Հոկտեմբերի 23-ին պատմական օր էր Կ. Պոլսի հայոց պատրիարքության եւ թուրքահայ համայնքի համար։ Այդ օրը վերաօծվեց Դիարբեքիրի՝ պատմական Տիգրանակերտի Սբ Կիրակոս եկեղեցին, մատուցվեց առաջին պատարագը։ Արարողությանը մասնակցեց նաեւ ԱՄՆ Արեւելյան Հայոց թեմի պատվիրակությունը՝ թեմակալ առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ։ Պատմական այդ իրադարձության մասին է Խաժակ սրբազանի հետ արված հարցազրույցը։

-Սրբազան, ի՞նչ զգացողություններ ունեցաք՝ մասնակիցը դառնալով պատմական եկեղեցու վերաբացման արարողություններին։

— Ես շատ ուրախ եմ, որ ինծ ի ընկերացող ամերիկահայ ուխտավորներու հետ միատեղ կարողացանք մասնակիցը լինել այդ պատմական իրողությանը մեր եկեղեցական կյանքեն ներս։ Ուխտագնացություն էր այս։ Ուխտագնացությունը կազմակերպեցինք ցույց տալու համար, թե Պոլսո պատրիարքության այս կարեւոր իրագործումը մենք եւս կգնահատենք։ Մեր ներկայությունը նաեւ ձեւով մը զորակցություն էր իրենց՝ իբրեւ նույն եկեղեցվո մաս եւ բաժին։ Անշուշտ, ինչ որ պատահեցավ Տիգրանակերտի մեջ, հուզիչ էր եւ նաեւ խանդավառող։
Կհիշեմ, տարիներ առաջ՝ 1974-75 թվականներուն, առիթ ունեցած էի այցելելու Դիարբեքիր, երբ եկեղեցին դեռ բաց էր։ Բայց անկե ետքը անշուշտ փլատակ վիճակի վերածվեցավ։ Ուրախ եմ, որ պատրիարքարանի ջանքերով եւ պոլսահայերու, հին տիգրանակերտցիներու, արտասահմանի հայերու եւ նաեւ Տիգրանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ կարելի եղավ այդ պատմական եկեղեցին վերանորոգել եւ վերստին օծել։
Հուզիչ էր, երբ հոկտեմբերի 22-ին վերանորոգված այդ եկեղեցվո դռները դռնբացեքի արարողությամբ բացվեցան, եւ հոգեւորականներ ու ներկա ուխտավորներ, որոնք գրեթե 2000-ի կհասնեին եւ ամեն կողմե եկած էին՝ Ամերիկայեն, Եվրոպայեն, Միջին Արեւելքեն եւ նաեւ Հայաստանեն, ներս մտան եկեղեցի։ Տիգրանակերտի մեջ բնակվող կարգ մը հայ ընտանիքներ կամ իսլամ դարձած հայեր նույնպես խանդավառված կարտահայտեին իրենց ինքնությունը։ Բոլորս ալ զգացինք մեր հոգեւոր միասնականությունը։ Այո, մենք կարող ենք տարբեր տեղերե գալ, տարբեր տեղեր ապրիլ, բայց, ահավասիկ, այդ պատմական եկեղեցվո վերաօծման հանդիսության ժամանակ, մենք՝ հայ եկեղեցվո հոգեւորականներ եւ աշխարհական հավատացյալներ, զգացինք մեր հոգեւոր միասնականությունը, մեր միատեղ ուրախությունը եւ երջանկությունը, որովհետեւ այդ պատմական եկեղեցվո դռները կբացվեին, եւ կրկին այդ եկեղեցվո մեջ կլսվեին մեր քաղցրախոս շարականները եւ մեր հայրերու աղոթքները։
Ներկա էին Տիգրանակերտի քաղաքապետը եւ Ամերիկայի ընդհանուր հյուպատոսը։ Շատ ոգեւորիչ էր, երբ արարողության վերջ Դիարբեքիրի քաղաքապետը իր բարի գալստյան առաջին խոսքը հայերենով ուղղեց՝ ըսելով, որ բարի եկած եք ձեր տունը։ Իր շնորհավորական խոսքերեն զատ նաեւ անիկա անդրադարձավ, որ հայեր, դուք կապրեիք այստեղ ժամանակին եւ սակայն տարբեր պատճառներով, երբեմն՝ ստիպումով հեռացաք, բայց մենք կուզենք որ վերադառնաք ձեր տան պես։ Որովհետեւ որքան Տիգրանակերտը մե՛ր տունն է, այնքան եւ ձեր տունն է։
Հաջորդ առավոտ մենք բոլորս պատարագի մասնակցեցանք։ Եկեղեցին ունի 7 խորան։ 5 եպիսկոպոսներով, Կ. Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ սրբազանի գլխավորությամբ, օծեցինք 5 խորանները այս փառավոր եկեղեցվո։ Օծման արարողությանը մասնակից եղան նաեւ Վիգեն արք. Այքազյանը, Սահակ եպս. Մաշալյանը՝ Պոլսեն, Շահան սրբազանը՝ Հալեպի առաջնորդը։ Պատարագիչը Արամ սրբազանն էր։ Պոլսեն եկած Վարդանանց եկեղեցվո երգչախումբը այնքան գեղեցիկ երգեց կոմիտասյան պատարագը, որ կրկին բոլորս զգացինք այնպես, ինչպես կերգենք. «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ, եկեղեցիս մի անձն եղեւ»։ Բոլորս զգացինք Քրիստոսի ներկայությունը մեր մեջ եւ Հայ Եկեղեցվո միասնական ոգին։
Այնպես որ, կաղոթենք, որ այսպիսի երեւույթներ շարունակվին, մեր փլատակ եկեղեցիները վանքերը վերանորոգվին, բացվին մեր ժողովրդի առջեւ, որպեսզի ժողովուրդը գա եւ աղոթե, եւ կրկին այդ եկեղեցիներու մեջ լսելի դառնան մեր հայրերու աղոթքները։

— Սրբազան, Դիարբեքիրի նորաօծ եկեղեցում կատարվել է նաեւ մահմեդական հայերի մկրտություն։ Ընդհանրապես, այսօր շատ է խոսվում Թուրքիայում բնակվող մահմեդական հայերի մասին։ Վերջին տարիներին նկատվում է նաեւ նրանց վերադարձը մայր եկեղեցի։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը այս երեւույթի նկատմամբ։

— Ամեն մարդ ինքը կհայտարարե, թե ով է։ Եթե մեկը գա եւ ըսե, որ ես հայ եմ եւ կուզեմ Հայ Եկեղեցվո զավակը ըլլալ, ես ով եմ իրեն ըսելու՝ դուն չես։ Երբ անձը իրեն հայ կզգա եւ կամ կընդունի Հայ Եկեղեցվո դավանանքը, ավանդությունները, սրբությունները, ես որեւէ մեկ իրավունք չունիմ ըսելու, որ դուն հայ չես։ Հետեւաբար, ամեն մարդ ինքն է, որ պիտի արտահայտե իր ինքնությունը։ Կան այդպիսի անձեր, եւ հիմա ես կնշմարեմ որ այդպիսի անձերի թիվերը օրեօր ավելի կբազմանան Թուրքիո տարածքին։ Բնականաբար, մենք գիտենք, որ Եղեռնի ժամանակ մեծ թիվով երեխաներ եւ կիներ քուրդերու կամ թուրքերու կողմե առնվեցան եւ նրանց մեջ մեծցան եւ ամուսնացան, զավակներ ունեցան։ Բայց հիմա, որ այսպիսի շարժում մը սկսած է, անոնք կզգան իրենց ինքնությունը։ Եւ եթե կուզեն վերադառնալ, ազատ են։ Իրենց այդ ազատ կամքին դեմ որեւէ արգելք պետք չէ ըլլալ։ Անշուշտ, եթե կուզեն մեր Եկեղեցվո անդամը ըլլալ կրկին, պետք է դաստիարակել անոնց, մեր եկեղեցվո ավանդույթները սորվեցնել։
Այս հարցի առնչությամբ, հետաքրքրական էր, երբ Տիգրանակերտեն, պատարագեն ետք, գացինք Տարեկ ըսված գյուղաքաղաքը։ Այն Մարտինի մոտ է, եւ հոն հայկական եկեղեցի կա։ Եկեղեցին բաց է, եւ երկու հայեր կպահպանեն այդ եկեղեցին։ Բայց հետաքրքրական է, որ այնտեղ բնակողներեն մեկը, որ գիրք գրած է, իր գիրքը ինծի ներկայացուց։ Գրքին անունը «Գոհար» է։ Քրդերենով գրած է գիրքը, եւ պատմությունն է հայ տիկնոջ մասին, որուն հետ ինքը հանդիպում ունեցած է։ Նաեւ այդ անձը ըսավ, որ այստեղ ապրողներեն շատեր հայկական արյուն ունին՝ գրեթե 90 տոկոսը։ Եւ երբ ժողովրդի հետ սկսանք խոսիլ, արդեն իրենք կուգային ու կըսեին՝ իմ մեծ մայրս, մեծ հայրս հայ է։ Մեր այցը ձեւով մը նպաստեց այնտեղ ապրող կորսված հայերուն զգալու, որ իրենք հայեր են։ Եւ երեւի բավական այդպիսի երեւույթներ կան Անատոլուի մեջ։ Պատմական հողերուն վրա ապրող, իրենց ինքնությունը պահող հայեր կան եւ հետեւաբար նաեւ այսպիսի կապեր հարաբերություններ, այսպիսի երեւույթներ առիթ են իրենց զորակից ըլլալու, որպեսզի իրենք ըսեն, թե իրենց մեծ հայրը, մեծ մայրը հայ է, եւ նաեւ, ինչու չէ, օր մը վերադառնան եւ մկրտվին, ինչպես որ 8 անձեր Սբ Կիրակոսին մեջ եկան, մկրտվեցան։ Ընտանիքներ, որ իսլամ դարձած էին ժամանակին, այս երեւույթեն խանդավառվելով, եկան եւ ըսին, որ մենք կուզենք մկրտվիլ եւ կրկին վերադառնալ Հայ Եկեղեցվո ծոցը։

— Սրբազան, Թուրքիայում հայկական եկեղեցիների վերանորոգումը հաճախ բացատրվում է նաեւ այդ երկրի՝ Եվրամիությանը միանալու ձգտումով։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։

-Ինծի համար ամենակարեւորն այն է, որ մեր պատմական եկեղեցիները կվերանորոգվին եւ այնտեղ Հայ Եկեղեցվո պատարագը, աղոթքները կհնչեն։ Ուխտավորներ կերթան կաղոթեն։ Հիմնականը այդ է։ Թե մարդիկ ուրիշ նպատակներ ունին, ատիկա իրենց գիտնալիք բանն է։ Բայց հիմնականն այն է, որ ինչպես Տիգրանակերտի Սբ Կիրակոս եկեղեցվո պարագային, այդ եկեղեցին վերանորոգվեցավ, օծվեցավ, դռները բացվեցան, եւ ահավասիկ ասկե ետքը այնտեղ պատարագ պիտի մատուցվի, այցելու հոգեւորականներ, ուխտավորներ պիտի երթան։
Նաեւ պատմության համար շատ կարեւոր մեկ իրադարձություն է, երբ ըսենք 100 տարիե, 50 տարիե ետքը մարդիկ պիտի տեսնեն Հայ Եկեղեցին։ Նույնիսկ եթե հայեր չըլլան հոն, փաստ պիտի ըլլա ըսելու համար, թե այստեղ հայեր բնակած են, այստեղ հայկական քաղաք եղած է։ Ինչպես Արցախի պարագային, որտեղ ահագին եկեղեցիներ ունեինք, եւ երբ Ղարաբաղի հարցը եղավ, եւ ոմանք ըսին, որ ասիկա հայերուն չի պատկանիր, ցույց տրվեցավ, որ հոստեղ պատմական վանքեր, եկեղեցիներ կան։ Այնտեղ մզկիթներ չկան։ Հետեւաբար, ատիկա լավագույն փաստն է, որ այստեղ հայեր ապրած են։ Հետեւաբար, ես կխորհիմ որ կըրնան բնականաբար մարդիկ իրենց որոշ մտածումները կամ ծրագիրները ունենալ։ Այս պարագային թուրքերու նպատակը ինչ որ է՝ լավ։ Բայց կարեւորը նաեւ եկեղեցիներու վերանորոգումը մեզ նպաստ է։ Օրինակի համար Աղթամարի եկեղեցին վերանորոգվեցավ եւ հիմա գոնե տարին մեկ անգամ այնտեղ պատարագ կըլլա, եւ կամ հայ ուխտավորներ կայցելեն, հոն տեղ մոմ կվառեն։ Նաեւ թերթեր կամ նույնիսկ հեռատեսիլներ Եվրոպայի մեջ այդ մասին կանդրադառնան։ Հետեւաբար, ասոնք լավագույն փաստերն են ըսելու համար, որ ասոնք մերն են։
Զրույցը վարեց Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s