Երբ արարումի ներշնչանքն ու մղումն իրենց մեջ ունեն թռիչք, վեհի, բարձրագույնի գաղափարական խտացման ընկալում, մատուցման յուրահատուկ ձեւ ու ոճ, ապա օժտված արվեստագետի ստեղծագործական ապրումի յուրաքանչյուր ծնունդ մի նոր ճախրանք է։

Այս խելակորույս աշխարհի ամենօրյա սովորական դարձած պտույտի մեջ, երբ չասվածն անգամ նմանվում է կրկնության, ու երբեմն անհնարին է թվում նոր խոսք ասելն ու ձեռագիր թողնելը, տաղանդավոր միտքը հավերժության պարույրներից պոկում է ժամանակների մեջ թանձրացող նորի մասնիկներն ու դարձնում սկիզբ…
Գեղանկարիչ Փարավոն Միրզոյանի վերջին շրջանի ստեղծագործական ասելիք-խտացումներն արվեստագետի համոզմունքների հանրագումարն են: Մեծակտավ ստեղծագործությունների համայնապատկերային շարքը գլխավորեցին «Հայաստան» եւ «Արցախ» պաննոները: Գաղափարական առումով ազգային հենակետ ունեցող այս համարձակ աշխատանքները երկար ժամանակ գտնվեցին հանրության ուշադրության շրջանում՝ թողնելով տարատեսակ տպավորություններ, որոնց բազմազանությունը նույնանում էր նրանով, որ ամեն մի ինքնուրույն կարծիք եւ վերաբերմունք իր մեջ կրում էր երկարատեւ, մոռացված սպասումի իրականություն դարձած հայտնության անակնկալը… Բնականաբար, նման իրավիճակը ենթադրում եւ պահանջում է իր ժամանակը՝ եղածին համարժեք վերաբերվելու, գնահատելու եւ նույնիսկ տեսողական-շոշափելին ընկալելու համար։ Իսկ իրական արարումն ու հոգեհոսքը ենթակա չեն ժամանակի քմայքին…

Ստեղծագործելու շնորհով օժտված գեղանկարչի վրձինն ինքն է տալիս պատասխան ժխտումը. գույնի ու գաղափարի, իրականության ու երազի, անցյալի ու ապագայի իր համադրության շնորհիվ կյանքի է կոչվել այն, ինչն արվեստի գնահատելի գործ լինելուց զատ՝ Փարավոն Միրզոյանի աշխարհաճանաչողության լավագույն դրսեւորումն է ժամանակակից ազգային գեղարվեստում։
«Ծովից ծով Հայաստանը» եկավ ամբողջացնելու նկարչի նախորդ երկու պաննոների շարքը. այն հավաքական դարձնելով գաղափարը՝ մեկտեղում է նաեւ հայ մարդու գենետիկ սահմանազգացողությունն ու ՀԱՅՐԵՆԻՔ ասվածի աշխարհագրական տարածաչափությունը: Միրզոյանի ներաշխարհում երազի ու իրականության բախումը շռայլորեն սփռվում է կտավին՝ լավատեսության հաղթական տրամադրությամբ, տեր եղած մարդու` վերստին ու մեկընդմիշտ տեր դառնալու համոզվածությամբ, ժառանգորդի պատասխանատվությամբ, որ ենթադրում է ապագային ուղղված հայացք` անցյալն ու ներկան մեկտեղած գիտակցությամբ։
Սա հենց նկարչի հայացքն է, ում տեսիլքը` «Ծովից ծով Հայաստանը», հաղթանակի կտավ է, համոզմունքի անսասանության մի խորհրդանիշ, ուր նկարիչն արձանագրում է արարչաստեղծ իր ժողովրդի առաքելությունը, նրա գոյության ու պայքարի անհրաժեշտության տիեզերական կամքը…

Եթե իր նախորդ համայնապատկերների մեջ նկարիչն արձանագրում էր ժամանակի ձեռքբերումներն ու դրանց դինամիկ ընթացք հաղորդում, ապա այս ստեղծագործության մեջ առավելապես առկա է գաղափարական հիմնաքարը, որի շնորհիվ թվում է, թե այս պաննոն է, որ պետք է լիներ առաջնեկը։ Գեղանկարիչը կտավի հարթության վրա արձանագրում է դարերի տեւողություն ունեցող մի իրականություն: Այստեղ արարումի միստիկ շարժումը տարածության մեջ երեւակում է մի ժողովրդի կենսագրություն, որ աշխարհաստեղծման խորհրդին համաքայլ՝ իր գոյությունն է հաստատել ժայռեղեն մատյաններում։ Ժայռապատկեր արձանագրություններով է սկսվում Միրզոյանի պատկերամատյանը, ուր կենաց խորհուրդն ամփոփված է ծաղկած ծիրանենու մեջ: Հայ ազգի հարատեւության խորհրդանիշն ասես հավերժահարս ծաղկումի մեջ է…
«Ծովից ծով Հայաստան»… Պաննո, որը պատմական հիմքի վրա բարձրաձայնվող՝ նկարչի հոգուց բխող բանաստեղծական ասք է, սիմֆոնիկ համանվագներ հաղորդող ներշնչանք, ուր հիանալիորեն արտահայտված է ծովից ծովի խորհուրդը. ողջ միջավայրն իր անբացատրելի ձգողականությամբ ենթակա է վերին խորհրդին, ուր սահմանների պատկերումն առանձնակի արտահայտություն է ստացել։ Երկնակամարի վրա են միաժամանակ երկնային երկու լուսատուները, որոնք էլ իրական փոխանցողն են վերն ասվածի: Քարահունջի աստղադիտարանը համայնապատկերի այն դիտակետն է, որտեղից բացվում են միմյանց հաջորդող հազարամյակների կենսագրություն կրող իրական վկաները։ Մասյաց գագաթին հանգրվանել է համաշխարհային ջրհեղեի պատճառով ծնված ու արհավիրքից նոր կյանքի հանգրվան հասած Նոյան տապանը, Խորվիրապի հայացքը դեպի Արարատն է, դեպի նրան հաջորդող Շուշվա Ամենափրկիչ վանքն ու Գանձասարի բարձունքները, որոնք սքողված են մթնշաղի խաղաղություն ներշնչող գույների մեջ: Հեթանոսական Գառնին, քրիստոնեական Մայր տաճար Սբ Էջմիածինը, Նորավանքն ու Բյուրականը, Սարդարապատն ու Ամբերդը, որոնցից յուրաքանչյուրը ներքին, ամուր շաղկապումով ձգվում է դեպի Անիի ավերակներն ու Վան բերդաքաղաքի պարիսպները, Արագածի գագաթներից դեպի Սիփանա լեռներն ու Բզնունյաց ծովակի հեռավոր ուրվագիծը, որ ձգվում է դեպի կտավի հարթությունից դուրս շարունակելի տարածությունը, դեպի լեռնագագաթներից անդին` դեպի արեգակնածին արշալույսը, որով ողողված է կտավի աջաթեւյան կողմը` իր բնապատկերային ամբողջությամբ: Կտավի ձախ կողմում Էրեբունի-Երեւանն է՝ հայոց պետականության հին ու նոր վկան` իր Արգիշտի արքայի բերդաքաղաքի տիրական շնչով ու քաղաքամայր Երեւանի ժամանակակից կառույցներով, որոնք խորհրդանշական բնույթ են կրում՝ պետականության վերագտնման արձանագրությամբ:
Լեռնաստանի մեջ վեր են խոյանում հայոց եկեղեցիները, մշակույթի ու պատմության, մաքառումի ու հաղթանակի, գիտության ու հայ մտքի լուսավորության խորհրդանիշ ծառայող կառույցները: Պատահական չէ, որ նկարիչը ժայռեղեն բարձրավանդակների վրա է պատկերում դրանք, անկումներից դեպի վերելք առաջնորդող ու պայքարի տանող անտես ու տեսանելի հոգեվիճակների փոխանցումով պատկերում իր ժողովրդի անհանգիստ ճակատագիրը, ժողովուրդ, որ ապավինած իր հավատին` ներքին լույսով է պեղում ու հայտնաբերում իր ապագան… «Ծովից ծով Հայաստանը» զերծ է ցավի խորհրդանիշներից, սակայն, կտավի կենտրոնական հատվածում պատկերված դատարկ բարձրավանդակը կարծես թափուր պատվանդանն է այն նոր արարումի, որը վերագտնումի խորհրդանիշը դառնալու գաղափարն է ամփոփելու իր մեջ:
Զարմանալի շարունակելիություն են ունենում Միրզոյանի ազգային թեմաներ արծարծող կտավները, նկարչի ծննդավայրն է պատկերում «Սյունիք» պաննոն: Պատահական չէ սեփական ծննդավայրը վերապատկերելու պահանջը, որի իրողությունն արձանագրելով՝ զարմանալի փաստի ենք առնչվում. Հայաստան, Արցախ, Հայք պատկերող վրձինը շրջվում է ետ՝ կարծես իր որդիական պարտքը տալով այն թանկ մասնիկին, որ կոչվում է ծննդավայր:
Սյունյաց լեռնաշղթան իր ձյունածածկ գագաթներով ձգվում է կտավի վրա՝ համայնապատկերի հարթությանը տալով յուրահատուկ խորություն, նկարչի վրձնած շերտերի մեջ իրենց վեհության տիրական ներկայությունը հաղորդելով Տաթեւա վանքի երկինք պարզած գմբեթներին:
Ի տարբերություն նախորդ երեք պաննոների՝ «Սյունիքը» բաղկացած է երկու առանձին կտավներից, որոնք իրենց ինքնուրույնությամբ հանդերձ՝ ձգտում են լրացնել իրար եւ իմաստային ամբողջություն հաղորդել միմյանց՝ դառնալով նկարչի ծննդավայրի համապարփակ վերամարմնավորումը:
Քարահունջի աստղադիտարանի միստիկ ներկայությունը գունապնակի հատուկ ընտրության շնորհիվ թանձրանում է իրիկնացող լույս ու ստվերի մեջ ընկղմվող՝ նկարչի ծննդավայրի խորհրդավոր պատկերի մեջ: Մարգարենե՞ր են նրանք, թե՞ ժամանակներն իրենց մեջ ամփոփած ու իրենց միջոցով ժամանակները զտող, անհիշելին հիշողության մեջ պահած, հայացքը դեպի տիեզերականը հառած քարե մոգեր, որ ուխտավորների նման իրենց համրաքայլ, քարե քայլքով դիմահայաց են երկրայինի ու երկնայինի միջեւ բարեխոս դարձած հոգեւորի կացարանին` հայոց եկեղեցուն… Նրանք երկուսն էլ այն երրորդ աչքն են, որ հասարակ մահկանացուին տանում են լույսի ճանապարհով… Հեթանոս աշխարհի հնագույն վկաներ եւ քրիստոնեական հոգեւոր դարբնոց` եկեղեցի… Երկուսն էլ նյութական, ճարտարապետական տեսքով են միմյանցից տարբեր, բայց երկուսն էլ խորհրդանիշն են մարդ արարածի ինքնաբացահայտման ու կատարելության տանող ճանապարհի, հավերժական ու անխոնջ փնտրումի: Պատահական չէ ֆոն ծառայող թեթեւ ուլտրամարինի վրա իշխող վարդագույն երանգը, որը նման է մոխիրների մեջ անթեղված այն կրակին, որ շարունակում է կայծկլտալ՝ հավատարիմ նոր հուր երկնելու իր առաքելությանը:
Երազի նման, երազի միջից երեւակվող, հույզերով ու ապրումներով թանձրացած, նկարչի հոգուն հարազատ մի մասունք է «Սյունիք» պաննոն, որ արձագանքում է մի պարզ ճշմարտություն. յուրաքանչյուր մարդու հայրենիքն ու այն ունենալու գիտակցությունն սկսվում են վերջինիս ծննդավայրից:
Հատկանշական է նկարչի յուրաքանչյուր պատկերի կոլորիտային համադրությանը համահունչ տեղադրման կուլտուրան, որը ներքին իմաստավորում ունի եւ ապացուցում է ասելիքին հատուկ տեղադրումի ներքին, համակարգված սխեման, որի հաջողության շնորհիվ պոետիկ հանգավորման մեջ է հավաքվում այս երկու մեծակտավ ստեղծագործությունների ողջ միջավայրը:
Հայոց պատմության հաստափոր հատորները կարծես իրենց խորհրդանշական կնիքն են թողել այս պաննոների մեջ:
Հայրենանվագ այս մեծակտավ շարքի շնորհիվ գեղանկարիչ Փարավոն Միրզոյանին կարելի է անվանել հայ ժամանակակից կերպարվեստում ազգային, գաղափարական թեմային լավագույնս անդրադարձած, ներկայիս վավերական անուններից մեկը, ում համարձակությունն ու տաղանդը, ասելիքն ու անսպառ պրպտումները գալիս են իր արմատներից, որոնց տարածականությունը նույնպես պատահական չէ` լեցուն իր լայն աշխարհընկալման վառ ապացույցներով. այն կրում է գենետիկ բնազդն աշխարհաբնակ առաջին ցեղի:
Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Արվեստաբան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s