ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

«ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ԱՌԱԿԸ»

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Եկեղեցու հայրերի բնորոշմամբ` այս առակը Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից է, որն իր մեջ խտացնում է Ավետարանի հիմնական ուսուցումները: Հայտնի է նաեւ, որ այս առակից իր անունն է ստացել Մեծ պահքի 3-րդ` Անառակի կիրակին: Տե՛ր հայր, ինչո՞ւ է այսչափ կարեւորվում «Անառակի առակը»:
— Իսկապես էլ այս առակը թանկագին գոհար է` երիցս ճշմարիտ, մարդկայնորեն հավերժական, սրտագրավ ու հուզիչ: Պատահական չէ, որ Ավետարանի բոլոր պատմությունների մեջ ամենից շատ այս առակն է արժանացել բոլոր դարերի արվեստագետ-ստեղծագործողների ուշադրությանը:
Առակի առաջնային գաղափարը մի կողմից` Աստծո հայրության ու Նրա` արարածներիս հանդեպ անսահման սիրո արտահայտությունն է, մյուս կողմից` մեղքերի մեջ թաղված, ընկած մարդկության վերականգնումն է, դարձը դեպի Աստված` ապաշխարության միջոցով: Ընդհանրապես այս առակն ապաշխարության գաղափարի դասական ու անգերազանցելի նմուշ է, գաղափար, որն իսկապես էլ Ավետարանի գլխավոր ուսուցումներից մեկն է. չէ՞ որ Հիսուս Ինքն էլ Իր քարոզությունը հենց դրանով սկսեց` մարդկանց ապաշխարության կոչելով. «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ` մեղավորներին` ապաշխարության» (Ղուկ. Ե 32):
Առակի պատմությունը հանրահայտ է. խաղաղությամբ ու բարեկեցիկ կյանքով ապրող երջանիկ ընտանիք` հայր եւ երկու որդի` ապահովված ամեն ինչով` տուն, ագարակ, ծառաներ, հարստություն: Թվում է` ոչինչ ի զորու չէ խաթարելու ընտանեկան երջանկությունը: Բայց ահա կրտսեր որդին ըմբոստանում է. գեղջկական միապաղաղ կյանքը ձանձրացնում է նրան: Հայրերն ասում են` սատանան նրա ականջին էլ փսփսաց ազատագրվել կապանքներից: Հեռավոր ու անհայտ քաղաքներն օր օրի դառնում էին բաղձալի ու քաղցր երազ: Եվ մի օր էլ այլեւս չդիմանալով` հորն ասաց. «Հա՛յր, տո՛ւր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը» (Ղուկ. ԺԵ 12): Ինչպես տեսնում ենք, ի սկզբանե արդեն կրտսեր որդու կեցվածքն ամբարտավան էր: Ժառանգության հարցեր ե՞րբ են սկսում արծարծվել. երբ որ ընտանիքի մեծը, տվյալ դեպքում` հայրը, մահանում է կամ մերձիմահ հիվանդ է: Սակայն կրտսեր որդին հանդգնեց հորից ժառանգության իր հասանելիքը պահանջել` ոչ մի ջանք թափած չլինելով այդ «հասանելիքի» համար: Հասկանալի է` այլաբանորեն հայրը խորհրդանշում է Աստծուն, երկու որդիներից ավագը` աստվածապաշտ, իսկ կրտսերը` աստվածպաշտությունից շեղված ազգերն են: Կրտսեր է կոչում ճշմարտությունից խոտորված ազգերին, ովքեր իրենց կեցվածքով աշխարհի մեջ կրտսեր (փոքր) եղան, եւ ավագ` այն ազգին, ով Հոր հրամանների մեջ հավատարիմ մնաց եւ իմաստությամբ առավել եղավ` իբրեւ ավագ: Սակայն առակի վերջում տեսնում ենք, որ Անառակ որդին` կրտսերը, անսպասելիորեն առավել մեծ իմաստություն է ստանում, քան իր եղբայրը, որ ավագ էր ու իմաստուն:
Ինչո՞ւ, ինչպե՞ս, ինչի՞ շնորհիվ… Ասում է. «Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետեւ անառակ կյանքով էր ապրում: Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, եւ նա սկսեց չքավոր դառնալ» (Ղուկ. ԺԵ 13-14): Պոռնկական վայելքների վրա մսխելով իր ամբողջ ունեցվածքը` Անառակն ի վերջո հայտնվեց հետին աղքատության մեջ, կրեց անլուռ տառապանքներ ու աներեւակայելի ստորացումներ, երբ նույնիսկ խոզերի կերակուրին ձեռքը չէր հասնում: Եվ մի գեղեցիկ օր հասկացավ իր արածի ողջ ահավորությունը եւ խորապես զղջաց: Հասկացավ նաեւ անդառնալիությունն արածի, որով ինքն իր առաջ փակել էր որդիության ճանապարհը: Ուստի մտածեց. «Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո աշխատավորներից մեկը» (Ղուկ. ԺԵ 18-19):
— Ասում ենք` զղջաց: Տե՛ր հայր, անելանելի վիճակում թերեւս ամեն մարդ կարող է զղջալ: ինչո՞վ էր տարբեր կամ ինչո՞վ էր առավել Անառակի զղջումը` որպես վճռական ու անկեղծ դարձի նախապայման:
— Ավետարանական պարզ ու սեղմ տողերի արանքում տառապանքի ու հոգեկան տվայտանքների մի ամբողջ օվկիանոս է: Զղջումը միանգամից չծնվեց: Արդեն ասացինք, որ Անառակն իրեն արժանի չէր համարում որդի կոչվելու: Մինչեւ վերադարձի որոշում կայացնելը ինչ մտածումներ ասես, որ չէին խոցոտում թշվառ Անառակի միտքն ու հոգին: Որքան գեղեցիկ է նկարագրում այդ հոգեվիճակը երջանկահիշատակ Շնորհք պատրիարք Գալուստյանը, ով «նավարկել» է այդ օվկիանոսի ալեկոծ կոհակներով` երեւակայաբար, բայց… երիցս ճշմարիտ: Ուզում եմ ուղղակի մեջբերել նրա տողերը. «Տառապալից ու անքուն գիշերներ լուսացնելուց հետո ի վերջո մտքում հաստատ ձեւ ստացան երկու մտածումներ: Նախ ներաշխարհում զգում էր, որ հայրը դեռեւս սիրում է իրեն եւ սպասում է իր դարձին: Մյուս կողմից՝ սրտի խորքում զգում եւ ընդունում էր, որ իր հերթին անկեղծորեն սիրում է հորը: Նրա կյանքում ամեն բան թառամել էր, բացի հոր հանդեպ ունեցած իր սիրուց, եւ այդ սերն այժմ վերածվել էր աղեկեզ մի կարոտի: Նրա համար ամեն ինչ աղարտված էր` աշխարհը, իր կյանքը, հոգին ու մարմինը: Անաղարտ էր մնացել միայն հոր կերպարը: Արդ, այս երկու սերերը` իրենը եւ հորը, նրա ներաշխարհի առագաստում միացան իրար եւ ահավոր երկունքով ծնեցին զղջումը…»։
Այդ զղջումը, այդպիսի զղջումը ինչպե՞ս կարող էր դարձի չբերել ընկածին:
— Նույն Շնորհք պատրիարքն Անառակ որդու գլխավոր մեղքը համարում է վատնումը (եւ վատնեց իր ունեցվածքը), չնայած որ բազում այլ մեղքեր էլ էր գործել Անառակը: Ինչո՞ւ հենց վատնումը:
— Այդ հարցի պատասխանն էլ սպառիչ կերպով տալիս է պատրիարքը՝ առակի իր հրաշալի վերլուծության մեջ: Ասում է` բայի արմատը «վատ»-ն է, որը հայերենում ամենատգեղ իմաստ ունեցող բառերից մեկն է: Իսկ «վատնել» բառն ունի իմաստային բազում շերտեր` մեկը մյուսից մութ ու զազրելի, որոնք անխտիր «փորձարկեց» Անառակը: Վատնել` նախ նշանակում է նյութական հարստությունը ոչնչացնել, սպառել, անիմաստ ու ստորին նպատակների համար գործածել` անկախ այն բանից` այդ ունեցվածքը քո՞նն է, ուրիշի՞նը, թե՞ հանրային: Նշանակում է քամուն տալ արյուն-քրտինքով ստեղծված նյութական արժեքները: Այս դեպքում վատնելն սկսվում է ամեն ինչ դրամով չափելու, դրամի վերածելու մտայնությունից, ինչից էլ սկսեց Անառակն իր «ոդիսականը»: Ի՞նչ արեց: Հորից ստացավ իրեն հասանելիք ժառանգությունը եւ անմիջապես «փողի վերածելով ամեն ինչ»` հեռացավ հայրական տնից` հեռու աշխարհներում այն վատնելու: Սա երկու իմաստ ունի: Առաջինը նյութական արժեքի վատնումն է, որը, ինչպես ասացինք, միանշանակ մեծ մեղք է: Շնորհք պատրիարքն ասում է, թե՝ ուրիշների ճակտի քրտինքով ստեղծված հարստությունը պոռնիկների հետ մսխելը, մոխրի վերածելը համազոր է գողության, ավազակության եւ հափշտակության: Սակայն ամեն բան փողի վերածելու մարմաջը նաեւ հոգին պղծելու ոչ պակաս, եթե ոչ առավել վտանգավոր մի երեւույթ է: Սա արդեն մտածողության տեսակ է, այն տեսակը, երբ մարդը միմիայն փող է երազում: Շատ վտանգավոր մի մտածողություն` մեր ժամանակներում, ցավոք, չափազանց տարածված: Անգամ իրենց «թեւավոր» խոսքն ունեն այդ մարդիկ. ասում են` «Փող ունեցար` ամեն ինչ կունենաս»: Մինչդեռ այդ մոլուցքի ճանապարհին ինչ տեսակ մեղքեր ասես չեն գործում: Եթե մենք ամեն բան փողի ենք վերածում, ամեն բան փողով ենք չափում, մենք դրանով իսկ հաճախ ոտնահարելով՝ խորտակում ենք մեր սիրո հանգույցները մեր եղբոր հետ, ծնողի հետ, զավակի, ամուսնու, կնոջ, ընկերոջ հետ: Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպիսի ավերածություններ են ծնունդ առնում սրանից` ատելություն, անվստահություն, չարություն… Իզուր չէր, որ Քրիստոսն ասաց` չեք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային: Իսկապես էլ` մամոնայապաշտը, փողի, նյութականի պաշտամունք ունեցող մեկը չի կարող Աստծուն պաշտել: Այսօր նման վարքագիծ ունեցող շատերը կան, որ չեն էլ թաքցնում իրենց պիղծ մտքերը, ավելին` բարձրաձայնում են` յուրատեսակ դիվային հաճույք ստանալով դրանից: Մարդը գնում է ժամերգության, փողոցում հանդիպող դրացին ասում է` «Էդ ամեն օր ինչո՞ւ ես գնում եկեղեցի, ի՞նչ են տալիս քեզ էնտեղ, ինչքա՞ն են տալիս, որ գնում ես»… Ամեն ինչ փողով չափելը, ուրեմն, նույնպես վատնում է` հոգու վատնում, հոգեպղծություն:
Բայց միայն ունեցվածքը, միայն հոգեկան ու ֆիզիկական կարողությունները չէ, որ վատնեց Անառակը, այլեւ, ինչպես ասում է Շնորհք պատրիարքը, իր երիտասարդությունը, իր անմեղությունը եւ վերջապես` իր ընտանեկան երջանկությունը` բարիքներից գերագույնը: Ահա թե ինչու են Եկեղեցու վարդապետները վատնումը համարում Անառակ որդու հիմնական մեղքը:
Շարունակելի
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s