ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

Սկիզբը՝ 2011 Սեպտ. Բ

«ԿՈՐԱԾ ՈՉԽԱՐԻ ԵՎ ԿՈՐԱԾ ԴՐԱՄԻ ԱՌԱԿՆԵՐԸ»

(Ղուկ. ԺԵ 1-10, Մատթ. ԺԸ 12-14)

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Տե՛ր հայր, մարդ արարածը, անգամ ի սրտե զղջալուց ու ապաշխարելուց հետո, իր տկարության պատճառով դարձյալ կարող է սայթաքել ու նույն մեղքի մեջ հայտնվել, քանի որ, ինչպես գիտենք, սատանան մարդուն ավելի շատ եւ առավել սուր նետերով փորձում է առ Աստված դառնալուց հետո։ Ուրեմն՝ մարդն ավելի խոցելի՞ է դառնում՝ Աստծուն գտնելով։

— Ճիշտ կլինի ասել՝ ոչ թե խոցելի, այլ սատանայի համար թիրախ, նշանակետ։ Սրանք տարբեր բաներ են։ Որովհետեւ երբ մարդ դառնում է առ Աստված, ընդհակառակը, նա պահպանության պարիսպներով է շրջապատվում Աստծու օրհնությամբ, հետեւաբար պակաս խոցելի է դառնում սատանայից, ինչի պատճառով էլ դառնում է թիրախ։ Հեշտ խոցելի մեկը, ուրեմն, խնդիր չէ սատանայի համար, այլ՝ դարձի եկածը։ Այսինքն՝ սատանան իր ողջ զինանոցը կենտրոնացնում է այն օջախի վրա, որը չի կարողանում նվաճել։ Սա շատ առարկայական օրինակով էլ կարելի է բացատրել։ Պատկերացրեք՝ մի ազգ նվաճել է մյուսին, սակայն որոշ անառիկ բարձունքներ մնացել են աննվաճ. պարզ է, որ նա առանձնապես ուշադրություն չի դարձնելու արդեն նվաճած տարածքների վրա, այլ ողջ ուժերով պիտի գրոհի անառիկ մնացած բարձունքները։ Նույնատիպ իրավիճակ է ստեղծվում սատանայի եւ այլեւս Աստծուն դարձած անձի միջեւ. սատանան կորցրել է իշխանությունը, պարտություն է կրել, սակայն իբրեւ կատաղած շուն, իբրեւ հին օձ, իբրեւ Աստծու ոխերիմ թշնամի՝ մշտապես պիտի աշխատի այլեւայլ, նոր հնարքներով, աննկատ կերպով, նենգաբար, խորամանկորեն իր ծուղակը գցել մարդուն։ Եվ հենց այստեղ է, որ գործի է դրվում աջակողմյան շեղման «մեքենան»։ Ընդհանրապես հոգեւոր կյանքը շատ բարդ ընթացք է. հազար ու մի հարցեր կան, անդադար ընտրության խնդիր կա։ Եվ այդ ընտրության մեջ միշտ չէ, որ հավատացյալ մարդը կարողանում է ճիշտ կողմնորոշվել։ Թերեւս, մարդը սրտանց ուզում է Աստծու ճանապահով ընթանալ եւ չշեղվել, բայց երբեմն ուղղակի չի կարողանում ճիշտ ընտրություն կատարել, ճիշտ որոշում կայացնել։ Եվ հենց նման իրավիճակներում է, որ սաստկանում է չարի հարձակման թափը՝ նորանոր հնարքներով։ Եվ հենց այստե՛ղ է պետք մարդու՝ առ Աստված ձգտումը, աստվածպաշտությունը, աստվածճանաչողությունը, Աստծու խոսքի իմացությունը եւ անսասան հավատքը, որպեսզի չարի խայծը կուլ չտա։

— Ուրեմն ՝ եթե բարդ ընտրության առաջ ենք կանգնած, միշտ պետք է մտածե՞նք՝ ինչպես Սուրբ Գիրքը կթելեդրեր, կամ ինչպես կկամենար Տերը, որ անեի այս իրավիճակում…

— Եթե միայն մտածենք, թե ինչպես կկամենար Տերը, թերեւս նաեւ սխալվենք։ Մինչեւ Քրիստոսի գալուստը հրեա ժողովուրդը բոլորովին այլ պատկերացում ուներ Մեսիայի՝ Փրկչի մասին։ Որեւէ մեկը չէր պատկերացնում, որ Նա գալու է խոնարհությամբ։ Եթե Նա որոշեր թագավոր դառնալ, հրեաները թերեւս ընդունեին Նրան՝ որպես առաջնորդ արքայի, ով իրենց պիտի ազատեր հռոմեական լծից։ Բայց իրենց հույսերը չարդարացան, որովհետեւ Քրիստոսը հայտնվեց խոնարհությամբ, ըմբոստության ու պատերազմի փոխարեն ապաշխարության, սեփական մեղքերի դե՛մ պատերազմի կոչեց։

Այսօր էլ, թերեւս, շատերը չկարողանային հասկանալ այդ ամենը։ Բայց հենց այստեղ է, որ օգնության է հասնում Մայր Եկեղեցու 2000-ամյա սրբազան ընթացքը։ Ինչո՞ւ. որովհետեւ նա (Եկեղեցին) Քրիստոսի խոսքն ու գործը իր կյանքի մեջ լիարժեքորեն իրականացրել է եւ ուրեմն՝ ունի փորձառությամբ սնված իմաստություն, ինչն անսխալորեն կարող է օգնել ամեն մեկիս, երբ կանգնած ենք դժվար ընտրության առաջ։

— Նախանձ, հպարտություն, չարակամություն, կեղծավորություն… փարիսեցիներին բնորոշ այս մոլորություններն ու շեղումները պակաս վտանգավոր չեն, քան, ասենք, հեթանոսների եւ տգետների՝ հաճախ ակամա գործած մեղքերը, այսպես կոչված՝ ձախակողմյան մեղքերը։ Գուցե հրեաներն ավելի շա՞տ ունեին կարիքը Տիրոջ քարոզների եւ ուշադրության։ Մինչդեռ չապաշխարեցին եւ այդպես չապաշխարելով էլ՝ խաչը հանեցին Տիրոջը։

— Այն, ինչն ակնարկում եք, բացառապես հոգեւոր կեցվածքի խնդիր է եւ որեւէ կապ չունի շատ կամ քիչ քարոզելու հետ, այլ միայն՝ կամեցողության ու խոնարհության։ Թող որեւէ մեկը չմտածի, թե Քրիստոսը փարիսեցիներին չքարոզեց կամ չուզեց քարոզել։ Ճիշտ հակառակը. մեկ անգամ չէ, որ Նա ասաց, թե Ինքը եկել է՝ Իսրայելի տան կորած ոչխարը գտնելու։ Այսինքն՝ Իր առաքելությունը Քրիստոսն իրագործեց առաջին հերթին հրեա ազգի մեջ եւ նրա համար։ Նրա սիրտն ամենից շատ ցավում էր Իր ազգակիցների համար, ու պատահական չէ, որ Իր աշակերտներին եւս նախ Իսրայելի քաղաքներն ուղարկեց։ Սակայն Քրիստոսը պարզորոշ տեսնում էր, որ ոսկու եւ շքեղության մեջ փայլող՝ Աստծու քաղաքի ճակատը մահվան դրոշմով էր կնքված։ Եվ Նա նույնիսկ լաց եղավ Երուսաղեմի վրա, քանզի տեսավ, որ քարը քարի վրա չպիտի մնա։ Անգամ Գողգոթայի ճանապարհին, երբ կանայք «կոծում էին ու ողբում Նրան», Նա պատասխանեց. «Երուսաղեմի՛ դուստրեր, ինձ վրա լաց մի՛ եղեք, այլ լաց եղեք ձեր եւ ձեր որդիների վրա» (Ղուկ. ԻԳ 28)։ Սակայն այդ պահին այդ սերնդին առաջնորդող մարդիկ այլեւս գրեթե հավատքն ուրացած մարդիկ էին, ովքեր կույր մոլեռանդությամբ իրենց հոգու աչքերը կուրացրած, իրենց ականջները խցած՝ չուզեցին տեսնել, որ իրենց մեջ հայտնվել է Աստծու Որդին, չուզեցին լսել Հիսուսի ապաշխարության եւ հոգեւոր արթնության կոչող քարոզները։ Նրանք տեսնում էին Տիրոջ սուրբ կյանքը, տեսնում էին բազմաթիվ հրաշքները։ Տեսնում ու… չէին տեսնում։ Հետեւաբար իրենց համար տեսնելու, լսելու կամ հասկանալու խնդիր չկար, այլ միայն կամեցողության, ինչի փոխարեն տեսնում ենք անապաշխար, խստասիրտ ու թշնամական մի կեցվածք, որն ուրացություն էր Աստծու դեմ։ Եվ այս ամենի հետ՝ կեղծավորությունը, որի հետեւանքները հեթանոսների գործած մեղքերից պակաս վտանգավոր ու ավելի թեթեւ չէին։

— Աստված սպասում է յուրաքանչյուրիս դարձին եւ անկեղծ զղջմանը։ Սակայն, ցավոք, մեղավոր մարդն իր ազատ կամքով հաճախ համառում է մեղքի մեջ եւ չանսալով աստվածային կանչին՝ շարունակում է իր մեղավոր ընթացքը։

Տե՛ր հայր, որքա՞ն կարող է ողորմած, բարեգութ, սակայն արդարադատ Աստված հանդուրժել մեղավորի չարագործությունները կամ, առակի լեզվով ասելով, որքա՞ն կարող է փնտրել կորուսյալ, մեղավոր մարդուն՝ Իր «մոլորված ոչխարին»։

— Քանի դեռ մարդն այս կյանքում է, Աստված դեռ հույս ունի եւ սպասում է նրա դարձին։ Եվ ոչ թե ուղղակի սպասում է, այլ մշտապես այցելում է ցանկացած մեղավորի, փնտրում նրա դարձը, որովհետեւ բոլորին էլ Ի՛նքն ստեղծեց։ Սակայն երբ մարդն իր ողջ կյանքում այդպես էլ մնաց անզեղջ, մնաց թշնամական կեցվածքի մեջ, ապա իր համար այլեւս գթության պաշարն սպառվեց, ի՛նքն սպառեց՝ իր իսկ չար ընտրությամբ։ Դրա համար Քրիստոսն ասում է. «Երբ որ մարդու Որդին գա, այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն… բայց այլեւս ողորմություն չի լինելու» (տե՛ս Մատթ. ԻԴ 30, ԻԵ 31-45)։ Այնպես որ՝ Աստված ամեն ինչ արեց մարդու փրկության համար, Իր Սրբազան Որդուն զոհաբերեց մեզ՝ անարժաններիս համար։ Մնաց մարդու ընտրությունը։ Խե՜ղճ մարդ. ունի ազատ կամք եւ պիտի կողմնորոշվի… Բայց գոնե մեր ժողովրդի զավակների համար չպետք է այդքան դժվար լինի ճիշտ ընտրությունը։ Ինչո՞ւ. որովհետեւ մեր նախահայրերն արյուն են տվել այդ սրբազան հավատքի համար, դարեր շարունակ Քրիստոսին խաչակից են եղել։ Եղել են ա՛յն «կորուսյալ ոչխարը», որը երկրագնդի բոլոր ազգերի մեջ առաջինը դարձի եկավ՝ բարի օրինակ դառնալով մյուսների համար, այն մոլորյալը, որի գտնվելը պայմանավորված էր ոչ միայն Փնտրողի ջանքերով, այլեւ գտնվողի իմաստուն եւ խոնարհ կամեցողությամբ, վերջապես՝ այն գտնվածը, որն այլեւս ետ չնայեց, չխոտորվեց, չերերաց ու չկասկածեց, այլ հավատարիմ մնաց իր սրբազան հավատքին ու բոլորիս Արարչին՝ Ամենասուրբ Տիրոջ օրհնությամբ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s