Սկիզբը՝ 2011 Հուլիս Բ- Հոկտ. Բ

Հետաքրքիր էին զարգանում դեպքերը Կոստանդնուպոլսում։ Ավետիքի թշնամիներն աշխատում էին նրան պաշտոնանկ անել։ Նրանք կանգ չէին առնում եւ ոչ մի միջոցի առաջ։ Ավետիքը լուր է առնում, որ Լոթրանի պարտքի երաշխավորները հաջողել են պարտքը գցել վանքի վրա, այլ խոսքով՝ իր վրա, եւ դրանով պիտի փորձեն իրեն պաշտոնանկ անել։ Իշխանություններն էլ պահանջում էին գալիք տարվա «միրի» հարկը՝ հասկացնելով, որ նրա տեղը ցանկացող կա։ Ավետիքը պարտավորվեց պարտք վերցնել եւ վճարել, մինչեւ վտանգն անցներ։ Բայց վիճակը գնալով վատացավ։ Օսմանյան կայսրության վերաբերմունքը խստացավ եվրոպացիների եւ եվրոպամետների նկատմամբ, հատկապես երբ մեծ վեզիր դարձավ Չորլուլու Ալի փաշան՝ մի դաժան եւ խիստ անձնավորություն։ Ավետիքի հակառակորդները, որ առաջ նրան մեղադրում էին ֆրանկացյալներին հալածելու մեջ, այժմ սկսեցին նրան մեղադրալ ֆրանկացյալներին հարելու մեջ։ Այդպիսի մեղադրանք է ներկայացնում նրան անգամ մեծ վեզիրը։ Նրա փոխարեն առաջ էին քաշում Մարտիրոս Քյուլհաճու թեկնածությունը։ Ավետիքը լսելով, որ բողոքը տեղ է հասնում, դիմում է մեծ վեզիրի գանձապահին՝ կանխիկ վճարումը ետ ուզելու։ Դրան ի պատասխան՝ նրան բանտարկում են Թենետոս կղզում։ Դա եղավ 1706 թվի փետրվարի 2-ին։

Ավետիքի բանտարկության մեջ մեծ դեր խաղաց ֆրանսիական դեսպանի բողոքը, որն Ավետիքին ներկայացնում էր որպես կաթոլիկների կրոնի եւ նրանց ազգության անարգողի, բարեկամ տերությունների հարաբերությունները խառնակողի։ Նա պահանջում էր նրան պաշտոնանկ անել եւ խստորեն պատժել։ Ութ օր անց նրան հասցրին Թենետոս։ Այնուամենայնիվ Չորլուլուն մեղմ վարվեց Ավետիքի հետ, եւ նա Թենետոսում մնաց երկու ամիս։

Ավետիքի պաշտոնանկությունից երեք օր հետո պատրիարք հռչակվեց Մարտիրոս Երզնկացին՝ Քյուլհաճի մականունով։ Սա Ավետիքի ձեռնասունն էր, վայելել էր Ավետիքի բարերարությունները եւ հետո դուրս եկել նրա դեմ, երբ Ավետիքը մեջտեղ էր հանել նրա խարդախություններն ու գողությունը եւ հեռացրել պաշտոնից։ Նա մի աղքատ քրիստոնյայի զավակ էր, ծնունդով՝ երզնկացի, որին կրթել էր Ավետիքը։ Նա ամուսնացած է եղել, Ավետիքի ձեռամբ քահանա է ձեռանդրվել, այրիանալուց հետո՝ աբեղա, ապա՝ վարդապետ։ Ավետիքի առաջին պատրիարքության ժամանակ նվիրակ է եղել Զմյուռնիայում, իսկ երկրորդ պատրիարքության ժամանակ նշանակվել է Ավետիքի փոխանորդ։

Մարտիրոսը հաջորդել էր Եսայուն, որ վեքիլ էր եղել Ավետիքի ժամանակ։ Նա, դառնալով պատրիարք, ստիպված էր վարձատրել Մատթեոս Սարուն, որ նրան օգնել էր Ավետիքին տապալելու գործում։ Նրան տրվեց Երուսաղեմի պատրիարքությունը, բայց ոչ որպես պատրիարքի, այլ՝ առաջնորդի. կացություն, որ առաջինն ստեղծել էր Կաֆացին, որպեսզի մնա Կ. Պոլսում, բայց յուրացնի Երուսաղեմի դարպասները։ Սակայն նրանք երկուսն էլ պարտավոր էին իրենց բարեկամներին վճարել՝ նրանց օգնության համար, եւ հալածել իրենց թշնամիներին, այլ խոսքով՝ Ավետիքի կուսակիցներին։ Դրանց մեջ էին Մանվել ու Հովհաննես քահանաները, որոնք ուրիշ առիթով հիշված Երզնկացիներն էին, Մարգար Պարթեւազնը եւ խոջա Սահակը, թեպետ լավ հայտնի չեն նրանց դեմ առաջ քաշած մեղադրանքները։ Մարտիրոսը պատրիարք դառնալիս դեռեւս եպիսկոպոս չէր, եւ ձեռնադրվելու հնար էլ չկար՝ Էջմիածնում տիրող կացության պատճառով։ Նրան եպիսկոպոս ձեռնադրեց Կիլիկիայի պաշտոնազուրկ կաթողիկոս Մատթեոս Սարին։ Դա տեղի ունեցավ ապրիլի 7-ին՝ Աշխարհամատրան կիրակի օրը։ Մայր եկեղեցու դրսի բակում յոթ աստիճան շինեցին, եւ Մատթեոս Սարին, երեք եպիսկոպոսների հետ, նրան եպիսկոպոս ձեռնադրեց։ Եպիսկոպոսի ձեռնադրությունը նորություն էր Կ. Պոլսի համար, եւ տեսնողները հիացած էին, բայց դա կաթողիկոսի իրավունքների խախտում էր։ Եվ դա իրականում թուլացրեց Մարտիրոսի դիրքերը, քանի որ Ավետիքի կողմնակիցները նրա ձեռանդրությունը կանոնազանց եւ ապօրինի համարեցին։

Մի իրողություն էլ վտանգեց Մարտիրոս Քյուլհաճուն։ Ավետիքն ու նրա կողմնակիցներն աշխատում էին Ավետիքին Թենետոսից ազատելու ուղղությամբ։ Ավետիքի՝ Սուլթանին հղած աղերսագրի շնորհիվ եւ նրա բարեկամների նյութական միջնորդությամբ, չնայած դեսպան Ֆերիոլի եւ լատինամետների ջանքերին, ստացվեց Ավետիքի ազատության հրամանը։ Ձախողվելով իր ձեռնարկումներում՝ Ֆերիոլը դիմեց նենգ միջոցների։ Ավետիքն ազավելով ծովով պիտի գնար Երուսաղեմ, հետո՝ Քիոս, Հռոդոս եւ Կիպրոս։ Ֆերիոլը մտածեց ճանապարհորդության ընթացքում նրան ձերբակալել եւ լատին հավատաքննության ձեռքը հանձնել։ Քիոս կղզու ֆրանսիական փոխհյուպատոս Բոնալդը հրահանգ ուղարկեց ճիզվիտներին՝ Թարիյոն աբեղայի ձեռքով։ Ապրիլի 7-ին մեծ վեզիրի պաշտոնյան Ավետիքին հանձնեց նրա ազատության հրամանը՝ առաջադրանք ունենալով նրան ընկերենալ եւ ճանապարհել մինչեւ Հռոդոս, իսկ Երուսաղեմ ուղեւորվելիս՝ այդ բարապանը պետք է փոխվեր։ Նրանք Քիոսից մեկնեցին նավով եւ տեղ հասնելով սկսեցին նոր նավ փնտրել։ Ավետիքը միամտորեն գրում է, թե Հռոդոս մեկնող պատրաստ նավ չկար, ուստի ստիպված երեք օր սպասում են։ Եվ հենց այդտեղ էլ կատարվեցին տգեղ իրադարձությունները։ Փոխհյուպատոսը ֆրանսիական նավ ճարեց, նավապետին հաղորդեց դեսպանի հրահանգները, կաշառեց թուրք բարապանին, եւ Ավետիքը, որ նրանց լեզուն չէր հասկանում, դեռ երեք ոսկի էլ վարձ վճարելով, նավ մտավ։ Նավը ճամփա ընկավ գիշերվա ժամը 5-ին։ Մյուս օրը հասնում են Սանթորինո կամ Թեքիրմենլիք։ Այստեղ թուրք պաշտոնյան նավից դուրս է գալիս եւ այլեւս չի վերադառնում։ Երկու օր անց Ավետիքի փոքրավորին հանում են նավից եւ իջեցնում մի կղզու վրա, իսկ Ավետիքը դառնում է նավապետի գերին։ Վերջինս խլում է նրա ունեցածը՝ սուրբ խաչ, կաշվից կղպակած պարկ՝ 188 ոսկով, 1 ադամանդե եւ 1 զմրուխտե մատանի, ծոցի ժամացույց, 17 ոսկեթել դաստանակ եւ 7 ձեռք սպիտակեղեն։ Ավետիքը կամենում է բողոքել, բայց չի կարողանում՝ լեզվին չտիրապետելու պատճառով։ Հասնում են Մեսինա, որը գտնվում էր Սիկիլիա կղզում՝ Իսպանիայի տիրապետության տակ։ Դա եղավ 1706 թվի մայիսի սկզբներին։

Մեսինայում ֆրանսիական հյուպատոսը՝ Փոլ Սուլիեն, նրան նետեց հավատաքննության բանտը։ Ավետիքին թվում էր, թե իրեն Լազարեթ՝ վարակյալների զգուշարան են բերել։ Ավետիքն այստեղ մնաց հինգ ամիս, սակայն նրա նկատմամբ գործադրված բռնությունների մասին ոչինչ հայտնի չէ։ Մեսինա հասնելիս՝ 1706 թ. մայիսի 7-ին, Ավետիքը կարողացել էր իր ձերբակալության մասին լուր ուղարկել Կ. Պոլիս։ Լուրը տարել էր Սպարթալի անունով մի հույն վաճառական, որը, թերեւս, Ավետիքի հիշած քիոսցի «Սախըզու պազիրկյանն» է։ Լուրը տեղ հասավ հունիսի սկզբներին։ Այս իրողությունը խիստ թուլացրեց Մարտիրոս Քյուլհաճու դիրքերը, որը լատինամետների կողմն էր բռնել։ Իսկ բռնություն կատարողները լատիններն էին եղել, եւ շատ ճշմարտանման է Մարտիրոսի մասնակցությունն այդ գործում։

Ավետիքյանները տապալում են Մարտիրոսին 1706 թվի հունիսի 9-ին՝ Լուսավորչի կիրակի օրը։ Պատրիարք է հռչակվում Միքայել Խարբերդցի քահանան, բայց ավելի շատ որպես Ավետիքի տեղակալ, քանի որ ժողովուրդը միշտ պատրիարք էր ճանաչում Ավետիքին։ Հավանաբար Երուսաղեմում թուլացավ նաեւ Մատթեոս Սարին. թերեւս տապալվեց, սակայն պատրիարքի ընտրություն չկատարվեց։ Եվ ընդհանրապես մինչեւ 1718 թիվը Երուսաղեմը պատրիարք չունեցավ եւ համարվեց Կ. Պոլսի պատրիարքության ենթակա, ինչը հուզումներ էր առաջ բերում Երուսաղեմում։

Ավետիքի ձերբակալությունը զայրացրեց ոչ միայն նրա կողմնակիցներին, այլեւ հակառակորդներին եւ օսմանյան իշխանություններին։ Մեծ վեզիր Չորլուլուն փորձեց գտնել նրան եւ Ֆերիոլից էլ պահանջեց Ավետիքին ետ ուղարկել։ Վերջինս ավեն ինչ ուրացավ եւ հայտարարեց, թե Ավետիքը ծովահենների ձեռքն է ընկել։ Այդ նույնն ասել էր նաեւ կաշառված թուրք բարապանը, բայց տանջանքների ենթարկվելով՝ նա խոստովանեց իսկությունը։ Անկախ այդ ամենից՝ Ֆերիոլն ինքն իր նամակներից մեկի մեջ խոստովանում է, որ Ավետիքին իր ձեռքն է գցել, կարգադրել, որ տանեն Ֆրանսիա եւ դա արել է Քիոսի փոխհյուպատոսի միջոցով։ Եվ չքմեղանալով գրում է, թե իրեն դա ստիպել է անել ճիզվիտների մեծավոր հայր Հակինթոսը։ Նաեւ հիշվում է, որ Քյուլհաճի եւ Սարի պատրիարքները շղթայվել ու նետվել են արքունի թիարան։ Ֆերիոլն ինքն էլ հասկանում էր, որ այդ դեպքը ծանր է նստելու կաթոլիկների վրա, քանի որ նա դրանով իրենց դեմ մեծ զենք էր տվել վեզիրին։ Այդպես էլ եղավ, եւ լատինածես հայ գլխավորները բանտարկվեցին։

Օսմանյան մայրաքաղաքում եղած հուզումներն ստիպեցին Ավետիքի դահիճներին զգուշություն հանդես բերել եւ նրան Մեսինայից տեղափոխել։ Ֆրանսիայի դեսպանի պահանջով նրան տեղափոխում են Ֆրանսիա։ Սկզբում կամեցել էին տանել Պալերմո, սակայն դրան չէր համաձայնել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Ե-ն՝ չուզենալով դահճի տհաճ դեր կատարել։ Դրան հոժարակամ համաձայնել էր Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս ԺԴ-ն։ 1706 թվի սեպտեմբերին Ավետիքը փոխադրվում է Մարսել եւ անմիջապես բանտարկվում արքունի թիարանում։ Նա մռայլ գույներով է ներկայացնում իր շղթայակապ վիճակում բանտարկված լինելը։ Հատկապես գանգատվում է մորուքի ածիլվելուց, ինչը հայերի մոտ ընդունված չէր։ Նույն երեկոյան նրան նետում են ներքին խոր բանտը, որտեղ նա մնում է 40 օր։ Բանտի վերակացուն էր Մոնմորը, որն այլանդակ հալածանքների ենթարկեց նրան։

Կ. Պոլիսը հուզված էր։ Ավետիքին գտնելու պրպտումները շարունակվում էին։ Նույնիսկ Ֆերիոլը ձեւացնում է, թե փորձում է օգնել փնտրողներին, սակայն 1706 թվի սեպտեմբերի 16-ին գրած նամակում աղաչում է, որ Ավետիքին մութ սենյակում փակել տան, որ նա ընդհանրապես լույս չտեսնի, եւ նրան երբեւիցե ազատություն չտրվի։ Այդ էր պատճառը, որ Ավետիքին տեղափոխում են Նորմանդիա՝ Ատլանտյանի ծովեզերքի Մոն-Սեն-Միշել (իմա՛ Սբ Միքայելի) վանքը, որը պատկանում էր բենեդիկտյաններին, սակայն հետագայում դարձավ հոգեւորականների եւ պետական գործիչների բանտարկության վայր։ Ավետիքին խաբում են, թե Փարիզ են տանում՝ ազատ արձակելու համար, եւ հասարակ աշխարհականի հագուստ են հագցնում։ Եվ առանց Փարիզ մտնելու՝ նրան բերում են Սբ Միքայելի վանքը։ Նրան փակում են մի առանձին խցում՝ հանձնելով վանահոր հսկողությանը։ Այստեղ նա մնաց երեք տարի, այսինքն՝ մինչեւ 1709 թիվը։ Նույնիսկ Ֆերիոլը չգիտեր նրա տեղը։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s