Սկիզբը՝ 2011 Սեպտ. Բ

Շահնուրն այն համոզմանն էր, որ միայն ուժեղ ազգերը կարող են իրենց թույլ տալ խոսել սեփական թերությունների եւ վարընթացի մասին: Իր վեպին տրված վերնագիրը՝ «Նահանջը առանց երգի», արդեն այդ մտայնության արտահայտությունն է` նահանջ առանց դիմադրության, նահանջ առանց ընդվզման, ասել է թե` առանց երգի դեպի «դալկոտ ապագան»: Վեպն իրոք «խոսում է» ու «վկայում» այդ վարընթացը: Այն մի վավերաթուղթ է տարագրության ճամփաները բռնած ինչպես ողջ սփյուռքահայության, այնպես էլ ամեն մի հայի ինքնաձուլման մասին: Վեպում ազդու է հնչում նահանջի ահազանգը. «Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր: Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն: Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, մեղա՜յ, մեղա՜յ Արարատին»:

Շահնուրն իր վեպում բացահայտում է մեր տխուր պատմության ողբերգական մի շարք շերտեր, ընդգծում դրանց ծագման ու զարգացման պատճառահետեւան֊ քային կապերը, մերժում բոլոր այն մարդկանց ու կազմակերպությունների գործը, որոնք «նախապատրաստեցին» ազգի` «պարտության այդ զառիթափին վրա գտնվելու» վիճակը, նախնի հայ թագավորներին` իրենց անիմաստ վարքի, կրոնա֊ վոր֊ ներին` իրենց դոգմատիկ գաղափարախոսության, ազգային կուսակցություն֊ ներին` իրենց անհեռատես գործունեության, «ազգի պետերին»` անձեռնահասության համար: Թշնամին թշնամի էր ու իր թշնամությունն արեց: Շահնուրի ասելիքն այն է, որ մենք էլ մեղքի մեր բաժինն ունեցանք:

Իհարկե նոր բան չէր Շահնուրի մոտեցումը: Նրանից առաջ նրա բարեկամ բանաստեղծ Վահան Թեքեյանն իր «Կենդանություն հայրենի» քերթվածում նույն իրողությունն է հաստատել.

Զմեզ օտարը խոցեց,

Խոցեցինք մենք ալ զմեզ:

Իրենց ազգային թերությունների ու վրիպումների մասին համաշխարհային գրականության մեջ անողոք են գրել նաեւ Ստենդալը, Բոդլերը, Գոգոլը, Հայնեն եւ շատ ուրիշներ: Ինչպես նրանց, այնպես էլ Շահնուրի նպատակադրումը մեկն է եղել` ձերբազատվել թերություններից: Տարբերությունն այն է, որ վերոհիշյալ մեծերի առջեւ ծառացած չի եղել իրենց ժողովրդի լինել-չլինելու խնդիրը:

Շահնուրը լավ գիտեր իր ընթերցողին: Տասնամյակներ շարունակ նրան սովորեցրել էին, թե գրականության կոչումն է անցյալի փառքերի տարփողումը: Ու թեեւ նրա վեպը շարունակում էր հայ գրականության առանձնահատկություններից մեկը` կյանքի բոլոր երեւույթների նկատմամբ քաղաքական ու ազգային հայացքի դրսեւորումը, որը բացատրվում է հայ ժողովրդի ազգային կյանքի խնդիրների դարավոր չլուծվածությամբ, Շահնուրը հակառակ ծայրից է մոտենում խնդրին. քննադատու֊ թյան ու արժեքների մերժման միջոցով է ջանում հասնել խնդրի լուծմանը: Այդ նպատակին նպաստում են նաեւ վեպի գեղարվեստական արժանիքները` լարված կոնֆլիկտ, սուր մենախոսություններ, հոգեկան բարդ կացություններ, պատումի դրամատիկական լիցք, կտրուկ ոճ, խոսքի ողբերգական շեշտադրումներ:

Վեպի արժանիքներից է եւ այն, որ հեղինակը սփյուռքահայության խառնաշփոթ, տարերային կյանքը «կանոնակարգում» է, ճանաչելի դարձնում, դրան զուգահեռ` ընդվզում ամեն կարգի հոգեւոր ու ազգային խեղճության դեմ, իր ընթերցողին ինքնավստահության մղում, որը խիստ արդիական էր դարձնում նրա ստեղծագործությունը, մարդկանց սնում հավատով ու հույսով, բաներ, որ պիտի աներ հայրենի հողը, եթե իհարկե լիներ…

Գաղթականությունը մի երեւույթ էր, որ ծայրագույն սրացման էր հասցնում մարդկանց զգացումները, խառնում հասարակություն ու սերունդներ:

Վեպն ուղղված էր մանավանդ 20-րդ դար թեւակոխած գաղթահայ երիտասարդությանը: Որքան էլ բարյացակամ լիներ ապաստան տված երկրի վերաբերմունքը, անշեղորեն գործում էր օտար բարքերի ապականիչ պարտադրանքը: Ամեն գաղթականի կողքից քայլում էր այլասերող մահը: Մարդկային լիարժեքության զգացողությունն օտար մի բան էր դարձել նրա համար: Նա կես մարդ էր` ոչ այն է հայ, ոչ այն է ֆրանսիացի, ամերիկացի կամ այն երկրացի, որտեղ ապրում էր: Գաղթականությունը, Շահնուրի լեզվով ասած, «աղի-լեղի» էր դարձնում ոչ միայն հայ մարդու կյանքը, այլեւ մտածողությունը (այդպիսի մտածողությամբ է Շահնուրը գրել իր վեպը): Եվ որքան էլ հայ գաղթականի համար չկար ու չէր կարող լինել «կարոտ», «աքսոր», «որբ» եւ հազարավոր այլ հայ բառերի համարժեքը օտար որեւէ լեզվում, որոնք լոկ բառեր չեն, այլ ճակատագիր ու ոգի, մորմոք ու վիշտ` միշտ անթարգմանելի ու անհասկանալի օտար մարդուն, այնուամենայնիվ ազգային վարընթացը փաստ էր, եւ Շահնուրն իր վեպով ջանում է ըմբռնել տալ փլուզվող այդ կացությունը եւ ամեն մի գաղթական հայի «գիտակցել տալ ինքզինքին», քանի որ արշավող սամումը սպառնում էր վերջ տալ ազգի նաեւ հոգեւոր գոյությանը:

Շահնուրն իր վեպով գալիս է ասելու նաեւ, որ ազգային հոգս ու ցավից զատ՝ կան նաեւ կյանքի ուրիշ արժեքներ. «… առաւօտ մը, որ դեռ չէ դիմաւորած աքաղաղը», այլ խոսքով` ազգային աստվածներից զատ՝ կան նաեւ չաստվածներ, որոնք նույնքան հզոր են ու տիրական, մանավանդ երբ դու երիտասարդ ես: Եվ պատահական չէ, որ վեպում շոշափվող ազգային-քաղաքական խնդիրներին զուգահեռ ծավալվում է Պիեռ-Նենեթ սիրո պատմությունը, որը Պետրոսի նախորդ «սերերից» տարբերվում է էականորեն: Այս դեպքում մարմնապաշտությունը չէ, որ գայթակղել է երիտասարդ հային: Հարազատներից կտրված որբ տղան` Պետրոսը, որ կարոտն ունի գորովի ու մխիթարության, ֆրոյդիստական սեռական հակումներով չէ, որ կապված է Նենեթին: Մալարմեական կանացի հրապույրները` գրավիչ շպար, թանկարժեք օծանելիքներ, կարճ քղանցք, շեկ վարսեր…., իհարկե իրենց դերը կատարում են, բայց նրանց մեջ ապրում է ծնվող ու մեռնող (հայտնի է անտի, որ երջանիկ սեր աշխարհում առհասարակ չկա) մի իսկական սիրո զգացում, որ կլանիչ է ու գրավիչ ու անկեղծության պահերին դրսեւորվում է հոգեկան անմնացորդ նվիրաբերումով, միմյանց պարգեւում մխիթարություն ու հաճույք, նույնքան` տվայտանքներ, կասկածներ ու դրամատիկական բաժանումներ:

Նենեթը, որ Պետրոսին ներկայանում է որպես կանացիության, շքեղության, նազանքների ու քմահաճույքների մարմնացում, դրսեւորումն է նաեւ գրողի կոչման մասին Շահնուրի ունեցած տեսակետի. «Գրագետ մը իր մատը ամենեն ավելի պետք է դնի մարդկայինին եւ գեղեցիկին վրայ»: Ողբերգությունն այն է, որ այդ մարդկայինն ու գեղեցիկը այս դեպքում տանում են ազգային նույն սպառմանն ու քայքայմանը, քանի որ սպասվելիք վախճանը խառնամուսնություն պիտի լիներ, որը արտառոց ոչինչ չէր պարունակի, եթե այն տեղի ունենար կյանքի բնական պայմաններում: Մինչդեռ կյանքի դժբախտ բերումն էր, որ նրանց հանդիպեցրել է. մեկը զոհն է իր ժողովրդին վրա հասած նախճիրի, մյուսը` Առաջին համաշխարհային պատերազմի բերած աղետների: Ուշագրավ է, որ խառնամուսնության խնդիրը միայն հայությանը հուզող հարց չէր եւ վերաբերում է շատ ժողովուրդների: Այսօր արդեն աշխարհի շատ երկրներում հունական, չինական, թուրքական… գաղութները ոչ միայն նման իրողությունների են տեղիք տալիս, այլեւ իրենց հերթին ազդում են տվյալ երկրների ժողովրդագրական կազմի վրա: Իհարկե, վերոհիշյալ գաղութները կազմավորվել են կամավոր, ոչ մի արտաքին ուժ նրանց չի ստիպել արտագաղթել, մինչդեռ հայ զանգվածները տարագրվել էին բռնի, վտարվել իրենց բնակավայրերից, որը ենթադրում էր հետդարձի արգելք, իսկ ապաստան տված երկիրը` ապրելու մշտական բնակավայր, որը այնպիսի մի փոքրաթիվ ազգի համար, ինչպիսին հայ ժողովուրդն է, հավասարազոր էր մահվան:

Շահնուրն իր վեպն անվանել է «սիրային վէպ», որ ունի «ազգայնական ուղղութիւն»: Այդ երկու գործոնները ձուլված են միմյանց, շաղկապված, մեկը մյուսով պայմանավորված: Ու թեեւ սիրո հարցում մեղավորներ չեն լինում, բայց Շահնուրն իր հերոսի սիրո զգացումը կործանաբեր է համարում, զգացումը, ո՛չ իրավունքը, քանի որ կազմվող ընտանիքը չի կարող հայեցի լինել, իսկ ծնվելիք երեխան` հայ:

Շահնուրի ահազանգը միայն արտաքին սփյուռքին չէր վերաբերում: Խոսելով իր վեպի մասին «Գրականությունեն անդին եւ այլուր» հոդվածում, նկատի ունենալով Խորհրդային Միությունում առկա ներքին սփյուռքը, նա գրել է. «Հոն շատ կային Նաթաշաներ, երբ տակաւին ոչ մէկ Նէնէթ կամ Պրիճիթ մտած էին մեր ընտանիքներէն ներս»: Գրողը իրոք որ հստակ էր տեսնում, որ այս մեծ աշխարհում ամենուրեք կորչում ու հալվում է իր ժողովուրդը:

Կա՞ ելք այդ ամենից: Շահնուրն այդպիսի ելք իր վեպով չի մատնանշում, բայց գոյատեւման կռվաններ հուշում է, որ նախ՝ կայանում է, որքան էլ այդ զարմանալի թվա, հայոց վշտից ծնվող բողոքի մեջ, եւ ապա` աշխարհի ու մարդկանց չարիքի դեմ դիմադրության ոգու առկայության մեջ, իր ազգակցի նկատմամբ ավելի մեծ սիրո ու ազգային փրկության նկատմամբ ավելի մեծ հավատի մեջ: Այդ պարագաներում, ինչպես գրում է իր «Հարալեզներուն դավաճանությունը» պատմվածքում, անպայման կգտնվի «… ընդարձակութիւնը խոպան դաշտերու, եւ անոնց մէջտեղ փոքրիկ տնակ մը, եւ տնակին մէջտեղ փոքրիկ օճախ մը, եւ օճախին մէջտեղ փոքրիկ կայծ մը»: Շահնուրյան գրականությունը հենց այդ լուսո ու հույսի կայծի ջատագովումն է եւ ուղղված է Երկիր մոլորակի վրա մարդկային լիարժեք կյանքի բացակայության դեմ, այսաշխարհային խեղված բարքերի դեմ, առհասարակ պատերազմների ու նախճիրների եւ ազգերի հարաբերությունների անբնական ընթացքի դեմ:

Վեպում երեք անգամ լսվում է ջութակի «հի՜ն, շատ հի՜ն» մեղեդին: Օտարացման ու նահանջի այդ տխուր նվագը իրենով մարմնավորում է ազգային ու մարդկային միայնության ու լքվածության իրողությունը: Բայց Շահնուրն իր վեպով միայն նահանջի մասին չէ, որ գրում է: Վեպը նաեւ ազգային ինքնավստահության ու վերելքի է տանում: Այդ վերելքի ու անկման մեջ է հենց այս աշխարհում իր տեղն ունեցող հայ ժողովրդի կյանքի իմաստը:

Շահան Շահնուրի այս վեպի գերմաներեն թարգմանությունը Սամվել Հովասափյանի կողմից գալիս է իր փոքրիկ լուման դնելու աշխարհի արդարության ու մարդու բարօրության ստեղծման այն շինությանը, որի կառուցողներից մեկն էլ գերմանական մեծ գրականությունն է:

Արծրուն ԱՎԱԳՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s