Սկիզբը՝ թիվ 15-17

Պատմաքաղաքական եւ հոգեբանական այս մթնոլորտում Չարենցն իր գրական ուղին սկսեց անչափ կարեւոր հարցադրումով՝ կյանքի իմաստի որոնումով: Կյանքի իմաստի որոնումը նրա համար սկսվեց իրականության մեջ անհատի տեղի ու դերի որոշման նպատակամղումով եւ սիրո խորհրդավորության մեջ գոյության արժեքը ճշտելու զգացողությամբ: Չարենցի գեղարվեստական աշխարհում ամեն ինչ սկսվում է կյանքն իմաստավորող գերագույն զգացողության՝ սիրո եւ սերը խորհրդանշողի՝ տխրադալուկ աղջկա կորստով: «Երեք երգ տխրադալուկ աղջկան» (1914) առաջին գրքի բանաստեղծությունները տխուր մեռելոցի հնչյուններով երգեր են՝ մեռած աղջկա մասին: Սիրո ճանապարհը եւ սիրո հայտնության ոգեւորությունը չկա: Կա միայն սիրո վերջը, որը եւ սկիզբն է աշխարհի հետ իր հարաբերությունները ճշտող անհատի համար: Եվ դա՝ ընդամենը 16-ամյա պատանու համար, որովհետեւ գրքի երեք բանաստեղծությունն էլ Չարենցը գրել է 1913-ին:

«Ճամփին» բանաստեղծությունը, որը միանգամից բերում է միապաղաղ անձրեւի, մարող, մթնող, հիվանդոտ օրվա, ուղեկից թոքախտավոր կնոջ դառը հազի ու տխուր հեծկլտոցի, ագռավների քրքիջի, օրերի անգույն երգի պատկերներ, ավարտվում է կյանքի անորոշ երթի ծանր զգացողությամբ, որն ընկած է նրա վաղ շրջանի բանաստեղծությունների հիմքում. «Գնում էինք: Ո՞ւր — չգիտեմ: Վերջ չկար: // Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն»:

Թաղումը, որն այս բանաստեղծության մեջ կռահվում է, հաջորդ՝ «Անքուն գիշերին» գործում վերածվում է կորստի հետ հաշտվելու մղձավանջային մաքառումի:

Այս պահից արդեն առարկայական աշխարհը վերածվում է տեսիլի եւ ուրվապատկերի. «Այնտեղ մութի մեջ հայտնվում է ահա // Տեսիլդ գունատ ու տխրադալուկ…»:

Այս երկու բանաստեղծության տրամաբանական ավարտը «Մեռելոցն» է՝ տխուր բաժանումի ու հրաժեշտի պատկերներով: Չարենցի այս բանաստեղծությունների մեջ առկա են հոգեբանական այնպիսի վիճակներ, որոնք առնչվում են մահվան, թաղման, անդրաշխարհային զգացողություններին: Խորհրդապաշտությունից եկող այդ պատկերներն ամենայն հավանականությամբ իրական հիմք են ունեցել:

Հաջորդական անցումներով ուրվագծվում է բանաստեղծի հոգեւոր կյանքի պատմությունը: «Հրո երկիր» (1913-1916) շարքի բանաստեղծություններն արդեն հիշողություն են ավարտված սիրո մասին: Խորհրդավորությունը խտանում եւ ի ցույց է դնում խորհրդապաշտության երկու բնորոշ կողմերը՝ այլաշխարհային երկրի երազանքը եւ լեգենդի վերածվող կյանքի միստիկան: Սրան հաջորդող «Տեսիլաժամեր» (1915) շարքը հեռացած սիրելի աղջկա տեսիլքն է վերհուշի մեջ: Իսկ «Լիրիկական բալլադներում» (1915-1917) սերը վերածվում է առասպելական ու ավելի խորհրդավոր մի հոգեվիճակի: Միաժամանակ՝ կյանքի ընթացքի ու նպատակի ճշտումն սկսում է լայնանալ՝ վերածվելով ընդհանրապես սերնդի գոյության ու հոգեբանության բացահայտման: Գոյության հիմքերը վերագտնելու տենչն այս շարքում ցայտունորեն արտահայտված է «Հարդագողի ճամփորդները» բալլադում:

Տող առ տող բացվում է մարդկային մի դրամատիկ ողբերգություն: Երկնային կապուտաչյա երջանկության առասպելը որոնող բանաստեղծը հայտնվում է գորշ օրերի տաղտկության մեջ: Պարզ է դառնում, որ այդ առասպելը սոսկ երեւակայության պատրանք է եղել, որին ձգտել է կեցության հիմքերը կորցրած մի ամբողջ սերունդ. «Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,- // Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին, // Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ — // Ու հեռացան: Ու ոչ մի լույս չբերին»:

Իսկ այնուհետեւ, երբ որոնումներից հուսախաբ՝ նրանք փորձում են վերադառնալ տուն, այս անգամ վերջնականապես բախվում են իրական կյանքի աններդաշնակությանը եւ բացահայտում իրենց կրկնակի ողբերգությունը. «Մենք կժպտանք, գոհ կժըպտանք մեռնելիս, // Որ երազում երազեցինք ու անցանք…»:

Բանաստեղծության ամբողջ իմաստն այն է, որ, ինչքան էլ հոգին թեւեր առնի ու ճախրի վերեւ, միեւնույն է՝ մարմինը պատկանում է գորշ օրերին, եւ որքան էլ Հարդագողի ճամփորդները պատահական աչքերում փոխըմբռնում որոնեն, դարձյալ միեւնույն է՝ նրանք դատապարտված են չհասկացվածության: Բալլադի եզրափակիչ տողերում այս տրամադրություններն ավելի ողբերգական շեշտադրում ունեն.

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,

Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,

Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,

Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր —

Մոռանալով աշխարհային չարը, բարին՝

Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —

Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Կյանքի ու երազի սահմանագծերի ճշտման եւ իր վերջնական կողմնորոշումը տեւական մաքառումներով պարզելու ընթացքում Չարենցը գրում է «Ծիածանը» (1917) ժողովածուն, որով ավարտվում է առաջին գրքից եկող սիրո ու մահվան պատմությունը:

«Ծիածանը» հոգեվիճակներ եւ ապրումներ ներկայացնող գույների համադրություն է:

Խորհրդապաշտական բանարվեստի միջոցներով բանաստեղծը երանգավորում է իր երազները եւ «Կապույտը», «Ոսկին», «Մանուշակագույն» բաժանումով ստեղծում երազների գունային մի աշխարհ: Այդ աշխարհի հերոսուհին դարձյալ տխրադալուկ աղջիկն է, որն այստեղ կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով: Այդ աղջիկն ունի աստվածամոր աչքեր, թափանցիկ է ու կապույտ:

Կապույտն աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է, երբ լուսամփոփի պես աղջիկը՝ «որպես ուրու», քնած է «հոգու դղյակներում», կապույտի մեջ լուսավոր քրոջ անմարմին համբույրն է ու հարազատ էությունը: Կապույտը նաեւ սիրո փակ աշխարհն է, խորհրդավոր գիշերը, աստղային նիրհը, որին հաջորդում է արեւի ոսկին՝ առավոտը: Ոսկին իրական աշխարհի լույսն է, որը, սակայն, «խոցում է ասեղի նման»: Սիրո փոխադարձ կապը գտնելու ընթացքում մարում է արեւի ոսկին, եւ իջնում է «Մի տըրտում մշուշ մանուշակագույն»: Մանուշակագույնը «երազում ապրած» գիշերվա վերհուշ է ու նաեւ՝ այրած երազների մոխիր:

Գրքի հաջորդ՝ «Հրաժեշտի երեկոն» եւ «Գազելներ» շարքերը շարունակում են հատկապես «Մանուշակագույն» բաժնի տրամադրությունները եւ վերջնական ավարտի հասցնում սիրո պատմությունը: Անորոշության միջից՝ որպես հոգու փրկության վերջին կայան, կանչում է Ամենտի անվանված այլաշխարհային եզերքը: Իսկ դա արդեն վերջն է ամեն մի երկրային գոյության եւ վերջնական միաձուլումը Հավերժի երկրում, որը նաեւ մահվան երկիրն է: Մահը դառնում է ավարտվող սիրո միակ հնարավոր շարունակության խորհրդանշան: Մահը նաեւ դառնում է հավերժության մեջ մարելու,

հավերժությանը ձուլվելու խորհրդանշան: Մահվան միստիկայի պանծացումը, խորհրդապաշտության բանարվեստի բոլոր բնորոշ տարրերով, «Ծիածանում» վերածվում է հոգիների երկնաշխարհային միաձուլման: Գողգոթայի՝ խաչելության պատկերով ավարտվում է տեւական երազների այն տենչը, որը կեցության այլ մոլորակ է որոնում: Ամբողջ ժողովածուն տխուր հրաժեշտ է սիրած աղջկան:

«Ծիածան» շարքի տրամադրությունների շարունակությամբ առանձնանում են «Հեռացումի խոսքեր» (1917) եւ «Տաղ անձնական» (1919) բանաստեղծությունները:

Մարդկային կյանքի խառնիճաղանջ քաոսի մեջ, այդ քաոսի եւ իր անհատական կյանքի հարաբերությունները պարզելու հետ մեկտեղ, Չարենցը երգում է իր թանկ ու նվիրական սերը, իր սրբազան կարոտը, ինչն ապրեցրել է նրան եւ դարձել կյանքի գլխավոր իմաստը: 20-ամյա բանաստեղծը «hեռացումի խոսքեր» է ասում կյանքի մեծ փորձից ծնված ցավով ու տառապանքով.

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես

Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել,

Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.

Կյանքս կանցնի, կմարի — բայց երգս կա, կապրի դեռ:

Կարճ ժամանակ անց, երբ Չարենցը դուրս եկավ մեծ աշխարհ եւ մտավ նրա փոթորկոտ տարերքի մեջ, վերջին անգամ «Տաղ անձնականում» վերհիշեց իր հին կարոտները: Երկրային կյանքի պատկերումով ու երկնային կարոտների տեսիլքով նա ավարտեց իր հոգեւոր ճամփորդությունների այս ցավատանջ հանգրվանը.

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի…

Ես — հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՝

Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի —

Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով:

«Ծիածանից» հետո Չարենցը գրում է «Ողջակիզվող կրակ» (1918-1920) շարքը եւ վերջնականապես հրաժեշտ տալիս նախկին կարոտներին: Մեռնող ու հառնող բնության օրենքով տեղի է ունենում փոխակերպություն. տխրադալուկ աղջիկը մոխրանում է արեւի մեջ եւ նույն արեւի միջից ծնվում է որպես մի նոր էություն: Արեւից ծնվող աղջկա կերպարը ժամանակի խորհրդանշանն է: Մահվան աշխարհից բուռն կյանք մտնելու ճանապարհին Չարենցն ստեղծում է երկու նոր խորհրդանշան՝ Արեւը եւ Արեւի Դուստրը, որոնք ակնհայտորեն հակադրվում են Կապույտ Երկրին ու Կապույտ Երկրի Աղջկան: Տրամադրությունների փոփոխությունը բնութագրվում է ներանձնացած ապրումներից հանրային ու մարդկային կյանքի նոր հարաբերությունների անցումով:

Այս տեսանկյունից առանձնանում են 1920-1921 թթ. գրած «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Տաղարան» եւ «Ութնյակներ արեւին» շարքերը:

Երգի դիցուհու կերպարը՝ որպես քնարական հերոս, Չարենցի ամբողջ ստեղծագործության ուղեկիցն է, որին անդրադարձել է բազմիցս: «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքում երգի դիցուհին սառն ու նրբակիրթ գեղեցկուհին է, որին մեղմահոս սիրո խոսքեր է ասում բանաստեղծը: «Փողոցային պչրուհուն» շարքում անմիջական անցումով սալոնային տիկինը փոխակերպվում է փողոցային աղջկա՝ իր հետ բերելով անբռնազբոսիկ ու ազատ սիրո թաքուն հմայքներ: Երգի դիցուհին արբեցնող տարերքի է վերածվում «Ությակներ արեւին» շարքում: Իսկ ահա նույն այդ դիցուհին «Տաղարանում» կերպավորվում է արեւելյան գեղեցկուհու՝ գոզալի նկարագրով:

Սիրո այս նոր աշխարհի ճանապարհին Չարենցին ուղեկից է միջնադարյան մեծագույն բանաստեղծն ու գոզալների «հոյակապ» սիրահարը՝ Սայաթ-Նովան, որին հատկանշական զգացմունքային ու ոճական երանգներով էլ շաղախված է շարքը:

Կառուցվածքով ու ասելիքի ներքին շղթայով «Տաղարանը» թողնում է առանձին բանաստեղծություններով գրված պոեմի տպավորություն: Նախամուտքի ուղերձին («Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ», «Ամռան անուշ, հուրհրատող տոթ ես, ջան») հաջորդող առաջին բանաստեղծությունը թողնում է նախերգանքի տպավորություն, որի մեջ Չարենցն ուրվագծում է իր երգի աշխարհը. մի կողմից՝ երազի մեջ հայտնված Սայաթ-Նովայի, մյուս կողմից՝ գոզալի կերպարները: Սայաթ-Նովան երազի հետ անցնում գնում է: Նրա փոխարեն գոզալի սիրո ցավը սրտում մնում է հեղինակ-բանաստեղծը: Աստիճանաբար ուրվագծվում է այն միջավայրը, որտեղ ապրում է գոզալը, դա Թիֆլիսն է՝ Հավլաբարի թաղը: Նկարագրվում են նրա անզուգական գեղեցկությունն ու անպատասխան սիրուց գլուխը կորցրած սիրեկանի վիճակը («Կուզեմ հիմի փչի զուռնեն — հարբած ըլիմ մինչեւ էգուց»): Մերժված սիրո խելացնորության մեջ մեկ անգամ երեւացած գոզալը սիրեկանի աչքին սկսում է սրբանալ ու դառնալ կատարելության տիպար: Եվս մեկ անգամ վերակրկնվում է հրաշքը. սիրեկանի փողոցով անցնում է գոզալը՝ գեղեցիկ, անկրկնելի, բայց եւ՝ անտարբեր սիրո հրդեհին:

Սպասման ու հույսի մեջ սիրահարը մնում է միայնակ: Մենության մեջ ծնվում է հոգեմաշ խոհը՝ աշխարհի անցողիկության եւ կյանքի հավերժական հոլովույթի մասին:

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s