Սկիզբը՝ թիվ 14-17 2011 Հուլիս Բ-Սեպտ. Ա

1698 թ. մայիսին պատրիարքությանը տիրել էր Մելքիսեդեկ Սուպհին, որն աքսորել էր Եփրեմ Ղափանցուն։ Կիլիկիայում կաթողիկոս էր Մատթեոս Սարին։ 1699 թվի սկզբներին Մելքիսեդեկն աքսորից ետ բերեց Եփրեմ Ղափանցուն եւ նրան հանձնեց Ադրիանուպոլսի առաջնորդությունը։ Սակայն Մելքիսեդեկը պաշտոնանկ արվեց 1699 թ. հուլիսի 25-ին։ Պատրիարք դարձավ Մխիթար վարդապետը՝ Քուրդիստանցի մականունով, քանի որ այդ ժամանակ նման անուն կրում էր Սղերդը։ Նա հավանաբար Բաղեշի Ամրդոլու վանքի միաբաններից էր։ 1700 թ. դեկտեմբերի 4-ին կրկին պատրիարք դարձավ Մելքիսեդեկ Սուպհին։ Հայադավանների եւ հռոմեադավանների վեճերը շարունակվում էին։ Հռոմեադավաններին արգելվեց հայոց եկեղեցիներ հաճախելը։ Հռոմեադավանների եկեղեցիներ չկային, իսկ եթե լատինական եկեղեցիներ հաճախեին, ապա պետության հակառակորդներ կդիտվեին։

Երուսաղեմում պատրիարք էր Հովհաննեսը՝ Նոհուտճի մականունով։ Նա արդյունավետ է եղել վանքի հասույթները պաշտպանելու գործում, բայց նրա օրոք խիստ աճել էին վանքի պարտքերը։ Նա որպես պատրիարք էլ մահացավ՝ 1697 թվին։ Երբ նրա մահվան լուրը հասավ Կ. Պոլիս, ազգի մեծավորները պատրիարք ընտրեցին եպիսկոպոս Գալուստ Զեյթունցուն, որը հայտնի էր Կայծակ մականունով։ Ձեռք բերվեց արքունի հրովարտակ, սակայն Գալուստը վանքի պարտքերը մարելու համար հանգանակություն հավաքելու մեկնեց Պոլսի շրջակայքը, հետո շրջագայեց Եվդոկիայում, Սեբաստիայում, Բերիայում կամ Հալեպում, Ամիդում եւ Կարնում, սակայն մեկ տարվա ընթացքում ո՛չ գումար ուղարկեց Երուսաղեմ, ո՛չ էլ ինքը վերադարձավ։ Նրա դեմ գանգատներ էին հասնում պատրիարքարան, եւ ի վերջո նա պաշտոնանկ արվեց։ Երուսաղեմում պատրիարք դարձավ Մինաս վարդապետ Համդեցին։ Արքունի հրովարտակը եղավ 1698 թվին։ Ի միջի այլոց՝ հենց Մինասն էր, որ տեղապահում էր Երուսաղեմում՝ Հովհաննեսի մահից հետո։ Միաժամանակ հրովարտակ արձակվեց, որ Գալուստին ձերբակալեն եւ մայրաքաղաք բերեն։ Սակայն նա ինքը գաղտագողի եկավ եւ հայերի մեջ շփոթություններ գցեց։ Նա մեղադրեց Մինասին այն աստիճանի, որ վերջինս ստիպված եղավ գալ Կ. Պոլիս եւ հերքել իր հասցեին արված վայրահաճություններն ու զրպարտությունները։ Մինասը վերահաստատեց իր պատրիարքությունը եւ Երուսաղեմ վերադարձավ 1699 թվին։ Այստեղ նա դատի մեջ մտավ մահմեդականների հետ, որոնք կամենում էին տիրանալ վանքի կարեւոր սեփականություններին։ Նա հին հրովարտակներով վանքի իրավունքները պաշտպանեց։

Վերադառնանք Մխիթար Սեբաստացուն, որը գնում է Օլթի եւ Նարման։ Հետո փորձում է նավարկել Տրապիզոն, բայց փոթորկի հանդիպելով՝ ափ է դուրս գալիս Էրեյլիում եւ Սինոպում։ Հետո Սամսոնից գնում է Մարզվան, որտեղ մնում է մեկ ամիս, անցնում է Ամասիա եւ 1699 թ. գարնանը հասնում Կարին։ Հաստատվում է Հինձք գյուղի Կարմիր վանքում, որի առաջնորդն էր Մարգար եպիսկոպոսը։ Նա այստեղ մնում է մեկ տարի եւ ուսուցչություն անում երեք աբեղայի եւ 15 աշակերտի։ Մարգար եպիսկոպոսից ստանում է գավազանի իշխանություն, սակայն մտադրվում է կրկին մայրաքաղաք վերադառնալ։ Նա վանքից հեռանում է Կարին, որտեղ նրան կամենում էր պահել Ավետիք եպիսկոպոսը։ Սակայն այս անգամ Ավետիքը նրա հալածիչն է համարվում, քանի որ արգելել էր նրան հայադավանությանը հակառակ խոսել։ Կարինից նա մեկնում է Տրապիզոն 1700 թ. հունիսին եւ Կ. Պոլիս հասնում հուլիսին։ Մխիթար Քուրդիստանցին նրան արտոնում է կրկին քարոզել Ղալաթիայի Սբ Լուսավորիչ եկեղեցում։ Նա այդ ժամանակ դեռեւս Հայոց Եկեղեցու վարդապետ էր։

Հռոմեադավանությունը գնալով ուժեղանում էր եւ գլուխ բարձրացնում։ Եփրեմ Ղափանցին ամեն գնով կամենում էր դրա առաջն առնել իր վիճակում։ Նա ֆրանկացյալ վարդապետություններն արգելեց, իսկ համառողներին քահանյությունից զրկեց եւ Մելքիսեդեկ պատրիարքի մոտ՝ Կ. Պոլիս ուղարկեց։ Սակայն որոնք կարողացան ձեռք բերել Մելքիսեդեկի պաշտպանությունը։ Նրանց ետ ուղարկեցին, եւ սկսեցին ավելի համարձակ կրկնել իրենց մտքերը։ Այս անգամ Եփրեմը փաշայի հրամանով այդ երեք անձանց քշեց Ադրիանուպոլսից՝ որպես օտարուսումների, որոնք պղտորում են ժողովրդին։ Չնայած կնքվել էր 25-ամյա հաշտությունը, եւ պատերազմը դադարել էր Եվրոպայի եւ Օսմանյան կայսրության միջեւ, սակայն օսմանյան պատկան այրերին խիստ անհանգստացնում էին ֆրանկացյալները։ Եվ ինչ հայերը հասկանում էին դավանական առումով, տաճիկներն ընկալում էին քաղաքական առումով։ Երեք ֆրանկացյալներին 1701 թ. հուլիսի 5-ին բերեցին Կ. Պոլիս եւ հաջորդ օրը նետեցին Թիարանի բանտը։ Նրանք հիշվում են իբրեւ հռոմեադավանության համար առաջին զոհեր, չնայած նրանց անունները պատմությունը չի պահպանել։ Բայց նրանց հավատի համար չէ, որ զոհել են, այլ պատժի են ենթարկել՝ պետական հարցերի հետ կապված։ Իսկ Եփրեմ Ղափանցին էլ հռոմեականության առաջին հալածիչ է համարվել։

Մելքիսեդեկն Ադրիանուպոլիս հասավ, երբ ամեն ինչ ավարտված էր։ Նա փաշայի հետ խիստ խոսակցություն ունեցավ՝ շարժելով վերջինիս զայրույթը։ Նրան էլ, որպես կասկածյալի, Թիարանի բանտը նետեցին։ Հասկանալի է, որ Մելքիսեդեկը պաշտոնանկ արվեց, իսկ Քյոփրյուլի Հուսեյն փաշան, որ աչքի էր ընկնում իր խոհական վարքով եւ պատմության մեջ ստացել է Իմաստուն մականունը, 1701 թվի սեպտեմբերի 1-ին Եփրեմ Ղափանցուն պատրիարքության բերեց։ Դա նրա երրորդ պատրիարքությունն էր։ Վերջինս չուզեց Ադրիանուպոլիսը թողնել, այլ մնալ սուլթանի, վեզիրի եւ դենպետի մոտ եւ ղեկավարել պատրիարքությունը։ Նա այս անգամ ավելի եռանդուն հանդես եկավ հռոմեադավանների դեմ՝ աշխատելով խափանել նրանց ազդեցությունը եւ ղեկավարներին հեռացնել։ Պոլսում նա իրեն փոխանորդ նշանակեց մեկին, որի անունը պատմությունը չի պահպանել։

Հայկական հարցերով սկսում է զբաղվել Ֆրանսիայի դեսպան Ֆերիոլը, որն Արժանթալի մարկիզն էր։ Նա մեծ ճիգեր էր գործադրել Օսմանյան կայսրությունում Ֆրանսիայի դեսպան դառնալու համար։ Նրա առաջին խնդիրը եղավ լատին կրոնավորների ազդեցությունը նվազեցնելը, ինչը բխում էր դեսպանության շահերից։ Դա նրան չհաջողվեց, եւ նա փորձեց դեսպանության ազդեցությունը մեծացնել՝ կաթոլիկության պաշտպանությամբ գործակցելով լատին կրոնավորների հետ։ Իր պաշտոնավարության սկզբում նա անգամ ժողով գումարեց՝ հայադավանության պաշտպանների եւ հռոմեադավանության կողմնակից հայ եկեղեցականների մասնակցությամբ, եւ երկու կողմերի պահանջներն էլ չափավորելով՝ միաբանության դաշնագիր պատրաստեց, որը հայոց պատրիարքի եւ լատին եպիսկոպոսի հավանությանն արժանանլուց հետո պետք է ներկայացվեր պապին՝ Ֆրանսիայի դեսպանատան եւ թագավորության միջնորդությամբ։ Գործը չստացվեց՝ ճիզվիտների մեծավոր հայր Բրաքոնիեի դիմադրելու պատճառով։ Ընդհանրապես այդ ձեռնարկն անիմաստ էր, քանի որ Հայոց ավանդական Եկեղեցին չէր կարող գնալ այդ անարգանքը կուլ տալուն։ Դրանով է բացատրվում Եփրեմի կողմից բռնի միջոցների կիրառումը։

Հայերի մեջ գրգռությունը մեծացնում էին լատինամոլները, որոնք այնուամենայնիվ Հայոց Եկեղեցու պաշտոնեությունից դուրս չէին գալիս։ Լատինամոլները հավաքվում էին լատինական վանքերում եւ գործում՝ ապավինելով արտաքին պաշտպանությանը։ Դեսպանների հովանավորությամբ հանդես էին գալիս պատրիարքության եւ պատրիարքի անձի դեմ՝ առաջ բերելով հակառակ կողմի զայրույթը։ Լատիանամետ խմբի մեջ ավելի շատ էր խոսվում Խաչատուր Կարնեցու եւ Մխիթար Սեբաստացու մասին։ Առաջինը, որ Հռոմում էր ուսանել, այդչափ գրգռություն առաջ չէր բերում, ինչպես հայ վանքերի աշակերտ Մխիթար Սեբաստացին։ Վերջինս Ղալաթիայի վանքում քարոզում էր՝ իբրեւ հայ վարդապետ, սակայն Բերա օտարաբնակ թաղամասում տուն էր վարձել, որտեղ լատինական սկզբունքները տարածելու գործով էր զբաղված։ Նա իր շուրջն աշակերտություն հավաքեց, որոնցից հիշվում են Սարգիս Այնթապցի դպիրը, այրի Ղազարոս Ակնեցին, պատանի Հովհաննես Սեբաստացին, Ազարիա Բերացի դպիրը եւ վարդապետ Եղիա Կոստանդնուպոլսեցին, որը Երուսաղեմի միաբաններից էր։ Նա Սարգիս եւ Ազարիա դպիրներին ձեռնադրել տվեց աբեղաներ՝ Գեւորգ եւ Մանուել անուններով։ Նրա զբաղմունքներից մեկը գրատպությունն էր։ 1701 թվի սեպտեմբերի 8-ին իր տուն-գործարանում Մխիթարն իր հետ եղողներին համոզում է միասին ապրել եւ Օսմանյան կայսրությունից հեռանալով՝ մի այնպիսի վայրում հաստատվել, որ կարողանան իրենց ուզածով գործել։ Արեւելքում այդպիսի վայր էր համարվում Լիբանանը, իսկ Արեւմուտքում՝ Պելոպոնեսը։ Մխիթարյանների կարծիքով՝ դա իրենց միաբանության կյանքի առաջին օրն է եղել, չնայած տակավին իրավական ձեւավորման նշան չկա։ Իսկ եթե լիներ էլ, ապա կլիներ հայադավան շրջանակում։ Հայտնի է, որ դրանից հետո Մխիթարը Ֆրանսիայի դեսպանությանը կից Վեղարավոր ֆրանցիսկյան վանքում է հաստատվում եւ գործակցում վանահոր հետ՝ պառակտյալ հայերին միավորելու համար։ 1701-ի նոյեմբերի 26-ին էլ համաձայնության պայմանագիր պատրաստվեց, որով դեսպան Ֆերիոլը հայտարարում էր, թե մեղմացել է ֆրանկացյալ հայերի նկատմամբ հայադավանների բռնած դիրքը։ Հետեւաբեր այդ օրերին դեռ Մխիթարի միտքն անջատականությամբ չէր պղտորվել։

Ֆրանկացյալ հայերի դեմ հալածանքների համար սկսեցին մեղադրել Եփրեմ պատրիարքին։ Անշուշտ, նա շատ հաստատակամ էր հայադավանության պաշտպանության հարցում, սակայն բովանդակ կայսրության մեջ գործում էր սուլթանական հրովարտակը, ինչն ամեն տեսակ անիրավությունների համար դուռ էր բացում, որոնք բխում էին անձնական թշնամություններից, վրեժխնդրություններից եւ ստոր շահարկումներից։ Շատերը բռնադատվեցին, խուզարկություններ եղան, աքսորներ եւ վտարումներ, որոնց իսկական պատճառը Ֆեյզուլլահ դենպետն էր։ Այդ պատճառով Խաչատուր Կարնեցին եւ Մխիթար Սեբաստացին թաքնված էին կաթոլիկ վանքերում։ Այդպիսին էր վիճակը, երբ 1701 թ. հոկտեմբերի 26-ի պայմանագիրը մեջտեղ եկավ։ Ֆրանցիսկյանների մեծավորը՝ Հակինթոսը, անձամբ գնաց Եփրեմի մոտ՝ նրա հավանությունն ստանալու, որից հետո պայմանագիրը պիտի հաստատվելու ուղարկվեր Հռոմի պապին եւ Հայոց կաթողիկոսին։ Ըստ երեւույթին, Եփրեմը տրամադիր էր զիջելու, ինչի համար էլ զրկվեց Ֆեյզուլլահի վստահությունից։ Վերջինս Կարնից կանչեց Ավետիք եպիսկոպոսին՝ խոստանալով նրան պատրիարք դարձնել։ Նրանք ծանոթ էին դեռեւս Կարնից, ուստի Ֆեյզուլլահը, դառնալով դենպետ, որոշեց իր բարեկամին երջանկացնել։ Առավել եւս, որ Ավետիքը հայտնի էր լատինադավանների նկատմամբ իր խստությամբ. նա Կարնում փակել էր լատին կրոնավորների վարժարանը։ Ավետիքն այդ լուրն առավ 1701 թվի սեպտեմբերի սկզբներին եւ երկու ամիս ժամանակ խնդրեց՝ ուղեւորվելու համար։ Նա Կ. Պոլիս հասավ 1701 թվի դեկտեմբերին եւ Սբ Հակոբի տոնին՝ դեկտեմբերի 13-ին, խաղաղասիրական քարոզ խոսեց Սամաթիայի եկեղեցում։ Հետո գնաց Ադրիանուպոլիս եւ նշանակվեց պատրիարքական փոխանորդ՝ դրությունը բարվոքելու առաջադրանքով։ 1702 թ. փետրվարի 1-ին կամ նոր տոմարով՝ 12-ին՝ Սբ Սարգսի կիրակիին, ժողովրդական մեծ ցույց եղավ Եփրեմի դեմ եւ շարունակվեց հինգ օր։ Ավետիքը թաքնվեց, եւ Եփրեմը տակավին պահեց պատրիարքությունը։ Սակայն նոր տոմարով մարտի 7-ին Ավետիք Եվդոկացին պատրիարք հռչակվեց՝ Ֆեյզուլահի օժանդակությամբ։ Եփրեմն աքսորվեց Էջմիածին, որը համարվում է Ավետիքի դաժանության նշան, բայց դա իրականում նրան պատժից փախցնել էր։ Եփրեմն արդեն առաջացած տարիք ուներ եւ Արեւելյան Հայաստանից էր։ Ուստի նրան ուղարկեցին Սբ Էջմիածին՝ Նահապետ կաթողիկոսի մոտ։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s