Վերջերս Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել էր մի ցուցահանդես, որն արվեստասեր հանրության համար իրավամբ հաճելի անակնկալ էր։ Խոսքս վերաբերում է Արեգ Էլիբեկյանի գեղանկարչական գործերի ցուցադրությանը։
Երբ գնում էի ծանոթանալու Արեգ Էլիբեկյանի գործերին, փոքր-ինչ վախ ունեի, վախ, որ նա կարող էր զերծ չլինել իր մեծանուն հոր՝ Ռոբերտ Էլիբեկյանի ազդեցությունից։ Սակայն իմ տեսադաշտում հայտնված առաջին իսկ գործերն անմիջապես ցրեցին մտահոգությունս։ Իմ առջեւ միանգամայն ինքնատիպ, սեփական ոճ ու մտածելակերպ ունեցող մի նկարիչ է, ով անկեղծորեն ու անմիջականորեն փորձում է իր տեսածն ու ընկալածը կտավին հանձնել՝ առանց ավելորդ ու անհարկի էֆեկտների, պինդ ու ամուր ձեռագրով, գույն ու գծի խիստ ներդաշն ու հասուն լուծումներով, գեղարվեստական ընկալումների սեփական հայեցակարգով, կերպավորման ու արտահայտչամիջոցների որոնման ինքնուրույնությամբ՝ դույզն-ինչ չկրկնելով տաղանդաշատ իր նախորդներից որեւէ մեկին։
Ծնվել է Երեւանում 1970 թվականին, 1992-ին ավարտել Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Դեռեւս ուսանողական տարիներից մասնակցել սկզբում երիտասարդական, ապա նաեւ հանրապետական ցուցահանդեսներին։
Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո մեկնել է Կանադա, այժմ ապրում, աշխատում եւ ստեղծագործում է Մոնրեալ քաղաքում։ Ունի անհատական նկարչական ստուդիա, դասավանդում է նաեւ Մոնրեալի Գեղեցիկ արվեստների թանգարանում։ 2004 թվականից պարբերաբար մասնակցել է Կանդայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ Երեւանում կազմակերպված խմբակային ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Մոնրեալում, Բեյրութում, Փարիզում, Անվերում (Բելգիա), Բրյուսելում, Երեւանում եւ այլ քաղաքներում։
Ասելիքը կենտրոնացնելով հիմնականում քաղաքային տեսարանների՝ իր գեղարվաստական ընկալումներին հարազատ դրվագների՝ մարդաշատ փողոցների, սրճարանների, բակերի, պուրակների վրա՝ նկարիչը ե՛ւ ընդհանրացնում է պատկերվածն ու երեւույթը, ե՛ւ անհատականացնում՝ երկու դեպքում էլ մնալով միանգամայն համոզիչ ու անկեղծ։ Նրա այս կարգի գործերում ֆիգուրները, մեկտեղվելով հանդերձ, ունեն միանգամայն ինքնուրույն հնչեղություն. յուրաքանչյուրն իր ներսում ընդգծված անհատականության կրող է՝ իր հոգս ու ապրումի մեջ, առօրյա եռուզեռում վաղվա իր տեսլականին փարված։ Մեծ քաղաքներին բնորոշ օտարոտի մթնոլորտը, մարդաշատությունն ու ուրբանիզացիան, շնորհիվ սառը ու տաք գույների ճշգրիտ ու ներդաշն համադրությունների, շնորհիվ ռիթմի հավասարակշիռ, բայց եւ ներքին լարվածությամբ շնչող հագեցվածության, նկարչի կտավներում դարձել են խիստ առինքնող՝ պահի ու ժամանակի դիպուկ արտահայտչական կնիքով, գեղարվեստական ինքնատիպ մեկնաբանությամբ, ճշգրիտ գտնված արտահայտչամիջոցների նուրբ ու հատու խաղերով, թանձր, բայց ամենեւին չճնշող, օդառատ գունային լուծումներով։
Արեգ Էլիբեկյանի արվեստում առանձնակի տեղ ունեն ջրային տարածքների վրա ձգվող քաղաքային կամուրջները։ Այս գործերում գիծը, գույնը, երանգը չեն ճչում, չեն աղմկում, այլ հանդարտ ու մեղմաշրշյուն սահում են կտավի մակերեսով եւ դիտողին ստիպում ընկղմվել խոհականի ու բանաստեղծականի՝ ներքին լույսով հագեցված հարուստ աշխարհը՝ հակադրության մեջ դնելով հոսող ջրի վայրկենական գուներանգները կամրջի վրայով անցնող մարդկանց պլաստիկական ձեւերի, հեռվից երեւացող շենքերի ու շինությունների հակադարձումների հետ։ Գունախաղերի համադրումներով ստեղծված վաղանցիկության ու մշտակայության այդ հոգեբանական շղթան Արեգի նախասիրած թեմաներից մեկին՝ կամուրջներին հաղորդում է զարմանալի հնչեղություն, ինչ-որ տեղ այլաբանական ու խորհրդանշական լիցքավորում։ Չէ՞ որ կամուրջ հասկացությունը մի վիճակից մյուսին անցնելու փորձություն է, որտեղ գտածն ու կորցրածը որոշվում են այդ անցումն իրականացնելուց հետո։ Այս փորձությունն Արեգը սքանչելիորեն հաղթահարել է ձեւերի էքսպրեսիվ լուծումներով, մարդու ու բնության արարչական քանքարի զուգորդումի միանգամայն յուրօրինակ մեկնաբանությամբ։
Նկարչի գործերն ամբողջությամբ առաջին հայացքից դիտողին գերում են իրենց զարմանալի խաղաղությամբ, զարմանալի այն անդորրով, որ հաճախ ստիպում է մարդուն կտրվել դարի, ժամանակի ու քաղաքների աղմկոտ ռիթմից եւ ըմբոշխնել մենության փիլիսոփայական ենթատեքստերի խոհն ու ապրումը, մարդու եւ բնության չմիջնորդավորված երկխոսությունն անցավորի ու անանցի մշտնջենական գոյակցության մտորումներում։ Նրա պատկերներն ու կերպարներն ասես խոսում են իրենք իրենց հետ՝ լուռ ու անհաղորդ։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Խորքում չափազանց խոսուն են՝ միայն առանց արտաքին ճնշման։ Սա հոգեբանական մի մեթոդ է, երբ նկարիչը փորձում է դիտողին դարձնել պատկերի, տեսարանի գործող անձը՝ փոխանցելով նրան իր մտահղացման ներքին լարվածության նրբությունները, հույզերի ներքին, հոգեբանական տարանցումների ելեւէջները։ Այս առումով խիստ շահեկան են նկարչի առավելապես ձմեռային եւ աշնանային բնապատկերները, որոնք կատարված են անմիջական տպավորության տակ։ Այստեղ հետաքրքիր են այն զուգորդումներն ու հակադրությունները, որոնք առկա են կանադական, փարիզյան ու երեւանյան բնապատկերներում, ուր նկարիչը գունային նուրբ խաղերի միջոցով փորձել է մի կողմից շեշտել նմանությունները, մյուս կողմից՝ տարբերությունները, որոնք առանձնանում են շահեկան դիպուկությամբ։
Անշուշտ դժվար է թերթային այս փոքրիկ հոդվածում մանրազնին վերլուծել Արեգ Էլիբեկյանի արվեստի ողջ հենքն ու առանձնահատկությունները, ազդեցություններն ու նորամուծությունները, սակայն այն, ինչ կարող են հաստատապես փաստել, այն է, որ Էլիբեկյան գերդաստանը շարունակում է կերպարվեստում թողնել նոր ու վառ անուններ։
Աստղիկ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s