Սկիզբը՝ 2011 Օգոստոս Ա-Բ

«Ամբոխները խելագարված» պոեմում Սոմայի ռոմանտիկական-հուզական կերպարն ի հայտ է բերում նոր առանձնահատկություններ: Որպես հերոս՝ կերպավորվում է ժողովրդի հավաքական ուժը: Կերպավորման նախկին ձեւերը, որոնք բնութագրում էին մեկ անհատի, կորցնում են իրենց արժեքը: Ժամանակն ստեղծում է իր խորհրդանշանները՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող ատելի քաղաք, որը պետք է գրավել, հավերժական արեւ, որն ուժի եւ ազատության երկվորյակն է: Դրանք դառնում են պոեմի նյութը, եւ պոեմն ինքնին վերածվում է մի խորհրդանշական ասքի, որն իր մեջ ամփոփում է նոր ժամանակների դյուցազներգության պատումի, ոճի ու կերպավորման յուրահատկությունները: Պոեմն առանձնանում է ոճական տարբեր սկզբունքների համատեղմամբ: Ընդհանուր բռնկուն տարերքի հենքի վրա Չարենցն ի մի է բերել ասքի հերոսական, հուզական-քնարական, վիպական-պատմողական դրսեւորման նրբերանգները՝ ստեղծելով նյութի պատկերման համադրական ձեւ:
Պոեմն ունի կառուցվածքի եւ գործողությունների ներքին զարգացման որոշակի օրինաչափություններ, որոնք զգալիորեն նման են «Սոմային»: Երկն սկսվում է նախերգանք-ուղերձով, որը ե՛ւ հրովարտակ է, ե՛ւ կոչ, ե՛ւ բարձրաձայն ողջույնի հղում բոլոր ողջակիզվող հոգիներին: Այնուհետեւ ներկայացվում-նկարագրվում են գործողության կատարման ժամանակը՝ մայրամուտ, իրիկուն, եւ տեղը՝ քաղաքամերձ դաշտ: Ասպարեզ է գալիս գործողությունը կատարող ուժը. շարժման մեջ է դրվում խելագարված ամբոխների հզոր երթը: Նկարագրվում է նաեւ հակառակ ուժը՝ հին քաղաքը, որի վրա գրոհում են ամբոխները: Դրան հաջորդում է երկաթուղային կայարանի պատկերը, որն ըմբռնվում է իբրեւ աշխարհի տարբեր ուղիներն ի մի բերող խորհրդանշան: Գալիս է կռվի նկարագրության ու պայքարի ուղղության ճշտման պահը: Պայքարը վերածվում է ոգեղեն մի տարերքի, այնուհետեւ՝ ոգեղեն տարերքից փոխակերպվում երգի: Իններորդ մասը, դարձյալ որպես խոսքի իններորդ ալիք, պայքարողներից մեկի երգն է:
Երգչի կերպարն ու նրա երգի համատեղումը կռվի դաշտի պատկերներին՝ հիշեցնում են հին դյուցազներգությունները, որոնցում անպայման առկա է երգիչը: Երգին հաջորդում է ոգեղեն տարերքի անզուսպ բռնկումը, եւ խելագարված ամբոխները գրավում են կայարանը: 11-14-րդ մասերում սպասման գիշերվա նկարագրությունն է: Կայարանը գրավելուց հետո ամբոխները հանգստանում են եւ նախապատրաստվում առավոտյան գրոհելու քաղաքի վրա: Այս մասերում սպասման եւ առաջիկա մարտի մոլուցքի մեջ պանծացվում է խելագարված ամբոխների ուժը: Բացվում Է առավոտը, եւ պոեմի վերջին՝ 17-րդ մասում նկարագրվում է գրոհող ամբոխների ամենակործան երթը դեպի քաղաք, դեպի Արեւը, այսինքն՝ դեպի վերջնական ազատություն ու փրկություն.

Աչքերն հառած հեռո՜ւ-հեռո՜ւն կարմիր վառվող արեգակին՝
Արեւավառ հեռուներում նրանք կռվում էին կրկին.
Հոծ խմբերով հազարանուն, արեգակի հրով վառված՝
Դեպի Արե՜ւն էին գնում ամբոխները խելագարված…

Հեղափոխության համաշխարհային փոթորիկը, աշխարհը վերափոխող ուժի տարերքը նոր հորիզոններ է բացում բանաստեղծի առջեւ եւ նրան տանում դեպի փողոց, հրապարակ, դեպի խմբված մարդկանց դիրքերը:
Այս երկու պոեմների գրությունը հաջորդել է անմիջապես 1918 թ. մայիսին, երբ հայ ժողովուրդը Սարդարապատի հերոսամարտում ապացուցեց ապրելու իր իրավունքը եւ դարավոր ընդմիջումից հետո վերականգնեց կորցրած պետականությունը: Նաեւ այստեղից է գալիս այն խանդավառ, բռնկուն, տոնական տրամադրությունը, որն առկա է երկու գործերում: Թեեւ անմիջական կապ չկա ազգային կյանքի այդ բախտորոշ իրադարձությունների հետ, թեեւ իշխում է աշխարհը վերափոխելու հեղափոխական հզոր տարերքը, եւ անմիջական ներշնչման աղբյուր են Ռուսաստանում ծավալվող հեղափոխական իրադարձությունները, բայց եւ այնպես այդ պոեմների ամբողջ հոգեբանական մթնոլորտը հագեցած է ազգային վերածննդի եւ նոր կյանքի տրամադրություններով:
Եվ պատահական չէ, որ «Ամբոխները խելագարված» պոեմն ասես սերված լինի «Սասնա ծռեր» դյուցազներգությունից, որտեղից էլ գալիս են խոսքի հուզական-զգացմունքային լիցքավորման հզոր ուժը, անձնազոհ տարերքն ու ազատաբաղձ շունչը:
Դասական բանարվեստի օրինաչափությունների հիմքի վրա Չարենցն ստեղծում է գեղարվեստական նոր համակարգ, որը վերաբերում է պատկերավորման սկզբունքներին, արագաշարժ, բայց վեհ ու հիմներգային կշռույթին: Հրապարակային ուղերձը նրա համար նախ՝ դառնում է հռետորական կոչ, որն աստիճանաբար ձուլվում է գործողություններին ու նկարագրություններին եւ խանդավառ տրամադրությամբ փոխարկվում երգի: Այդ երգն իր հերթին պայմանավորում է ասքի կշռույթն ու տաղաչափությունը եւ կառուցվածքն ու արտահայտչամիջոցների կազմը:
«Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմների խանդավառ տրամադրությունն է իշխում «Նաիրի երկրից», «Դեպի ապագան» եւ «Բրոնզե թեւերը կարմիր գալիքի» պոեմներում, որոնք 1920-ին առանձին գրքով հրատարակվել են «Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ)» վերնագրով:
Լայն ընդգրկում եւ որոշակի նպատակաուղղվածություն ունեցող ասք-պոեմի այս ձեւը նորություն էր հայ գրականության մեջ եւ արդյունք ժամանակի իրական ապրումների ու կենդանի տրամադրությունների: Պոեմներն ունեն բարձրաձայն մենախոսության բնույթ: Այդ մենախոսությանը ներկա են ու մասնակցում են ժողովրդական զանգվածները: Այստեղից էլ պոեմի նոր բնութագիրը՝ ռադիոպոեմ, այնուհետեւ՝ ամենապոեմ:
«Նաիրի երկրից» պոեմն սկսվում է շատ բնորոշ մուտքով՝ «Եկել — երկաթե երգ եմ ձեզ ասում», որ միանգամից գործողության մեջ է ներքաշում երկու գլխավոր ուժերին՝ ասողին եւ լսողին, բանաստեղծ-հեղինակին եւ ժողովրդին: Բնորոշ է նաեւ պոեմի տրամադրությունը՝ «երկաթե երգ»: Բանաստեղծը ներկայանում է դարերի մշուշից եկած, այսինքն՝ պատմությունից ծնված եւ հիմա նոր օրերի մեջ ամուր ու հաստատակամ կանգնած պատգամախոսի կերպարով, որը խոսում է ոչ այնքան ներկայի մասին, որքան՝ պայծառ ու հրաշալի գալիքի.

Ե՛ս — ես եմ նորից.-
Դարերից եկած անհո՜ւն մի պոետ —
Եղիշե Չարենց —
Նաիրի երկի՛ր, քո երգիչը վառ,
Օրհներգուն պայծառ,
Ու զավակը մեծ…
Ե՛ս — ե՛ս եմ նորից.-
Ոսկի երակը հնամյա ցեղիս,
Իմ ջլաբազուկ, հաղթ ժողովրդի
Օղակը վերջին,
Տվել եմ սիրտս գալիք օրերի
Երկաթե երգին.
Կապել եմ կյանքս Գալիքի հետ վառ —
Եվ կրում եմ իմ մեծ, հսկա սրտում —
Մի երկաթակուռ, նո՜ր, հզո՜ր աշխարհ:

Այստեղ ի մի բերված ժամանակային փուլերը՝ անվերջ խորացող անցյալը եւ բացվող գալիքը, համընկնում են մի կետում, որը ներկան է եւ ժողովրդի պատմության ամենաճակատագրական պահը: Ներկան կործանման եւ հարության ժամանակն է: Բանաստեղծը դեմքով կանգնած է դեպի ապագան եւ իր ողջույնը հղում է այնպես, որ ողջույնը դառնում է բարեմաղթանքի խոսք՝ Նաիրի երկրից՝ համայն աշխարհին.

Ու կանգնել եմ ես
Լեռների վրա իմ ավեր երկրի,
Կանգնել եմ հաստատ ու երգ եմ ասում
Խնդասիրտ, արի…
…Եվ ասում եմ ես.
— Եկե՜լ եմ ահա.
Եկե՜լ, հասել եմ դարերի մուժից,
Անբոց մշուշից հեռու դարերի —
Եվ բերել եմ ձեզ…
Սի՛րտը Նաիրի:

«Մահվան տեսիլ»: Չարենցն օր առ օր ապրում էր իր երկրի քաղաքական բախտով: Խանդավառ ողջույնները չեն ապաքինում հոգեմաշ կսկիծը: Կործանման տագնապը 1920 թ. հոկտեմբերի 6-ին ծնունդ է տալիս «Մահվան տեսիլ» բանաստեղծությանը:
1920 թ. աշնանը քեմալական Թուրքիան նորից հարձակվում է Հայաստանի վրա: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ընկնում են Օլթին, Սարիղամիշը, Իգդիրը եւ բանաստեղծի հայրենի քաղաքը՝ Կարսը: Նոյեմբերի սկզբին դարավոր ոսոխը մտնում է Գյումրի: Թվում էր՝ եկել է Հայաստանի գոյության վերջին օրը:
Ահա քաղաքական այս ծանրագույն կացության արտահայտությունն է «Մահվան տեսիլը», որը միաժամանակ խտացումն է կործանված բոլոր հույսերի ու կորցրած
հայրենիքի: Երկրի լարվածությունն ու տագնապներն անմնացորդ փոխանցվում են բանաստեղծին. նրա՛ն, ով իր ճակատագիրն արյան կանչով ձուլել էր ժողովրդի պատմությանը եւ իրավունք նվաճել ստացական հոդով խոսելու հայրենիքի մասին, ասելու՝ երկի՛րս, սիրուհի՛ս, Հայաստան-յա՛ր: Եվ այդ ճգնաժամային պահին, երբ այլեւս ուժ չկար դիմագրավելու թշնամուն, նա՝ երկրի բախտով այրվող բանաստեղծը, ոտքի է կանգնում՝ դառնալու վերջին զոհը, կախաղանից կախված վերջին օրորվող մարմինը: «Մահվան տեսիլը» հայոց դժոխային պատմության վերջին արյունոտ էջն է, միջնադարյան մագաղաթների վրա արձանագրված անվերջ պարտությունների ու անկումների վերջին ուժասպառ ճիգը, փայփայած բոլոր երազանքների ու հույսերի վախճանը, ողբերի ու եղերերգությունների վերջին, ամենավերջին ճիչը…
Մեծ հայրենասերի համար կարոտը փոխարինվում է մի վերջին հնարավորության, որը մահվան տեսիլն է: Մինչ այդ հուր ու կրակի ժայթքումներով ահագնացող բանաստեղծի տարերքը դառնում է «անբոց մորմոք» ու «անկրակ իրիկնաժամ»: Միակ մխիթարությունը մնում է դառնալ երկրի վերջին զոհը, այսինքն՝ ողջակեզ լինել երկրի համար կամ մատաղ անել ինքն իրեն.

Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ —
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ոչ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

Գեղարվեստական խտացման եւ կատարելության տեսանկյունից «Մահվան տեսիլը» անթերի եւ բացառիկ ստեղծագործություն է՝ ներշնչված դարերի կորուստների, դարերի տագնապների ու դարերի լարվածության մի ինքնախոշտանգող ուժով, որը սերնդեսերունդ ավելի ահագնացել ու եկել հասել էր իր վերջին սահմանին: «Մահվան տեսիլը» Հայաստանի առաջին բաժանումից՝ 387-ից մինչեւ 1920-ի վերջին ավերածություններն ընդգրկող ազգային անընդմեջ ողբերգությունների խտացումն է եւ ծնունդ է անսպառ կորուստների ցավով, խելագարության հասցնող տագնապներով ու դրամատիզմով բնութագրվող ազգային պատմության: Այս ընդգրկումով «Մահվան տեսիլն» ունի ոչ միայն պատմաքաղաքական, այլեւ անձնական կյանքի ու ճակատագրի հավաստիություն: Այստեղ է, ահա, ժառանգորդական հատկանիշների միասնությունը, երբ անհատն իրենով հայրենիք է խորհրդանշում: Այդպիսին էին Խորենացին ու Եղիշեն, Աբովյանն ու Րաֆֆին, Թումանյանն ու Տերյանը: Այդպիսին էր նաեւ Չարենցը: «Մահվան տեսիլ» վերնագրով Չարենցը գրել է եւս երկու ստեղծագործություն, որոնց դեռ կանդրադառնանք:

ՄԱՐԴՈՒ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ: Ազգային կյանքի ողբերգությունը վերափոխեց նաեւ մարդկային ապրումների անսահման աշխարհը: Ազգային վշտի ու տառապանքի պատկերները, միախառնված հույսի ու ակնկալիքի տրամադրություններին, ի հայտ բերեցին անորոշության, լքվածության, կյանքի հիմքերի խախտման, իրականությունը երազանքների մեջ վերակերտելու, մտովի ոգու մի նոր՝ ա՜յլ աշխարհ հայտնաբերելու մոտիվներ:
Շարունակելի
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s