Սկիզբը՝ 2011 Հուլիս Բ-Օգոստ. Բ

Հայտնի է, որ Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հետ Կ. Պոլիս էր եկել Իսրայել Օրին, որը փոխանակ 1680-ին՝ կաթողիկոսի մահից հետո, Սյունիք վերադառնալու՝ մեկնել էր Եվրոպա։ Վենետիկից անցել էր Ֆրանսիա եւ մտել զինվորական ծառայության։
Եղել են Օրի անվան բացատրության մի քանի փորձեր։ Մ. Օրմանյանը կարծում է, որ Իսրայելն այդ անունն ստացել է Եվրոպայում, եւ որ Ori-ն Roi ֆրասերեն բառի (իմա՝ թագավոր) տառաշրջությունն է։ Աշ. Հովհաննիսյանը, ընդհակառակը, այն կապում է «Եաւրի» կամ «Աւրի» հասկացության հետ։
Դառնալով մատակարար ֆրանսիական բանակում՝ նա անգլո-ֆրանսիական Նամյուրի պատերազմի ժամանակ գերի է ընկնում անգլիացիների ձեռքը։ Ազատվելուց հետո այլեւս չի վերադառնում Ֆրանսիա, այլ հաստատվում է Պֆալցի կուրֆյուրստության մայրաքաղաք Դյուսելդորֆում՝ Հովհան Վիլհելմ կուրֆյուրստի օրոք։ Օրին նրա մոտ անցնում է ծառայության եւ կարողանում է նրան հրապուրել դեպի Հայաստան կազմակերպվելիք արշավանքի նախագծով։
Պֆալցի կուրֆյուրստը համաձայնում է՝ հուսալով ստանալ գերմանական կայսր Լեոպոլդ Ա-ի օժանդակությունը։ Օրին դեռեւս Ֆրանսիայում հռոմեադավանություն էր ընդունել՝ լավ հասկանալով, որ առանց կրոնական հարցերում զիջումների՝ հնարավոր չէ օգնություն ակնկալել Արեւմուտքից, ուստի խոստանում է, որ Հայոց Եկեղեցին կընդունի հռոմեադավանությունը։ Հանգամանքները կարծես թե նպաստավոր էին, քանի որ 16 տարուց ավելի պատերազմ էր մղվում Եվրոպայի եւ Օսմանյան կայսրության միջեւ։ 1697 թվին Եվգենիոս Սավոյացուն հաջողվեց ջախջախել թուրքերին եւ ստիպել, որ վերջինս հաշտություն կնքի։
Հովհան Վիլհելմն Իսրայել Օրուն հատուկ նամակով ուղարկում է Լեոպոլդ կայսեր մոտ՝ 1698 թ. օտոստոսի 2-ին։ Նա ժամանում է Վիեննա, որպեսզի հրահանգներ տրվեն Կարլովիցի բանակցությունների մասնակից լիազորներին։ 1699 թ. հունվարի 26-ին կնքվում է Կարլովիցի հաշտությունը՝ 25 տարով։ Սակայն պայմանագրում հայերի մասին ակնարկ անգամ չկար, քանի որ ձեռնարկվելիք արշավանքը Պարսկահայաստանի համար էր։ Այսուհանդերձ, երբ Իսրայել Օրին Լեոպոլդ կայսրից խուսափողական պատասխաններ է ստանում, կուրֆյուրստի քաջալերումներով մեկնում է Հայաստան՝ ունենալով նրա հանձնարարական նամակները։
Օրին նախ շարժվեց դեպի Լեհաստան եւ Ռուսաստան, սակայն ձմեռային դժվարությունների պատճառով ուղղությունը փոխեց դեպի Մոլդավիա եւ Սեւ ծով։ Այստեղ էլ դեմ առավ դժվարությունների, ուստի Ադրիանուպոլսի վրայով շարժվեց դեպի Կ. Պոլիս։ Ադրիանուպոլսում տեսակցեց Ֆրանսիայի դեսպանի, իսկ մայրաքաղաքում՝ մեծ վեզիրի հետ։ Նա հանդիպեց նաեւ Մելքիսեդեկ պատրիարքին։ Իր ծրագիրը նա պատրիարքին չներկայացրեց՝ չնշմարելով հաջողության եւ ոչ մի նշույլ։ Հետո փոքրասիական գավառներով շարժվեց դեպի Հայաստան՝ չբացահայտելով թե՛ իր ծրագրերը եւ թե՛ իր անձը։ Երեւան հասավ 1699 թ. ապրիլի 4-ին կամ նոր տոմարով՝ մարտի 25-ին։ Եվրոպայից օգնություն ստանալու հույսը համակել էր Հակոբ, Եղիազար եւ Նահապետ կաթողիկոսներին։ Նահապետը նույնիսկ որոշ նամակներ ստորագրեց, բայց հռոմեադավանություն ընդունելու մասին լսել անգամ չուզեց։ Օրին հեռացավ Էջմիածնից հիասթափված։ Նահապետը չէր կարող չհիշել, թե ինչպես լատին քարոզիչները փակել էին տվել Նոր Ջուղայի հայկական տպարանը՝ իբրեւ թե մահմեդականության դեմ գրքեր տպելու բանադրությամբ, եւ իրենց աշակերտող Շահրիմանյանների տունը դուրս էին բերել հայ ազգային շահերի դեմ։ Կղեմես Գալանոսը փորձում է հերքել հայերի մոլորությունները եւ ցույց տալ, որ Նահապետ կաթողիկոսը 1699 թվին հպատակության նամակ էր ուղարկել Հռոմի պապին, որի բնագիրը, իբր, ընկել է Մխիթարյանների ձեռքը, որից էլ կատարվել է լատիներեն թարգմանությունը։ Իրականում այն, ինչ կատարվեց Նահապետի եւ Օրու միջեւ, ցույց է տալիս, որ Եվրոպայից օգնություն ստանալու հույսով հայոց կաթողիկոսները կարող էին հաճոյակատար նամակներ գրել Հռոմ՝ առանց իրենց դիրքերից հեռանալու։ Իսկ Մ. Չամչյանի ասածը, թե պապը Նահապետ կաթողիկոսին աթոռ է նվիրել, կեղծ է, քանի որ այն արեւելյան գործ է՝ ոչնչով չազդված եվրոպական ոճից, եւ վրան էլ հայերեն կարդացվում է Պետրոս եպիսկոպոսի անունը։ Իսկ Պետրոսը, անշուշտ, եղել է նվիրողը։ Նահապետը բացարձակ մերժեց Օրու՝ հռոմեադավանություն ընդունելու առաջարկը, եթե անգամ այդ ճանապարհով կվերականգնվեր հայոց պետությունը։
Շատ հնարավոր է, որ Օրին Նահապետի առաջ իր անձը չբացահայտեց, ինչպես դա եղավ քրոջ եւ եղբայրների դեպքում, որոնք կամենում էին օտարականից լուր ստանալ իրենց՝ Եվրոպա մեկնած եղբոր մասին։ Նա իր անձը բացահայտեց միայն Անգեղակոթի մելիք Սաֆրազին, որը մասնակցել է 1678 թ. Էջմիածնի խորհրդաժողովին։ Հանուն ազգային գործի՝ Օրին նրան հաշտեցրեց մելիք Մարտիրոսյան Ամիրի հետ, որը մեծ դեմք էր մելիքների շրջանում։ Հավաքելով մելիքներին Անգեղակոթում՝ Օրին, հանուն ազգային շահի, նրանց համոզեց հռոմեադավանության առաջարկին համաձայնել։ Նման գործը պահանջում էր կրոնական առաջնորդի մասնակցությունը, ուստի հրավիրվեց Գանձասարի կաթողիկոս Սիմեոնը, սակայն նա էլ մերժողական պատասխան տվեց։ Միայն Մեծիրանքի Սբ Հակոբի վանահայր Մինաս Տիգրանյան վարդապետը հետեւեց Օրուն եւ հանձն առավ նրա հետ Եվրոպա մեկնել՝ որպես Եկեղեցու ներկայացուցիչ։
Այդ շրջանում Գանձասարի, այսպես կոչված, Աղվանից կաթողիկոսությունը երկփեղկված էր Սիմեոնի եւ Երեմիայի միջեւ, որոնք մե՛րթ հաշտվում էին, մե՛րթ՝ գժտվում։ Էջմիածնի համակրանքը Երեմիայի կողմն էր, սակայն Սիմեոնը շատ ավելի ազդեցիկ էր։ Օրին իր ծրագրով ոգեւորեց Սյունիքի եւ Արցախի լեռնականներին, որոնք սկսեցին հուսալ, որ ապստամբությամբ եւ եվրոպական օգնությամբ կգտնեն իրենց փրկությունը։ Մելիքներն ստորագրեցին Օրու կազմած բոլոր նամակների տակ, որոնք ուղղված էին Հռոմի պապին, գերմանական կայսրին եւ կայսրընտիր կուրֆյուրստներին։ Եվրոպայից զույգը պետք է գար Լեհաստանի եւ Ռուսաստանի վրայով՝ Հովհան Վիլհելմի հրամանատարությամբ։ Օրին եւ նրա կողմնակիցները պատրաստ էին դուրս բերել 10000 հեծյալ եւ 200000 հետեւակ։ Այդ թիվը, իհարկե, անիրական էր, բայց Օրին կամենում էր շահագրգռել Պֆալցի կուրֆյուրստին։ Միաժամանակ պարսկական ուժերը շատ նվազ էին ցույց տրվում։ Այս ամենը կատարելուց հետո Օրին Մինաս վարդապետի հետ 1699 թ. ամռանը վերադարձավ Պֆալց՝ կուրֆյուրստի մոտ, որը ոգեւորվեց նրա հայտնած տեղեկություններով։ Կայսրն զբաղված էր իսպանական ժառանգության խնդրով, բայց չմերժեց 1699 թվի աշնանը Հովհան Վիլհելմի հանձնարարական նամակով իր մոտ եկած Օրուն։ Սակայն հասկացրեց, որ լավ կլինի, որ այդ ձեռնարկին մասնակցի նաեւ Ռուսաստանը։ Օրուն դրական արձագանքեց նաեւ Տոսկանայի դուքսը։
1700 թվի գարնանն Օրին հանձնարարական նամակներով ճամփա ընկավ Ռուսաստան՝ ունենալով իր հովանավոր Հովհան Վիլհելմի հրահանգները։ Օրին նաեւ Պֆալցի կուրֆյուրստի անունից նամակ ուղարկեց Հայաստանի մելիքներին։ Կուրֆյուրստը հավաստում էր նրանց, որ Աստված Օրուն է ընտրել՝ հայրենիքի մեծ եւ սուրբ գործն իրականացնելու համար։
Օրին իր ուղեկիցներով Մոսկվա հասավ 1701 թվի հուլիսի 11-ին, այսինքն՝ Նարվայի ճակատամարտում ռուսների՝ շվեդներից կրած պարտությունից հետո։ Օրին, որին Լեհաստանում միացել էր Նազար Օրեխովիչ անունով մի հայ՝ իբրեւ խմբի թարգման, հանձնարարական նամակ ուներ նաեւ Լեհաստանի Ավգուստ Բ թագավորից։ Թեեւ Ռուսաստանի համար ծանր ժամանակներ էին, Պյոտր ցարն ուշադրություն դարձրեց Օրու ծրագրին, որը հնարավորություն էր տալիս նրան ծավալելու պետությունը հարավային ուղղությամբ։ Ցարի հրամանով խումբ ստեղծվեց՝ Գոլովինի գլխավորությամբ, որի խնդիրն էր պարզել Հայաստանի քաղաքական կացությունը, Պարսկաստանի ռազմական ուժը եւ եվրոպական օգնության չափը։ Թարգմանն էր Նիկողայոս Սբոթարիուս անունով մի հույն։ Օրին Հայաստանը ներկայացնում է վառ գույներով. այնպես, որ դրա իսկությունը ճշտելու համար ցարը Պարսկաստան է ուղարկում Վասիլի Կուչուկով անունով մեկին։ Պարսկաստան մեկնող պատվիրակությունը հետախուզական առաջադրանք ուներ. պարզել պարսկական ամրությունների հատակագծերը, սակայն այդ գործը հիմնականում թողնվեց կուրֆյուրստին։ 1701 թ. դեկտեմբերին պատերազմում ռուսների տարած հաղթանակը փոխեց Պյոտր ցարի ծրագրերը։ Օրին, որ հոգնել էր այդ ձգձգումներից, ցարին դիմեց ռուսական ծառայության անցնելու խնդրանքով եւ 1702 թ. մարտին պատասխան ստացավ, թե շվեդների հետ պատերազմն ավարտվելուց հետո նա իր ձեռքը կվերցնի այդ գործը։ Դրանից ուրախացած Օրին եւ Մինաս վարդապետը Նազար Օրեխովիչի ձեռքով նամակ ուղարկեցին կուրֆյուրստին, իսկ Մյուռոն Վասիլեւսկի անունով մի հայ հարյուրապետի ուղարկեցին հայ մելիքների մոտ։ Պատասխաններ ստացվեցին, թե՛ Հովհան Վիլհելմից եւ թե՛ մելիք Սաֆրազից եւ մյուս՝ բարեկամ մելիքներից։ Մյուռոն Վասիլեւսկին վերադարձավ 1703 թ. գարնանը։ Վիլհելմը, սկսված պատերզամի պատճառով, իր մասնակցությունը հիշյալ ձեռնարկում այդ պահին համարում է անհնարին, իսկ Պյոտրը, որ 1703-ին հիմնադրել էր Պետերբուրգը, բոլորովին այլ ծրագիր էր մտմտում։ Տեսնելով ստեղծված վիճակը՝ Օրին որոշեց վերադառնալ Արեւմտյան Եվրոպա եւ Հռոմի պապի կողմից նշանակվել Պարսկաստան գնացող պատվիրակության դեսպան եւ այդ ճանապարհով հեշտությամբ տեղեկություններ քաղել Պարսկաստանի եւ Հայաստանի վերաբերյալ։ Նա խնդրեց ռուսական բանակի գնդապետի աստիճան եւ ստացավ։ Մինաս վարդապետին թողեց Մոսկվայում, որ ռուսները գործը փակված չհամարեն, իսկ ինքը 1704 թ. փետրվարի 10-ին Մոսկվայից մեկնեց Դյուսելդորֆ, որտեղ գտնվում էին նրա կինը եւ երկու զավակները։ Նահապետը դեմ չէր հայոց ազգային խնդիրների լուծմանը, բայց առանց հավատափոխության։ Եվ երբ Մյուռոն Վասիլեւսկին նրան մոտեցավ այդ խնդրով, բայց առանց դավանափոխության, Նահապետ կաթողիկոսը պատասխանեց Օրու նամակին՝ ուրախություն հայտնելով, որ ռուսաց ցարը պատրաստ է հոգալու հայերի ազատությունը։
Բարդ էր վիճակը Կոստանդնուպոլսում։ Պատրիարքության համար մղվող մրցակցությանը զուգահեռ՝ զայրագին չափերի էր հասնում լատին քարոզիչների եւ նրանց հետեւողների մոլեռանդությունը։ Մինչ այդ հայ հասարակության մեջ կարծիքների տարբերություն կար, բայց երկպառակտման փորձ չէր արվում։ Հայ եկեղեցական իշխանությունը հայադավանության սկզբունքի թույլատրելի սահմաններից չէր անցնում, եւ տարբեր կարծիքների հետեւողները մնում էին միեւնույն Եկեղեցու մեջ, մասնակցում նրա վարչությանը, փորձում պայքարել եկեղեցական իշխանության համար։ Հռոմի պապի լատին քարոզիչները եւս համակերպվել էին այդ կացությանը։ Սակայն ոտքի տեղ անելուց հետո սկսեցին իրենց պահանջները մեծացնել։ Սկզբում, ինչպես գիտենք, Կղեմես Գալանոսը հայ վարդապետի տարազ էր հագնում, իսկ ճիզվիտներն իրավունք էին ստացել քարոզելու հայկական եկեղեցիներում, սակայն երբ վիճակը փոխվեց, ամենախիստ պատիժներով արգելեցին լատին քարոզիչներին հայոց եկեղեցի մտնել։ Հասկանալի է, որ հռոմեադավանները պախարակում են Հայոց Եկեղեցու այդ քայլերը, ազգային իշխանություններին ու պատրիարքներին համարում են բռնապետներ ու դահիճներ։ Իրականում մեղքը լատին քարոզիչներինն էր։ Հայոց Եկեղեցին լոկ փորձում էր պաշտպանել իրեն։
Շարունակելի
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s