«Լսեցեք, ով թագավորներ, եւ հասկացեք. սովորեցեք, երկրի բոլոր ծագերի թագավորներ: Ականջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա. ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը` Բարձրյալից. Նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները…» (Իմաստություն Սողոմոնի Զ 1-5)։
Ցանկացած իշխանություն` հոգեւոր թե աշխարհիկ, Աստծուց տրված, աստվածապարգեւ է: Այս է ուսուցանում Աստվածաշունչ Մատյանը` փաստելով, որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի…» (Հռոմ. ԺԳ 1): Եվ այն ղեկավարներն ու իշխանավորները, ովքեր վերին նախախնամությամբ բարձրացել են ազգին գլխավորելու պատվին, պարտավորություն ունեն բարին գործելու, երկրում արդարություն եւ իրավունք հաստատելու, քանի որ իշխանության հաստատունությունը հիմնվում է հավատարմության, արդարության ու բարերարության վրա` թե՛ հպատակների, թե՛ սահմանակից ժողովուրդների հանդեպ: Քրիստոնեական ուսուցման համաձայն` իշխան, տեր լինելը նախ եւ առաջ ծառայություն է ենթադրում, քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ եկավ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու (տե՛ս Մատթ. Ի 28): Ազգի, պետության իշխանավորներն ու ղեկավարները պարտավոր են ծառայել ամենքին, իրենց վարքով, կենցաղավարությամբ, միմյանց հանդեպ ներողամտությամբ ու հանդուրժողականությամբ օրինակ լինել հասարակությանը: Այս են ուսուցանում մեր Եկեղեցու հոգելույս հայրերն ու վարդապետները` հավելելով. «Երջանիկ է այն ազգը, որի առաջնորդները բարեկարգ են, իշխանները` հայրենասեր, քահանաները` իմաստուն, դատավորները` արդար, ուսուցիչները` առաքինի, ծերերը` խորհրդատու, երիտասարդները` ջանասեր»: Ցավոք, այսօր մեր քրիստոնյա պետությունն այդ երջանիկ, բարեկարգ վիճակում չի գտնվում: Դժբախտաբար մեր ղեկավարներն ու իշխանավորները, մեղմ ասած, ոչ քրիստոնեական կենցաղավարությամբ եւ իրենց իշխանական դիրքի չարաշահմամբ Աստծո արդար զայրույթն են շարժում` չգիտակցելով, որ այդ իշխանությունն Աստծո կողմից է տրված իրենց եւ ճիշտ չտնօրինելու դեպքում կվերցվի իրենցից: Մերօրյա ազգի կամ ժողովրդի ղեկավարները ոչ միայն քրիստոնեավայել ընթացք չունեն, այլեւ համարում են, թե մարդիկ ծնվել են իրենց ծառայելու համար, եւ իրենք էլ հասարակ մարդկանց կարգից չեն. ցոփակյաց ու հեշտասեր, մեղկ կյանքով ապրելով, զրկելով ու հափշտակելով, կեղեքելով իրենցից տկարներին` զանց են առնում Աստվածաշնչի հիշյալ խոսքերը. «Իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կա ներման ողորմածությունը: Հզորներն ավելի խիստ են դատվելու» (Իմաստ. Զ 6,7): Դատվելու են անաչառ Դատավորից, քանի որ իշխանություն ունեն, սակայն ուղիղ դատ չեն անում, անմեղին մեղավորի աթոռին են նստեցնում, արդարության ու իրավունքի հետամուտ չեն լինում, այլեւ ի ցույց մարդկանց` անհանդուրժողականությամբ եւ ատելությամբ լցված` միմյանց դեմ են պայքարում, հրապարակայնորեն միմյանց պախարակում, անպատվում ու միմյանց դատի տալիս, վրեժխնդրությամբ լցվում ու միմյանց սպառնում` ի չարս գործադրելով աստվածապարգեւ իրենց իշխանությունը: Եվ այս ամենը՝ սնափառության ու իշխանատենչության, սնոտի փառքի ու կորստական հարստության համար, ավելին ունենալու անհագ փափագի ու անցողիկ, ժամանակավոր, ապականացու վայելքների համար… Սա է մեր իրականությունը: Աստծո կամքն անտեսած, Աստծուց հեռացած ու Նրան մերժած իշխանությունը, որն առաջնորդվում է նախ եւ առաջ իր ես-ի թելադրանքով ու անձնասիրական նպատակներ հետապնդելով, իր կամքով` առանց հաշվի առնելու ժողովրդի կարծիքը, փափագներն ու երազանքները, վաղ թե ուշ ենթակա է փլուզման, քանի որ «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, եւ ինքն իր մեջ բաժանված ամեն տուն` կործանվում»,- ասվում է Աստվածաշունչ Մատյանում (տե՛ս Ղուկ. ԺԱ 17):
…Ո՞րն է այս վիճակից ելքը… Այսօր կարիքն ունենք հոգեւոր նոր դարձի, ազգովին ապաշխարության, վերազարթոնքի, այս անարդարությունների, անիրավությունների ու կեղծիքի ճահճից դուրս գալու: Այսօր կարիքն ունենք իսկապես քրիստոնեական պետության ստեղծման, քրիստոնյա, աստվածավախ ղեկավարների, ովքեր առանց անձնական շահ հետապնդելու, ձերբազատված փառասիրությունից ու սնափառությունից, ժողովրդի վաղվա օրով մտահոգված` խոնարհությամբ կընտրեն պետությունը ղեկավարելու խիստ պատասխանատու եւ դժվարին ուղին` այն գիտակցությամբ, որ իրենք կոչված են ծառայելու ժողովրդին, կատարելու իրենց պարտավորությունները, հոգալու յուրաքանչյուր քաղաքացու մասին, սրտացավ վերաբերմունք, գութ եւ խնամք ցուցաբերելու կարոտյալների եւ նեղյալների նկատմամբ` մեկ խոսքով` քրիստոնյա պետությանը պատշաճ իսկապես քրիստոնյա ղեկավարներ լինելով: Աստծո վախն ու երկյուղն ունենալով` նրանք կշենացնեն ու կպայծառացնեն ազգը` ջանք ու եռանդ չխնայելով ժողովրդին բարու մեջ կրթելու, իրենց իսկ վարքով օրինակ լինելու գործում: Քրիստոնյա ղեկավարների համար առաջնային կլինի սեփական կամքը մի կողմ թողած` նախ եւ առաջ Աստծո կամքով առաջնորդվելը: Ուրեմն նա է իշխանության արժանի, ով ոչ միայն ճառում է բարոյականության, արդարության եւ եղբայրասիրության մասին, այլեւ իր իսկ կյանքի օրինակով է հաստատում այդ` խոսքը գործի կոչելով: Նա է իշխանության արժանի, ով իր կատարած բարեգործությունները ոչ միայն չի բարձրաձայնում, ի ցույց բոլորի ներկայացնում` «մարդկանցից փառք որսալով», այլ խոնարհաբար, ծածուկ է գործում դրանք` «ավելի սիրելով Աստծուց տրված փառքը»: Նա է իշխանության արժանի, ով երկնչում է Աստծուց եւ գիտակցում, որ Նա ամենագետ է եւ քննում է մարդկանց մտածումներն ու խորհուրդներն անգամ: Այդպիսի մեկն անմեղի արյուն չի հեղի, անիրավ դատ չի անի, աղքատներին ու տնանկներին չի կեղեքի, այլ հետամուտ կլինի օրինապահության եւ արդարության, եղբայրասիրության ու բարոյականության` գիտենալով, որ Բարձրյալը տեսնում է ամեն բան եւ դատաստանի օրը հաշիվ է պահանջելու:
Եվ վերջապես՝ նա է իշխանության արժանի, ում Աստված է ընտրում: Իսկ Աստված ընտրում է խոնարհներին ու արժանավորներին, որպիսիք, հուսանք, Տիրոջ ողորմությամբ մի օր իշխանության կգան` իրավամբ դասելով մեզ այն երջանիկ ազգերի շարքը, որոնցում արդարությունն ու իրավունքն է իշխում, սերն ու համերաշխությունը թագավորում, եւ որոնք հանապազ վայելում են Աստծո ողորմություններն ու շնորհները:
Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s