էր 1851 թվականին՝ թեմակալ առաջնորդ Թադեոս արք. Բեկնազարյանի կողմից, պատարագիչ քահանայի հետ մասնակցում էին սբ Պատարագի արարողությանը՝ Ավետարան կարդալով, Վերաբերում կատարելով, քշոց անելով ու երգելով։
Կուսանոցը ղեկավարում էր մայրապետը, ինչպես ժամանակագիրն է վկայում, հավասարության սկզբունքով ու առանց խտրական որոշումների։
Կուսանաց անապատի միջոցները գոյանում էին նվիրատվություններից, վանքին կտակված դրամագլուխների տոկոսներից, կալվածներից ստացված եկամուտներից։ Վանքին առատաձեռն նվիրատվություններ էին կատարում հատկապես Ջուղայից Հնդկաստան գաղթած մեծահարուստ հայերը։ 1833 թվականից վանքի միջոցները համալրվում էին նաեւ պարսից արքայի տարեկան նվիրատվություններով։ Այլ նվիրատուների շարքում ժամանակագիրը հիշատակում է անգամ ռուսաց Նիկոլայ կայսեր անունը։


Գոյացած միջոցները, սակայն, ծախսվում էին ոչ միայն միաբանության կարիքների, այլեւ չքավոր կանանց եւ որբացած աղջիկներին տրվող ողորմությունների նպատակով։ Ինչպես վկայում է ժամանակագիրը, հիմնադրման օրվանից ի վեր Սբ Կատարինե վանքում «գովելի հանդիսացեալ է ողջախոհութիւն՝ պարկեշտութիւն եւ սրբասիրութիւն սոյն միաբանութեան, իսկ յաչս այլազգեաց զարմանալի իմն համարի ուխտն կուսութեան սոցա, վասնորոյ եւ պատկառելի է ամենեցուն սոցին միաբանութիւն»։
Հետագայում կուսանոցը հայտնի դարձավ նաեւ օրիորդաց իր դպրոցով, որ հիմնվեց կուսանոցում 1858 թվականին՝ ջավայաբնակ Մանուկ Հորդանանյանի միջոցներով՝ դառնալով աղջիկների համար առաջին դպրոցը Նոր Ջուղայում։ Հենց վանքի մայրապետին էին քաղաքի կանայք վստահում իրենց աղջիկներին՝ աստիճանաբար դուրս գալով ուսյալ աղջիկների մասին եղած նախապաշարումներից։ Իսկ 20-րդ դարասկզբին արդեն թիֆլիսահայ «Մուրճն» արձանագրում էր. «Նոր Ջուղայի այժմեան բոլոր թէ՛ մեծ եւ թէ՛ փոքր տիկինները եւ օրիորդները, շատ քիչ բացառութեամբ, կարողանում են կարդալ հայերէն եւ գրաբարախառն աշխարհաբարով գրել»։
1900 թվականին աղջիկների դպրոցը տեղափոխվում է վանքից դուրս կառուցված մեկ այլ շենք։ Սակայն մեկ տարի անց այստեղ հիմնվում է բարեգործական մի այլ կառույց՝ «Ս. Կատարինյան աղջկանց արհեստանոցը», որտեղ կույսերի հսկողության ներքո 20-25 աղջիկներ զբաղվում են գորգագործությամբ։
Լուսավորությունը վաղուց արդեն մուտք էր գործել Նոր Ջուղա՝ խախտելով նաեւ շատ ավանդույթներ, այդ թվում նաեւ կուսանոցի խստակյաց կյանքը։ Կուսանոցի դռներն ավելի հաճախ էին բացվում։ Արդյո՞ք այս ամենն էր պատճառը միաբանական կյանքի հետագա թուլացման, որի մտավախությունն էր ունեցել նաեւ ժամանակի թեմակալ առաջնորդը. դժվար է ասել։ Սակայն միանշանակ է՝ կուսանոցն այլեւս նախկին կանոններով չէր ապրում։
Ընդամենը մեկ դար առաջ անգլիացի դիվանագետ Ջեյմս Մորիերը, այցելելով կուսանոց, 1918 թվականին հրատարակած իր ուղեգրությունում գրում է. «Կույսերը թվով ինն էին, բոլորը պառավ եւ բոլորն էլ տգեղ՝ բացի երկուսից։ Նրանք գլխից մինչեւ ոտք հագնված էին մի կոպիտ մութ կապույտ կտոր, բոբիկ ոտքով, եւ մի կաշյա գոտի իրենց մեջքում, որոնցից կախել էին իրենց բանալիները եւ այլն։ Նրանցից եւ ոչ մեկը չէր խոսում պարսկերեն»։
Մեկ այլ անգլիացի դիվանագետ՝ սըր Ուիլիըմ Աուզլեյը, որ նույնպես 18-րդ դարի սկզբին առիթ էր ունեցել այցելելու Ս. Կատարինե կուսանաց վանք, եւս գրել է. «Մեզ թույլատրեցին այցելել պաշտամունքի վայրեր եւ կույսերի վանքը կամ «դստերց եկեղեցին»՝ Քիլիսին-ի-Դուխտերան (Kelisiո-I Dukhteran), ինչպես պարսիկներն են ասում։ Մենք տեսանք նմանապես այդ բարեպաշտ կույսերին, թվով տասնութ հոգի, որոնցից մեկը միայն, իմ կարծիքով, կարելի է ասել, որ չափավոր գեղեցկություն ուներ։ Նրանք եւս եռանդուն կերպով հյուրասիրեցին մեզ»։
Կույսերի արտաքին բարեմասնությունների մասին ոչ այնքան դրական կարծիք ունեցող օտարերկրյա ճանապարհորդներն ի՞նչ իմանային, որ կուսանոցում սահմանված խստաբարո կանոնների համաձայն՝ իրենց պիտի ներկայանային միայն ամենածեր կույսերը, ինչպես պահանջում էր կուսանոցի կանոնադրությունը. «Ի գալ այլազգի իշխանաց ի տեսանել զԱնապատն միայն Մայրպետն եւ երեք ծերագոյն կուսանք ընկալցին զնա, իսկ դեռահասակ կուսանք մի՛ երբեք երեւեսցին յաչս նոցա»։
Սա էլ ուշացած պատասխան անգլիացի ճանապարհորդներին։
Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s