Սկիզբը՝ 2011 Հուլիս Բ-Սեպտ. Բ

Ավետիքը վարում էր խոհեմ եւ խաղաղասեր քաղաքականություն։ Հակինթոսի հետ ավելի մտերմացավ Ադրիանուպոլսում։ Նա կարողացավ առանց Ֆեյզուլլահի կասկածներն արթնացնելու՝ լատինների հետ կարգավորել հարաբերությունները։ Դեսպանն էլ սկսեց վստահել Ավետիքին, որին առաջ որպես լատինների հալածիչ գիտեր։ 1702 թվի մարտի 11-ին նա հավաստում է, որ Ավետիքը հայերին խաղաղության հորդորներ է կարդում, իսկ հունիսի 8-ին հայտարարում, որ կաթոլիկների հալածանքը բոլորովին վերջ է գտել։ Ավետիքն այդ ամբողջ շրջանում գտնվում էր Ադրիանուպոլսում, որը վերածվել էր փաստական մայրաքաղաքի, քանի որ այստեղ էին սուլթանը, մեծ վեզիրը եւ դենպետը։ Նա Կ. Պոլսում փոխանորդ էր նշանակել Հովհաննես Ամասիացի վարդապետին։ Այդ օրերին մայրաքաղաք է գալիս Սսի կաթողիկոս Մատթեոս Կեսարացին, որը հայտնի է նաեւ Սարի մականունով։ Նա 1694 թվին Կ. Պոլսի պատրիարքությունից անցել էր Սսի կաթողիկոսություն եւ արդեն յոթ տարի պաշտոնավարում էր, երբ կրկին մեջտեղ ելավ բերիացիների պառակտումը՝ Պետրոս Բերիացու հրահրմամբ։ Վերջինս նստեց Բերիայում՝ իբրեւ Սսի հակաթոռ, սակայն Մատթեոսը հանձն չառավ բաժանել կաթողիկոսական իրավասությունը, ինչը եղել էր Խաչատուրի եւ Դավթի միջեւ։ Մրցակցին ընկճելու համար նա մայրաքաղաք եկավ, բայց պատրիարքական աթոռի շփոթի պատճառով մեծ արդյունքի չհասավ։ Սպասելով հարմար առիթի՝ նա շարունակում էր մնալ Կ. Պոլսում։

Այդ օրերին մայրաքաղաք են գալիս Երուսաղեմի վանքի չորս միաբաններ, որոնց ժողովով քշել էր Մինաս Ամդեցին, որը գրել էր Ավետիքին, որ նրանց շատ ականջ չդնի։ Նա ոչինչ չարեց, իսկ չորս միաբանները հրապարակավ սկսեցին Մինաս պատրիարքին մեղադրել զանազան զեղծումների մեջ, թե իբր նա վանքը գցել է պարտքերի տակ, ծախել է կալվածները, իսկ սպասքն ուղարկել է Կ. Պոլիս՝ դրանք դնելով անգլիացի վաճառականի մոտ։ Մատթեոսն օգտվեց դրանից եւ իր կողմը գրավեց այդ վարդապետներին, նրանց խոսեցրեց ժողովական հավաքում՝ նպատակ ունենալով տիրել Երուսաղեմի պատրիարքությանը։ Քանի որ նա կաթողիկոս էր, ապա Եղիազարի պես կարող էր բարձր դիրքի հասնել։

Ավետիքը վարդապետներին կանչեց Ադրիանուպոլիս եւ նրանց չարախոսությունները հավաքեց։ Դրանից հետո նա մի կողմից սաստում էր Մատթեոսին, բայց միաժամանակ կառավարության առաջ բարձրացնում էր Մինասի պաշտոնանկության հարցը։ Նա, Ֆեյզուլլահի աջակցությունն ունենալով, կամենում էր ինքը հաջորդել Մինասին՝ առանց հրաժարվելու Կ. Պոլսի պատրիարքությունից։ 1702-ի հուլիսի 13-ին տեղի ունեցավ այս երկու աթոռների միացումը։ Ավետիքը հասավ իր փառասիրական ձգտումներին, ինչը բնավ չէր բխում Հայոց Եկեղեցու շահերից։ Դրան հետեւեցին բազմաթիվ շփոթներ։

Երուսաղեմի աթոռն այդ միացումից մեծապես տուժեց։ Դրա հետեւանքով վանքի մատակարարությունն անցավ աշխարհիկների ձեռքը։ Պաշտոնյան կոչվում էր նազր եւ մյութեւելլի, իսկ երբեմն՝ պապա։ Այդ ժամանակ այդ պաշտոնն զբաղեցնում էր հռչակավոր պապա Մինասը։ Ավետիքը նրա պաշտոնին չդիպավ եւ իր կողմից նրան փոխանորդ նշանակեց ոմն Կարապետին՝ նազր պաշտոնով, եւ արքունի հրովարտակով ուղարկեց Երուսաղեմ։ Նա հանձնարարել էր Կարապետին, որ Մինասի հետ Մինաս վարդապետին բանտարկեն։ Ավետիք պատրիարքն էլ գրում է, որ դա արքունի հրովարտակով էր, իսկ ինքը խնդրել է, որ նա վանքում մնա։ Կարապետը տեղ հասնելով հրապարակեց հրովարտակները, պաշտոնանկ արեց Մինաս պատրիարքին եւ խիստ քննության ենթարկել տվեց պատրիարքի հաշիվները։ Մինաս Ամդեցին պատշաճ բացատրություններ տվեց, այնպես որ նրան մեղավոր ճանաչելու համար նույնիսկ կաթոլիկության կամ ֆրանկության մասին խնդիրները հարթվեցին։ Ավետիքը Երուսաղեմ ուղարկեց Հովհաննես Ամասիացուն եւ դատավորին հրաման ուղարկեց, որ նոր եւ խիստ քննություններ կատարվեն։ Դատավորը կանչեց այլազգի մեծամեծներին, լատինների, հույների, ասորիների փոխանորդներին, Սբ Հակոբի վանքի միաբաններին, որոնք միաձայն՝ Մինասի համար նպաստավոր վկայություն տվեցին։ Դրանց համաձայն՝ վճիռ կայացվեց եւ Կ. Պոլիս ուղարկվեց։ Մինասի վիճակը մեղմացավ, բայց պաշտոնանկությունը մնաց։ Մատակարարման գործերն անցան նազր Կարապետի, իսկ վանական գործերը՝ վեքիր Հովհաննեսի ձեռքը։ Սրանց խնդիրն ամեն գնով գումար ձեռք գցելն էր եւ իրենց գլխավորին հասցնելը։ Մինասը մեկ տարի անց՝ 1703 թ. ամռանը, գնաց Կ. Պոլիս՝ փորձելու ինչ-որ բան անել իր եւ պատրիարքության համար։

Ինչ վերաբերում է Ավետիքին, նա համարձակ փորձեց ջնջել ֆրանկացյալների ձեռնարկը, սակայն մշտապես հաշտարար քաղաքականություն էր վարելում օտարների հետ։ Նրա գործունեությունն առաջ բերեց դժգոհություն, եւ չորս անձինք՝ Երեմիա Սահապայանը, Հովհաննես եւ Հարություն Թյուլթելօղլիները եւ Նիկողոս Էսքերօղլին, դիմում գրեցին՝ նրան պաշտոնանկ անելու համար, բայց Ֆեյզուլլահը հենց նրանց թիարանի դատապարտեց։ Ավետիքը, Երուսաղեմի պատրիարք դառնալուց շատ չանցած, Ադրիանուպոլսից եկավ մայրաքաղաք, որտեղ Մաքրիհորիա գյուղում նրան մեծ բազմություն դիմավորեց՝ Մատթեոս Սարի կաթողիկոսի գլխավորությամբ։ Նա քաղաք եկավ այնպիսի հանդիսավորությամբ, ինչպիսին չէր եղել եւ ոչ մի պատրիարքի ժամանակ։ Նրա բացակայության շրջանում թիարանից ազատվել էին ադրիանուպոլսեցի երեք քահանաները։ Նրանց ազատվելն Ավետիքը համարում էր իր ծառայությունը, իսկ այլ տեղեկություններով՝ փոխանորդ Ամասիացու։ Ավետիքի գալով՝ սրանք սարսափահար փախան Վեղարավոր ֆրանցիսկյան վանքը, որտեղ գտնվում էր նաեւ Մխիթար Սեբաստացին։ Ավետիքը, մեծ խնջույքներ կազմակերպելով, կարգավորեց իր գործերը Վեղարավորի ֆրանցսկյան մեծավոր Հակինթոսի հետ, իսկ նրա միջոցով էլ ձեռք բերեց դեսպան Ֆերիոլի վստահությունը։ Միաժամանակ նա ֆրանկության պատրվակով հալածում էր շատերին՝ Պրուսայի առաջնորդ Սուքիաս եպիսկոպոսին, անհայտ անունով մի ավագերեցի, բազմաթիվ երեցների եւ երեւելի իշխանավորների։ Նա նրանց սպառնում էր բանտարկությամբ եւ հետո տուգանք ստանալով՝ ներում էր։ Այս ամենը ցույց են տալիս, թե իրականում ինչպիսի անձ էր Ավետիք պատրիարքը։ Իր մի շարք քայլերով նա ձեռք բերեց ժողովրդի համակրանքը, իսկ տուժածները միավորվելով բողոքներ էին ուղղում մեծ վեզիրի տեղակալին։ Սակայն նա, Ֆեյզուլլահի հրամանով, դժգոհներին բանտարկում էր կամ տուգանում։

Այդ ժամանակ էր, որ Հովհաննես Ամասիացին ուղարկվեց Երուսաղեմ, իսկ Կ. Պոլսի պատրիարքի փոխանորդ նշանակվեց Հովհաննես Զմյուռնիացի վարդապետը։ Օգտվելով Հակինթոսի վրա ունեցած ազդեցությունից՝ Ավետիքն առաջարկեց փոխադարձ հաշտարար հարաբերությունների պայմանագիր կնքել եւ խնդրեց, որ լատիններն էլ մասնակցեն արվելիք ծախսերին, չպաշտպանեն իրենց ապավինած Մխիթար Սեբաստացուն եւ երեք քահանաներին, որը կնպաստի թշնամությանը։ Նա խոստացավ նրանց լավ ընդունելություն ցույց տալ, երբ նրանք իրեն դիմեն։ Նա նույնիսկ Հակինթոսի միջոցով սիրալիր նամակ ուղարկեց Մխիթար Սեբաստացուն՝ խոստանալով նրան բարձր պատիվների արժանացնել եւ պատրիարքության մեծ գործերի գլուխ կանգնեցնել։

Հակինթոսը, դրանից ոգեւորված, իր մոտ ապաստանածներին առաջարկեց վստահորեն գնալ պատրիարքի մոտ, քանի որ նրանց իր վանքում այլեւս պահել չէր կարող։ Նույն կարծիքին էր նաեւ դեսպան Ֆերիոլը։ Երեք քահանաները գնացին պատրիարքի մոտ եւ խաղաղությամբ ընդունվեցին նրա կողմից, սակայն Մխիթար Սեբաստացին սկզբում քաշվեց մի անծանոթ տուն, բայց այնտեղ էլ իրեն ապահով չզգալով՝ թաքնվում էր այս կամ այն առաստաղի տակ։ Երբ Մխիթարը չներկայացավ, Ավետիքը կարգադրեց խուզարկություններ կատարել։ Դա միանգամայն հասկանալի գործողություն էր՝ անարգված պատրիարքի պարագայում։ Իսկ Մխիթարը՝ վաճառականի հագուստով, օտարազգիների օժանդակությամբ նավ է նստում եւ մեկնում Զմյուռնիա։ Նա սկզբում հաստատվում է վաճառականների պանդոկում, հետո իջեւանում ճիզվիտների մոտ, բայց իրեն ապահով չի զգում։ Վախենալով Ավետիքի հետապնդումներից՝ նա նավով ուղեւորվում է Վենետիկ։ Նավը նրան ափ է հանում Զակյունթիա կամ Զանթա կղզում, որը հեռու էր Մխիթարի նպատակների վայրից։ Նրա մեկնումը կատարվեց 1702 թվի սեպտեմբերին։ Զանթայում նա մնաց մինչեւ 1703 թվի փետրվարը։

Մխիթարի նպատակը Լիբանանի մարոնականների մոտ գնալն էր։ Մարոնիտներն ազատ վարչության եւ պատրիարքության իրավունք ունեին։ Նրանք կաթոլիկությանը հարել էին մեկ դար առաջ՝ Գրիգոր ԺԳ պապի օրոք։ 1701 թվին Սբ Եղիսեի մայրավանքում, որը մարոնականների Սբ Ձորում էր, առաջնորդ էր ընտրվել Աբդուլլահը։ Արաբ քրիստոնյաների այդ քայլը՝ կաթոլիկանալը, մեծ ազդեցություն է թողնում հայազգի չորս եղբայրների վրա, որոնք կամենում են նույնպիսի՝ հայկական հաստատություն ստեղծել մարոնականների հովանավորության ներքո։ Այդ չորս եղբայրները որդիներն էին Մուրադի եւ թոռները՝ Հովսեփի, որը Պարսկաստանի կողմերից գաղթել էր Բերիա կամ Հալեպ՝ մի կես դար առաջ, եւ չի բացառվում, որ նա ունիթոր ջահկեցիներից էր։ Ավագ եղբայրն Աբրահամն էր՝ մի խոշոր առեւտրական տան գլուխ, այլ խոսքով՝ փերեզակ։ Նա Բերիայից եկել էր Լիբանան՝ իր կրոնական ձեռնարկի համար տեղեկություններ հավաքելու եւ Աբդուլլահի հետ խորհրդակցելու համար։ Թերեւս այդ մասին Մխիթար Սեբաստացին լսել էր կամ Բերիայում ծանոթացել էր Մուրադյան եղբայրների հետ։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s