Վաղուց, շատ վաղուց անհրաժեշտություն է դարձել համաշխարհային գրականության հայերեն թարգմանությունը մեզանում: Եվ տարիների ընթացքում տասնյակ ու տասնյակ հարյուրավոր օտարագիր գրքեր են ներկայացվել հայ ընթերցողներին: Ու եթե այս ասպարեզում դժգոհելու շատ առիթներ չունենք, ապա ցավալի է, եթե չասենք՝ տխուր, հայ գրականության թարգմանական գործընթացն օտար լեզուներով: Քիչ, շատ քիչ հայ գրողներ են, որ բախտ են ունեցել թարգմանվելու եւ այլ ժողովուրդների ներկայացվելու: Եվ ահա օրերս ուրախալի լուր ստացվեց Գերմանիայից: Գերմանաբնակ ազնիվ մտավորական, թարգմանիչ Սամվել Օվասափյանի նախաձեռնությամբ, նրա մտերիմ, գերմանացի Բերնդ Շեֆերի սատարմամբ ու խմբագրմամբ, գրող, կինոգետ, «Թեքեյան մշակութային միության» վարչության փոխնախագահ Սերգեյ Գալստյանի ակտիվ աջակցությամբ եւ Կարեն Աղամյանի «Առավոտ» նկարի ձեւավորմամբ Ֆրանկֆուրտ Մայնում լույս է տեսել Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպի գերմաներեն թարգմանությունը:

Գերմանական գրադարանն այս հրատարակությունը մտցրել է գերմանական ազգային մատենագրության մեջ: Գրքում տեղ են գտել թարգմանչի գրած հակիրճ նախաբանը, գրականագետ Ստեփան Թոփչյանի՝ Շահնուրի կենսագրականը եւ Արծրուն Ավագյանի շարադրած վերջաբանը, ինչպես եւ ծանոթագրությունների հակիճ բաժինը:

Ձեզ ենք ներկայացնում Սամվել Օվասափյանի «Նախաբանը» եւ Արծրուն Ավագյանի «Վերջաբանը»:

Նախաբան

Սիրելի՛ ընթերցող.

Եթե Դուք ունեք առաջին անգամ արեւմտահայերենից գերմաներեն թարգմանված այս գիրքը եւ կարող եք այն կարդալ, ապա դա առաջին հերթին իմ բարեկամ Բերնդ Շեֆերի վաստակն է:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Բոխումի Սփյուռքի եւ Ցեղասպանության ինստիտուտի դոկտոր պարոն Մեդարդուս Բրելը 2008 թ. մարտի 14-ին Բեռլինի հայ համայնքում դասախոսություն կարդաց Շահան Շահնուրի անգլերեն թարգմանված «Նահանջը առանց երգի» վեպի մասին: Շատերը հաճելիորեն զարմացած էին, պարոն Բրելը վեպով ոգեշնչված էր եւ իր վերլուծություններով ոգեւորեց նաեւ ունկնդիրներին: Նա նույնիսկ վեպը ներառեց համաշխարհային գրականության մեջ: Դասախոսությունից հետո շատերը, այդ թվում նաեւ իմ բարեկամ Բերնդը, հարցնում էին, թե ինչու չկա վեպի գերմաներեն թարգմանությունը: Ավելին՝ բարեկամս պահանջեց. «Չէ՞ որ Գերմանիայում շատ հայեր են ապրում, ինչպես է, որ ոչ մեկը չի մտածում վեպը թարգմանելու մասին»: Մի քանի օր անց նա ինձ ասաց. «Դու թարգմանի՛ր վեպը»: Ես անակնկալի եկա. «Ո՛չ, ես չեմ կարող: Չեմ կարող, որովհետեւ վեպն այնքան բարդ է գրված, որ այն գրեթե անհնար է թարգմանել»: Սակայն շաբաթներ անց ինձ հրապուրեց այդ առաջարկը (մարտահրավերը), եւ ես այնուամենայնիվ փորձեցի մի էջ թարգմանել: Այն դուր եկավ Բերնդին: Դրանից հետո նա ինձ հանգիստ չէր տալիս եւ անընդհատ քաջալերում էր շարունակել թարգմանությունը եւ խոստացավ օգնել ինձ` սրբագրել եւ խմբագրել թարգմանությունը: Դա ամիսներ տեւեց: Այս ընթացքում ես այնքան ընկճված ու անօգնական էի, որ ո՛չ ուզում էի, ո՛չ էլ կարողանում էի շարունակել աշխատանքը, քանի որ Շահնուրի բարդ գրելաոճի պատճառով ես երբեմն որոշ նախադասություններ ընդհանրապես չէի հասկանում, որպեսզի կարողանայի դրանք թարգմանել: Եվ կրկին ինձ օգնության եկավ Բերնդը: Ես նրա համար բառացի թարգմանում էի անհասկանալի տեղերը, իսկ նա դրանք ձեւակերպում էր գերմաներեն: Այսպես շարունակվեց երկու տարի, մինչեւ մենք ի վերջո ավարտեցինք մեր համատեղ աշխատանքը: Չեմ չափազանցնում, երբ ասում եմ «համատեղ աշխատանք», քանի որ առանց նրա դրդման եւ օգնության ես չէի հանդգնի նույնիսկ մոտենալ այդ գործին եւ առանց նրա անձնազոհ, անխոնջ ու հրաշալի օգնության ես թարգմանությունը ավարտին չէի հասցնի: Նրա սերը գրականության եւ հայ մշակույթի նկատմամբ (դա ապացուցում են նրա հավաքածուները) նրան ուժ եւ եռանդ է տվել ու տալիս, եւ նա դա կարողացավ փոխանցել նաեւ ինձ: Այդ ամենի համար ես անչափ երախտապարտ եմ նրան:

Սամվել ՕՎԱՍԱՓՅԱՆ

ՏԱՌԱՊՈՂ ՀՈԳՈՒ ՃԻՉԸ

20-րդ դարի երկրորդ տասնամյակը ողբերգական եղավ հայ ժողովրդի համար: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը կասեցրեց ոչ միայն արեւմտահայության ազգային զարթոնքն ու մշակութային վերելքը, այլեւ տեղիք տվեց զանգվածային կոտորածների ու արտագաղթի: Ինչպես իրավացիորեն նշում էր գերմանացի Յոհաննես Լեփսիուսը 1918-ին գրած իր “Was hat man in Armenian getan? — < Mitteilungen…” գրքում, հայ ժողովուրդը «… չնայած պատերազմի պատճառների մեջ չխճճվեց, սակայն նրա նզովյալ բարբարոսության միջոցով տասնապատիկ ավելի տառապեց, քան աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»: Այո՛, պատերազմը հայերը չէին մղում, բայց կոտորվում էին հայերը: Աշխարհում շատ բան էր փլուզվում ու կորչում: Օգտվելով պատերազմական այդ թոհուբոհից` թուրք կառավարող շրջանակները կազմակերպեցին շուրջ մեկ ու կես միլիոն հայերի ջարդը, բռնագրավեցին հայերի շեներն ու ունեցվածքը: Արեւմտահայաստանը դատարկվեց իր դարավոր բնակիչներից: Անտեսվեցին մեծ տերությունների բոլոր խոստումները, իրական մնացին միայն հայ ժողովրդի աճյունները: Հրաշքով փրկվածները բռնեցին տարագրության անորոշ ճամփաները ու ցրվեցին աշխարհի չորս ծագերը: Նրանցից մեկն էլ 20-ամյա Շահնուրն էր, որը, ապրելով բռնատիրության ողջ սարսափները, հանգրվան գտավ Փարիզում:

Տարագրության մեջ շարունակում էր արյունել հայոց հին վերքը, որին եկան ավելանալու նոր օրերի անլուծելի խնդիրները: Ավուր հացի ու ապրուստի հայթայթման բարդություններին գումարվում էին ազգային դիմագծի ու մշակույթի պահպանման հարցերը: Հայոց պատմությունը շատերին էր ներկայանում որպես «Լացի պատ»: Անհրաժեշտ էր ցիրուցան ժողովրդին ցույց տալ, թե ինչ կատարվեց, ովքեր էին մեղավորները, ապրելու ու գոյատեւելու ինչ ուղիներով պետք է ընթանալ: Համայնակուլ քաղաքակրթությունն իր կրնկի տակ հարթեցնում էր ազգեր ու ժողովուրդներ: Սփռված հայությունը հայտնվել էր մի ձուլարանում, որտեղ հալվում էին լեզուներ ու մշակույթներ, ազգային դարավոր արժեքներ, ընտանիք ու բարոյականություն, աղճատվում համամարդկային հարաբերություններ: Անդրադառ֊նալով այս ամենին` Շահնուրը հետագայում կգրի, որ ջարդերն ու պատերազմներն աշխարհում չեն լուծում եւ ոչ մի հարց, ընդհակառակը, ստեղծում են նորերը:

Հայ աղետի զավակ Շահան Շահնուրը (բուն անունով՝ Շահնուր Քերեսթեճյան, որ ֆրանսիական գրականության մեջ համբավավոր է Արմեն Լյուբեն անունով) գիտեր, որ հայն աշխարհի դժվարին կյանքն ապրած ու բազում չարիքներ հաղթահարած ժողովուրդներից մեկն է, որ նա դարեր շարունակ հերոսաբար դիմակայել է գերհզոր թշնամիներին եւ հոգեղեն ու մշակութային արժեքներ կերտել: Բայց նա ուզում էր, որ ժողովուրդն իմանա նաեւ իր «կորաքամակ թերությունները», պատմական ճանապարհին թույլ տված անհեռատես ոգեւորությունները եւ իր սխալներից դարմանում փնտրի: Նա առաջիններից մեկն էր հայ գրականության մեջ, որ տեսավ ու համոզվեց, որ սպիտակ ջարդը շատ ավելի ճակատագրական կարող է լինել, քան կարմիր ջարդը, որ տարագիր մարդը գնալով կորցնում է ընդդիմության ոգին ու դառնում է ոչ մի ազգի չպատկանող արարած: Իր վեպով նա հնչեցրեց նահանջի ահազանգը` ջանալով ինքնասթափման մղել իր տարագիր ժողովրդին, անգամ նրան վիրավորելու միջոցով ցնցել նրան, հայ անցյալն ու ներկան բնութագրել դառը խոսքերով` հայ մարդուն մղելու համար «ներքին փլուզումների», ելքի դռների ու հույսի հունդերի որոնման` նիցշեական ուժեղ անհատի իդեալին հանդիպադրել ուժեղ ազգի գաղափարը: Ժողովուրդը կանգնել էր իր բոլոր զոհողությունների աճյունների առջեւ: Նա կորցրել էր իր մայր հայրենիքը եւ դարձել «մի քիչ ֆրանսիացի», «մի քիչ ամերիկացի», ասել է թե` «մի քիչ ամենտեղացի»: Ազգային արժեքների մերժումն ու իր խոսքի դառնությունը Շահնուրի մեջ ծնվում էին ոչ միայն անփառունակ անցյալից ու եղեռնի իրողություններից, այլեւ ժողովրդի կացության ներկա վիճակից ու այն մեծ հուսահատությունից, որը պարուրել էր սփյուռքահայ մարդուն: Կյանքի նոր պայմաններում գտնվող գաղթահայությունը շատ ավելի ծանր վիճակում էր հայտնվել, քանի որ, ինչպես գրում է Շահնուրը, ոչ թե նրա համար, որ պատերազմ կար ու կռիվ, «այլ … կայ բան մը աւելի ճակատագրական, ավելի աններող, կայ բան մը ահեղ, անդիմադրելի, որ իր անունը կըոռնայ բոլոր քառուղիներէն. նահանջն է ան: Նահանջը, նահանջը Հայերուն»: Հենց այդ նահանջի լուծումն է, լուծումի հույսն է, որ ուզում էր գտնել գրողն իր «Նահանջը առանց երգի» վեպով: Շահնուրը, հարկավ, հասկանում էր, որ իր դիրքորոշման համար ներում չի լինելու, որ իրեն հարվածելու են աջ եւ ահյակ: Այդ էր պատճառը, որ Ղուկասի Ավետարանից բերված իր գրքի բնաբանով նախ փաստում էր պատմվելիք «զտեսիլի» եւ «զգործի» ողջ ողբերգականությունը ու հայ ժողովրդի ցավալի վիճակը համադրում Քրիստոսի տանջանքներին եւ ապա իր խռովյալ ընթերցողներին զգուշացնում, որ ինքն էլ նրանցից մեկն է ու նույնքան տառապում է ու ողբում այդ կացության համար, եւ իր խոսքը այլ բան չէ, եթե ոչ սրտից ելնող «խորհուրդք»` ուղղված «խռովյալ» բախտակիցներին:

Շահնուրի կերտած բոլոր կերպարները այդ նույն «բաց վերքի» կրողներն են. նրանք ապրում ու գործում են մարդկային բարդույթներով, որը հետեւանք է իրենց ոչ վաղ անցյալի ու ներկա անորոշությունների: Վիրավորվածությունը, արհամարհվա֊ծու֊թյունը, կյանքի երեւույթները ցավագնորեն ընկալելու ու մեկնաբանելու եւ, վերջապես, դատապարտվածության ու միայնության (միայնակ մարդը եւ միայնակ ազգը) զգայնությունը Շահնուրի վեպի հերոսների էության բաղկացուցիչներն են: Նրանք բոլորը գտնվում են նույն խորտակվող նավի վրա ու խեղդվող մանուկի նման փրկության «մայրի՜կ»-ն են կանչում: Ողբերգությունը նաեւ այն է, որ երբ գրվում էր վեպը, ողջ գաղթահայության համար փակ էին ոչ միայն տունդարձի, այլեւ հայրենադարձության ճամփաները (վեպում այդ իրողությունն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել Լոխումի կերպարում): Հետագայում «Ընտանեկան նամականի» գործում Շահնուրը սրտի ցավով պիտի գրեր. «… վերածնած Հայաստանը ամեն Հայու Հայաստանը չէր, ոչ իսկ թրքահայ գրագէտինը, որ չէր կրնար երթալ Երեւան, ինք, որ գացած էր մինչեւ Տէր-Զօր ցնցոտիներով»:

Շարունակելի

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s