Երջանկությունն Աստծու ներկայությունն է մարդու մեջ…

Ձեր հարցերին պատասխանում է Տեր Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆԸ։
Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

— Տե՛ր հայր, ո՞րն է երջանկության քրիստոնեական ընկալումը. ի՞նչ է երջանկությունը։
— Աստվածաշնչում չենք կարող մի այնպիսի համար մատնանշել, ուր տրված լինի երջանկության սահմանումը, բայց Աստվածաշունչը խոսում է հոգու մի այնպիսի երանելի վիճակի մասին, որը մարդ ստանում է Աստծուն գտնելով, հետեւաբար, երջանկությունը հոգեւոր իմաստով աստվածային ներկայությունն է, այն զգացողությունը, որ Աստված ներկա է մարդու շուրջը, նրա մեջ, նրա սրտում. աստվածային այդ ներկայությունն է, որ մարդուն պարգեւում է երանելի, խաղաղ վիճակ: Կարող ենք հիշել նաեւ Քրիստոսի այն խոսքը, թե` երկնքի արքայությունը նաեւ ձեր ներսում է (տե՛ս Ղուկ. ԺԷ 21): «Երկնքի արքայություն» արտահայտության մեջ երջանկության գաղափարը կա, այսինքն` եթե ընդունում ենք Աստծուն մեր սրտում, ուրեմն նաեւ երջանկություն կա մեր ներսում, իսկ այդ հոգեւոր երջանկությունը մի այնպիսի զգացողություն է, որը ոչ ոք մեզնից չի կարող վերցնել, ինչպես սուրբ Պողոս առաքյալն է ասում. «…. ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները… եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. Ը 38, 39):
— Յուրաքանչյուր մարդ` անկախ տարիքից, մի ներքին մղում ունի երջանկության ձգտելու: Ինչո՞վ է պայմանավորված այս ձգտումը։
— Եկեղեցական հեղինակները շատ պատկերավոր համեմատություններ են անում` ասելով, որ այդպիսի երանելի, երջանիկ վիճակի մեջ էին առաջին մարդիկ դրախտում: Եվ երբ զրկվեցին դրախտից, դրախտի հանդեպ այդ կարոտը, տենչը անցավ ողջ մարդկությանը, ուստի երջանկության փափագը, իղձը, որ կա յուրաքանչյուր մարդու մեջ (ոմանց մոտ՝ գիտակցված, ոմանց մոտ` ո՛չ) դրախտին հասնելու մղումն ու ցանկությունն է: Եվ դրանով է պայմանավորված այն իրողությունը, որ բոլոր մարդիկ, հատկապես գիտակցական տարիքից սկսած, ձգտում են երջանկության: Այլ բան է, որ ոմանք չեն հասկանում, թե ինչ է երջանկությունը, սակայն նույնիսկ վերացական պատկերացում ունենալով հանդերձ` ձգտում են այնպիսի երանելի վիճակի, որ իրենց երջանկություն կբերի:
— Փաստորեն, Եկեղեցին երջանկությանը տալիս է այնպիսի մի սահմանում, որը տարբերվում է ընդհանրապես ընդունվածից: Շատերն այսօր կարծում են, որ երջանկությունը նյութական ինչ-ինչ ստացվածքների, հարստության մեջ է: Կարո՞ղ է արդյոք նյութը, հարստությունը երջանկացնել մարդուն։
— Իհարկե` ո՛չ: Բացատրենք, թե ինչու: Այսօր մարդիկ երջանկությունը շփոթում են հարմարավետության հետ: Մտածում են, որ եթե ունենանան հարմարավետ պայմաններ, ունենան իրենց հաճելի առարկաները, երջանիկ կլինեն: Բայց եթե ասենք, որ երջանկությունը հարմարավետություն է, ոչ ոք չի համաձայնի այս սահմանման հետ: Եկեղեցական հեղինակներից սբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ մարդիկ մտածում են, թե երջանիկ կլինեն, եթե ունենան շքեղ փոխադրամիջոցներ, լավ առարկաներ, շքեղ տուն, բայց ասում է, որ եթե այդ բոլորը մարդուց հեռացնենք, նա միայնակ կմնա: Ուրեմն՝ մարդուն չեն կարող երջանկացնել նրան շրջապատող առարկաները, նյութը, հարստությունը: Հետեւաբար, մարդու ներքին զգացողությունն է, որ, անկախ ամեն ինչից, անկախ միջավայրից ու առարկաներից, կարող է երջանկություն բերել: Հիշենք սրբերի օրինակը։ Համեմատություն կատարենք. այսօր մեր երիտասարդուհիները ձգտում են այն ամենին, ինչից հրաժարվեցին մեր երանելի սրբերը։ Օրինակ` սբ Սանդուխտ կույսը հասարակության մեջ ուներ բարձր դիրք, արքայադուստր էր, ուներ շքեղ փոխադրամիջոցներ, հարստություն, բայց այդ ամենից հրաժարվեց՝ հանուն Քրիստոսի: Նա երջանկության հասնելու համար հրաժարվեց այն ամենից, ինչին այսօր ձգտում են տարբեր մարդիկ` մտածելով, որ դրանում է երջանկությունը:
— Նյութական հարստության եւ բարեկեցության ձգտող ու հասնող մարդը, ի վերջո, կյանքի որոշակի հատվածում կանգնում է մի անբացատրելի դատարկության առջեւ, զգում է, որ մի բան, այնուամենայնիվ, պակասում է իրեն` երջանիկ լինելու համար…
— Այո՛, որովհետեւ երջանկությունը միայն նյութականի մեջ չպետք է փնտրել, թեեւ հակառակն էլ պետք չէ պնդել, քանզի այս նյութական աշխարհում մենք չենք կարող նյութականի, ֆիզիկականի դերը բացառել: Երջանիկ մարդը կարող է ունենալ նաեւ խնդիրներ, տարբեր խոչընդոտներ իր կյանքում, բայց դա չի նշանակում, որ նա այդ դժվարությունների մեջ կորցնում է երջանկությունը, որովհետեւ հոգու խորքում նա երջանիկ է, ինչն էլ օգնում է նրան, ուժ ու զորություն տալիս կյանքի խնդիրները հաղթահարելու համար: Օրինակ` եթե ընտանիքում ամուսինների մեջ կա փոխադարձ սեր, անկեղծ հավատ առ Աստված, նրանք երջանիկ են: Բայց երբեմն լինում են ամուսնական խնդիրներ, բնական է, վիճաբանություններ, դա չի նշանակում, որ նրանք կորցրին իրենց երջանկությունը: Նման դեպքերում իրենց մեջ եղած հավատը, Աստծու ներկայությունը պետք է օգնի, որ առավել հեշտ հաղթահարեն այդ խոչընդոտները` ամրապնդվելով երջանկության զգացողության մեջ:
— Փաստորեն, նեղությունների եւ դժվարությունների մեջ նույնպես մարդը կարող է երջանիկ լինել, եթե Աստծուն ունի իր մեջ: Կարելի՞ է ասել, որ երջանկությունը հոգեւոր իրողություն է։
— Այո՛, հոգեւոր զգացողություն, իրողություն է: Պետք է նկատել, որ այդ հոգեւոր իրողության զորությունն է, որ ուժ է տալիս մերօրյա մարդուն՝ հաղթահարելու եկող-գնացող դժվարությունները, բայց պետք է ասել, որ թեեւ դժվարությունները կարող են տխրեցնել մարդուն, բայց եթե մարդն ունի աստվածային ներկայությունն իր հոգում, ապա այդ ժամանակավոր նեղությունները չեն կարող խաթարել այդ զգացումը։ Մարդը պետք է երջանիկ զգա իրեն դեպի Աստված անընդհատ ձգտումով, քանզի որքան ձգտես առ Աստված, այնքան աստվածային օրհնություններն ու զորությունները դեպի քեզ կգան, եւ երջանկությունն ավելի մեծ կլինի:
— Մերօրյա մարդն այսքան փորձությունների ու դժվարությունների, գայթակղությունների մեջ ինչպե՞ս կարող է ձգտել ու հասնել իրական երջանկության. ո՞րն է ճանապարհը։
— Հաճախ այսպիսի մի սխալ ընկալում է նկատվում մեզանում. մարդիկ իենց երջանիկ են համարում, երբ սկսում են համեմատություն անել իրենց եւ մյուսների միջեւ: Օրինակ` եթե ապրում են մի երկրում, որտեղ պատերազմներ չկան, սկսում են համեմատել այն երկրների հետ, որտեղ այս առումով դժվարություններ կան, եւ այս համեմատության արդյունքում իրենց երջանիկ են համարում: Կամ` եթե ապրում են այնպիսի ընտանիքում, որն ունի ավելի քիչ խնդիրներ, քան մեկ այլ ընտանիք, իրենց երջանիկ են համարում: Այսինքն` մարդիկ այսօր համեմատական երջանկության սխալ գաղափար են որդեգրել։
— Տե՛ր հայր, Դուք ասացիք, որ մարդը լիակատար երջանկություն ունենալու է երկնքի արքայության մեջ, երբ դեմ-հանդիման պիտի վայելի Աստծու անմիջական ներկայությունը` վերագտնելով երբեմնի կորցրած երջանկությունը… Մանրամասնե՛ք, խնդրում եմ։
— Սբ Պողոս առաքյալն ասում է, որ «Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմ առ դեմ…» (Ա Կորնթ. ԺԳ 12), նաեւ Քրիստոսն է ասում, որ «երկնքի արքայությունը մեր ներսում է»: Այսինքն` այսօր այստեղ նույնպես կարող ենք ունենալ այդ երջանկության զգացողությունը: Ուրեմն մենք գալիս ենք այն եզրահանգման, որ երջանկությունն Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Ճիշտ է` մարդը երբեմն վերացական գաղափարներ ունի երջանկության մասին, բայց ընդհանուր առմամբ երջանկությունը պատկերացնում է իբրեւ ֆիզիկական եւ հոգեւոր խաղաղ ու երանելի վիճակ, որին կարող են հասնել Աստծու շնորհիվ, մեր մեջ Աստծու ներկայությունն ունենալու շնորհիվ:
Այո՛, ինչ-որ ունենք այստեղ, մասնակի կամ անցողիկ կերպով, հատկապես անանց կերպով, ունենալու ենք երկնքի արքայության մեջ: Ես կուզեի խորհուրդ տալ այն ընտանիքներին, ամուսիններին, երեխաներին, ովքեր երբեմն կարիքներ, դժվարություններ են ունենում կյանքում, ընտանիքում, չհամարեն, որ դրանով խաթարվում է երջանկությունը, այլ համարեն, որ իրենք երջանիկ են, եթե Աստծուն ունեն իրենց մեջ: Դրանք պարզապես հերթական մարտահրավերներ են, դժվարություններ, որոնք հաղթահարելի են Աստծով: Այսօր աշխարհը պայքարում է աղքատության դեմ, աղքատություն կա այսօր նաեւ մեր երկրում: Շատերն ապրում են դժվարին կենցաղային պայմաններում, բայց մյուս կողմից չպետք է նկատել, որ եթե մարդը կարիք չունի, ուրեմն երջանիկ է, որովհետեւ եկեղեցական հեղինակներն ասում են, որ կարիք չունեն եւ մեռածները եւ քարերը, բայց նրանք բնավ էլ երջանիկ չեն։ Հետեւաբար, եթե կարիքը կա, մարդը պետք է հավատով զորանա, որպեսզի հաղթահարի այդ դժվարությունները` փորձելով իր ներսում առկա ներքին երջանկությունը, երկնքի արքայությունը տարածել նաեւ իր շուրջը, իր ընտանիքում, իր շրջապատում:
— Երջանիկ ես, երբ երջանկացնում ես ուրիշներին: Որքանո՞վ է կարեւոր ուրիշներին երջանկացնելը։
— Եսասիրությունը բացասական եւ ոչ ընդունելի երեւույթ է կրոնում, որովհետեւ Քրիստոսն ասում է. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. ԺԵ 13): Մեր մեծ բանաստեղծներից Միսաք Մեծարենցն ունի «անանձնական երջանկության» քարոզը, գաղափարը: Մարդը երջանիկ է լինում, երբ երջանկացնում է ուրիշներին: Դա առավել մեծ ուրախություն է բերում: Քրիստոսն ասում է. «Ավելի լավ է տալը, քան առնելը», հետեւաբար, երբ մենք երջանկություն, ուրախություն ենք բերում ուրիշին, դա մեզ առավել երջանկություն է բերում, որովհետեւ ինչ տալիս ես, ավելիով ստանում ես. եթե բարի գործեր ես կատարում, Աստծու օրհնություններն առատանում են քեզ վրա, իսկ օրհնության առատությունից մեծանում է նաեւ երջանկության զգացումը:
— Տե՛ր հայր, իսկ Դուք երջանի՞կ եք եւ ինչո՞ւ։
— Ես, բնականաբար, ինձ երջանիկ մարդ եմ համարում, որովհետեւ թեեւ կյանքում կան դժվարություններ, նեղություններ, տրամադրության անկումներ ու բարձրացումներ, բայց դրանք գտնվում են հոգու մակերեսին, իսկ հոգու խորքում ամբողջապես աստվածային ներկայությունն է, դեպի Աստված ձգտումը, ուստի դժվարությունները չեն կարող սասանել այն հոգեւոր հիմքը, հավատքը, որ զգում եմ իմ մեջ, եւ Աստծու ներկայությունը, որ ավել կամ պակաս չափով ունեմ իմ ներսում, երբեք չի խաթարվում: Եվ այդ երջանկությունն ավելի է ամրապնդվում՝ ուրիշներին օգնելով, երջանկացնելով, ուրիշի հանդեպ մի բարի գործ կատարելով:
— Տե՛ր հայր, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին, ովքեր ուզում են երջանիկ լինել։
— Ընթերցողներին խորհուրդ կտամ, որ գիտակցեն, որ իրենք իրոք երջանիկ են, եթե հավատում են Աստծուն, ունեն աստվածային ներկայության զգացումն իրենց կյանքում եւ չտխրեն, երբ նեղությունների ու փորձությունների մեջ են ընկնում, որովհետեւ սբ Հակոբոս առաքյալն ասում է. «Ամենայն ուրախության արժանի համարեցեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. իմացեք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող դրսեւորվի լիությամբ, որպեսզի անթերի եւ կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք» (Հակ. Ա 2-4): Նեղությունները կոփում են մարդուն` երբեք չխլելով մարդուց երջանկության զգացումը: Ուստի, հորդորում եմ առավել հոգեւորի, հոգեւոր զգացումի մեջ փնտրել երջանկությունը, քան նյութականի մեջ, որովհետեւ այսօր տարբեր զարգացած երկրներ, որոնք սպառողական հարմարավետություն են քարոզում եւ շեշտը դրել են հարմարավետության ու նյութականի ապահովման վրա, կանգնել են, ինչպես ժամանակակից եկեղեցական հեղինակներից մեկն է ասում, մատերիալիզմի, նյութականի փակուղու առջեւ: Այնտեղ էլ մարդիկ տարբեր հոգեւոր խնդիրներ ունեն, որոնք չեն կարողանում հաղթահարել: Սա ցույց է տալիս, որ նյութականի մեջ չէ երջանկությունը. այն պետք է կառուցել հոգեւոր հիմքի վրա: Ուրեմն՝ ունկնդիր լինենք երջանկության այն քարոզին, որը բերում է մեզ Սուրբ Գիրքը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s