Սկիզբը՝ 2011 Հուլիս Բ- Նոյեմբեր Ա

Օգտվելով Երուսաղեմի պատրիարք Մինաս Ամդեցու մահից՝ Ավետիքը կրկին այն միացրեց Կոստանդնուպոլսի պատրիարքությանը։ Ավետիքը գործում էր խաղախ եղանակներով եւ բռնություններ չէր կիրառում կաթոլիկների նկատմամբ։ Սակայն դեսպան Ֆերիոլը գործադրում էր ամեն ջանք՝ նրան վնասելու։ 1705 թվի սեպտեմբերի 15-26-ին Ավետիքն անգամ գնաց ֆրանսիական դեսպանատուն՝ կաթոլիկների հետ խաղաղությունն ամրապնդելու։ Ավետիքը պահանջում է, որ կաթոլիկները հայերին իրենց եկեղեցիների մեջ չնզովեն, հայոց եկեղեցիներում քարոզելու իրավունքը չչարաշահեն եւ լեզուները չափավորեն։ Պարզ երեւում է, որ հայերը հանդես են բերում մեծ ներողամտություն, եւ մեղքն ամբողջությամբ ընկնում է լատինների վրա։

Ավետիքը վարում էր հաշտարար քաղաքակնություն, բայց չէր զոհաբերում Հայոց Եկեղեցու ինքնությունը եւ չէր քաջալերում օտարամուտ կաթոլիկներին։ Այդուհանդերձ՝ վատանում էր ազգի ներքին կացությունը։ Կաթոլիկների եւ կաթոլիկամետների գրգռությունները եւ դեսպան Ֆերիոլի՝ նրանց պաշտպանելը, Հակինթոսի թելադրանքը, պատրիարքի թեկնածուների խորամանկ քայլերը եւ ժողովրդի՝ տարբեր խմբավորումների բաժանված լինելը աստիճանաբար աղետների համար դուռ բաց արեցին։ Մեծ աղմուկ հանեց պարտքի խնդիրը։ Երուսաղեմի գործակալ Երեմիան՝ հավանաբար Սահապայանը, 22000 դահեկանի փոխառություն էր վերցրել մի անգլիացի վաճառականից, որի անունն էր Լոթրան, եւ երաշխավոր էին դարձել Սրապիոնը, Ալեքսան Քյոմուրճյանը եւ Հովհաննես Ջինյանը, որոնց միանում են նաեւ այլ հակառակորդներ՝ Հարություն եւ Հովհաննես Թյութելօղլիները, Նիկողոս Էսքերօղլին, Առաքել Շահամիրօղլին ու Աբրահամ Չալուխը, որոնք Ավետիքի դեմ դատ են բացում, որ իբրեւ Երուսաղեմի պատրիարք՝ աթոռի փոխառությունը վճարի, որին Ավետիքը հակառակվում է՝ պահանջելով փաստաթղթեր։ Մեջտեղ են բերում Երուսաղեմի կնիքով մի փաստաթուղթ, որի վավերականությունն Ավետիքը մերժում է։ Երեմիայի մեռնելուց հետո այս շփոթը շարունակվում է, եւ Ավետիքի հակառակորդները հայտարարում են, որ դրամն իրենք Ավետիքից կառնեն։ Նրա հակառակորդները խմբվեցին այս խնդրի շուրջը։ Վեճի մեջ մտան Մարտիրոս Երզնկացի վարդապետը, որը նրա ձեռքի տակ էր աճել ու երկրորդ պատրիարքության ժամանակ նրա փոխանորդն էր, եւ Հայրապետ Բալիքեսիրցին, որոնք պատրիարքի անունից դրամ էին հավաքում։ Նրանք ութ ամիս պաշտոնավարում էին, բայց Ավետիքին դրամ չէին տվել, այլ միայն պարտքեր էին մեջտեղ բերել։ Ավետիքը բացահայտեց նրանց խարդախությունը։

Ֆրանսիայի դեսպանն ավելի բորբոքեց ստեղծված վիճակը։ Ավետիքի հակառակորդների մեջ հայտնվեց Մատթեոս Սարին՝ Կիլիկիայի գահազուրկ կաթողիկոսը, որը հույսը կորցնելով Կիլիկիայից, որտեղ հաստատորեն կառավարում էր Պետրոս Բերիացին, աչքը տնկել էր Պոլսի պատրիարքությանը։ Նա հույս ուներ դրան հասնել լատինամետների օգնությամբ։ Նրան դեսպանատուն կանչեց Ֆերիոլը եւ փորձեց օգնել իր ազդեցությամբ եւ խորհուրդներով։ Դա Մատթեոսին մղեց լատինամետության, չնայած առաջ Ավետիքի պաշտպաններից էր։ Ավետիքն ինքն էլ իր հիշատակարանում իր դեմ լարված որոգայթների մասին տեղեկություններ է տալիս։ Անգլիայի դեսպանը կամ Էլչին նվերներ էր տալիս թուրք պաշտոնյաներին՝ Ավետիքի դեմ գրգռելու համար։ Ավետիքը նույնիսկ Ֆրանսիայի դեսպանին չի հիշում, բայց Ֆերիոլի թշնամանքն ակնհայտ էր։

Ավետիքն իր հիշատակարանը գրել էր ֆրանսիական բանտում, ուստի խուսափել էր Ֆրանսիայի դեսպանի անունը շոշափելուց։ Նա կամենում էր Ֆրանսիայի դավանական պահանջների հաճոյակատարությամբ ձեռք բերել իր ազատությունը։ Չնայած Ավետիքը հիշում է անգլիական դեսպանատունը, սակայն վերջինս այդ դեպքերին չէր միջամտել։ Առավել եւս, որ անգլիացիները բողոքական էին, եւ կաթոլիկների խնդիրները նրանց չէին հուզում։ Նույնիսկ պարտատեր Լոթրանը ոչ թե անգլիացի էր, այլ ֆրանսիացի. անունն անգամ հուշում է այդ մասին։ Ավետիքն այդ խախտումը կատարել է գիտակցաբար։ Հայ հասարակ ժողովուրդը համակրում էր Ավետիքին՝ իբրեւ հայոց դավանանքի պաշտպանի, սակայն այդ համակրանքը բավարար չէր նրա դեմ հյուսված դավաճանությունների դեմն առնելու համար։

Ահա հենց այդ շրջանում իր մահկանացուն կնքեց հայոց Նահապետ կաթողիկոսը։ Նրա վերջին տարիների վերաբերյալ պատմությունը հիշատակներ չի պահպանել։ Նա վախճանվեց 1705 թվի հունիսի 13-ին՝ չորեքշաբթի օրը եւ հողին հանձնվեց Շողակաթ եկեղեցու բակում։

Նրա հաջորդի ընտրությունը ձգձվեց մինչեւ 1706 թ. վերջերը, որի պատճառը հայտնի չէ։ Մ. Օրմանյանի կարծիքով՝ դա Ստեփանոս Ջուղայեցու հակաթոռությունն էր, որը երկփեղկել է արեւելյան վարդապետներին։ Մի տեսակ խոր անջրպետ էր ստեղծվել Մայր Աթոռի եւ Նոր Ջուղայի միջեւ։ Նոր Ջուղայի մեծավորները կամենում էին իրենց ձեռքում պահել կաթողիկոսական աթոռը։ Ավետիքի կաթողիկոսանալը դարձել էր բոլորովին անհնարին՝ նրա գլխին եկած արկածների պատճառով, եւ մեջտեղ եկած խնդիրները միայն հետաձգել էին կաթողիկոսի ընտրությունը։ Էջմիածնի վիճակը Նահապետի վերջին շրջանում հայտնի չէ, ոչ էլ հայտնի է նրա տեղապահ եպիսկոպոսի անունը, որն անշուշտ նրա հին գործակիցներից կամ ձեռնասուններից պետք է լիներ։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s