Այն, որ գիտական փաստերը ճիշտ համադրելու եւ հասկանալու դեպքում համայն տիեզերքի արարված, ոչ թե ինքնաբերաբար ստեղծված լինելու հանգամանքն ենք տեսնում, կասկածից վեր է: Ասվածն արդեն փորձեցինք ապացուցել` խոսելով Մեծ պայթյունի եւ գիտնականների, հատկապես ֆիզիկայի կոսմոգոնիայի, այսինքն՝ տիեզերքի առաջացման կամ տիեզերածնության բաժինն ուսումնասիրողների մի շարք հետազոտությունների արդյունքների մասին (տե՛ս «Քրիստոնյա Հայաստանի» հունիս Բ համարի համանուն հոդվածը): Համաձայն նրանց տվյալների՝ տիեզերքն առաջացել է աննկարագրելի մեծ մի պայթյունից, որի ուժն ստիպում է այն կազմող բոլոր նյութական զանգվածներին անընդհատ հեռանալ միմյանցից՝ չնայած նրանց միջեւ առկա ձգողության ուժին: Բայց ե՞րբ է այն առաջացել, որքա՞ն է տիեզերքի տարիքը, այսինքն՝ այն ժամանակահատվածը, որը մեզ բաժանում է Մեծ պայթյունից:
Մեծ պայթյունի կամ տաք տիեզերքի գաղափարն առաջին անգամ արտահայտել է ամերիկացի ֆիզիկոս, ազգությամբ ռուս Գեորգի Գամովը՝ 1948 թվականին:
Առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում տիեզերքի սառեցման տեմպը Մեծ պայթյունից հետո: Սկզբնական ջերմաստիճանը չափվել կարող էր միլիարդավոր աստիճաններով: Անհրաժեշտ էր զգույշ եւ խնամքով հաշվարկել, թե ինչպիսին պետք է լինի Մեծ պայթյունից մնացած եւ 20 միլիարդ տարի անց մեզ հասած մնացորդային ճառագայթման ջերմաստիճանը: Տեսական հաշվարկները ցույց տվեցին, որ այն պետք է կազմի 6 աստիճան կելվին: Չափազանց փոքր թիվ, որի չափումը գրեթե անհուսալի էր:
1965 թվականին ամերիկացի երկու ռադիոֆիզիկոսներ Պենզիսը եւ Վիլսոնը առաջադրանք էին ստացել բարելավել «Էխո» արհեստական արբանյակի հետ ունեցած ռադիոկապը՝ մոտ 7,5 սանտիմետրանոց ալիքում: Իրենց տրամադրության տակ ունեցած ռադիոալեհավաքը չափերով մեծ չէր, եւ հսկայական աշխատանք կատարվեց ամեն տեսակի բնական ու արհեստական ռադիոաղմուկները վերացնելու ուղղությամբ: Նրանց հաջողվեց իրենց ռադիոտեխնիկայի զգայունությունը հասցնել այն ժամանակի համար բացառիկ բարձր աստիճանի: Երբ, հետաքրքրութունից դրդված, ալեհավաքն ուղղեցին տիեզերքի տարբեր կողմերը, նկատեցին անսպասելին. արձանագրված ռադիոազդանշանները թեպետ շատ թույլ, բայց իրենց ուժով միատեսակ էին երկնքի բոլոր ուղղություններում: Շուտով հաստատվեց, որ Վիլսոնի եւ Պենզիսի հայտնաբերած ռադիոհոսանքները ոչ մի կապ չունեն Երկրի մթնոլորտի հետ, եւ որ դրանք գալիս են տիեզերքից:
Դիտումները շարունակվեցին մի ամբողջ տարի. ռադիոհոսանքը մնում է բացարձակապես անփոփոխ բոլոր կողմերից՝ անկախ երկրագնդի՝ արեգակի նկատմամբ ունեցած դիրքից: Երբ չափեցին արձանագրված ռադիոհոսանքը կելվինյան ջերմաստիճանով, ստացվեց երեք աստիճան կելվին: Ի՞նչ էր սա, եթե ոչ Մեծ պայթյունի մնացորդային ճառագայթումը, որը 20 միլիարդ տարի անց, ըստ տեսական հաշվարկների, նվազելով պետք է հասներ 6 աստիճան կելվինի: Սակայն այս դեպքում տեսական հաշվարկի եւ դիտարկված մեծության միջեւ եղած տարբերությունը 3 աստիճան կելվին է, ինչն աննշան է:
Հետագա բազմաթիվ ստուգումները միայն հաստատեցին հայտնագործության աներկբա լինելը: Մեծ պայթյունը դադարեց հիպոթեզ, այսինքն՝ գիտական վարկած լինելուց եւ դարձավ եղելութուն՝ շոշափելի, ակնառու: Այս առթիվ անվանի ֆիզիկոս Նատալյա Բեխտերեւան ասել է. «Գիտությունը մտել է մի փուլ, երբ այն հաստատում է կրոնի մի շարք դրույթներ՝ ուղղակի կամ անուղղակի կերպով»:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Մեծ պայթյունի պահին: Այստեղ գործում են նյութի եւ Էներգիայի միջեւ գոյություն ունեցող էյնշտեյնյան սկզբունքները: Ինչպես նյութը կարող է վերածվել էներգիայի, այնպես էլ հակառակը՝ լուսային ֆոտոնը կարող է փոխարկվել տարրական մասնիկների: Լուսային երկու ֆոտոնների ճակատ առ ճակատ բախումից առաջանում են 2 տարրական մասնիկներ՝ պայմանով, որ ֆոտոնների էներգիան բավականաչափ մեծ լինի: Օրինակ՝ 6 միլիարդ աստիճան ունեցող միջավայրում ծնված 2 ֆոտոնների փոխադարձ բախումից առաջանում են 1 էլեկտրոն եւ 1 հակաէլեկտրոն, այսինքն՝ պոզիտրոն: Ավելի բարձր կամ ցածր ջերմաստիճանում էլեկտրոն եւ պոզիտրոն չեն առաջանա: Իսկ 6 միլիարդ աստիճան միջավայր ստեղծվում է Մեծ պայթյունից ընդամենը մեկ վայրկյան հետո, ուրեմն էլեկտրոնի եւ պոզիտրոնի առաջացման պրոցեսն սկսվում եւ ավարտվում է այդ մեկ վայրկյանի ընթացքում: Այսինքն՝ այդ ընթացքում են առաջացել բոլոր էլեկտրոններն ու հակաէլեկտրոնները, կամ որ նույնն է՝ պոզիտրոնները (համապատասխանաբար` բացասական եւ դրական լիցք ունեցող մասնիկները), որոնցով հիմա լցված է ողջ տիեզերքը:
Տարրական մասնիկների մյուս, առավել տարածված տեսակը պրոտոնները եւ հակապրոտոններն են, որոնք էլեկտրոններից ծանր են մոտ 2000 անգամ եւ նույնպես առաջանում են ֆոտոնների ճակատային բախման հետեւանքով: Բայց քանի որ նրանք անհամեմատ ծանր են, ուրեմն այդ դեպքում ջերմաստիճանը պետք է լինի շատ ավելի բարձր՝ հազարավոր միլիարդ աստիճան: Այդպիսի ջերմաստիճան ստեղծվում է պայթյունից մեկ միլիոներորդ վայրկյան հետո: Այսինքն՝ պրոտոնների եւ հակապրոտոնների առաջացումը նախորդում է էլեկտրոնների առաջացմանը: Այսպիսով՝ նյութի առաջացումը՝ ֆոտոն-ֆոտոն փոխազդեցության ճանապարհով, հանձին պրոտոնների եւ էլեկտրոնների, ավարտվում է հիմնականում պայթյունից մեկ վայրկյան հետո: Այդ իսկ պատճառով Թեոֆրաստ Պարացելսը նշում է. «Այն, ինչ մի դարաշրջանում անվանվում է առեղծված, մեկ այլ դարաշրջանում դառնում է գիտական իմացություն»:
Տիեզերքի ոչ մի անկյունում մենք հիմա չունենք միլիարդին հասնող ջերմաստիճան: Նույնիսկ աստղերի կենտրոնում ջերմաստիճանը չի հասնում 100 միլիոնի: Ուստի Մեծ պայթյունից հետո անցած ամբողջ ժամանակամիջոցում՝ ներկա պահին եւ հեռավոր ապագայում, նյութի՝ պրոտոնների եւ էլեկտրոնների առաջացում տեղի չի ունեցել, չի ունենում եւ չի ունենա: Մեր տիեզերքում առկա ամբողջ նյութը մեկ ամբողջական արարի հետեւանք է:
Ապացուցելով ֆիզիկական աշխարհի արարված լինելու հանգամանքը՝ բնականաբար հաստատում ենք նրանից ավելի խորհրդավոր` աննյութական կամ հոգեղեն աշխարհի գոյությունը: Դրա վառ վկան են ակադեմիկոս Ֆոդիե Շիպունովի խոսքերը. «Մաթեմատիկորեն ապացուցված է, որ ֆիզիկական աշխարհից բացի՝ կա ավելի բարդ համակարգված ալիքային աշխարհ»:
Իսկ երբ փորձում ենք անդրադառնալ նյութական աշխարհի փոքրիկ բյուրեղին, որն Արարչի կամոք «հանձն առավ» կյանքի կրողը դառնալ եւ Երկիր կոչվել, փաստերն ավելի մատչելի եւ ակնառու են դառնում: Այս անգամ կենսաբանները, իսկ ավելի ստույգ` կենդանի օրգանիզմների բոլոր հատկանիշներն իրենց մեջ կրող գեների հետազոտությամբ զբաղվողները, զարմանում էին իրենց ուսումնասիրության արդյունքներից: Պարզվեց, որ մարդու օրգանիզմում եղած աննշան թվացող գեները կրում են իրենց մեջ համայն մարդկության ժառանգական ինֆորմացիան: Այս փաստն ապացուցվեց 20 տարի առաջ՝ Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականների ջանքերով, որոնց գլխավորում էր պրոֆեսոր Ալան Ուիլսոնը: Նրանք ուսումնասիրեցին բջջի օրգանոիդներից միտոքոնդրիումները, որոնք բջջի էներգետիկ կայաններն են: Միտոքոնդրիումները կարող են ժառանգվել միայն մայրական ձվաբջջից, ինչը թույլ է տալիս ուսումնասիրել մայրական կողմի բոլոր նախնիներին եւ հասնել մարդու հնագույն անցյալին:
Արդյունքներն ապշեցնող էին: Ապացուցվեց, որ աշխարհի բնակչությունը, որն այս պահին կազմում է մոտ 7 միլիարդ, սկիզբ է առել մեկ կնոջից:
Հաջորդ փուլում ուսումնասիրվեցին տղամարդու քրքմոսոմի միջուկի հատուկ կտրվածքները, որոնք անցնում են հորից որդուն: Հետազոտությունները շարունակվեցին այնքան, մինչեւ հասնեն համայն մարդկության նախահորը: Արդյունքները դարձյալ ապշեցուցիչ էին՝ բոլոր տղամարդկանց քրոմոսոմի միջուկի ակունքներում մեկ տղամարդ է: Այսինքն՝ ներկայումս ապրող, անցյալում եղած եւ ծնվելիք բոլոր մարդիկ առաջացել են մեկ տղամարդուց եւ մեկ կնոջից: Հազարամյակների խորքից Սուրբ Գիրքը գալիս է հաստատելու արդի գիտական փաստերը. Աստված Իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց մարդուն: Արու եւ էգ ստեղծեց նրանց:
Կենսաբանորեն հայտնի է, որ մարդու 12 կողերից տղամարդկանց ձախ վեցերորդ, այսինքն՝ ծփան կողի դրսի մեկ երրորդ հատվածը բացակայում է: Դրա համար էլ Սուրբ Գիրքն ասում է. «Եվ Տեր Աստված խոր քուն բերեց Ադամի վրա, եւ նա քնեց: Նրա կողի ոսկորներից մեկն առավ ու նրա տեղը միս լցրեց: Տեր Աստված կողի ոսկորից կին շինեց ու նրան Ադամի մոտ բերեց» (Ծննդոց Բ 21-22):
Այն, որ մարդը ոչ միայն կենսաբանական, այլեւ հոգեղեն էակ է, կասկածից դուրս է, քանի որ ցանկացած կենսաբան կհամաձայնի, որ բջիջը չի կարող մտածել, նրանում տեղի են ունենում միայն կենսաբանական, քիմիական եւ ֆիզիկական պրոցեսներ, իսկ մենք ամբողջությամբ կազմված ենք բջիջներից, սակայն մտածում ենք, հուզվում, եղածից ստեղծում նորը եւ խորհում ապագայի ու հավիտենության մասին: Ուրեմն՝ վեր ենք բոլոր երկրավորներից եւ ունակ՝ կառավարելու, կարգավորելու կենդանի եւ անկենդան բնությունը: Հիրավի, երբ Աստված արարեց մարդուն, ասաց. «Աճեցե՛ք եւ բազմացեք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցեք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդոց Ա 28):
Ուրեմն՝ Աստծուց մեզ տրված իշխանությունը, որպես խոհեմ ծառաներ, իմաստնությամբ գործածենք եւ մեր բոլոր քայլերով նպաստենք մեզ խոնարհությամբ իր վրա կրող Երկիր մոլորակի փթթուն, մաքուր ու կենարար լինելուն՝ աղոթք հղելով առ Աստված, որ մտքով, խոսքով եւ գործով միշտ հաճո լինենք Նրան` ի փրկություն մեզ եւ ի փառս Քրիստոսի…
Նաիրա ՊԵՊԱՆՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s