Հայ մշակույթի զարգացման գործում իր ծանրակշիռ տեղն է ունեցել Մխիթարյան միաբանությունը, որն անգնահատելի գործունեություն է ծավալել երեք ուղղություններով.
1. Հայ մշակույթը եւ նրա համաշխարհային նշանակություն ունեցող գանձերը եվրոպական երկրներին ու նրա ժողովուրդներին ծանոթացնելու ասպարեզում:
2. Հայ ժողովրդին հաղորդակից է դարձրել եվրոպական զարգացած երկրների մշակույթին:
3. Նոր աստիճանի է բարձրացրել հայագիտության բոլոր բնագավառները, մեծ ներդրում ունեցել հայոց պատմության եւ պատմագրության, փիլիսոփայության, լեզվի, լեզվաբանության եւ բառարանագիտության, բնական գիտությունների, դրամագիտության զարգացման բնագավառում:
Այդ բոլորն իրականացվել է հայրենի եզերքից հեռու, երկրորդ փոքրիկ հայրենիք դարձած երկու տարբեր օջախներում, որոնք թեպետ ճակատագրի բերումով բաժանված էին, բայց հոգեպես միշտ միասին էին՝ սրբագործելով իրենց հիմնադրի` Մխիթար աբբահոր հիշատակն ու ավանդները։ Այս երկու միբանություններն էլ իրենց անգնահատելի ծառայությունն են մատուցել հայ մշակույթի համարյա բոլոր բնագավառներում: XX դար ոտք դրած համայն հայությունն ի խորոց սրտի իր խոսքն ուղղեց Աստծուն՝ շնորհակալություն հայտնելով Մխիթարյան երկու միաբանությունների գործունեության համար: 1901 թ.՝ դեռեւս հուլիս ամսին, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, համախմբվելով աբբահայր Իգնատիոս Կյուրեղյանի շուրջը, հաղորդեց ի լուր աշխարհի, որ պատրաստվում է իր կազմավորման երկհարյուրամյակը նշել 1901 թ. սեպտեմբերի 8-ին` սուրբ Տիրամոր ծննդյան օրը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ 1701 թ. սեպտեմբերի 8-ին Մխիթար Սեբաստացին իր շուրջն է համախմբել 7 դպիր եւ 4 աբեղա ու ստեղծել այս միաբանությունը, որի գաղափարը նրա մոտ ծագել էր Սեւանա կղզու վանքում՝ Տիրամոր պատկերի առաջ աղոթելիս:
1901 թ. հուլիսին ստեղծվում է Կարգադրիչ մարմին՝ Հուսիկ Մեհրաբյանի ղեկավարությամբ եւ Եսայի Տայեցու մասնակցությամբ, ովքեր դավանանքային խտրության չդնելով՝ հրավերքներ են ուղղում ամբողջ հայության հոգեւոր առաջնորդներին, հայտարարություններ տպագրում հայ եւ եվրոպական մամուլի բազմաթիվ օրգաններում՝ գտնելով, որ այդ միջոցառումը սոսկ վանական նկարագիր չունի եւ քանի որ շոշոփում է համամարդկային, համաեվրոպական ու համահայկական խնդիրներ, ցանկացած անձ կարող է իր մասնակցությունը բերել այդ տոնախմբությանը: Հատուկ անվանական հրավիրագրեր են ուղարկվում Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանին, Հռոմի պապին, Կ. Պոլսի հայ առաքելական եւ կաթոլիկ պատրիարքներին՝ խնդրելով, որ եթե նրանք չկարողանան իրենց ներկայությամբ պատվել տոնակատարությունը, ապա այնտեղ ուղարկեն իրենց ներկայացուցիչներին: Այդ հոբելյանի տոնակատարությանը Վենետիկի միաբանությունը նվիրեց մի ծավալուն աշխատություն` «Յիշատակարան երկհարիւրամեա յոբելինի մխիթարեան միաբանութեան ի Վենետիկ 8 սեպտեմբերի 1701-1901 սեպտեմբեր 8» խորագրով: 218 մեծադիր էջերից բաղկացած «Յիշատակարանը» ամբողջական պատկերացում է տալիս իր ժամանակակցին եւ հետագա սերունդներին՝ այդ հանդիսավոր միջոցառման ընթացքի վերաբերյալ: Մասնակիցների ելույթները, հղված հեռագրերը, միաբանության անդամների գործունեության բացահայտումները, տոնակատարության ընթացքում հնչած գնահատականները արժեւորում են միաբանության անցած 200-ամյա (այժմ արդեն՝ երեքհարյուրամյա) ուղին: Հայության առաջ նրանք բնորոշվում են իբրեւ «անձնուեր զինուորներ», որոնք «հիմնեցին մեր գրական շենքը եւ զայն հետզհետե վեր բարձրացնելու միջոցներ հայթայթեցին մեզի նախնեաց գրքերու հրատարակութեամբ, մեր դասական լեզուն, մեր պատմութիւնը, աշխարհագրութիւնը եւ հնութիւնները մշակելով, օտար մատենագրութեանց հրաշակերտները թարգմանելով… տպարաններ ու դպրոցներ բանալով, գիտական թերթեր հիմնելով, հայկական Ակադեմիա մը հաստատելով եւ մրցելով եվրոպացւոց հետ` ինչ բանի մեջ որ կարելի էր, ազդուելով անոնցմե, իւրացուցին անոնց ձիրքերը… առանց կորսնցնելու ազգային նկարագիրն ու ոգին: Այդ ամենը ըրին անոնք` անձնական ուժերով, անխառն օտար տարրերե»:
Հոբելյանի տոնակատարության մասնակիցները համեստ եւ չափավոր արտահայտություններով գծում էին միաբանության անցած երկհարյուրամյա փշոտ ու տառապալից, բայց արգասաբեր ուղին: Առավել բարձրարժեքն օտարազգի մասնակիցների հնչեցրած գնահատականներն էին՝ ուղղված ոչ միայն միաբանության անդամներին, այլ նաեւ նրանց ծնող եւ սնող ժողովրդին: Այդ տեսակետից պետք է ընդգծել Վենետիկի պատրիարք, հռոմեական կարդինալ Հովսեփ Սարտոյի խոսքը. «Եվրոպա` Արեւելքի կպարտի իրեն կրոնը եւ զարգացումը. այդ Արեւելքի հարազատ որդիներեն է հայ ազգը, որ հազարումեկ ճնշումներու ներքեւ չէ կորսնցուցած իրեն հստակ նկարագիրը, իրեն գեղեցիկ ձիրքերը, որոնցմով ինքը ներկա զարգացած Արեւմուտքին կը պատկանի, քան Արեւելքի»: Կարդինալն այդ բացառիկ ազգի զավակներին մաղթում է հարյուրամյակների եւ հազարամյակների կյանք՝ ի պայծառություն իրենց ազգին եւ հայրենիքին, որովհետեւ «Հայաստանը մեր ամենուն Հայրենիքն է»: Միաբանության հուզված անդամները շնորհակալություն են հայտնում եւ աբբահոր շուրթերով խոստովանում, որ Վենետիկն էլ իրենց երկրորդ հայրենիքն է, որովհետեւ նրա «մայրական գուրգուրանքով» են պահպանել իրենց գոյությունը: Այդ տոնակատարության ժամանակ տեղի է ունենում Մխիթար Սեբաստացու արձանի հիմնարկեքը՝ աբբահայր արք. Իգնատիոս Կյուրեղյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի ներկայացուցիչ, Եվրոպայի թեմի հոգեւոր առաջնորդ Գեւորգ եպս Յություճյանի եւ Կ.Պոլսո հռոմեադավան հայոց պատրիարքի ներկայացուցիչ Ռուպյան եպիսկոպոսի անմիջական մասնակցությամբ: «Յիշատակարանը» հուզիչ պատկերացում է տալիս Մխիթարյան միաբանության Վենետիկի մասնաճյուղի երկհարյուրամյա հոբելյանի տոնակատարության համահայկական եւ համաեվրոպական ընդգրկումների մասին: Եվրոպայի օտարազգի հոգեւոր եւ քաղաքական գործիչների, աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախների, մայր հայրենիքի երկու հատվածների հասարակական եւ հոգեւոր գործիչների նամակները, հեռագրերը, գիտական արժեւորումներն ու գնահատականները ներկայացնում են այն համակ սերն ու գուրգուրանքը, որ ցուցաբերում են ողջ հայությունը եւ քաղաքակիրթ Եվրոպան՝ այդ միաբանության անդամների եւ նրանց ծավալած գործունեության նկատմամբ: Ամենահուզիչն այն է, որ այստեղ ընդհանրապես չի խոսվում դավանական տարբերությունների, միաբանության տարբեր թեւերի տարաձայնությունների մասին, այլ ընդգծվում է նրանց համամարդկային, համազգային գործունեության մեծ նշանակությունը: Պատահական չէ, որ հղած հեռագրերի մեջ առաջնակարգ տեղ է տրվում Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Արսեն Այտընյանի հեռագրին:
Աշխարհի տարբեր ծայրերից 300-ից ավելի հղած հեռագրերը սովորական հեռագրեր չեն, այլ յուրատեսակ գիտական զեկուցումներ, ընդարձակ նամակներ: Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի տարբեր մշակութային կենտրոններ, հայկական գաղթօջախներ, հայ մամուլի տարբեր եւ բազմաթիվ օրգանների խմբագիրներ եւ աշխատակիցներ իրենց ջերմ վերաբերմունքն են արտահայտում միաբանության անդամներին: Այդ 300-ից ավելի հեռագրերից ամեն մեկն իր մեջ ամփոփում է 50-ից ավելի ստորագրություն: Հեռագրերի ջերմությունը չի եզրափակվում միայն բառերով. դրանք արտահայտվում են նաեւ նվիրատվություններով, որոնց մասնակիցները ոչ միայն մեծահարուստներ էին, այլեւ մշակութային օջախներ՝ Լազարյան ճեմարանի դասախոսական եւ ուսանողական կազմը, Ռիգայի հայ ուսանողությունը, հայկական բազմաթիվ վարժարանների ուսանողներ: Գորգեր, հարուստ գրականության հազվադեպ նմուշներով լի գրադարաններ, գեղարվեստական բացառիկ արժեք ներկայացնող կտավներ, որոնց մեջ առանձնացվում է Գ. Բաշինջաղյանի Սեւանա լճի տեսարանը ներկայացնող կտավը: Առանձնապես շեշտվում է Գր. Գափամաճյանի նվերը, որը բնորոշվում է որպես «ճարտարության եւ գյուտի զարմանալի միաբանութիւն»: Կտավը պատկերում է Մասիսի ամենաբարձր գագաթը, նրա ստորոտին` Արարատյան բնաշխարհը, որի վրա իշխում է տխրության ոգին. տգիտությունն ու բռնությունը թեւեր առած թռչում են՝ իրենց ետեւից գերանդիով մահ սփռելով եւ աշխարհն ավերակ դարձնելով: Այդ խորապատկերի վրա «Ալիշան, Դուրեան, Գամառ-Քաթիպա, Սրուանձտեանց, Ալ. Ծատուրեան կը կողկողին ու կը զայրանան»: Նկարի խորքում պատկերված է Մխիթար աբբահայրը:
Նվիրատվություններ եղան նաեւ գումարներով: «Յիշատակարանը» (էջ 197-198) հրապարակում է նվիրատուների ցանկը եւ նվիրատվության չափը, իսկ ընդհանուր գումարը հասնում է 10728,35 իտալական դրամի միավորի:
Բոլոր զեկուցումների եւ ելույթների մեջ «Յիշատակարանը» առանձնապես ընդգծում է հայոց նահապետի` Ղեւոնդ Ալիշանի պատասխան հուզիչ ելույթը, ում կյանքի 70 տարիները միահյուսված էին այդ միաբանության գործունեությանը, եւ ով, ցավոք, իր մահկանացուն կնքեց տոնակատարությունից 2 ամիս անց՝ նոյեմբերի 9-22-ին: Արտակարգ հուզիչ է այն փաստը, որ այդ հոբելյանի տոնակատարությունը նշվեց ոչ միայն Վենետիկում, այլեւ Կոստանդնուպոլսում, Պարտիզակում, Դիարբեքիրում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Կիպրոսի Ս. Մակարի վանքում, Ախալցխայում, Աբասթումանում եւ բազմաթիվ այլ հայաբնակ վայրերում: «Յիշատակարանում» ոչ միայն թվարկվում են այդ վայրերի անունները, այլեւ տեղի թղթակիցները մանրամասն հաշվետվություն են ներկայացնում այդ տոնակատարությունների մասին:
Միաբանության հոբելյանին անդրադարձան ոչ միայն հայկական թերթերը եւ մամուլի այլ օրգաններ, այլեւ օտարերկրյա մամուլը: «Յիշատակարանը» մանրամասն տեղեկություններ է հաղորդում, թե իտալական, ֆրանսիական (գաղղիական), ռուսական, հունգարական, գերմանական, անգլիական մամուլի որ օրգանն ինչ հոդվածով է լուսաբանել այդ տոնակատարությունը: Փաստորեն, 110 տարի առաջ հրատարակված այդ «Յիշատակարանը» յուրահատուկ հաղորդակցության` կապի միջոց է դարձել պատմության քառուղիներում, եւ այսօրվա ընթերցողը դրա միջոցով ամբողջական պատկերացում է կազմում այդ իրադարձությունների մասին:
Շարունակելի
Էմմա ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Պատմական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s