Ներողամտություն

 Ձեր հարցերին պատասխանում է Կոմիտաս վրդ.Հովնանյանը։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա Խաչատրյանը։

 — Աստվածաշունչ Մատյանն ուսուցանում է ներել ու սիրել միմյանց, ինչպես Հայր Աստված ներեց մեզ Քրիստոսով (տե՛ս Եփես. Դ 32): Մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ մարդկության ողջ պատմության մեջ ցույց տվեց ներողամտության մեծագույն օրինակը` խաչի վրայից աղոթելով Իրեն խաչողների համար: Ո՞րն է ներողամտության կարեւորությունը քրիստոնյայի կյանքում։

— Ներողամտությունը ոչ թե դիմացինի նկատմամբ իմ վերաբերմունքի ճշտումն է, այլ նրա նկատմամբ իմ ներաշխարհում ձեւավորված փոթորկի հանդարտեցումը: Ներելով` մենք ոչ թե դիմացինին ենք ներում, այլ հաշտվում ենք մեզ հետ` դիմացինի նկատմամբ բացասաբար չտրամադրվելով: Ապրելով չներելով` մենք հաճախ գտնվում ենք շատ ավելի փոթորկյալ վիճակում, քան այն անձը, որին կարծում ենք` ներել ենք: Այսպիսով` ներողամտությունը կապված է անհատի ներաշխարհի խաղաղության հետ: «Հայր մեր»-ի մեջ մենք ասում ենք. «Եվ թող մեզ ըզպարտիս մեր, որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց»: Եվ գիտենք, որ Մատթեւոսի Ավետարանի այս հատվածի ամբողջացումը 6-րդ գլխի 14-րդ եւ 15-րդ համարների մեջ է, ուր ասվում է. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր հանցանքները»: Մատթեոսի Ավետարանի 9-րդ գլխի 6-րդ համարում շատ գեղեցիկ հատված կա, ուր ասվում է. «Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու»։ Եվ այս նույն գաղափարի մասին հետաքրքիր դրվագ է պատմվում Հովհաննեսի Ավետարանում, երբ Տերը հարությունից հետո հայտնվում է առաքյալներին` ասելով. «Առեք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. Ի 22, 23):

— Հա՛յր սուրբ, սուրբ Գր. Նարեկացին «Հայր մեր»-ի` վերը նշված տողերի առնչությամբ ասում է, որ «Տեր Աստված մեզ իշխանություն է տվել մեր մեղքերի թողության համար, քանզի ինչ սրտով թողնում ենք միմյանց պարտքերը եւ սեր ու գութ ցուցաբերում նրանց հանդեպ, նույն չափով էլ Աստված մեր հանցանքներն է թողնում…», այսինքն` եթե մենք չենք կարողանում ներել մեր նմաններին, Աստված էլ մեզ չի ների, որքան էլ ջանասիրաբար աղոթենք։

— Այո՛, մենք պետք է ներենք, որ Աստված էլ մեզ ների: Սբ Պողոս առաքյալն ասում է. «Աստծու տաճար եք դուք, եւ Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. Գ 16), այսինքն` մենք համարժեք ենք Քրիստոսին, Ով ասում է. «Ես Իմ Հոր մեջ եմ, եւ դուք` Իմ մեջ. ու Ես` ձեր մեջ» (Հովհ. ԺԴ 20): Իսկ Աստվածորդու կերպարն ունենալը հենց նշանակում է ներողամիտ լինել բոլորի հանդեպ` առանց խտրականության: Նաեւ` եթե մենք Քրիստոսով միանում ենք Հորը, ապա պարտավոր ենք մեր անձը, մեր էությունը կերտել կատարելության կերպարի մեջ, քանի որ այդ է պահանջում Քրիստոսը. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. Ե 48): Ճշմարիտ ներողամիտ մարդը ձերբազատվում է քինախնդրությունից, ոխակալությունից, որոնք մեծագույն մեղքեր են` մարդուն Աստծուց հեռացնող: Մեր հոգիների մեջ չեն կարող տեղ ունենալ քենն ու ոխը: Մեր հոգիներում կրենք այնքան ներողամտություն, որքան մեր մարդկային տկար բնությունը կարող է իրեն թույլ տալ:

— Այսօր շատերը (նույնիսկ քրիստոնյա մարդիկ) խոստովանում են, որ դժվարանում են ներողամիտ լինել բոլորի հանդեպ: Լինում են դեպքեր, երբ մարդը չի կարողանում մոռանալ հասցված վիրավորանքը, ցավը, որքան էլ փորձում է: Բնականաբար իր սրտում գեթ մեկ հոգու հանդեպ ոխ ու քեն ունեցող մարդն արդեն լիարժեք քրիստոնյա կոչվել չի կարող: Ուրեմն ինչպե՞ս հասնել ներողամտության կատարյալ աստիճանին` կարողանալով առանց աչառության ներել բոլորին` որպես Քրիստոսի ճշմարիտ հետեւորդ։

— Ընդհանրապես վիշտն է, որ մարդու մեջ ծնում է ոչ ներողամիտ պահվածք ու մտքեր, նայած թե դիմացինի կողմից պատճառված ցավն ինչ ուժգնություն ունի: Հին Կտակարանում հրեա ժողովուրդը վատ արարքներով միշտ վշտացնում, հուսախաբ էր անում Աստծուն, Աստված էլ ակամայից պատժում էր նրանց: Սակայն Նոր Կտակարանում շեշտվում է սիրո, ներողամտության գաղափարը: Ես կարծում եմ, որ եթե ցավը զորավոր է, իսկ վերքը` խոր, դժվար է անմիջապես ներել ու մոռանալ: Բայց ըստ իս` ես ոչ թե դիմացինին եմ ներում, այլ ինքս ինձ հետ հաշտության դաշինք եմ կնքում, ներման անվան տակ իրականում ես ինքս ինձ հետ եմ հաշտվում: Ուրեմն վերքը բուժելու համար ժամանակ է պետք:

— Հա՛յր սուրբ, իսկ ո՞ր դեպքում պետք չէ ներել. արդյո՞ք անընդհատ ներելով` չենք վնասում ե՛ւ մեզ, քանի որ չարաշահվում է մեր ներողամտությունը, ե՛ւ նրան, ում ներում ենք…

— Այսօր ոմանք կարծիք են հայտնում, թե իբր ներողամտությունը թուլության արդյունք է: Ես կարծում եմ, որ ներողամտությունը տրամաբանված եւ իմաստավորված է, երբ անհատն իր կատարածի համար ամբողջ սրտով զղջում է: Պետրոսի այն հարցին, թե` «Քանի՞ անգամ, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, պետք է ներեմ նրան. մինչեւ յո՞թն անգամ», Տերը պատասխանում է. «Քեզ չեմ ասում, թե` մինչեւ յոթն անգամ, այլ` մինչեւ 70 անգամ յոթը» (Մատթ. ԺԸ 21, 22): Նույն Տերը Մարկոսի Ավետարանում, երբ հայտնվում է անպտուղ թզենու առաջ, չի ներում, այլ անիծում է թզենուն, եւ վերջինս նույն պահին չորանում է (Մատթ. ԻԱ 18-20): Ուրեմն պետք է ներել այն ժամանակ, երբ ներման գործընթացից հետո սկսվում է պտղաբերության գործընթացը, իսկ եթե դրական արդյունք չկա, բնական է, որ այդ մարդն ամեն անգամ կչարաշահի ձեր ներողամտությունը եւ բարությունը:

Ուրեմն ինչպե՞ս ունենալ համապատասխան խորագիտություն` հասկանալու համար` տվյալ դեպքում ներե՞լ, թե՞ ոչ։

— Քրիստոսն ուսուցանում է, որ այն ծառը, որը բարի պտուղ չի տալիս, ոչ միայն կտրվում, այլեւ նետվում է կրակի մեջ, որպեսզի նրանից մի բջիջ անգամ չմնա, ինչպես Հնգամատյանի մեջ Մովսեսը պիտի ասեր` որպեսզի վատը հանկարծ տարածում չգտներ Իսրայելի մեջ: Հետեւաբար չարը, որը պտուղ չի տալիս, պիտի արմատախիլ արվի:

Քրիստոսը մեզ միշտ սովորեցնում է լինել օձերի պես խորագետ եւ աղավնիների պես միամիտ (տե՛ս Մատթ. Ժ 16): Այստեղ «միամիտ» բառը պետք է հասկանալ բարի իմաստով:

Հիշենք նաեւ «Տասը մնասների առակը» (տե՛ս Ղուկ. ԺԹ 11-27). մեկ մնաս ստացողը թաքցրեց իր մեկ մնասը հողի մեջ եւ ոչ մի արդյունք չստացավ դրանից, այլ վերադարձրեց տիրոջը, ուստի վերջինս պատժեց նրան, վերցրեց այդ մեկ մնասն ու տվեց նրան, ով աշխատեցնել գիտեր: Հետեւաբար «Ով ականջ ունի լսելու, թող լսի» դարձվածքը փաստում է, որ եթե քո կողքին ապրող մեկը չար է ծնում, դու այնքան արթուն եղիր, որ կարողանաս չարին ճանաչել: Եվ ինչպես Քրիստոսը, սատանայից փորձվելով, կարողացավ նրա ամեն մի փորձությանը ճիշտ պատասխան տալ ու վանել Իրենից, մենք էլ Նրա օրինակին հետեւենք` հեռացնելով չարը մեզնից:

— Որո՞նք են ներողամտության օգուտները։

— Ներելով դու առաջին հերթին հաշտվում ես Աստծո հետ, քո մեջ պահում ես աստվածային այն շունչը, հոգին, որ Աստծու կողմից տրված է մարդուն: Ներելով դու պահում ես հիսուսանման կերպարը, գործակից չես լինում չարին, հաշտվում ես ինքդ քեզ հետ` քո մեջ մեղմելով այն փոթորիկը, որը ոչ ներողամտության պատճառով տակնուվրա էր անում անձդ, էությունդ: Այսօր ամեն անգամ չներածդ անձի մասին մտածելիս` փոթորկվում ես` վերհիշելով այն պահը, որը քո վշտանալու պատճառն էր դարձել: Այսպիսով` ներողամտությամբ մարդը հաշտվում է իր ներաշխարհի հետ:

— Հա՛յր սուրբ, իսկ հե՞շտ է արդյոք հասնել ներողամտության այդ բաղձալի վիճակին։

— Հեշտ է, եթե դու ինքդ չես բարդացնում այն, որեւէ բան հասանելի է, եթե դու տրամադիր ես այն անելու: Մատթեւոսի Ավետարանում կարդում ենք. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին եւ աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրա…» (Մատթ. Ե 43-45): Այս պատգամի իրագործումն անհնարին է թվում, սակայն եթե դու ուզում ես արժանի լինել, որ քո շուրթերից ամեն օր արտաբերվի «Հայր» բառը, պետք է ունենաս Հորն արժանի կերպար: Անհնարին չէ. պատկերացրեք, որ դուք ինձ անիծում եք, ես աղոթում եմ ձեզ համար, դուք ինձ ասում եք` թող Աստված քեզ փորձանքների մեջ գցի, ես ասում եմ. «Աստված թող քեզ օրհնի» եւ այլն: Երեք րոպե հետո դու չես կարող այլեւս քո բերանից որեւէ անեծք արտաբերել իմ հասցեին: Այս է իմաստը. արյունն արյամբ չեն ջնջում, այլ` սիրով:

— Առանց սիրո հնարավո՞ր է ներել։

— Սերն է, որ ծնում է ներողամտություն, սերը քո նմանի նկատմամբ: Քրիստոսը սիրո հրաշալի բանաձեւում է տալիս` ասելով. «Սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. ԺԳ 34, 35): Ուրեմն սերը պետք է պատրաստ լինի անձը զոհաբերելու դիմացինի համար, որովհետեւ այդպիսի մեկը դիմացինի մեջ տեսնում է ոչ թե մարդուն, այլ նրա մեջ բնակվող Աստծուն:

— Հա՛յր սուրբ, չե՞ք կարծում, որ մեր օրերում, երբ այնքան շատ են մեզանում չարիքն ու անհանդուրժողականությունը միմյանց հանդեպ, շատ դժվար է ապրել ներողամիտ կյանքով: Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր փորձում են հնարավորինս ապրել բարի, առաքինի, ներողամիտ կյանքով` հաճախ մեծ տառապանքների գնով…

— Քրիստոսն ասում է, որ մարդը չի կարող երկու Տիրոջ ծառայել` ե՛ւ Աստծուն, ե՛ւ մամոնային (տե՛ս Ղուկ. ԺԶ 13): «Մամոնա»-ն արամեերեն բառ է, որն ունի երկու իմաստ` դրամ եւ սատանա: Մարդիկ այսօր կառչած են նյութին, ուստի չեն կարող մոտենալ Աստծուն, մինչդեռ նյութի մեջ կյանք չկա, քանի որ կյանքն Աստծո մեջ է: Աստված նյութից ստեղծեց մարմինը, բայց մինչեւ Իր Հոգին չդրեց, նյութը կենդանություն չստացավ: Ցավոք, այսօր մարդիկ վազում են նյութի ետեւից, մինչդեռ Քրիստոսն ասում է. «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ՝ երկնքում» (տե՛ս Մատթ. Զ 19-21), այսինքն` ձեր կյանքի նպատակը նյութը թող չլինի, այլ նյութից վեր բարձրացեք, որպեսզի իմաստ ունենա ձեր գոյընթացը, որովհետեւ մարդը կրողն է աստվածային կերպարի: Սակայն ներողամիտ մարդը չպետք է հուսահատվի, որովհետեւ ներողամտությունը նախ մեզ է պետք։ Ո՞վ է ներում. ով վշտացած է, վիրավորված: Ներողամտությունը հատուկ է ուժեղ մարդուն, որովհետեւ միայն ուժեղ մարդն է ունակ ներելու ողջ հոգով` մոռանալով հասցված ցավը:

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s