Սկիզբը՝ 2011 Հուլիս Ա- Հոկտ. Բ

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ԻՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՌՋԵՎ
«Գիրք ճանապարհի»-ից հետո արտակարգ բեղմնավորությամբ Չարենցը շարունակում էր ստեղծագործական ուղին: Բայց ստալինյան վարչակարգի պայմաններում նրա հետագա գործունեությունն արդեն իսկ դատապարտված էր կիսատ մնալու ճակատագրին: Զգալով վերահաս աղետը եւ այդ մասին գրելով բազմաթիվ գործեր՝ նա, սակայն, չի ընկրկում: Գիտեր, որ իր պայքարի զենքը գրիչն է, եւ գիտեր, որ դա ամենազորավոր զենքն է, ուստի ինքը պարտավոր է իր ժամանակի ճշմարտությունը վկայել ապագա սերունդներին:
Այս մտայնությամբ նա գրում է իր ու ժամանակի, իր ու շրջապատի հարաբերությունների բարոյական ու հոգեբանական ամբողջ մթնոլորտը ներկայացնող բազմաթիվ բանաստեղծություններ ու պոեմներ, որոնք ամբողջությամբ կազմում են նրա տքնաջան վաստակի նոր ու արդյունավետ փուլը:
Մինչ ժամանակի դառը իրականությունը ներկայացնելը` Երեւանի գլխավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսադր Թամանյանի մահվան կապակցությամբ Չարենցը գրում է իր երրորդ «Մահվան տեսիլը» (1936): Տեսիլի ձեւով այստեղ Թամանյանի առջեւ հառնում է ապագա Երեւանի պատկերը՝ որպես «Արեւային քաղաք»` սյունաշարերով ու պողոտաներով: Մահվան տենդի մեջ նա ձեռքը պարզում է դեպի իր այդ երազած քաղաքը, բայց ծանրանում է Թամանյանի հանճարեղ եւ հմուտ ձեռքը ու վայր է
ընկում: Վրա է հասնում մահը: Այդ պահը Չարենցը ներկայացնում է այս «Մահվան տեսիլի» առաջին տողով. «Որքա՜ն նման է եղել պահն այդ` մարող կանթեղին…»:
Հավատով ու երկյուղածությամբ նա մե՛կ խոսք է ուղղում Նարեկացուն («Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո»), մե՛կ ոգեկոչում Կոմիտասի կերպարը («Կոմիտասի հիշատակին»), մե՛կ մտորում հայ երգի պատմական ճակատագրի մասին («Որպես գորշ, դեղին տերեւներ»), մե՛կ խոսք ուղղում իր շրջապատին ու ընկերներին («Ա. Բ-ին», «Տխուր կարուսել») եւ այդ ամենի հետ մեկտեղ խոսում ի՛ր մասին՝ բացահայտելով ի՛ր՝ ժողովրդի պատմության խորհրդանշան դարձած անհատի ողբերգությունը. «Արշավում է ե՛ւ քո, ե՛ւ աշխարհի վրա՝ // Վարձկան ոհմակների գլուխն անցած՝ // Հագած զարմանալի զրահ՝ // Քո միջնադարյան անցյալը…»: Սա, ինչպես ասացինք, հավատաքննության եւ հաշվեհարդարի վերադարձի ժամանակն է, որ պիտի ստեղծեր 1937-ի ողբերգությունը: Ժամանակի տագնապների խորացումն է նաեւ այս քառատողը.
Ատամնաթափ մի մարդ, գանգը նման կապկի,
Նստել էր կոկորդիս եւ ինձ խեղդում էր…
Թույն էր թորում նա իմ գիշերային շապկին —
Եվ անունը նրա… «Քնքշություն» էր…
Ժամանակի եւ աշխարհի այս մեծ չափումների մեջ աստիճանաբար ձեւավորվում է երկու կերպար. բանաստեղծի կերպարը՝ որպես ժողովրդի մտավոր հանճարի հավաքական ընդհանրություն, եւ ժողովրդի կերպարը՝ որպես մեկ ժամանակի մեջ ամփոփված պատմական հիշողություն: Դժվարին փորձությունների պայմաններում Չարենցը վերստին արծարծում է ժողովրդի ու նրա հոգեւոր ուժի միասնության եւ փոխադարձ
հավատարմության այն գաղափարները, որոնցով դեռեւս «Կապուտաչյա հայրենիք» եւ «Դանթեական առասպել» պոեմներով սկսեց իր հայրենասիրական ոգորումների ուղին: 1930-ական թթ. կյանքի խոշտանգիչ պայմաններում նա գրում էր. «Ոչ:- Չե՛մ հավատում, որ նաիրական // Աշխարհում ամբողջ գտնվի գեթ մի // Պոետ, որ այսօր իր բախտը գտնի // Իր ժողովրդի վսեմ, տիրական // Երթը խափանող ուղիների մեջ…»:
Հետապնդումների, ձերբակալությունների, հարցաքննությունների եւ անլուր կտտանքների պայմաններում Չարենցը խոսք է ուղղում ամենակարող երկնային Տիրոջը եւ գրում «Իմ լերան աղոթքը» պոեմը, նարեկացիական շնչով Աստծու առջեւ խոստովանում ժամանակի չարանենգ մեղքերը.
Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ Այգաբացի
Մայրամուտի փոխվեց արյունալիճ,-
Ուր մեր Արե՛ւն է նոր սուզվում արյունալի,
Որպես կարմիր գլուխ գլխատվածի…
Արեւի ու բրոնզի, կրակի ու կարմիր նժույգների բռնկուն տարերքի բանաստեղծին պաշարում են մայրամուտի ու մահվան պատկերներ եւ ծնունդ տալիս «մահ» բառը ուրվապատկերող «մ» տառերի բաղաձայնույթին («Մայրամուտի երգ»).
Մառ մորմոքում է մայրամուտը,
Մահվան մոխիր է մովից մաղում,-
Մեռնում է մութը մթնշաղում,-
Մառ մորմոքում է մայրամուտը:-
Մտորումներս մահ են, մութ են,
Մարխե մտքեր են միայն մխում,-
Եվ մորմոքում է մայրամուտը,
Մահվան մրուր է մովից մաղում…
Մահվան այս ահասարսուռ իրականության մեջ հստակորեն պատկերացնելով, թե ո՛վ է այդ ամենի գլխավորը, Չարենցն սպանիչ բանաստեղծություններ է գրում Ստալինի մասին, նրան պատկերում որպես Նեռ, այսինքն՝ հակաքրիստոսի տեսքով աշխարհ եկած մեծագույն չարիք, որպես ռուսական ինքնակալության ժառանգորդ, որը շարունակում էր նախկին տիրակալների արյունոտ ճանապարհը: Ժամանակի պարտադրած ցնծության ու ծիծաղի մեջ, երբ բոլորը միաձայն Ստալինի գովքն էին անում, նրան մեծարում որպես ժողովուրդների հայր, կենսատու միակ արեգակ, Չարենցը համարձակություն է ունենում պատռելու նրա դիմակը եւ նրա հասցեին ասելու. «Զարհուրելի երեւույթ չեղյալ՝ // Աշխարհում օրից առաջին», «Անծայրածիր մի ամբողջ երկիր արջի նման պարացնող ծաղրածու», «բթադեմ իդիոտ», Շահ-Աբասի շառավիղ, որի եփած ճաշերից միայն արյան հոտ է գալիս: «Թուղթ…» պոեմում, հիշատակելով, որ պատանեկան տարիներին Ստալինը նաեւ բանաստեղծություններ է գրել, ահավոր զայրույթով է լցվում դահճի դեմ.
Հպարտ է եւ բիրտ՝ դահի՛ճ աններող
Բանաստեղծական արվեստի մուսան.-
Արքաներն են երբ մկրտվում գուսան՝
Լավագույն դեպքում — դառնում են… Ներոն:-
«Նավզիկե» պոեմը (1936) Չարենցը գրում է կյանքի այդ դժվարին ժամանակներում: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» եւ նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին, ում հիշատակը սրբացրել էր, եւ Իզաբելային: Նավզիկեն (Նավսիկեա) փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսեւսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսեւսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսեւսի՝ ո՛վ լինելը, եւ արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:
Ահա 1930-ական թթ. մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա եւս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, եւ նա, իր երազանքների հանգրվանին չհասած, մահացավ բանտում:
Պոեմը բնույթով քնարական է. Չարենցը խորհրդածում է ամբողջ կյանքում իր որոնած եւ այդպես էլ չգտած Նավզիկեի մասին: Ահա՛ գործի էությունը բացահայտող մի քանի տուն.
Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ…
…Յուրաքանչյուր բացվող առավոտվա կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ,-
Անգամ մի դուռ է, երբ իմ դեմ բացում քամին —
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե:
Չարենցն իրեն պատկերացնում է տուն վերադարձող Ոդիսեւսի կերպարանքով, բայց հանդիպումն իր Նավզիկեի հետ չի կայանում. «Ուր սպասում էի — կորցըրի նրանց // Երազներում սիրած, երազի պե՛ս…»: Կարոտների կանչին ունկնդիր՝ նա այդպես էլ ավարտում է պոեմը.
Եվ կկանչեն նրանք, մինչեւ անշընչացած՝
Վայրկյաններիս վերջին երազի մեջ
Ինձ համբուրե իբրեւ իր Ուլիսին տենչած՝
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն:
Ահա դավի ու դառնության այս սարսափելի պայմաններում հպարտորեն ու գեղեցիկ բարձրանում է բանաստեղծի հզոր կերպարը: Չարենցը գրում է «Անվերնագիր» բանաստեղծությունը եւ նկարագրում այն ամենը, ինչ կարող է լինել իր մահից հետո: Ասես մի ներքին կապով շարունակում է «Գանգրահեր տղան» չափածո նովելի վերջին մասը: Չարենցը, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել, շարունակեց այդպես էլ ապրել մինչեւ իր հարությունը: Մարգարեանալով՝ իր մասին 1936 թ. նա գրում է.
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին, կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս:
…Եվ համր մի պահ՝ գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը, արդեն հավիտյան հանգած:
Եվ մարդիկ՝ երեկ դեմքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ՝ միայն երբեմն ինձանով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ, անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեեւ կյանքիս արձագանք՝
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են, թե ես վաղուց չկամ,-
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած՝
Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…
Անսահման մեծ նորություն բերեց Չարենցը հայ գրականությանը: Նա ընդլայնեց գեղարվեստական մտածողության տեսադաշտը, իր ապրած կյանքի ու իրեն վիճակված ժամանակի մեջ տեսավ անցյալը, ներկան ու գալիքը, իր խոսքում խտացրեց ու համադրեց հայ եւ համաշխարհային ամբողջ գեղարվեստական ժառանգությունը: Լինելով բացառիկ ուժով եւ բացահայտ հանճարով օժտված ստեղծագործող՝ նա թարմացրեց գեղարվեստական մտածողության ամբողջ համակարգը, գրականության լեզուն, պատկերային կազմը, տաղաչափությունը, տեսականին եւ դրանով իսկ պատմական զարգացման մեջ ձեւավորեց միանգամայն նոր օրինաչափություններ:
Այս ամենը հիմք է տալիս ասելու, որ նորագույն շրջանի հայ գրականությունը հանձին Չարենցի ունեցավ իր մեծագույն հիմնադրին եւ գեղարվեստական զարգացման հետագա ուղիները կանխատեսող մարգարեին:

Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s