ԽԱՉԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ձեր հարցերին պատասխանում է Տաթեւի վանքի վանահայր Միքայել աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

— Հա՛յր սուրբ, գիտենք, որ մինչ Քրիստոսը խաչն անարգանքի ու նախատինքի նշանն էր, սակայն Քրիստոսի հարությամբ խաչը դադարեց մահվան խորհրդանիշ լինելուց` դառնալով կյանքի, հարության ու հաղթանակի խորհրդանիշ: Ինչպե՞ս։
— Հռոմեական կայսրության մեջ ապստամբ ծառաներին դատապարտում էին խաչի անարգ մահվան` իբրեւ մեծագույն պատժի: խաչելությունը մահվան ամենաստորացուցիչ ձեւն էր, անարգանքի միջոց, որով ստրուկներին էին խաչում: Մեր Տերն էլ, ծառայի կերպարանք հագած, հանձն առավ խաչը, վերցրեց մարդկության վրա ծանրացած այդ անարգանքը: Սակայն խաչը Քրիստոսի զոհագործությամբ անարգանքի գործիքից վերածվեց զորության նշանի, որովհետեւ խաչը մի զոհասեղան էր, որի վրա պատարագվեց Աստծո Գառը: Մեր Տերն Իր խաչելությունից առաջ հաստատեց սուրբ Հաղորդության խորհուրդը` ասելով. «Այս արեք Իմ հիշատակի համար»: Եվ Քրիստոսի հիշատակը հենց խաչելությունն է, որը մենք պատարագով ենք կատարում, իսկ պատարագ թարգմանաբար նշանակում է զոհաբերություն կամ խաչելություն: Եվ իրապես, խաչը երկնային սեղանն է, որի վրա Կենաց Հացն է մատռվակվում, տրվում մարդկանց: Երկրի վրա չկա ավելի հրաշալի, սքանչելի կերակուր եւ ավելի գեղեցիկ ու չտեսնված սեղան, քան խաչի սեղանը, որի վրա պատարագվում է Աստծո Որդին, իսկ ամենահամեղ կերակուրը սուրբ Հաղորդությունն է` Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը: Եվ Քրիստոսի պատգամի համաձայն` մենք` ողջերս, միշտ կատարում ենք Քրիստոսի զոհաբերության հիշատակը. այսօր մենք խաչի խորհրդով սուրբ Սեղանն ենք հաստատել եկեղեցու մեջ, որը քառանկյուն է, ինչպես սուրբ խաչն է քառանկյուն: Եթե այն ժամանակ Քրիստոսի մարմինն ու արյունն էր զոհաբերվում խաչի վրա, այսօր Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին են պատարագվում քառաթեւ սուրբ Սեղանի վրա, որը դարձյալ խաչի խորհուրդն ունի: Ուստի այս զոհաբերությամբ խաչելության հիշատակը մնաց եկեղեցում: Սուրբ Պատարագի միջոցով մենք Քրիստոսի մարմինն ու արյունն ենք բաշխում` անմահության Կերակուրը, կենդանի Հացը, եւ ով հավատքով մոտենում է այս զոհասեղանին, այս խաչի խորհրդին, ճաշակում է անմահության Կերակուրը, եւ ինչպես Քրիստոսն է ասում, «…թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի»:
— Հա՛յր սուրբ, մենք` քրիստոնյաներս, ապավինում ենք խաչի զորությանը, ինչպե՞ս է խաչը մեզ պահում-պահպանում, ո՞րն է առհասարակ խաչի խորհուրդը։
— Սուրբ Պողոս առաքյալն ասում է, որ «Խաչի քարոզչությունը հրեաների համար գայթակղություն է, հեթանոսների համար` հիմարություն, իսկ մեզ համար` Աստծու զորությունը» (Ա Կորնթ. Ա 23, 24), նաեւ` «Կորստյան մատնվածների համար խաչի քարոզչությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծու զորություն» (Ա Կորնթ. Ա 18): Նախ պետք է իմանալ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր վրա կրի այն երկրի, պետության նշանը, որում ապրում է: Մեր երկրի նշաններն են` գերբը, դրոշը, հիմնը, որոնք մեր ինքնության եւ հայ լինելու խորհրդանշաններն են: Այդպես էլ մենք, լինելով Քրիստոսի ծառաները, երկնքի արքայության ժառանգորդները, պետք է ունենանք մեր նշանը, որով կտարբերվենք նրանցից, ովքեր չեն կրում խաչի նշանը: Սուրբ Մկրտության ժամանակ մյուռոնի խաչաձեւ դրոշմումով` մենք դառնում ենք քրիստոնյա, Աստծո զավակ` տարբերվելով ոչ քրիստոնյաներից: Այսինքն` սուրբ խաչի նշանը զորության ու տարբերակման նշանն է, որով մենք դառնում ենք երկնքի արքայության ժառանգորդ: Ուրեմն խաչը մեզ համար զորության, հաղթության, երկնքի արքայության նշանն է: Եվ գիտենք, որ խաչի նյութը փայտն է, որն այրվում է կրակից, իսկ Աստված կրակ, հուր է, որովհետեւ Քրիստոսն ասում է. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. Ը 12): Աստված իջավ փայտից խաչի նշանի վրա, սակայն խաչի նշանը ոչ միայն չայրվեց, այլեւ թրծվեց, բովվեց եւ դարձավ անպարտելի զենք, երկսայրի սուր, որով մենք հաղթում ենք մեղքին, չարին, սատանային: Սբ Գրիգոր Տաթեւացին ասում է, որ երբ մենք հավատքով խաչակնքվում ենք, մեզ վրա իջնում է Սուրբ Հոգին: Դարձյալ` երբ հավատքով, սիրով, եւ Տիրոջն ապավինելով, սրտի հառաչանքով, զղջումով, մեղքի գիտակցությամբ խաչակնքվում ենք` Տիրոջ ողորմությունն ու շնորհը խնդրելով, մեզ վրա իջնում է Սուրբ Հոգին, քանի որ խաչելությամբ է, որ Սուրբ Հոգին տրվեց մարդկությանը: Սուրբ Հովհաննու Ավետարանում ասվում է, որ քանի դեռ Որդին չէր փառավորվել, Սուրբ Հոգին չկար: Մարդու Որդու փառքը խաչելությունն էր, խաչն է: Ուրեմն խաչի միջոցով Սուրբ Հոգին իջավ մեզ վրա, եւ այսօր էլ, երբ խաչակնքվում ենք, Սուրբ Հոգին իջնում է մեզ վրա:
— Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ խաչի եւ խաչելության խորհուրդն այնքան մեծ էր, որ նույնիսկ անբան բնությունը չկարողացավ տանել իր Արարչի խաչելությունը: Եվ ինչպես Սուրբ Գիրքն է վկայում, Քրիստոսի խաչելության ժամանակ արեգակը խավարեց…, տաճարի վարագույրը վերից վար պատռվեց, երկիրը շարժվեց, ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին, մեռելներից շատերը հարություն առան… (տե՛ս Մատթ. ԻԷ 51-53)…
— Քրիստոսի խաչելությունն աստվածային մեծ զորություն է: Ինչպես Եկեղեցու սբ հայրերն են ասում, արեգակը` Աստծու արարածներից մեկը, խավարեց, իր աչքերը փակեց, որպեսզի իր Արարչին խաչի վրա չտեսնի, լուսինը արյան գույնով ներկվեց, արյուն-արտասուք թափեց` ողբ ու կոծ անելով: Երկրաշարժեր եղան, քանզի երկիրն ընդվզում էր իր Արարչի խաչելության դեմ: Ննջեցյալները հարություն առան, տաճարի վարագույրը պատռվեց` խորհրդանշելով հին օրենքի ավարտն ու նորի սկիզբը: Այս բոլոր հրաշքները ցույց են տալիս, որ սբ խաչն աստվածային մեծ զորություն ունի: Եվ ինչպես Եկեղեցու հայրերն են ասում, խաչը մի սանդուղք է, որի հիմքը դրվեց երկրի վրա, իսկ վերին մասը հաստատվեց երկնքում: Հիշենք, թե ինչպես Քրիստոսի մկրտության ժամանակ երկինքը պատռվեց, ու Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ Նրա վրա: Մինչ այդ որեւէ տեղ Հին Ուխտում չկա երկինքը բացված լինելու մասին վկայություն: Իսկ այսօր նախ` Քրիստոսի մկրտությամբ, հետո` խաչելությամբ, երկինքը բացվեց, հրեշտակները խաչի սանդուղքով իջան երկիր, եւ մարդիկ էլ խաչի սանդուղքով բարձրացան երկինք: Այսպիսով` խաչը հաստատվել է իբրեւ աստվածային շնորհ, մի վերելակ, որով մենք թեւավորված թռչում եւ հասնում ենք երկնքի արքայություն: Սա է խաչի զորությունն ու խորհուրդը:
— Հա՛յր սուրբ, Քրիստոսն Ավետարանում պատգամում է Իր հետեւորդներին վերցնել խաչը եւ գնալ Իր ետեւից (տե՛ս Մատթ. ԺԶ 24, 25): Ինչպե՞ս հասկանալ Տիրոջ խոսքերը։
— Տերն Ավետարանում ասում է, որ «Անձուկ է դուռը, եւ նեղ` ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, եւ սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ. Է 14): Ինչպես Քրիստոսն անցավ խաչի չարչարանքների ճանապարհով, այնպես էլ մեզ զգուշացրեց, որ նեղ է ճանապարհը եւ փշոտ, եւ որ մենք էլ նեղությունների միջով պիտի ընթանանք: Փրկության այլ ճանապարհ չկա: Մենք ինքներս մեզ համար դժվարություններ չենք հորինում, բայց երբ հետ ենք կանգնում մեղքի ճանապարհից, պետք է նեղություն կրենք ու չարչարվենք այդ արդար ընթացքի համար: Քրիստոնյաները հաճախ են ասում, թե որքան դժվար է պատվիրանները պահել, արդար ու առաքինի ճանապարհով ընթանալ, այո՛, դժվար է, մենք մեծ նեղություններ ենք կրում, բայց երբ այս ճանապարհին հուսահատվում ենք ու հրաժարվում այլեւս պայքարելուց, նեղություններ կրելուց՝ հանուն արդարության, ձեռքներս ծալում-նստում ենք, հայտնվում ենք ավելի վատ վիճակում, որովհետեւ թեպետ եւ մեղքի դեմ պայքարում նեղություններ էինք կրում, բայց հոգեւոր խաղաղություն էինք ապրում: Ուստի երբ դադարեցնում ենք այս պայքարը, թեպետ ունենում ենք թվացյալ հանգստություն, բայց կորցնում ենք մեր հոգու հանգստությունը, խղճի խայթ ենք զգում, որն ավելի դժվար ու ծանր է, քան արդարության համար հալածվելը: Ուրեմն պատվիրանները պահելը դժվար է, բայց չպահելն ավելի դժվար է:
— Քրիստոսն Ավետարանում Իր հետեւորդներին կոչում է խաչակից ու չարչարակից լինել Իրեն: Մերօրյա քրիստոնյան ինչպե՞ս կարող է խաչակից լինել Քրիստոսին։
— Գր. Տաթեւացին, մեջբերելով սրբերի նահատակությունը, ասում է, որ այն ժամանակ սրբերը հալածանքներ ու նեղություններ էին կրում բռնավոր թագավորներից, որոնք հալածում էին քրիստոնեությունը: Այսօր մեր դեմ բռնավոր թագավոր է սատանան: Այսօր մեր չար կամքն է դառնում բռնավոր թագավոր` ստիպելով մեզ չարը գործել: Ուստի մենք պետք է պայքարենք սատանայի եւ մեր կամքի դեմ, որպեսզի չարը չկամենա: Սրբերը նեղություններ ու չարչարանքներ էին կրում` այրվելով կրակների մեջ: Այրող կրակն այսօր բարկությունն է, որից շատ հաճախ քրիստոնյաները պարտվում են: Որեմն այսօր մենք պետք է պայքարենք բարկության կրակի դեմ: Մեծ նեղություններ կրելով` երբեք չբարկանանք որեւէ մեկի դեմ, որպեսզի Աստծո ծառաները լինենք: Սրբերը խեղդվում էին ջրի մեջ, իսկ մեզ այսօր խեղդում է ցանկության մեղքը, որը Եկեղեցու հայրերը գեջ, այսինքն` խոնավ ցանկություն են անվանում, որի դեմ պայքարելով` նահատակության գործ կատարած կլինենք, որովհետեւ հաղթահարելով ցանկասիրության (բղջախոհության) մեղքը` կհավասարվենք նահատակներին: Սրբերը սրերով էին գլխատվում ու նահատակվում, այդպես էլ այսօր տարբեր նեղություններն ու փորձությունները, որոնք «տարօրինակ» է կոչում Պետրոս առաքյալը (տե՛ս Ա Պետր. Դ 12), մեզ վրա գալիս են սրերի հարվածների նման, որոնց դիմանալով` մենք կնմանվենք սբ նահատակներին։ Ուրեմն մեր առօրյա կյանքում «մեղքի դեմ պայքարենք արյուն թափելու աստիճան», որպեսզի այդ կերպ Քրիստոսին խաչակից ու չարչարակից լինենք: Չարչարանքների ճանապարհն ընտրենք ու չհրաժարվենք մեր փրկությունից, քանզի ով հրաժարվում է չարչարանքներ կրելուց, հրաժարվում է իր փրկությունից:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s