Գիտությունն աշխարհաճանաչողություն է, որն ունի աքսիոմատիկ կառուցվածք: Այն հիմնվում է աքսիոմաների կամ կանխադրույթների վրա, որոնք ընդունվում են որպես ճշմարտություն: Նրանց ճշմարտացիությանը մենք հավատում ենք` որպես բացարձակ ճշմարտություններ կամ որպես աստվածային երեւույթ, ինչպես ասենք` երկինքը կապույտ է, կամ տերեւը` կանաչ: Եթե որեւէ մեկը երկինքը կապույտ չի տեսնում կամ տերեւը` կանաչ, մենք ասում ենք, որ մարդը հիվանդ է: Մաթեմատիկոսը կա՛մ ընդունում է մաթեմատիկական աքսիոմը, կա՛մ առաջադրում է նոր աքսիոմա եւ հավատալով դրան՝ կառուցում նոր մաթեմատիկական տեսություն: Մաթեմատիկայի ճշմարտացիությունն ու ճշգրտությունը հենց նրա աքսիոմատիկ կառուցվածքի մեջ է: Առանց այդ կառույցի ճշմարտացիությանը հավատալու՝ անհնար է մաթեմատիկա սովորել կամ ստեղծել նոր մաթեմատիկա: Մաթեմատիկան այնքանով է ճշգրիտ, որքանով հիմնվում է արարչական սկզբունքների` աքսիոմաների վրա, որոնց մենք հավատում ենք, եւ այդ հավատը Աստծուն հավատալու մասնավոր մի դեպք է: Այս պարագայում պետք է նշել, որ արարչագործությանը հավատալն է ենթադրում մեր հավատն ամենաճշգրիտ գիտության` մաթեմատիկայի հանդեպ: Ֆիզիկայի բոլոր օրենքները, սկզբունքները հիմնվում են կրկնվող փորձերի, արդյունքների վրա: Եթե ճիշտ կատարված բազմաթիվ ֆիզիկական փորձերը հանգում են նույն արդյունքներին կամ տվյալներին, ֆիզիկոսը հավատում է այդ տվյալներին, ընդունում դրանց ճշմարտացիությունը. նա ենթագիտակցորեն հավատում է արարչական օրինաչափությունների գոյությանը` բնության երեւույթների մեջ, եւ այդ հավատն է ֆիզիկոսին մղում ստեղծել կամ հասկանալ ֆիզիկա: Առանց փորձնական փաստի բացարձակ ճշմարտացիությունն ընդունելու եւ դրան հավատալու՝ ֆիզիկոսը չի կարող եղած ֆիզիկան հասկանալ կամ նոր ֆիզիկա ստեղծել: Ֆիզիկա գիտությունն այնքանով է ճշգրիտ, որքանով որ հիմնվում եւ կառուցվում է կրկնվող ֆիզիկական փորձի արդյունքների վրա, որոնց ճշմարտության բացարձակությանը ֆիզիկոսը հավատում է ենթագիտակցորեն: Այս հավատը եւս արարչության հանդեպ եղած հավատի մասնավոր դրսեւորում է:
Մաթեմատիկական աքսիոմին եւ ֆիզիկական փորձի արդյունքներին անվերապահորեն հավատալը եւ նրանց ճշմարտացիության բացարձակությունն ընդունելը էապես իրարից չեն տարբերվում եւ հաստատում են ճշմարիտ հավատն արարչության հանդեպ: Չեմ կասկածում, որ համանման պնդում կարելի է ձեւակերպել ինչպես մյուս բնական գիտությունների, այնպես էլ հասարակական գիտությունների վերաբերյալ:
Եթե փորձենք փոփոխել գիտական աքսիոման կամ չհավատալ գիտափորձին, ապա մեզ համար կիմաստազրկվի գիտական ճշմարտությունը:
Մարդու հավատն արարչության եւ նրանում գործող, իմացված կամ դեռ չիմացված օրինաչափությունների հանդեպ այն հիմքն է, որի վրա կառուցվում է մարդու աշխարհաճանաչողությունը: Առանց այդ հավատի անհնար է ճիշտ հասկանալ եւ կառուցել ճշմարիտ, աստվածահաճո գիտություն կամ իմացաբանություն: Ասվածից հետեւում է, որ գիտական ճանաչողությունը կամ իմացաբանությունը աստվածաճանաչողության մի մասնակի ոլորտ է, որը հաստատում է ճշմարիտ դավանանքն արարչության հանդեպ: Մեր ժողովրդի դավանանքի հիմքը՝ աքսիոմը, որի վրա կառուցված է հայ քրիստոնյայի աստվածաճանաչողությունը, Հայ Առաքելական Սբ եկեղեցու հավատամքն է: Մեր հավատամքն իր գրաբարյան հնչեղությամբ աստվածային է, ճշմարիտ, կատարյալ, անթերի, կենարար, կենսատու, զորեղ, ապրեցնող, բժշկող, պարզ, խորքային եւ ամբողջական: Այդ հավատամքն է հայի կենաց ծառը, որի պտուղներն են ողջ հայ մշակույթը` գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, ճարտարապետություն, գիտություն, բժշկություն: Եթե հայ մարդը գիտակցաբար թե անգիտակից չի ընդունում կամ փոխում է այդ կատարելությունը, նա իրեն զրկում է մեր կենաց ծառի պտուղները վայելելու հնարավորությունից եւ բնականաբար հիվանդանում կամ տկարանում է: Այդ տկարության միակ բժշկողը, ապրեցնողը եղել եւ մնում է մեր հավատը:
Կարելի է վստահաբար ասել, որ մեր ժողովրդի ազգային գաղափարախոսության հիմնասյունը եղել եւ մնում է մեր Եկեղեցու հավատամքը: Քանի որ այդ հավատամքն աստվածային ճշմարտություն է, նրանից սարսում եւ վախենում են մեր ժողովրդի թե՛ արտաքին եւ թե՛ ներքին թշնամիները: Մեր հավատամքն է մեր ժողովրդի հավերժականության եւ անմահության երաշխավորը:
Հա՛յ երիտասարդ, ինչ մասնագետ էլ որ դառնաս՝ գիտնական թե բժիշկ, երաժիշտ թե շինարար, մանկավարժ թե զինվոր, գործարար թե առեւտրական, ընդունիր քո Եկեղեցու հավատամքը` որպես բացարձակ ճշմարտություն, որպես աքսիոմա: Այն կիմաստավորի քո ամբողջ կյանքը: Քո գործը, աշխատանքը կլինի ավելի քան պտղաբեր, եւ միայն այդ դեպքում դու կարող ես լիարժեք ծառայել Աստծուն եւ քո հայրենիքին:
Արմենակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s