ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

«ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ»

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Սկիզբը՝ 2011 Հոկտ. Բ

— Վերադառնանք Անառակի դարձին: Զղջաց եւ վերադարձավ: Հայրն ընդունեց` ամեն ինչ անտեսելով: Քիչ է ասել` ընդունեց: Առակն ասում է. «Եվ մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթաց»: Այսինքն` հայրը միշտ սպասել էր որդու վերադարձին, ճիշտ այնպես, ինչպես մեր երկնավոր Հայրն է սպասում մեր` իր բոլոր մեղավոր զավակների դարձին: «Վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ,- ասում է Ավետարանը,- ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան» (Ղուկ. ԺԵ 20): Եվ անմիջապես կարգադրեց ծառաներին` հագցնել որդուն իր նախկին պատմուճանը, թանկարժեք մատանին մատը դնել, կոշիկներ հագցնել եւ վերջապես պարարտ եզը մորթել՝ որդու վերադարձի առիթով. «Ուտենք եւ ուրախ լինենք,- ասաց,- որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց» (Ղուկ. ԺԵ 23):
— Ինչպես ամբողջ առակը, առավել եւս այս դրվագները, գեղեցիկ ու հուզիչ պատմություն լինելուց առաջ, այլաբանություն են ներկայացնում: «Վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ». իսկապես էլ, երբ մենք անկեղծ զղջումով դառնում ենք դեպի Աստված, Նա էլ մեզ է դառնում` առատապես բաշխելով Իր շնորհները: Որդին անկեղծ զղջումով վերադարձել էր, եւ հայրը գթաց: Ոչ միայն ընդունեց, ոչ միայն ներեց, այլեւ վերադարձրեց (ավելիով) այն ամենը, ինչ որդին կորցրել էր մեղանչելով: Վերադարձրեց որդիության պատիվը: «Նախկին պատմուճանը», որ կորցրել էր, սկզբնական արդարությունն էր,- ասում է Պետրոս արք. Բերդումյանը,- իսկ այժմ նա Հորից ստացավ ավազանի շնորհը, այսինքն` Սուրբ Հոգին:
«Մատանին» Հոր սրտի սիրո միությունն է որդու հետ, որը նաեւ իշխանության նշան է այլաբանորեն: «Կոշիկը» ոտքի պահապանն է եւ ապահովությունը, նաեւ նրա գեղեցկությունը` ըստ այսմ. «Ամրացրե՛ք ձեր ոտքերը խաղաղության Ավետարանի պատրաստությամբ» (Եփես. Զ 15): Եվ վերջապես՝ «Բերե՛ք պարարտ եզը, մորթեցե՛ք…»: Այլաբանորեն Քրիստոս Աստվածորդու արյունն է հեղվում բոլորիս փրկության համար, քանի որ մորթելուց հետո էլ ասաց. «Իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց», որովհետեւ Քրիստոսով եղավ փրկությունը:
— Այժմ, տե՛ր հայր, անդրադառնանք առակի հիմնական գաղափարին՝ ապաշխարությանը: Մեր զրույցի սկզբում Դուք ասացիք, որ այս առակն ապաշխարության գաղափարի դասական եւ չգերազանցված նմուշ է:
— Աստված չի ցանկանում մեղավորի մահը, այլ՝ նրա դարձը, ապաշխարությունը, փրկությունը. այս միտքը բազմիցս է արծարծվում Աստվածաշունչ Մատյանում: Մեր երջանկահիշատակ հայրերից մեկն էլ ասում էր` ինչ-որ տեղ մարդկային է, թերեւս նաեւ բնական, երբ մարդը մեղանչում է, սակայն անբնական է, երբ նա չի զղջում իր գործած մեղքի համար: Նոր Կտակարանի բոլոր ուսուցումներն այս գաղափարով են սնվում: Ապաշխարությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, կոչվում է նաեւ Երկրորդ մկրտության ավազան, որովհետեւ եթե մկրտված մարդը շարունակում է մեղանչել, նա այլեւս միայն ապաշխարությամբ կարող է իր մեղքերը լվալ: Ի տարբերություն մկրտության, որն անկրկնելի խորհուրդ է, ապաշխարությունն անընդհատ կրկնվում է` մարդկային տկար էության մեղանչումներին զուգահեռ: Ըստ էության` մեր ողջ կյանքի ընթացքն է ապաշխարություն: Անառակը հասկացավ, որ ազատության կամայական, ոչ ճիշտ գործադրումն իրեն հասցրեց վերջին թշվառության: Բայց ոչ միայն հասկացավ, այլեւ անկեղծ զղջումով ապաշխարության ու դարձի ճամփան բռնեց: Անգամ ինքն իր համար հատուցում սահմանեց` «այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ որպես քո ծառաներից մեկը»: Սա շատ ուսանելի է բոլորիս համար. երբ մենք գիտակցում ենք մեր մեղքը, սակայն չենք ապաշխարում, այսինքն` մեր միտքը գործի չենք վերածում, դա դեռ ոչինչ է: Դեւերն էլ լավ գիտեն, որ իրենք չար են, գիտեն, որ կա Աստված, եւ իրենք Աստծո թշնամիներն են: Բայց իմանալը քիչ է. պետք է զղջալ: Այդ էլ քիչ է. պետք է ապաշխարության ճշմարիտ ընթացք ունենալ: Մատնիչ առաքյալը` Հուդան, երբ Քրիստոսը դատապարտվեց, զղջաց` հասկանալով իր գործած մեղքի ահավորությունը, բայց ապաշխարության ընթացք չունեցավ, այլ հուսահատվեց ու կործանվեց… Ինքներս մեզ մշտապես անարժան համարելու քաջություն պիտի ունենանք, որպեսզի արժանանանք Աստծո որդիությանը, նրան, ինչին արժանացավ Անառակը։ Չէ՞ որ ամենքս էլ ինչ-որ չափով, ինչ-որ առումով անառակ որդիներ ենք, բայց բոլորս չէ, որ Անառակի կեցվածքով ենք ներկայանում Աստծո առաջ: Շատերը մտածում են` «դե՛, մեղք է, գործել ենք. մարդ ենք, սխալական ենք, Աստված բարի է, կների»: Ո՛չ եւ ո՛չ: Հավատացնում եմ` եթե Անառակը նման ամբարտավան կեցվածքով վերադառնար հայրական տուն, նա չպիտի ընդունվեր, այլ պիտի հալածվեր, ճիշտ այնպես, ինչպես ամեն ոք, ով Աստծո առաջ ներկայանում է առանց ապաշխարության, առանց խոնարհումի:
Վերադարձավ… Եթե մտովի ուղեկցենք Անառակին, կտեսնենք, որ ամբողջ ճանապարհին փոթորիկ էր նրա հոգում. թերեւս ամբողջ կյանքն անցավ իր աչքերի առջեւով` մանկության երջանիկ օրերը, ծնողների գուրգուրանքը, այն բոլոր շնորհները, որ հայրը պարգեւել էր ձրի, որոնք ինքն այնքան դաժանաբար ոտնահարեց: Ու թերեւս արտասվում էր, արցունքները խեղդում էին, բայց… վերադառնում էր: Որովհետեւ հույս ուներ, որ հայրը կների իրեն: Որովհետեւ իր սրտի մեջ կար ճշմարիտ դարձը: Որովհետեւ վերադարձողն այլեւս զղջացող հոգի էր: Անառակը զգում էր հոր սրտի անսահման սերը, ներողամտությունը եւ չէր սխալվում, ինչպես չեն սխալվում բոլոր նրանք, ովքեր անկեղծ զղջումով, խոնարհությամբ ու ապաշխարությամբ դառնում են դեպի մեր երնավոր Հայրը:
— Սակայն, տե՛ր հայր, Եկեղեցու սբ վարդապետներն ասում են, որ Աստված ա՛յս կյանքում է ողորմած, այսինքն` ա՛յս կյանքում է ապաշխարելու հնարավորություն տալիս, որի դռները չի փակում մինչեւ աշխարհի վախճանը : Ինչպես տեսանք, Անառակն անկեղծորեն զղջաց, ապաշխարեց, եւ հայրը ներեց նրան: Կարո՞ղ ենք ասել, որ այսպես մեր երկնավոր Հայրն էլ սպասում է յուրաքանչյուր մեղավորի դարձին եւ ապաշխարությանը:
— Ո՞վ է մեզ ուսուցանում, որ այս կյանքից դուրս կա մեկ այլ վիճակ. Աստծու խոսքը: Ուրեմն, եթե հավատում ենք Աստծու խոսքին, որ կա անդրշիրիմյան վիճակ, նույն Աստծու խոսքն էլ ասում է, որ այդ վիճակում այլեւս չկա զղջում եւ ապաշխարություն, այլեւս չկա մեղքերի քավություն, քանի որ այլեւս չկա փոփոխվելու հնարավորություն. ինչ որ այստեղ որոշեցինք՝ Աստծո՞ ծառան ենք, թե՞ սատանայի, դրան էլ պիտի արժանանանք:
Աստված ոչ միայն մեր Արարիչը եղավ, այլեւ մեր Փրկիչը, ոչ միայն մեր Ստեղծողը եղավ, այլեւ մեր անկումից հետո էլ մեզ սիրեց այնքան, որ մեր փրկության համար Իր Սրբազան Որդուն խաչը հանեց: Հետեւաբար, եթե այս ամենը գիտենալով, մարդն ապերախտ, անհավատ ու ամբարիշտ ընթացք ունենա, պարզ չէ՞, որ թշնամի է դառնում Աստծուն: Ու եթե թշնամին ներկայանում է Թագավորի առաջ, ի՞նչ պիտի անի Թագավորը. վարձատրի՞…
Գիտե՞ք, վարձատրության ստույգ ակնկալիք անգամ Եկեղեցու սրբերը չեն ունեցել, ուր մնաց` ամբարիշտներն ու անհավատներն ունենան: Մենք որքան էլ որ զղջանք ու ապաշխարենք, խնդրենք ու պաղատենք, դարձյալ քիչ է մեր մեղքերը կշռելու համար: Ինչո՞ւ. որովհետեւ մենք ամեն օր եթե ոչ գործով, ապա գոնե մեր մտքերի մեջ ենք մեղանչում: Մենք անգամ չենք էլ հասցնում զղջալ մեր ամեն մի մեղքի համար. այդքան ժամանակ էլ չենք գտնում: Էլ չեմ ասում` որքան ավերներ է գործում հոգեւոր նիրհը. երբ մարդը հոգեւորապես արթուն չէ, նրա ուշքն ու միտքը միմիայն երկրավոր հոգսն է` գումար վաստակել, լավ աշխատանք ունենալ, ուտել-խմել եւ այլն: Եվ այսպես` հոգեւոր թմբիրի մեջ էլ վատնում է իր ողջ կյանքը: Արդյունքում ներկայանալու է ահեղ Դատավորին, Ով սահմռկեցուցիչ դեմքով պիտի նայի ու ասի` քո կյանքը կրքերի համար չէր, քո մարմինը դեղերի ու պղծությունների բնակարան դարձնելու համար չէր, դու Սուրբ Հոգու տաճար պիտի լինեիր, քեզ համար Քրիստոսն էր խաչվել. դու ինչպե՞ս վատնեցիր քո կյանքը… Եվ տեսնում ենք` հայրական տնից հեռանալիս Անառակը հոգեւոր մերկություն ուներ, իսկ վերադարձին զարդարված էր առաքինության զգեստներով, որովհետեւ այլեւս «հագել էր» խոնարհությունն ու ճշմարիտ զղջումը, որով տիրացել էր մեծագույն իմաստությանը: Ահա սա՛ է Աստծո պահանջը: Քրիստոսն ասաց. «Ինձ նման եղեք, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ»:
— Անառակ որդու` կրտսերի կերպարն այնքան վառ է, որ մեկնիչները երբեմն «մոռանում են» ավագ որդուն: Մինչդեռ, ըստ Եկեղեցու հայրերի, ավագի կերպարն առավել ողբալի է, քանի որ վերջինս չկարողացավ ուրախանալ եղբոր դարձով, չկարողացավ ներել, ինչպես հայրը: Առակն ասում է. «Բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել»:
— Ավագ որդու կերպարն իսկապես էլ ավելի ողբերգական է, քանի որ չկա հանգուցալուծում: Շնորհք պատրիարքն ասում է` «Անառակի առակը» զույգ անառակների մասին է: Եվ դա ճշմարիտ է: Ավագն էլ պակաս անառակը չէր, բայց… թաքնված: Եթե կրտսեր անառակի պարագայում մեղքը հայտնի էր ու դատապարտվեց, ապա բոլորովին այլ է ավագ որդու խնդիրը։ Ոչ ոք չգիտեր, որ նա ընդունակ է նման քայլի, որովհետեւ չգիտեին` ինչ կա նրա սրտում: Եղբայրը վերադարձավ, եւ Ավագի դիմակը պատռվեց. պարզվեց, որ նրա սրտի մեջ բնավ սեր չկար: Եղբոր վերադարձը (իմա` փրկությունը) նրա համար ոչ թե ուրախություն, այլ վիշտ եղավ. սա ատելության բացառիկ դրսեւորում է: Այդ ատելության հիմքում, այո՛, «արդարացի» պատճառ կար. եղբայրը պոռնիկների հետ վատնել էր ամբողջ ունեցվածքը, հայտնվել էր կյանքի հատակում, այո՛, մեծ մեղք էր գործել եւ ուրեմն՝ արժանի էր պատժի: Բայց… բայց չէ՞ որ անկեղծորեն զղջացել էր ու վերադարձել: Վերադարձել էր` իրեն ծառա դառնալու: Ինչպե՞ս կարելի էր մերժել, երբ որ հայրն էլ դուրս ելնելով «նրան աղաչում էր», որ ներս մտնի: Բայց Ավագը, բարկությամբ պատասխանելով հոր խնդրանքին, «քո այդ որդին» կոչեց վերադարձողին` դրանով իսկ հոր երեսին շպրտելով, որ ինքը նրան եղբայր չի համարում: Գիտե՞ք, Ավագի վարքագիծը հրեականության տիպիկ դրսեւորում է, որ «գլորվեց գայթակղության քարի վրա» եւ ճզմվեց ու ջախջախվեց Քրիստոս-Վեմից: Արդյունքում հրեաները հայտնվեցին ավագ որդու վիճակի մեջ, մինչդեռ հեթանոս ազգերը, որ կրտսեր էին, որ չունեին հոգեւոր ճշմարտություններ, մարգարեներ, նահապետներ, չունեին Օրենքը, արժանացան Հոր օջախը մտնելու պատվին` իբրեւ հարազատ զավակներ:
Եվ երբեք չպետք է մոռանանք, որ ազգերի այս փաղանգի մեջ առաջինը, որ ազգովի դարձավ Քրիստոսի ծառա, հայ ազգն էր, ինչը մեծ պատիվ լինելուց առաջ մեծագույն պատասխանատվություն է ենթադրում:
— Եզրափակենք, տե՛ր հայր, ո՞րն է առակի բարոյական եւ հավերժական իմաստը, եւ որքանո՞վ է այն առնչվում մեզանից յուրաքանչյուրին:
— Մենք ամենքս պարտավոր ենք, գիտակցելով մեր մեղքերը, ճշմարտապես տեսնել եւ հասկանալ, որ մենք անառակ որդուց լավը չենք, որ մենք էլ նրա չափ, գուցեեւ ավելի, հանցանքներ ունենք: Հետեւաբար զղջալով դառնանք դեպի մեր երկնավոր Հայրը եւ մեր ողջ կյանքում ծառայենք Նրան: Մենք ծառայի՛ կեցվածքով մոտենանք Աստծուն, եւ թող Ի՛նքը մեզ որդիության պատվին արժանացնի: Բայց մենք սրտով-հոգով խոնարհաբար ծառայենք եւ հավերժորեն մեր Տիրոջ տանը լինենք: Նրան փառք հավիտյանս: Ամե՛ն:
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s