Սկիզբը՝ 2011 Հուլիս Բ- Հոկտ. Ա

Ավետիք պատրիարքը 1702-ին՝ Կ. Պոլիս գալուց մի քանի ամիս անց, վերադարձավ Ադրիանուպոլիս, ուր եկել էին նաեւ վերը հիշյալ երեք քահանաները։ Նրանց թույլատրված էր ազատորեն քահանայագործելու։ Դժվար է ասել, թե ինչ կատարվեց, սակայն երեք քահանաները կրկին արժանացան Ավետիքի զայրույթին՝ թերեւս նրանց անխոհեմության կամ այլոց քսության հետեւանքով։ Նրանց բանտարկեցին առաջնորդարանում, որ մեծ վեզիրի հրամանով պատժեն։ Միջնորդությունն օգուտ չտվեց, ուստի ինչ-ինչ մարդիկ հարձակվեցին առաջնորդարանի վրա եւ նրանց ազատեցին։ Ավելին. նրանք գանակոծեցին պատրիարքին եւ նրա մարդկանց։ Ավետիքը բողոքեց մեծ վեզիրին, սակայն Տալտապան Մուսթաֆա փաշան զայրացավ հենց իր՝ պատրիարքի վրա, թե ո՞վ է նրան որեւէ մեկին բանտ նետելու եւ շղթայելու իրավունք տվել, եւ Ավետիքին բանտարկեց։ Նա բանտում մնաց 27 օր, մինչեւ Ֆեյզուլլահը նրան ազատեց եւ նրա հակառակորդներից հինգ հոգու Կ. Պոլսի թիարանն ուղարկեց։
Վիճակն ավելի լավ չէր Կ.Պոլսում, որտեղ փոխանորդ նշանակված Հովհաննես Զմյուռնիացին համարձակ դիմում էր զրպարտությունների եւ բռնությունների՝ մեծ տուգանքներ գանձելու նպատակով։ Գանգատները հասան մինչեւ Ադրիանուպոլիս, եւ մեծ վեզիրի հրամանով Ավետիքը եկավ Կ. Պոլիս՝ ժողովրդին հանդարտեցնելու։ Բայց արդյունքը բոլորովին այլ եղավ. այժմ մեծ վեզիրին ամբաստանություններ գրվեցին Ավետիքի դեմ, եւ Ավետիքը ետ կանչվեց՝ քննության համար։ Ավետիքը մեղադրվում էր ֆրանկացյալներին օգնելու մեջ։ Ավետիքը Հիսնակաց բարեկանդանին՝ նոյեմբերի 15-ին, մայր եկեղեցու բեմից ժողովրդին կոչեց իր համար վկայություն տալու։ Ամբոխը գնաց մեծ վազիրի տեղակալի ատյանը, որ Ավետիքի դեմ ամբաստանությունները վերացնի։ Ամբոխից 30 հոգի ձերբակելվեց՝ ֆալախայի գանակոծության ենթարկվելու սպառնալիքով, ինչը կախաղան է թարգմանվում։ 30-ի մեջ էր Մատթեոս Սարի կաթողիկոսը։ Հետո տուգանք մուծելով՝ նրանք ազատ արձակվեցին։ Սակայն Ավետիքի նպատակը չիրականացավ, եւ նա, առանց վկայագրի, դեկտեմբերի 3-ին մեկնեց Ադրիանուպոլիս։ Ֆեյզուլլահը կրկին նրան օգնեց, Տալտապանին իր կողմը գրավեց եւ Ավետիքի հակառակորդներին բանտարկեց, ինչը դարձյալ Ավետիքին ուժեղացրեց։
Մինչ Ավետիքն Ադրիանուպոլսում էր, Հովհաննես Զմյուռնիացին շարունակում էր իր շահադիտությունները՝ պատճառ բերելով լատինականության ձգտումները եւ կաթոլիկական զեղծումները։ Այրել էր տալիս լատիներենից թարգմանված հայերեն գրքերը։ Լատինների մոտ ուսած եւ նրանց կողմն անցած եկեղեցականներին արգելում էր խորհրդակատարություններ կատարել։ Կնունքի եւ թաղման համար պահանջում էր արտոնություն ստանալ պատրիարքարանից, որի նպատակը տուրք գանձելն էր։ Իրականում դա փող աշխատելու եղանակ էր եւ ոչ թե հռոմեադավանության հալածանք։ Համենայն դեպս, դեսպան Ֆերիոլն արձանագրում է, որ կրոնական խնդիրներում անդորր էր տիրում։ Գործն այնտեղ հասավ, որ Հովհաննես Զմյուռնիացին փախավ Պարսկաստան։
Ֆեյզուլլահին հաջողվել էր մեծ ազդեցություն ձեռք բերել Մուսթաֆա Բ սուլթանի վրա եւ նրա օգնությամբ հագուրդ տալ իր հակաեվրոպական ձգտումներին։ Նա վերացնում էր ամեն ինչ եւ ամեն անձի, որը եվրոպացիների հետ հարաբերությունների մեջ էր։ Ավետիքը Ֆեյզուլլահի հովանավորյալն էր, սակայն կարողանում էր լատինների եւ դեսպան Ֆերիոլի հետ խաղաղարար հարաբերություններ մշակել ու նրանց վստահությունը ձեռք բերել։ Բայց ժողովրդի մեջ աճում էր դժգոհությունը Ֆեյզուլլահի դեմ։ Զինվորականները հատկապես գրգռվեցին, երբ մեծ վեզիր Տալտապան Մուսթաֆա փաշան Ֆեյզուլլահի ամբաստանությամբ սուլթանական հրամանով խեղդամահ սպանվեց։ Նրա տեղն զբաղեցրեց Ռամի Մեհեմեդ փաշան, որը Ֆեյզուլլահի մտերիմն էր եւ անգամ զինվորական էլ չէր։ Սուլթանի՝ Ադրիանուպոլսում գտնվելը եւ զեխ կյանքով ապրելը բողոքներ առաջ բերեցին, եւ Կ. Պոլսում ապստամբություն բռնկվեց. ենիչերիները պահանջեցին սուլթանի վերադարձը Կոստանդնուպոլիս, ինչպես նաեւ Ֆեյզուլլահի ու նրա արբանյակների պաշտոնանկությունը։ Ապստամբները կողոպտեցին շատ պաշտոնյաների ապարանքները եւ օրենսգետների պատգամախոսական ատյանից պահանջեցին իրենց գործի արդարացումն ու հռչակումը։ Հատուկ պատգամավորություն մեկնեց Ադրիանուպոլիս, որի պահանջով Ֆեյզուլլահը պաշտոնանկ արվեց՝ իր որդիների եւ կողմնակիցների հետ, իսկ Մուսթաֆա սուլթանը խոստացավ վերադառնալ մայրաքաղաք։ Հուլիսի 8-ին Ադրիանուպոլսից Կ. Պոլիս եկավ Ավետիք պատրիարքը՝ Ֆեյզուլլահի խորհրդով։ Ճանապարհին Ռոդոսթոյի առաջնորդ Հովսեփ վարդապետ Կեսարացին եւ չեքմեճեցի մի այլազգի նրան զգուշացրին Կ. Պոլիս գնալու համար։ Նա որոշեց գնալ Սկյուտար եւ տեղ հասավ հուլիսի 14-ին։ Հնարավոր է, որ նա ինչ-որ առաջադրանք էր կատարում։
Ֆեյզուլլահի հետ մտերմության պատճառով Ավետիքն իր դեմ առաջ բերեց ընդդիմադիրների զայրույթը։ Նրա դեմ ուղղվեց նաեւ դեսպան Ֆերիոլի կատաղությունը։ Ֆեյզուլլահի անկումից հետո դժվար չէր սպասել Ավտիքի պաշտոնանկությունը։ Պաշարվեց Ավետիքի տունը, եւ նա անգամ չփորձեց փախուստ տալ։ Նա չէր հավատում Ֆեյզուլլահի անկմանը։ Ավետիքը ձերբակալվեց, երկու օր պահվեց կալանքի տակ, իսկ հուլիսի 22-ին բանտարկվեց Ետիքուլեի աշտարակում, որը նախատեսված էր պետական անձանց համար։ Հայերեն այն թարգմանվում է յոթնաբուրգ։ Փնտրվում է նաեւ նրա փոխանորդ Հովհաննես Զմյուռնիացին, ինչը հավաստում է կաթոլիկների գրգռվելու մասին։ Բայց նա դրանից էլ առաջ փախել էր Պարսկաստան կամ Աճեմիստան։
Ավետիքի բանտարկությունից հետո պատրիարքարանում երկամսյա անիշխանություն տիրեց։ Սուլթանը ձգձգեց իր վերադարձը մայրաքաղաք, եւ այդ պատճառով հուլիսի 29-ին 200000 խռովարար զինվորների մի մասը գնաց Ադրիանուպոլիս։ Նրանց միացան ենիչերիների գնդերը, եւ 1703 թվի օգոստոսի 11-22-ին Մուսթաֆան գահընկեց արվեց, եւ գահ բարձրացավ Ահմեդ Գ սուլթանը՝ Մուսթաֆայի եղբայրը։ Մուսթաֆան բանտարկվեց եւ արքայազունների բանտում չորս ամիս անց՝ դեկտեմբերի 20-ից 31-ի միջոցին, մահացավ։
Նոր սուլթանը զիջումներով կարողացավ խռովարարներին հանդարտեցնել։ Նա եկավ Կոստանդնուպոլիս եւ սեպտեմբերի 6-ին Ֆեյզուլլահին հանձնեց խռովարարների ձեռքը, որոնք նրան սպանեցին, մարմինն այլանդակեցին եւ ծովը նետեցին։ Հայ մեծավորները դիմեցին մեծ վեզիր Տամատ Հասան փաշային, եւ պետական հրովարտակով պատրիարքությունները բաժանվեցին։ Կոստանդնուպոլսի պատրիարք դարձավ Գալուստ եպիսկոպոս Զեյթունցին, որ նաեւ Ամասիացի է անվանվել եւ ունեցել է Կայծակ մականունը։ Նա ժամանակին եղել է Երուսաղեմի անվանական պատրիարքը։ Երուսաղեմի պատրիարքության մեջ վերահաստատվեց Մինաս Ամդեցին, որը Կիլիկիայի նախկին կաթողիկոս Գրիգոր Պիծակի հետ անմիջապես մեկնեց Կ. Պոլսից։ Վերջինս փորձել էր դիմել Հռոմին, սակայն հուսախաբ լինելով՝ համաձայնել էր գնալ Երուսաղեմ՝ որպես Մինասի օգնական։ Գալուստի եւ Մինասի պատրիարքությունների հաստատումը եղավ 1703 թվի սեպտեմբերի 8-ին, այսինքն՝ Աստվածածնի ծննդյան տոնի օրը։
Այնուամենայնիվ Գալուստը ժողովրդի կողմից ընդունվեց ընդդիմադիր ցույցերով։ Պահանջում էին Ավետիքի վերադարձը։ Գործին խառնվեց դեսպան Ֆերիոլը, որն ատամ ուներ Ավետիքի վրա։ Մեծ վեզիրը նրա խնդրանքով Ավետիքի 15 կողմնակիցների թիարանում բանտարկեց, իսկ Ավտիքին աքսորեց։ Նրան կապկպված ուղարկեցին Ավրատ, որը փոքրիկ եւ ամայի մի կղզի էր՝ Ասորիքի առափնյա շրջանում՝ Լավոդիկիայի եւ Տրիպոլիսի միջեւ։ Դա հին Արատոս կոչված կղզյակն է։ Ֆերիոլին դա չբավարարեց եւ աշխատեց նրա աքսորն ու բանտարկությունը դարձնել ավելի դժնդակ։ Նա կամենում էր իր զոհին պահել տալ ջրով լեցուն փակ բանտի մեջ։
Ավետիքն աշտարակում մնաց 51 օր։ Իր խոսքերով՝ նա աքսորավայրում մնաց մեկ տարի՝ ծանր պայմաններում։ Կաթոլիկները շատ են գրում իրենց կրած հալածանքների մասին, սակայն մոռանում են, որ Ավետիքը հենց կաթոլիկների պատճառով ենթարկվեց այդպիսի անտանելի հալածանքների։
Գալուստ պատրիարքի գործերը խաղաղ չընթացան, քանի որ Ավետիքի կողմնակիցները ջանք չէին խնայում՝ նրան ետ բերելու համար։ Նրանք թախանձագին աղերսագրեր էին գրում սուլթանական արքունիք, խոստանում դրամ եւ անգամ ամբաստանում Գալուստին։ Բայց Ավետիքի նախկին ֆեյզուլլահյան լինելը, ինչպես նաեւ դեսպան Ֆերիոլի եւ լատինների ու կաթոլիկացած խմբակի ջանքերը խափանում էին նրա կողմնակիցների գործողությունները։ Ավելին. Ավետիքին պաշտպանելու համար նրանցից շատերին ենթարկում էին գանահարության եւ բանտրակության։ 210 հարված ստացավ Աբրահամ վարդապետ Արզումանյանը, որը հայտնի էր Մուրթ կամ Ճանպապա մականունով։ Գանակոծեցին Պետրոս վարդապետին, որն Ավետիքի քարտուղարն էր, երզնկացի երեք քահանաներին, բազմաթիվ անձանց էլ թիապարտության դատապարտեցին։ Ուժեղ էր հակակրանքը Գալուստի նկատմամբ։ Դրանից փորձեց օգտվել ավետիքյանների խմբից Մատթեոս Սարիի աշակերտ Ներսես վարդապետ Բալաթցին։ Դրամ հավաքվեց, եւ դրանով ամբաստանությունները Գալուստի դեմ ուժեղացան։ Ի վերջո, պաշտոնավարելով գրեթե 10 ամիս, Գալուստը պաշտոնանկ արվեց եւ թիարանում բանտարկվելու դատապարտվեց։ Բայց նա դրանից կարողացավ խուսափել՝ փախչելով Ամասիա։ Այսուհանդերձ՝ Ավետիքի հարցը չլուծվեց, քանի որ Ներսեսն ինքը դարձավ պատրիարք՝ 1704 թվի ապրիլի 25-ին։ Այժմ հասարակության դժգոհությունն ուղղվեց Ներսեսի դեմ. գրվեցին ամբաստանագրեր, սակայն Տամատ Հասան փաշայի վեզիրության օրոք հաջողության չհասան։ Ավելին. շատերը գանահարվեցին կամ բանտ ընկան։ Վիճակը փոխվեց, երբ 1704 թվի սեպտեմբերի 17-ին՝ Խաչվերացի օրը, մեծ վեզիր դարձավ Գալայլը Ահմեդ փաշան։ Նա բռնություններից հեռու էր, ուստի նրան կարողացան համոզել, որ Ավետիքն օտարազգիների դավաճանության զոհ է, եւ նրա վերադարձը կարող է հանդարտեցնել հայերին։
Մեծ վեզիրն Ավետիքին ազատելու հրովարտակ արձակեց, չնայած Ավետիքը կարծում էր, թե իր աղերսագրի շնորհիվ է դա եղել։ Ներսեսը պաշտոնանկ արվեց. նրա պատրիարքությունը երկար չտեւեց, ըստ որում՝ ընդհատումով։ Մինչեւ Ավետիքը կվերադառնար, Ներսեսը 1704 թ. հոկտեմբերի 6-ին կրկին պատրիարք դարձավ։ Ավետիքն աքսորավայրից եկավ Բերիա, տեղի հայությունը նրան մեծապես օգնեց, հետո անցավ Երզնկա, բայց դեռ չհասած՝ հրաման ստացավ՝ վերադառնալ Կ. Պոլիս։ Ներսեսը նորից պաշտոնանկ եղավ, եւ Ավետիքը կրկին դարձավ պատրիարք՝ 1704 թվի դեկտեմբերին։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s