Սկիզբը՝ 2011 Հուլիս Ա- Նոյեմբ. Ա

«Դեպի լյառը Մասիս» պոեմում շարունակվում է նույն այս մոտեցումը: Հայ ժողովրդի կողմից ռուսական կողմնորոշում ընդունելու՝ պատմության շրջադարձային պահին Չարենցը պատկերում է այդ կողմնորոշման գաղափարախոսի եւ «Վերք Հայաստանի» վեպի հեղինակի՝ Խ. Աբովյանի ողբերգական կերպարը: Մեծ լուսավորիչն ու հայրենասերը պատկերված է վերջին գիշերվա տվայտանքների մեջ: Անդարձ հեռացումից առաջ նա հայացք է նետում իր վաստակին, իր ապրած մարդկային կյանքին եւ փորձում գտնել նվիրումի իմաստը. ճի՞շտ է եղել արդյոք ինքը, թե՞ սխալ: «Գիշերը չէր քնել, քրքրել էր թղթերը»,- հոգեբանական ինքնադատաստանի այս ճանապարհով Չարենցն Աբովյանին սուզում է իր ներաշխարհը: Օրագրեր, գրքեր, ձեռագրեր, նամակներ, եւ այդ ամենը՝ որպես ապրած կյանքի վկայություն, դրվում են նրա առաջ:
Տեսիլքի պես գալիս անցնում են երիտասարդության տարիների սիրո ու ոգեւորության պահերը: Նա մտաբերում է սիրած աղջկան. «Ոսկե գիսակներով, // Աչքերով, որպես երկնակամար, // Աստվածածնի նման պսակավոր»: Իսկ նրանից մնացել է ընդամենը մի ոսկերիզ թերթիկ՝ որպես հրաժեշտի նամակ: Նույն խռովահույզ գիշերվա մեջ Աբովյանը շարունակում է թերթել տետրակները, հիշում է հորը, մորը, Երեւանի բերդը:
Նրա քննախույզ հայացքն ի վերջո կանգնում է գլխավոր գործի վրա, որը հայրենասերի իր ողբն էր եւ հայրենիքի փրկության իր հույսը: Էջ առ էջ նա թերթում է «Վերք Հայաստանի»-ն, եւ հանկարծ անորոշ, բայց տագնապահարույց կասկածը խոցում է նրան:
Վեպում նա արդյոք ճի՞շտ է պատկերել ժողովրդի փրկության ուղին, թե՞ ոչ: Կասկածները կեղեքում ու ջլատում են նրան, եւ կեսգիշերին հանկարծ ցայտունորեն ձեւակերպվում է այս խոհը.
Ի՞նչ է ասում այդ գիրքը եւ ի՞նչ է բարբառում.
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար,- եւ այդ գիրքը՝
Իր արյունով, սրտի յուրաքանչյուր նյարդով,
Իր վերջին ճիգով հորինած —
Չէ՞ արդյոք խեղճության ու սխալի արդյունք՝
Սերունդների երթին ի վնաս…
Այս տողերը պոեմում Չարենցը գրել է ընդգծված տառատեսակով, որպեսզի առանձնանա ամբողջից եւ ուշադրություն գրավի, որովհետեւ այստեղ Աբովյանը կասկածում է իր «ողջունած հեռվի», այսինքն՝ ռուսական կողմնորոշման ճշմարտությանը: Ռուսական կողմնորոշումը հայ ժողովրդի համար բերեց պատմաքաղաքական դրական մեծ տեղաշարժեր, բայց նաեւ՝ նոր գաղութացում, ազգային ինքնուրույնության կորստի նոր պարտադրանք: Այդ պարտադրանքի առաջին զոհերից մեկը պիտի դառնար ինքը, իսկ իրեն պիտի հաջորդեին Մ. Նալբանդյանը, Վ. Տերյանը, Ա. Բակունցը, նաեւ ինքը՝ Եղիշե Չարենցը, եւ մի ամբողջ մշակութային սերունդ: Չարենցը «Գիրք ճանապարհի»-ի տպագրությունն արգելելու, իր դեմ ծավալված հալածանքների պայմաններում արդեն իսկ խորությամբ զգում էր այն կործանարար ալիքը, որ Աբովյանից ու մյուսներից հետո պիտի հասներ նաեւ իրեն ու իր ամբողջ սերնդին:
Այս մոտեցումն էլ Չարենցի կերպարը պոեմում միաձուլում է Աբովյանի կերպարին, որովհետեւ ինքն էլ տարիներ առաջ հեղափոխական ոգեւորության մեջ ողջունել էր «ըղձյալ այգաբացը», որը հիմա իր աչքերի առջեւ դառնում էր «արյունալիճ կեսօր»՝ վերականգնելով միջնադարյան հավատաքննություններն ու հաշվեհարդարները: Աբովյանի կյանքի փորձով Չարենցն ստուգում էր ինքն իրեն, Աբովյանին վերապահված խոհերի ու ապրումների մեջ վերագտնում ի՛ր իսկ խոհերն ու ապրումները:
Չարենցի մեկնաբանությամբ՝ հոգեւոր մաքառումի կասկածները մշտապես ուղեկցել են Աբովյանին, նրան դրդել վերանայելու իր քրտնաջան որոնումների ուղին, եւ այդպես այնքան՝ մինչեւ գտնվի ճանապարհը: Կասկածանքներին, ահա, դարձյալ ընդգծված տառերով, հաջորդում են այս տողերը. «Իսկ եթե չի՛ ստում այն կասկածը // Եվ ստո՜ւմ է այս գիրքը…»: Ինքնակեղեքող տառապանքի մեջ անդարձ հեռացումից առաջ Աբովյանը, այնուամենայնիվ, փրկության հույս է որոնում, որովհետեւ հարցականի տակ էր դրվում ոչ միայն իր ճակատագիրը, այլեւ՝ ամբողջ ժողովրդի. «Բայց ո՛չ. ի՛նչ էլ լինի — այնուամենայնիվ // Հո չի ստում կարկաչն այս բարբառի, // Այս երգեցիկ գրքի երգանման ձայնը…»: Ուրեմն, որպես փրկության խարիսխ, որպես ազգային ոգու պահպանման երաշխիք՝ նորից հառնում են հայոց գիրն ու հայոց բարբառը եւ ներշնչանքի այն հզոր ուժը, որը հայրենիքի սիրով բոցավառել է ամբողջ գիրքը:
Անձնական եւ անանձնական ապրումների մեջ ներփակված այս հոգեցունց դրամայից հետո, որ տեւում է ամբողջ գիշերվա ընթացքում, առավոտ ծեգին Աբովյանը դուրս է գալիս տնից եւ քայլերն ուղղում դեպի… հավերժություն.
Դեմը — դաշտն էր անծայր, իսկ հեռվում — Մասիսը,
Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը եւ սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել: Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,-
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավերժ իր գոյության խորհուրդը,-
Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ…
Ազգային բախտի այս դրամատիկ ապրումները Չարենցը պատկերել է նաեւ «Մահվան տեսիլ» պոեմում (1933): Բնույթով խորհրդածական երկ է, որի մեջ հայացք է ուղղում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին: Ինչպես Վիրգիլիոսը Դանտեին ուղեկցեց դժոխքից դուրս գալու ճանապարհին, այդպես էլ այստեղ Չարենցի ուղեկիցը Դանտեն է: Նրանք միասին՝ «իբրեւ միեւնո՛ւյն մարդկության երկու տարբեր հասակ», նստում են «Մտածումի նավը» եւ նավարկում «Քերթության ու Խոհի
դժվար ճանապարհով»: Նրանք նավարկում են հայոց պատմության անցյալի միջով դեպի ներկան, ինչը եւ առիթ է դառնում Չարենցի համար` վերստին խորհրդածելու հայոց պատմության մասին: Այս ընթացքում նա կերտում է հայոց փրկության ճանապարհին իրենց կյանքը նվիրած ազգային գործիչների կերպարները` Ալիշան, Րաֆֆի, Պատկանյան, Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան, Ռոստոմ, Ստեփանոս
Նազարյան, Դուրյան, Պեշիկթաշլյան, Արծրունի, Մկրտիչ Խրիմյան, Ավետիս Ահարոնյան, Սիամանթո, Վարուժան… Պոեմն ունի Սիամանթոյի «Մահվան տեսիլքից» վերցված «Կոտորա՜ծ, կոտորա՜ծ, կոտորա՜ծ…» բնաբանը: Պոեմի վերջում հեղափոխության լուսավոր լապտերի տեսարանն է, որը պետք է փրկի աշխարհն ու հայ ժողովրդին: «Տեսիլը» նաեւ գեղարվեստական միջոց է՝ մտովի ճանապարհորդելու հայոց պատմության միջով, որն այստեղ ընդգրկում է 19-րդ դարը եւ 20-րդ դարի սկիզբը: Պոեմը
գրված է բացառիկ ուժով, Չարենցի հանճարի կատարյալ դրսեւորումներից է:
Աստիճանաբար Չարենցը հանգում է հայ ժողովրդին ուղղված իր հիմնական ասելիքին եւ քանի որ ասելիքը չէր կարող բարձրաձայնել հրապարակավ, ուստի խոսքը սերունդներին ժառանգեց «Պատգամ» բանաստեղծության երկրորդ տառերի գաղտնագրով եւ ամենքին ի լուր ավետեց. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Իսկ հավաքական ուժը ներառում էր ոչ միայն ժողովուրդ եւ ղեկավար, մայր երկիր ու արտերկիր, անցյալ ու ներկա, այլեւ՝ ազգային նպատակներին ծառայող միասնական գաղափարախոսություն:
«Գիրք ճանապարհի»-ն հարուստ ընդգրկումների գիրք է, որի մեջ, վերակոչելով միջնադարյան տաղերն ու խորհուրդները՝ Չարենցը երգեր է հյուսել՝ ձոնված ապագայի պարմանիներին, խիզախ ճանապարհորդներին, գրքերին, մանրանկարիչներին, բնությանը եւ ուղերձ հղել մեր հանճարեղ վարպետներին: Իր մեջ Չարենցն զգում էր հայ ժողովրդի, ամբողջ հոգեւոր-մշակութային անցյալի խտացումը: Եվ անցյալի, առավել եւս՝ գալիքի հանդեպ այս պատասխանատվությամբ «Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին» գործում նա գրում էր.
Մի՞թե իմ մեջ է այսօր արթնացել հանճարը ձեր սեգ,
Ե՞ս եմ շառավիղն արդյոք ձեր, ո՜վ հանճարներ մեր մեռած,
Թո՛ղ հուրհրա իմ գրքում ձեր ոգու ցոլքը լուսե,
Թո՛ղ երգերում իմ այսօր, խոսքերում իմ — ձեր ջանքը եռա՛,-
Ո՜վ մեր մեռած վարպետներ, իմ թախանձանքը լսե՛ք,-
Ձեր անմահ կնիքը դրե՛ք — իմ անմար երգերի վրա…
Շարունակելի
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s