Սկիզբը՝ 2011 Հունիս Բ

«Բայց այդ օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտի…»,- ասաց Տերը (Մատթ. ԻԴ 36)` չկամենալով մարդկանց հայտնել Իր գալստյան օրն ու ժամը՝ մեր իսկ օգուտի համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ ամեն օր սպասի Տիրոջ վերադարձին` իր կյանքի յուրաքանչյուր օրն ապրելով այնպես, կարծես վերջինը լինի: «Զգույշ եղեք ինքներդ ձեզնից,- ասում է Տերը,- գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ եւ հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ հանկարծակի հասնի ձեզ վրա այն օրը… Արթուն կացեք այսուհետեւ, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առջեւ»,- հորդորում է Ղուկաս ավետարանիչը (ԻԱ 34-36), որովհետեւ «այն ժամին, երբ չենք սպասում, կգա մարդու Որդին» (տե՛ս Մատթ. ԻԴ 44), քանզի «Տիրոջ օրն այնպես է հասնում, ինչպես գողը` գիշերով» (Ա Թեսաղ. Ե 2): Ուրեմն գիտենալով այս՝ արթուն լինենք հոգով, ամեն վայրկյան սպասենք Տիրոջ վերադարձին` ապրելով մեր «պանդխտության ժամանակը» աստվածահաճո կենցաղավարությամբ, զղջանք ու ապաշխարենք մեր գործած սխալների ու մեղքերի համար, ողջախոհ եւ զգոն լինենք, որպեսզի Տիրոջ գալստյան ժամանակ վստահութուն ունենանք Նրա առջեւ կանգնելու ու լսելու Նրանից. «Ապրե՛ս, բարի՛ եւ հավատարի՛մ ծառա, որովհետեւ այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ…» (Մատթ. ԻԵ 21):
Ի՞նչ է մեր ներկայիս կյանքը, եթե ոչ պատրաստության մի շրջան` Տիրոջը դիմավորելու համար, քանզի յուրաքանչյուր քրիստոնյա «հավատարիմ ծառայի» պես ամեն օր պետք է պատրաստ լինի Տիրոջ վերադարձին. ներկայիս կյանքում հանդիպող նեղություններն ու փորձությունները, երբեմն անտանելի թվացող անարդարությունները հաղթահարում ենք՝ միմիայն երկրորդ գալստյան եւ արդար դատաստանի հույսն ունենալով մեր սրտում, որովհետեւ գիտենք, որ փոքր նեղությունների դիմաց, որ կրել ենք Աստծո անվան համար, հարյուրապատիկ պիտի վարձատրի Տերն այն օրը: Ուստի «Աստծու խոստման համաձայն՝ աչքներս հառած սպասում ենք նոր երկնքի ու նոր երկրի, որոնցում արդարությունն է բնակվում» (Բ Պետր. Գ 13): Անշուշտ, հեշտ չէ դիմակայել մերօրյա փորձություններին ու գայթակղություններին` ամեն օր պատրաստ լինելով Տիրոջ վերադարձին, սակայն Եկեղեցու սուրբ հայրերը խորհուրդ են տալիս մահվան եւ դատաստանի օրը միշտ պահել մեր աչքերի առջեւ. «Միշտ հիշիր դատաստանի օրը, եւ քեզ չեն հաղթի ո՛չ շնությունը, ո՛չ սպանությունը, ո՛չ անառակությունը…» (սբ Կյուրեղ Երուսաղեմացի), որովհետեւ «Եթե միշտ հիշենք մեծ Բեմի արհավիրքները եւ դատաստանի ահավոր օրը, ամոթը, որ լինելու է տիեզերական հրապարակի առաջ, եթե հիշենք տանջանքների բազմությունը, թունավոր որդերի դառնությունը, աղջամուղջի շոշոփելի խավարը, գեհենի հրի կայծակների բորբոքումը, հնոցների բարձրաձայն գոչումը, մեղավորների մշտատեւ այրումն ու խորովումը, ցավերի ու աղետների անտանելի կսկիծները, կարող ենք զերծ մնալ սատանայի որոգայթներից, երկյուղով կանգնել Աստծո դիմաց…» (սբ Հովհ. Մանդակունի): Ու թեեւ Աստվածաշունչ գրքերն ու Եկեղեցու հայրերն այսքան ու դեռ ավելի խոսում են այդ ահեղ օրվա մասին, սակայն շատ մարդիկ շարունակում են համառորեն մերժել դատաստանի իրողությունը, մինչդեռ այն անխուսափելի է յուրաքանչյուրիս համար… Հիշենք աղքատ Ղազարոսի եւ մեծահարուստի առակը (տե՛ս Ղուկ. ԺԶ 19-31). մեծահարուստը նույնպես մեզնից շատերի պես իր ժամանակավոր կյանքի ընթացքում մերժել ու անտեսել էր Աստծու արդար դատաստանի անժխտելի փաստը` ապրելով ցոփ ու շվայտ կյանքով, քանզի նա «…ամեն օր առատապես ուրախություն էր անում»` երբեք չգթալով իր դռանն ընկած վերքերով ծածկված աղքատ Ղազարոսին: Ըստ սբ Հովհ. Ոսկեբերանի` մեծահարուստի մեղքն առավել մեծ էր նրանով, որ նա մշտապես, ամեն օր էր տեսնում Ղազարոսին` մնալով նույն անգութն ու անողորմը. «Հարուստը հարկադրված էր ելնել ու մտնել եւ նրան ընկած տեսնել, որպեսզի երբեք չկարողանար ասել, թե` «Անցա, եւ իմ աչքերը չտեսան»: Ուստի մահվանից հետո իրավացիորեն տանջվում էր դժոխքի կրակների մեջ` կարոտ մեկ կաթիլ ջրի… Իսկ աղքատ Ղազարոսը վայելում էր երկնային արքայության անանց բարիքները բոլոր արդարների հետ, քանզի քաջությամբ, համբերությամբ ու հեզությամբ կրեց իր երկրավոր կյանքի բոլոր տառապանքները` աղքատությունը, հիվանդությունը, միայնությունը` երբեք չանիծելով հարուստին ու չդժգոհելով Աստծուց: Ահա թե ինչու է սբ Հովհ. Ոսկեբերանը ասում, որ «Եթե չլինեին հարություն եւ դատաստան, ապա Աստված չէր թույլատրի աղքատ Ղազարոսին (նաեւ մերօրյա շատ աղքատ ղազարոսների — Ա. Խ.) այստեղից հեռանալ՝ առանց որեւէ բարիք ստանալու…»: Այս առակից անենք անհրաժեշտ հետեւություններ` հիշելով սբ Հակոբոս առաքյալի խոսքը. «Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակ. Բ 13)… Եվ ովքեր ողորմություն չեն գործել այս կյանքում, այնտեղ էլ ողորմություն չեն գտնի ամենքի Արարչից (ահեղ Դատավորից):
Դարձյալ հիշենք, որ այնտեղ՝ այն սոսկալի ատյանի առջեւ, տիեզերական հրապարակում, ոչ ոք մեզ չի օգնի, այլ մեր գործերը մեզ դատախազ կլինեն. «Բաժանվելու են միմյանցից հայրերն ու որդիները, եւ անջատվելու են հարազատ եղբայրները…, քանզի եղբայրն իր եղբորը չի օգնի, եւ ոչ էլ հայրը` իր ծնած որդուն, եւ ոչ ոք չի կարող օգնել իրեն հարազատ անձին, քանզի Դատավորն անաչառ է, եւ Դատաստանը` իրավացի» (սբ Խոսրով Անձեւացի):
Ուրեմն զղջանք ահեղ տանջանքների ահով եւ անանց բարիքների փափագմամբ, «հավատի բարի մարտը մղենք եւ պինդ կառչենք հավիտենական կյանքից, որին կանչվեցինք…» (տե՛ս Ա Տիմոթ. Զ 12), քանզի Տերը մոտ է. «Ահա գալիս եմ շուտով, եւ Ինձ հետ են Իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Հայտն. ԻԲ 12): Այդ «շուտով»-ը կարող է լինել ամեն վայրկյան. Տիրոջ վերադարձի մոտալուտ լինելն առավել շեշտելու եւ մահկանացուներիս մշտարթուն վիճակի մեջ պահելու համար Եկեղեցու սուրբ հայրերն ասում են. «Քրիստոսը երեկ խաչվեց, այսօր հարություն առավ, վաղը պիտի գա»: «Տերը չի ուշացնի Իր խոստումը, ինչպես կարծում են ոմանք…, այլ համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որեւէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքն ապաշխարեն»,-ասում է առաքյալը (Բ Պետր. Գ 9): Ուստի «Տիրոջ համբերատարությունը փրկություն համարենք» (տե՛ս Բ Պետր. Գ 15) ու ապաշխարենք այսօր, որովհետեւ Քրիստոս Աստված «այստեղ է նստած ողորմության ու շնորհի աթոռին, իսկ այնտեղ կնստի դատաստանի աթոռին… Այստեղ է ներում, իսկ այնտեղ դատապարտում է…» (սբ Գր. Տաթեւացի):
Հուսով եւ ցնծությամբ սպասենք երկնավոր Փեսայի գալստյանը. ջանք թափենք, որ Նա գտնի մեզ անբիծ ու անարատ, խաղաղության մեջ (տե՛ս Բ Պետր. Գ 14-15)` արժանացնելով երկնքի արքայությանն ու հավիտենության անսպառ պարգեւներին: Եվ Նրան՝ հավիտենության Թագավորին, որ անեղծ եւ աներեւույթ է, միակ Աստծուն փառք եւ պատիվ հավիտյանս հավիտենից: Ամեն (Ա Տիմոթ. Ա 17):
Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s