Սկիզբը՝ 2011 Օգոստ. Ա-Սեպտ. Բ

Տասներորդ տաղը՝ «Էլի գարուն կգա, կբացվի վարդը», ամբողջովին հագեցած է սիրո հավերժական կրկնության եւ կյանքի ունայնության տրամադրություններով: Նորոգվող գարնան ու բացվող վարդի, բլբուլի երգի ու փոփոխվող ժամանակի, սերունդների հաջորդականության եւ ապրած օրերի անդառնալիության, խաղ ասող աշուղի եւ սիրահարի խոցված սրտի, նորաբաց շուշանի ու լաց լինող գոզալի ավանդական պատկերներով Չարենցն ստեղծում է հոգեցունց հրաժեշտի մի փոքրիկ դրամա: Աշխարհից նեղացած, սիրուց խռով, միայնակ ու չհասկացված ցաված հոգու երգն է սա՝ ներծծված սրտեր հարազատացնող մի այնպիսի տխրությամբ, որ անգամ հավիտենական հեռացման խոսքը բնավ չի դառնում սգերգ կամ եղերերգ, այլ լցվում է կյանքի մշտնջենական բերկրանքով, այդ մշտնջենականության մեջ իր՝ թեկուզեւ անցած կյանքի հիշատակները թողնելու սփոփանքով` մանավանդ եթե այս աշխարհից նրան անվերադարձ հրաժեշտի է ուղեկցում սիրած աղջիկը: Այս պահի զգացողությամբ «Մե խոսկ ունիմ իլթիմազով» տաղում միջնադարի բանաստեղծը գրում էր. «Սայաթ-Նովեն ասաց. զալո՜ւմ, յիս էն մահին մահ չիմ ասի՝ // Հենչանք ըլի դուն վըրես լաս մազըտ շաղ տալով, ա՛չքի լուս»: Ամեն ինչ կրկնվում է այս փուչ աշխարհում, եւ տառապագին ծանր ապրումներով նույն վիճակն է ապրում նաեւ Սայաթ-Նովայի կրտսեր հոգեեղբայրը. «Ուրիշ սրտի համար կհալվի խունկը, // կբացվի շուշանը, վարդերի տունկը. // Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը — // Գերեզմանիս մարմար քարին կմնա»:

Սիրո ապրումների հետ մեկտեղ «Տաղարանում» կամաց-կամաց ընդարձակվում են քնարական աշխարհի սահմանները, իրենց մեջ ընդգրկում այլ բնագավառներ՝ խելքը, գիրքը, ձիրքը: Հաշտված սիրո մերժման հետ՝ սիրեկանն սկսում է սրբագործել սիրո «դաղը»: Մերժումն է, որ կատարելությունից չի իջեցնում գոզալին, նրան չի դարձնում առօրյա ու հասանելի: Գոզալի մերժման «դաղը», որով նա իր անհասանելիությունն է ապացուցում, փոխանցվում է բանաստեղծին, նա էլ իր հերթին մտածում է վրեժ լուծել շրջապատից եւ բոլորին ցույց տալ իր մեծությունն ու անհասանելիությունը, բոլորի մեջ՝ նաեւ գոզալին: Այս տրամադրություններին հաջորդում է բանաստեղծի մարդկային եւ ստեղծագործական ճակատագրի պատկերը: Բանաստեղծի հանդեպ շրջապատի հանդուրժող-ընդունող վերաբերմունքն ստեղծվում է սոսկ այն ժամանակ, երբ նա համառորեն տանում է իր ծանր խաչը, երբ դառնում է ծվատված մարմին, նահատակ, զոհ, ողջակեզ: 18-րդ տաղով, ըստ էության, ավարտվում է գոզալի եւ բանաստեղծի սիրո հոգեբանական շղթան: Բանաստեղծն անդառնալիորեն հաշտվում է մերժման հետ՝ միակ մխիթարանքը գտնելով նրանում, որ իր ապրումների աշխարհը դարձել է երգ եւ իրենից հետո էլ պետք է ապրի մարդկանց մեջ: Սիրո ու աշխարհի հանդեպ ունեցած ինքնանվիրման այն ասպետական, վեհանձն ոգին, որով բանաստեղծը մուտք էր գործել իրական կյանք, ավարտվում է նույնպիսի ինքնազոհաբերում-հրաժեշտով. «Ձեզ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ»:

Թվում է՝ այստեղ պետք է ավարտվեր «Տաղարանը», սակայն դեռեւս շարունակվում է՝ բանաստեղծի ու շրջապատի հարաբերությունների հենքի վրա վեհորեն բարձրացնելով կապուտաչյա սիրուհու՝ Հայաստան-յարի բանաստեղծական կերպարը: Բարբառի օգտագործումը երկրի անվան կողքին պատահական չէ: Դա կնոջ հանդեպ ունեցած անպատասխան սիրուց հայրենիքի բարձրագույն սիրուն նվիրվելու խորհուրդն ունի: «Աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց» գիտակցությունը չի տարածվում միայն հայրենիքի վրա: 19-րդ տաղը՝ «Հայաստանին» ուղերձով, ասես բանաստեղծի անհատական ճակատագրի բեկումը լինի երկրի անցած ու գալիք պատմության մեջ: Ճակատագիր-պատմություն՝ լի ողբերգությամբ, հանճարներով ու երգով:

«Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» վերջին տաղը աշխարհն ի մի բերող ուժն է, ամեն ինչից վեր այն միակ պարգեւը, որն աշխարհի ու ժամանակի սկզբնավորման օրվանից սերունդների մաքառումների գնով շնորհված է մարդուն:

Եվ դա գերագույն ու բացարձակ սեր է՝ մահկանացու բոլոր սերերից դուրս:

Այս տաղը Հայաստանի գեղարվեստական պատկերի խտացումն է, Հայաստանի պատմության ու բնության յուրահատկությունների ոգեղեն համադրությունը: Հատկանշական երեւույթների թվարկումով ու դիպուկ բնորոշումներով Չարենցն ստեղծում է հայրենի երկրի մի այնպիսի գեղարվեստական պատկեր, որը վերածվում է ժողովրդի վաղնջական բնօրրանի բանաստեղծական քարտեզագրման: Ստեղծվում է Հայաստանի նկարագրական պատկերը: Արեւահամ բառի ու ողբաձայն երգերի, արնանման ծաղիկների ու նաիրյան աղջիկների, երկինքների ու ջրերի, ամառվա արեւի ու ձմռան բքի, արտաքուստ անհյուրընկալ խրճիթների ու հազարամյա քաղաքների, երկաթագիր գրքերի ու արյունաքամ վերքերի, Նարեկացու եւ Քուչակի ու այս ամենի հնօրյա խորհուրդը հանդիսացող Արարատ լեռան միջոցով Չարենցը տեսանելի հատկանիշներով կերպավորում է հայրենիքը: Թվարկումներն ու նկարագրությունները ձուլվում են հայրենասիրական զգացմունքների հրդեհված հնոցում՝ ամբողջությամբ ստեղծելով հայրենահիացումի մի շնչավորված մթնոլորտ, որը ե՛ւ անցյալ է, ե՛ւ ներկա, ե՛ւ ապագա, ե՛ւ, ընդհանրապես, հավերժություն:

Այս տաղը Չարենցն սկսում է այնպես, ինչպես սկսվում է Հովհաննու Ավետարանը: Ավետարանում ի սկզբանե «էր բանն», այսինքն՝ խոսքը, որը Աստծունն էր, Չարենցի տաղում ի սկզբանե «արեւահամ բառն» է, որը բանաստեղծինն էր: «Արեւահամ» մակդիրը շատ դիպուկ է բնորոշում Արարատյան բարկ արեւի տաք թրծված հայոց բառը:

Սկիզբը պիտի բառ լիներ, որպեսզի պատկերի տրամաբանությամբ վերջին տների մեջ դառնար ողբաձայն երգ, աղոթք դարձած երկաթագիր գիրք, Նարեկացի ու Քուչակ:

Մ. Սարյանն այդ տաղի մասին գրել է. «Ես իմ անուշ Հայաստանին» բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին: Դա անհիշելի ժամանակներից եկող Հայաստան-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է: Դա մեր ազգային կենսագրության ու վարքի կենդանի արտացոլումն է»: Իսկ Վիլյամ Սարոյանը, անգիր արած այդ տաղը եւ անչափ ոգեւորված դրանով, գրել է. «Զայն մինչեւ այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը: «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը»:

ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍԵՄԻՆ: 1920-ական թթ. առաջին կեսին Չարենցն ստեղծագործական նոր որոնումների մեջ էր: 1922-ին Ա. Վշտունու եւ Գ. Աբովի հետ մեկտեղ հրատարակում է «Երեքի» դեկլարացիան, 1923-ին փորձում լույս ընծայել «Ավանգարդ» վերտառությամբ ֆուտուրո-կոնստրուկտիվիստական պարբերական, 1924-ին համախոհների համագործակցությաբ տպագրում «Standard» ամսագրի միակ համարը: Մեկը մյուսի ետեւից նա կազմակերպում է գրական միջոցառումներ՝ շեփորահանդեսներ, տպագրում գրական բյուլետեններ, նոր բանաստեղծության ուղին ցույց տալու համար գրում բազմաթիվ հոդվածներ: Չարենցի նպատակը նոր գրական հոսանքների ներգործությամբ ետխորհրդապաշտական շրջանի հայ գեղարվեստը թարմացնալն էր, թմբիրից գրական կյանքն արթնացնելը:

Այդ նպատակին հասնելու համար նա դիմում է ծայրահեղությունների, անգամ՝ գրում քարոզչական բնույթի գործեր: Նոր արվեստի գեղագիտությամբ նա գրեց «Ամենապոեմ» (1920-1921), «Ռոմանս անսեր» (1922), «Մաճկալ Սաքոյի պատմությունը» (1924) պոեմները, «Կապկազ. թամաշա» (1923) քաղաքական կատակերգությունը, «Կոմալմանախ» (1924) ժողովածուն եւ մի քանի բալլադ: Նույն այս տարիներին նա ստեղծեց նաեւ այնպիսի նշանակալից գործեր, ինչպիսիք են «Պոեզոզուռնա» (1922) ժողովածուն, «Երկիր Նաիրի» (1921-1924) վեպը, «Ասպետական» ռապսոդիան (1922), «Չարենց-նամե» (1922) պոեմը եւ այլ երկեր:

«Պոեզոզուռնա», այսինքն` պոեզիայի զուռնա, զրնգուն ու բարձր բանաստեղծական նվագներ, որոնք Չարենցը հնչեցնում էր՝ իր երգը ծառայեցնելով Հայաստանի կառուցման գործին: Ամենայն անկեղծությամբ ու հավատով նա գրում էր.

Երգերս,

Իմ երկիր,

Քո շաֆրանով ներկած,

Քո արեւով,

Տոթով,

Փողոցների ցեխով —

Փռել եմ դաշտերիդ

Հեռուներին չարքաշ,

Սիրտս զուռնա՛ շինել,

Գալիքների դհոլ…

Ի՞նչ էր բանաստեղծի ուզածը. ա՛յն, որ չլինի հանկարծ՝ իր երկիրը դուրս մնա առաջընթացի թեեւ դժվարին, բայց անհրաժեշտ քայլերից: Ու դա է պատճառը, որ նա հաստատակամորեն շարունակում է պնդել, համոզել, հասկացնել.

Հասկանո՞ւմ եք՝ հողմակոծ ու ժխոր

Օրերի գծերով երկաթե

Գնացքի նման մի դղորդ

Մոտենում է գալիքը թեժ:

…Պիտի գա՛… պիտի գա՛, պիտի գա՛

Երկաթի հզո՛ր զնգոցով —

Դեպի մեր խուղերը գորշաքար,

Դեպի մեր երկիրը քոսոտ:

Ստեղծագործական այս նոր կողմնորոշումը Չարենցին մղում էր ինքնավստահորեն ասելու. «Պոեզոզուռնան» ես իմ միակ գիրքն եմ համարում եւ՝ առաջին գիրքը Տերյանից հետո»: Չարենցն իրավացի էր նաեւ այն առումով, որ բերում էր միանգամայն նոր պատկերներ, անսովոր համեմատություններ ու փոխաբերություններ, ինչպես, օրինակ, այս տողերում.

Ինչ որ չի՛, չի՛ երազել

Դեռ ոչ մի պոետ աստղաբիբ.

Ուզո՞ւմ եք՝ որպես գնդասեղ

Արե՛ւը խրեմ փողկապիս,

Առնեմ, որպես սինի,

Երկինքը աստղերի խաղով —

Ու տանե՜մ այն հարսանիք,

Որպես միրգ մի ճութ խաղող:

«Երկիր Նաիրի»։ Իր ժողովրդի կյանքը նոր հուն մտցնելու ցանկությամբ Չարենցը գրեց նաեւ հայրենի քաղաքի՝ Կարսի վերջին տարիների պատմությանը նվիրված «Երկիր Նաիրի» վեպը: Կարսն այստեղ ե՛ւ իրական քաղաք է, ե՛ւ Հայաստանից հափշտակված հեռացող հայրենիքի խորհրդանշան: Գրվել է 1921-1924 թթ., 1922-1925 թթ. տպագրվել «Նորք» հանդեսում, 1926-ին՝ առանձին գրքով:

«Երկիր Նաիրին» բնույթով դրամատիկական եւ ողբերգական վեպ է՝ պարուրված երգիծանքի թեթեւ շղարշով: Դա մեծ հայրենասերի գիրք է՝ ինչպես Աբովյանի «Վերք …»-ը:

Վեպի նյութն Առաջին աշխարհամարտն է, Հայաստանի պատմաքաղաքական կացությունը, ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի երազանքը, դրան հաջորդող ամոթալի ու ծանր պարտությունները եւ այդ ամենին ուղղված գրողի հայացքը՝ արտաքուստ թվացյալ երգիծական, ներքուստ՝ սիրտ կեղեքելու աստիճանի ողբերգական:

Ամեն ինչ սկիզբ է առնում առասպելական անցյալից: Դարեր շարունակ թանձրացած կարոտն իրական հայրենիք է որոնում, բայց մնում է անթափանց մշուշ: Դա անցյալում ժողովրդի փայփայած երազանքն է, որին հիմա փոխարինել է նորաստեղծ պետականությունը, եւ դա ոչ իբրեւ «ուղեղային մորմոք», այլ՝ որպես իրական հայրենիք:

Վեպն սկսվում եւ ավարտվում է Կարս քաղաքի համայնապատկերի նկարագրությամբ: Բոլոր գործող անձանցով հանդերձ՝ վեպի գլխավոր «հերոսը» Կարսն է: Եվ պատահական չէ, որ շուրջ 60 նշանավոր ու աննշան կերպարներ ուրվագծելով՝ գրողը մեկ անգամ չէ, որ կրկնում է, թե իր վեպում հերոսներ չկան: Հերոսներ, իհարկե, կան, եւ այն էլ՝ ինչպիսի՜: Բայց Չարենցի հայեցակետն այնպիսին է, որ բոլոր հերոսներին ի մի է բերում քաղաքի պատմության մեջ:

Առաջին գլուխը վերնագրված է «Քաղաքը եւ բնակիչները»: Խորհրդավոր մոգականության հասնող մի ծիսակատարությամբ հեղինակը նկարագրում է իր հայրենի քաղաքը՝ Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, Սլլան քարը, Ճգնավորի մատուռը: Հեքիաթն ու իրականությունը խառնվում են այնպիսի առասպելական պատմությունների մեջ, որ քաղաքի հիշյալ տեսարժան վայրերի նկարագրությամբ ասես երեւում է նախընթաց բոլոր սերունդների կյանքի ուղին՝ նրանց հավատալիքներով ու սովորույթներով: Հիշատակվում են նաեւ այլ հրաշքներ՝ երկաթգիծը, հինգ հարկանի շենքը, որտեղ «մտնողի աչքերը… մթնում են սարսափից», եւ որտեղից ամեն ուղղությամբ տարածվում են «վճիռներ ու ճակատագրեր», ասիական բաղնիքները:

Քաղաքի կերպավորումով հանդերձ՝ ամենամեծ հրաշքը վեպի հերոսներն են՝ զարմանալի դիպուկ մականուններով: Ահա այդ պատկերաշարը հեղինակի բնութագրումներով. գեներալ Ալոշ՝ 80-նն անց պատկառելի մի նաիրցի, Մարուքե Դրաստամատյան՝ ծխական դպրոցի ուսուցիչ, որին մեկ այլ հերոս, ոչ առանց որոշակի վերաբերմունքի, ասում է Գրաստամատյան, Մեռելի Ենոք, որը, տուն ու տեղ չունենալու պատճառով, քնում է իր պատրաստած դագաղների մեջ, ընկեր Վառոդյան՝ «այսինքն Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն», պանդոկապան Բոչկա Նիկոլ, ամեն ինչից տեղեկություն ունեցող Տելեֆոն Սեթո, բժիշկ Սերգե Կասպարիչ… Եվ այդ բոլորի մեջ՝ «Լույս» նավթարդյանաբերական ընկերության ներկայացուցիչ, նաիրյան գործերի կառավարիչ Մազութի Համոն կամ Համազասպ Աստվածատրյանը, որը դեպքերի բերումով դառնում է վեպի գլխավոր դեմքը: Խաղաղ կյանքով ապրում է քաղաքը մինչեւ 1914 թ., երբ սկսվում է համաշխարհային պատերազմը:

Երկրորդ գլուխը վերնագրված է «Դեպի Նաիրի»: Քաղաքում բոլորն արդեն կիսաձայն խոսում են պատերազմի մասին: Ոչ ոք չի համարձակվում բոլորին հայտնի նորությունն ասել բարձրաձայն: Միակը Համոն է: «Պատերա՜զմ»,- հայտարարում է նա եւ ժողովրդին մղում հերոսամարտի: Նրա կողքին են Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը: Սրանց դեմ կանգնում եւ հայրենիքը փրկելու այլ ծրագրեր են առաջարկում Մարուքե Դրաստամատյանը, Կարո Դարայանը եւ օրիորդ Սաթոն` նրանք, ովքեր բոլշեւիկների ապազգային գաղափարներով բարոյալքեցին հայոց բանակը եւ, ի վերջո, անարգ թշնամուն հանձնեցին Կարսը: Բայց պատերազմը դեռ շարունակվում է: Նաիրյան ուժերով բեռնավոր կրկին ռազմաճակատ են մեկնում գնացքները. հայ կամավորները գնում են դարավոր ոսոխից ազատագրելու ավետյաց երկիրը: Այդպես էլ վերնագրված է վեպի երրորդ եւ վերջին գլուխը՝ «Երկիրը Նաիրի»:

1917 թ. Ռուսաստանում սկսված հեղափոխությունն ամեն ինչ խառնում է իրար:

Ռուսական զորքերը լքում են ճակատը եւ հայ կամավորներին մեն-մենակ թողնում դարավոր ոսոխի դեմ: Դաշնակցական եւ բոլշեւիկյան միջկուսակցական պայքարը ջլատում է նաեւ հայոց զորքերի դիմադրությունը. հետեւանքը լինում է Կարսի անկումը:

Կարսի լքված բերդում Մազութի Համոն ողբում է նաիրյան զորքերի պարտությունը, բայց այլեւս ոչ ոք չէր փրկելու ո՛չ նրան, ո՛չ էլ Կարսը: Ոսոխն անցել էր սահմանը եւ շարունակում էր տարիներ առաջ սկսած նախճիրը: Մազութի Համոն եւ նրա հետ մնացած մի քանի հավատարիմ մարդիկ գերի են ընկնում: Մինչ Համոն ողբում էր պարտության ամոթից, թշնամին նրան կախաղան է հանում եւ գլխավերեւում ցուցանակ փակցնում՝ «Մ. Հ. Ա. Ն.», որ նշանակում է՝ Մազութի Համո Արքա Նաիրի: Նույն կերպ Հիսուս Քրիստոսին խաչ հանողները Նրա գլխավերեւում համանման մի ցուցանակ փակցրին՝ «Հիսուս Նազովրեցի Արքա Հրեից»:

Դեպքերի ընթացքը թեեւ ավարտվում է, բայց վեպը դեռեւս շարունակվում է վերջաբանում, որտեղ Չարենցը որոնում է ժողովրդի եւ հայրենիքի պատմաքաղաքական ճակատագրի հաշտեցման եզրը, որպեսզի պատերազմի պատճառած ահավոր ողբերգություններից հետո գոնե մի կերպ հնարավոր լիներ ապրել այն հողի վրա, որ վաղնջական ժամանակներից մինչեւ այսօր կոչվում է Երկիր Նաիրի:

Չարենցի վեպում կա այսպիսի մի համեմատություն. «Ձիերը, քարացած նիոբեների նման, տեղում մնացին»: Վեպում Չարենցն ասես ի՛ր իսկ ակնարկած միոբեն լինի՝ հունական առասպելաբանությունից հայտնի, զավակներից զրկված մայրը՝ կերպարանափոխված արցունք թափող քարի: Ու թեեւ նա այդ արցունքների միջից երբեմն թախծաժպիտ հայացք է ուղղում մարդկանց, սակայն դա չի նշանակում, թե նա մոռացել է իր քաղաքի զավակների սպանդը:

«Երկիր Նաիրի» վեպը պատմաքաղաքական իրադարձությունների հավաստի վերարտադրության եւ գեղարվեստական բարձր վարպետության արտահայտություն է:

Չարենցը կարողացել է խտացնել 1910-ական թթ. հայ ժողովրդին պաշարած ճակատագրական իրողությունները, բացահայտել քաղաքական ուժերի գործունեությունը եւ պատկերել հայրենիքի իրական պատմությունը:

Գեղարվեստական առանձնահատկություններով «Երկիր Նաիրին» վեպի միանգամայն նոր տեսակ է: Նոր էին ե՛ւ պատումը, ե՛ւ ոճը, ե՛ւ լեզուն, ե՛ւ կառուցվածքը, ե՛ւ հերոսների կերպավորման արվեստը, ե՛ւ ամեն ինչ քաղաքի ընդհանուր ուրվանկարի մեջ միավորելու վարպետությունը:

Շարունակելի

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s