ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

«ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԻ ԵՎ ԿՈՐԱԾ ԴՐԱՄԻ ԱՌԱԿՆԵՐԸ»
(Ղուկ. ԺԵ 1-10, Մատթ. ԺԸ 12-14)

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Ղուկասի Ավետարանում այս երկու առակները Տերն ասում է հաջորդաբար՝ մեկ ենթագլխում, որին անմիջապես հետեւում է Անառակ որդու մասին հայտնի առակը։ Ըստ մեկնիչների՝ այս առակները նախապատրաստումն են «Անառակ որդու առակի», իսկ երեքը միասին խորհրդանշում են դեպի երկնավոր Տերը մեղավորի դարձի, անկեղծ զղջման ու ապաշխարության ճանապարհով փրկության գաղափարը։
Փարիսեցիներն ու օրենսգետները տրտնջում էին եւ ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին եւ ուտում նրանց հետ»։ Ավետարանչի այս «ծանուցումից» հետո էր, որ Հիսուսը նրանց այս առակն ասաց. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ երբ հարյուր ոչխար ունենա եւ կորցնի նրանցից մեկը, արոտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնա կորածի ետեւից, մինչեւ որ այն գտնի։ Եվ երբ այն գտնի, կդնի այն իր ուսերի վրա խնդությամբ եւ կգնա տուն, կկանչի բարեկամներին եւ հարեւաններին ու նրանց կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետեւ գտա իմ կորած ոչխարը» (Ղուկ. ԺԵ 3-6)։
— Երկու առակների առանցքային թեման էլ այն է, թե ինչպիսի ուրախությամբ է համակվում մարդ, երբ գտնում է կորցրած որեւէ արժեք։ Ցանկացած կորուստ է ցավալի, եւ ցանկացած գյուտ ուրախալի է։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ հարյուր ոչխարից միայն մեկն էր կորած, եւ տերը թողեց 99 չխոտորվածներին ու գնաց այդ մեկ մոլորվածի ետեւից, ինչը բնական է. յուրաքանչյուր հովիվ նույն կերպ կվարվի։ Եվ շատ ուրախացավ, երբ գտավ իր կորած ոչխարը։ Այսպես ուրախանում է Աստված, երբ մեղավոր մեկը կամ մի անհավատ դարձի է գալիս եւ ապաշխարում։ Երկրորդ առակը հար եւ նման է առաջինին, պարզապես ոչխարի փոխարեն դրամն է «գործող անձ». կինն իր տասը դրամից մեկը կորցրեց եւ ճրագ վառելով ու տունն ավլելով՝ այնքան փնտրեց, մինչեւ գտավ։
Եվ նույն ուրախությունը, նույն ցնծությունը, որովհետեւ գտավ կորուսյալը։ Ահա այս էր, որ չէին հասկանում փարիսեցիները, այս էր, որ Տերն առակով փորձեց բացատրել այդ կույր մարդկանց, որոնք ականջները խցած՝ չէին ուզում հասկանալ, թե ինչու պետք է Աստված մեկ մեղավորի դարձի համար ուրախանար, ինչպես որ չէին հասկանում, թե ինչու է Հիսուսն ընդունում մեղավորներին եւ ուտում նրանց հետ։ Ասացինք, որ այս երկու առակները շատ նման են իրար։ Տարբերությունը, թերեւս, այն է, որ առաջին դեպքում գործ ունենք շնչավոր արարածի հետ (ոչխար), մյուս դեպքում՝ անշունչ առարկայի (դրամ)։ Եվ եթե կորուսյալ ոչխարը կարող էր ձայն հանելով ինչ-որ կերպ իր տեղը հայտնել, այսինքն՝ օգնել փնտրողին, ապա անշունչ դրամը ոչինչ չէր կարող անել, եւ միայն փնտրողի ջանքերից էր կախված նրա գտնվելու հանգամանքը։ Այստեղ այլաբանությունը շատ հստակ է, եւ կարծում եմ՝ բացատրելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է «Կորուսյալ ոչխարի առակին», որի մասին Մատթեոսն էլ է հիշատակում, բազմաթիվ մեկնիչներ այն բացատրում են իբրեւ հոգեղեն աշխարհից մարդ արարածի կորուստը եւ գյուտը, թե ինչպես տիեզերքի Արարիչը պիտի հաստատեր ու «ամբողջացներ» անվախճան հավիտենական կյանքը, սիրո եւ երանության թագավորությունը, եւ ահա այդ աստվածային նպատակից կորավ մարդկային ցեղը, որը մեկն էր բազում հոգեղենների մեջ, հարյուրից մեկն էր ընդամենը, եւ ինքը միայն մոլորվեց։ Եվ Քրիստոս Աստվածորդու՝ երկնքից երկիր խոնարհումը հենց այդ «կորուսյալ ոչխարին»՝ մոլորված, մեղքի մեջ թաղված մարդկությանը, փնտրելու, գտնելու (իմա՝ փրկելու) ջանքն էր։
Ըստ մեկ այլ մեկնության՝ 99 չխոտորվածները խորհրդանշում են քրիստոնյաներին, ովքեր մշտապես Եկեղեցու ներսում են, Տիրոջ «փարախի» մեջ եւ ընթանում են հավատքով ու Աստծուն պաշտելով։ Բայց կան նաեւ մոլորվածներ, Տիրոջ շավիղներից շեղվածներ, եւ հենց նրանց է գնում փնտրելու «քաջ հովիվը», որովհետեւ Աստված մարդացել ու երկնքից երկիր էր խոնարհվել ոչ թե արդարների, այլ մեղավորների համար, որոնց փրկությունն էր ցանկանում, այլ ոչ թե մահը՝ ըստ այն խոսքի, թե՝ «Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին…» (Ա Տիմոթ. Ա 15)։
Մի շատ հետաքրքիր մեկնություն էլ կա։ Ըստ այդմ՝ 99 ոչխարները մատնանշում են հրեա ազգին, որը, թերեւս, մոլորված չէր, քանի որ միաստվածության հավատք ուներ, պաշտում էր ճշմարիտ Աստծուն, ուներ Մովսեսի Օրենքը, ուներ մարգարեներ, նահապետներ եւ այլն։ Իսկ մեկ կորուսյալը հեթանոս ազգն էր։ Եվ չնայած հեթանոսները թվով ավելի էին, քան հրեաները, սակայն իբրեւ արժեք՝ փոքր էին. հարյուրից միայն մեկը։ Պողոս առաքյալն ասում է. «Մի մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա եւ արծաթյա անոթներ են լինում, այլ նաեւ՝ փայտյա եւ խեցե» (Տիմոթ. Բ 20)։ Ահա հեթանոսները փայտյա եւ խեցե անոթներ էին՝ անարգ գործածության համար նախատեսված, մինչդեռ հրեա ազգը՝ ոսկյա եւ արծաթյա՝ պատվավոր գործածության համար։ Եվ շարունակում է. «Եթե մեկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից (իմա՝ անարգ եւ պիղծ գործերից), կլինի պատվավոր անոթ՝ սրբագործված եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստված ամեն բարի գործի համար» (Բ Տիմոթ. Բ 21)։ Եվ երբ Տերը գտնելով բերեց կորուսյալին, այդ մեկը դարձավ իննսունինը, դարձավ գտնված քրիստոնյա ժողովուրդը, իսկ իննսունինը փոքրանալով դարձավ մեկ, եւ այդ մեկ ոչխարը, որն արդեն հրեա ազգն էր, դարձյալ կորավ, որովհետեւ գայթակղության քարի վրա գլորվեց եւ դարձավ անարժան։
— Փարիսեցիներն ու դպիրները երբեք չդադարեցին Հիսուսին մեղադրել՝ մաքսավորների, մեղավորների եւ հեթանոսների հետ շփվելու, նրանց հանդեպ քաղցր վարվելակերպի, նրանց հետ սեղան նստելու համար՝ ասելով, թե Քրիստոսը դրանով վերջիններիս անիրավություններն է քաջալերում։ Նրանք, որ իբրեւ օրինապաշտ ու աստվածապաշտ ազգ, իրենց բարձր էին դասում հեթանոսներից, պարզորոշ տեսնում էին, որ Հիսուսն ավելի շատ հեթանոսների հետ է շփվում, քան իրենց։ Ավելին. պարզ երեւում էր, որ Հիսուսն իրենց՝ հրեաներին, ավելի շատ չէր վստահում, քան հեթանոսներին, մեղավորներին ու մաքսավորներին, որոնց քարոզում էր Աստծու Ավետարանը։ Նախա՞նձն էր նրանց դրդում վատաբանել Հիսուսին։
— Նախանձի հանգամանքը կար, իհարկե, բայց դա, կարելի է ասել, ընդամենը հետեւանքն էր այն հոգեւոր կուրության, որը գլխավոր պատճառն է առհասարակ բոլոր չարիքների, եւ որով ախտահարված էին հրեաները, մանավանդ՝ հրեական էլիտան՝ փարիսեցիները, օրենսգետներն ու դպիրները։ Հիշո՞ւմ եք Հիսուսի՝ փարիսեցիների «Միթե մե՞նք էլ կույր ենք» հարցին տված պատասխանը։ Նա ասաց. «Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում եք, եւ ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում» (Հովհ. Ժ 41)։ Այսինքն՝ ասում եք, թե ձեր հոգու աչքերը բաց են, իբրեւ թե գիտեք հոգեղեն ճշմարտությունները, աստվածապարգեւ հայտնությունները, սակայն այս ամենն ունենալով հանդերձ՝ առավել մեծ մեղքի մեջ եք հենց կեղծավորությամբ։ Եվ իսկապես էլ նրանք տգետ չէին, նրանց հասել էր Աստծու խոսքը, Օրենք ու մարգարեներ ունեին, բայց այնպես ճարպկորեն էին շրջանցում իրենց իսկ օրենքները, այնպես քողարկված, այնպիսի կեղծավորությամբ, որ Քրիստոսն ստիպված էր ասել. «Վա՜յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ օրենսգետներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման եք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականությամբ։ Նույնպես եւ դուք դրսից մարդկանց արդար եք երեւում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ եւ անօրինությամբ» (Մատթ. ԻԳ 27-28)։ Եվ սա այն դեպքն է, երբ մենք գործ ունենք ընդգծված «աջակողմյան» շեղումների հետ։ Սբ վարդապետները մարդկային մեղքերը, շեղումները, տեսանելիության առումով, դասակարգում էին երկու տեսակի՝ ձախակողմյան եւ աջակողմյան։ Ձախակողմյանն այն է, երբ մարդը հայտնապես մեղավոր է, տեսանելի մեղքեր է գործում, ինչի համար մշտապես պախարակվում ու դատապարտվում է, եւ ինքն էլ գիտի, որ դա այդպես է։ Սակայն մեղքեր էլ կան, որոնք խիստ քողարկված են, գրեթե անտեսանելի։ Եվ երբ հայտնի մեղքեր գործելուց մարդը դառնում է դեպի ճշմարիտ ճանապարհ, այլեւս դադարում է նմանատիպ մեղքեր գործել, դա դեռ բնավ չի նշանակում, որ նա ամբողջությամբ ապահովագրվեց, որովհետեւ կա ավելի վտանգավոր մի «սահադաշտ», որտեղ կարող է սայթաքել. դա հենց աջակողմյան շեղումն է։ Դա այն է, երբ մեկն իր շրջապատին ներկայանում է իբրեւ այլեւս հավատացյալ, աստվածապաշտ մարդ, աղոթում է, եկեղեցի է հաճախում եւ այլն, եւ այլն։ Սակայն այդ ամենի տակ՝ «կուլիսների ետեւում», մարդու ներաշխարհում սկսում է ապականությունը զորանալ։ Եվ… լինելով եկեղեցում, լինելով աղոթքի ու պաշտամունքի մեջ՝ նա սկսում է սրտով հեռանալ Աստծուց, ընկնում է ներքին մի հպարտության (հոգեւոր մեղքեր), նաեւ թերահավատության մեջ ու ճարպկորեն փորձում է կոծկել այդ ամենը։ Մարդկանցից՝ գուցե, բայց Աստծուց ոչինչ չես կարող կոծկել։
Շարունակելի
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s