Սկիզբը՝ 2011 Հոկտ. Բ

XX դարասկզբի երկրորդ հոբելյանը տասը տարի անց էր՝ 1911 թ., երբ Վիեննայի Մխիթարյան միաբանությունը հանդիսավոր պայմաններում նշեց իր կազմավորման 100-ամյա հոբելյանը, «Հանդես ամսօրեայ» ուսումնաթերթի 50-ամյակը եւ մեկ տարի անց, իբրեւ այդ տոնակատարությունների առհավատչյա, հրապարակվեց «Յուշարձան» գրական ժողովածուն: 450 մեծադիր էջերից կազմված այդ ժողովածուն իսկապես մի հոյակապ հուշարձան է գալիք սերունդների համար, եւ այսօր, երբ նշվում է այդ միաբանության ծննդյան երկհարուրամյա տարելիցը, այն մեզ ամբողջական պատկերացում է տալիս այդ իրադարձությունների մասին: «Յուշարձանն» սկսվում է առաջաբանով, որի հեղինակն աբբահայր գերապատվելի Ներսես Ակինյանն է. նա էջերում բացահայտում է այն պարագանները, որոնք իրենց հանդիսության պատճառ դարձան. «Մին կը շոշափեր միաբանութեան խանձարուրքը, որ երկրորդ անգամ Ավստրիական ոստանին մեջ կը զետեղուեր 100 տարի առաջ: Երկրորդը կավետեր միաբանութեան ընդհանրական Աբբայի` Գեր. Գրիգոր Արքեպիս., Գովրիկեանի 50-ամեա յաջող տարիներու բոլորումը` այն օրեն ի վեր, երբ սուրբ օծմամբ քահանա բարձրելոյն կը կարգուեր եւ կը թեւակոխեր գործնական ասպարեզը… եւ երրորդը կը յիշեցներ միաբանութեան ուսումնաթերթին` «Հանդես ամսօրեայի» 25-ամեա բազմարդիւն գործունեութիւնը ի նպաստ հայ գրականութեան»: Քանի որ չէր կարելի լռության մատնել այս երեք հոբելյանները, հայր Ակինյանը գտնում է, որ հրատարակված հոյակերտ «Յուշարձանը» ապագայի ընթերցողներին ոչ միայն հաղորդակից կդարձնի այս դեպքերին ու դեմքերին, այլ նաեւ «Հանդեսի» ու Եվրոպայի նշանավոր հայագետների մասնակցությամբ լույս կընծայվի հոդվածների մի ընտրանի, որն իսկապես «յուշարձան» կդառնա ապագայի ընթերցողների համար: Այդ իմաստով ժողովածուն իսկապես կատարել է իր առջեւ դրված խնդիրը: Ժողովածուի էջ 1-66-ը ներառյալ մի մեծ տեսություն է՝ «Ակնարկ մը Վիեննական Մխիթարեան միաբանութեան հարիւրամեա գործունեութեան վրա»: Այն սկսվում է Մխիթար աբբահոր կենսագրությամբ, ապա Կ. Պոլսում միաբանության հաստատումով տեղափոխվելը Մորեայի Մեթոն քաղաքը: Վիեննայի մասնաճյուղը եւս Մխիթարյան միաբանության հաստատումը համարում է 8-ը սեպտեմբերի 1701 թ.: Ակնարկն ունի ենթաբաժիններ, որոնք առանձին-առանձին քննարկում են միաբանության գրական գործունեությունը, վերլուծում սկզբից Վենետիկի, ապա Վիեննայի մասնաճյուղերի հրատարակած աշխատությունները՝ տարբերակում չդնելով նրանց միջեւ, հավասարապես բարձր է գնահատում նրանց կատարած գործը, ընդգծում նրանց հաջողություննները դասական հայերենի կատարելագործման, տարբեր բառարանների հրատարակության, բառարանագիտության զարգացման, պատմագիտության, աստվածաբանության, հոգեւոր գրականության, փիլիսոփայության, ընդհանուր եւ ազգային պատմության ուսումնասիրողների կատարած գիտական սխրանքների բնագավառում, մանրամասն բացահայտում միաբանության հոգեւոր հայրեր, ականավոր գիտնականներ Ռափայել Ուզունյանի, Պողոս եւ Ղեւոնդ Հովնանյաննների, Հովսեփ Գաթրճյանի, Մադաթիա Գարագաշյանի, Փիլիպոս Ճամճեյանի, Արսեն Այտնյանի գործունեության բնագավառները (բոլորին թվարկել եւ նրանց հրատարակած աշխատությունները քննարկել հնարավոր չէ): Թվարկածս անձնավորություններին ու նաեւ բազմաթիվ այլ գիտնականներին նվիրված են առանձին հոդվածներ, տրված են դիմանկարները, վերլուծած՝ նրանց գործունեությունը, նշված՝ հրատարակած աշխատությունները, նույնիսկ՝ օտարազգի գիտնականների գնահատականները: Մի օրինակ. մանրամասն վերլուծված է Արսեն արք. Այտնյանի գիտական գործունեությունը. լեզվաբանության եւ քերականության բնագավառում կատարած նրա ներդրումը, աշխարհաբարի եւ գրաբարի պայքարի արտացոլումը, ուր գիտնականը գալիս է այն եզրակացության, թե «գրաբարը կատարած արդեն իւր շրջանը, հարկ է բանասիրաց քով մնալ եւ աշխարհաբարը` իբրեւ ժողովրդական բարբառ, ընտրել նոր գրականութեան լեզու, խնամել եւ մշակել»: 1895-ին նշվեց նրա գործունեության 50-ամայկը, իսկ 1902-ին, երբ մահացավ, Վիեննայի քաղաքապետությունը գրեց. «Այտնեանով այնպիսի մարդ մը կը պակասի, որուն զուգակշիռ երկրորդ մը` դարեր չեն կրնար յառաջ բերել»: Ակնարկում մեծ անդրադարձ է կատարվում հայր Կղեմես Սիպիլյանի գորրծունեությանը՝ իբրեւ «անմշակ գիտական մի ճյուղի», ով դրամագիտությանը նվիրված մեծ ներդրում ունեցավ Կիլիկյան Հայաստանի Ռուբինյան արքայատոհմի դրամների հայտնաբերման եւ նրանց մասին ընդարձակ հոդված-ուսումնասիրություն գրելու մեջ:
Հետաքրքիր բաժին կա նաեւ՝ նվիրված Մխիթարյան տպարանի գործունեությանը՝ հիմնադրման օրվանից մինչեւ 1901 թ.: Ընդգծված է նրա հրատարակած 21 հայերեն ատլասների նշանակությունը, ափսոսանքով նշված, որ հրատարակել է ավելի շատ օտար լեզուններով (2000 հատոր), քան հայերենով (500 հատոր), սակայն տպարանն ունի հայերեն գրերի 70 տառատեսակ, եւ հայերեն տպագրված գրքերն աչքի են ընկնում «տպագրական արուեստի մեծ նրբութեամբ» (Յուշարձան, էջ 46)։ Այդ տպարանում են լույս տեսել միաբանության անդամների նշանավոր աշխատությունները, «Եվրոպա» շաբաթաթերթը, «Հանդես ամսօրեան», տարբեր բառարաններ, 1837 թ.` 25, իսկ 1893 թ. 50 լեզվով լույս տեսավ «Որ օրհնես զայնոսիկ» աղոթքը: Ակնարկում բավականին հետաքրքիր տեղեկություններ է պարունակում «Մխիթարեան մատենադարանը» (էջ 47-49) բաժինը: Այստեղ նշվում է, որ Տրիեստում հավաքված գրքերի փոքր մասն է հաջողվում բերել Վիեննա: Սակայն տեղում միաբանությանը հաջողվում է գնել Վեղարավորաց վանքի 8000 հատոր մատենաշարը, ապա տեղի «բարձրապաշտոն անձանց» նվիրատվություններով ստեղծում հոգեւոր մատենադարան: Դեռ 1863 թ. մատենադարանն ուներ 63.000 հատորներ, որոնցից հայերեն էին 11.000-ը: Մատենադարանում պահվում էին նաեւ 460 հայերեն թերթ, եվրոպական հեղինակների` հայերի մասին գրված 1900 հատոր, 950 հայերեն ձեռագիր, նաեւ փոքր թվով հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն, ղպտերեն, վրացերեն, գերմաներեն, ֆրանսերեն (գաղղիերեն) ձեռագրեր: Հակոբ Տաշյանը 1895 թ. կազմել եւ հրատարակել է հայերեն ձեռագրաց ցուցակը` 1500 էջ ծավալով:
Ակնարկի հեղինակի ուշադրության կենտրոնում է եղել միաբանության թանգարանը` հանքաբանական, կենդանաբանական, բուսաբանական, բնագիտական, հնախոսական, ազգագրական եւ դրամագիտական հավաքածուններով, որոնք ցուցադրված են երեք սրահներում: Առաջին սրահում հանքաբանական հարուստ հավաքածուն էր՝ 18.000 նմուշով, նաեւ խեցիների 7000 կտորից բաղկացած հավաքածուն: Աղքատ էին համարվում բուսաբանական եւ կենդանաբանական բաժինները: Երկրորդ սրահն ամբողջովին հատկացված էր բնագիտությանը, քիմիայի եւ ֆիզիկայի փորձերին: Երրորդ սրահը նվիրված էր հնախոսական (արխեոլոգիական), ազգագրական ու դրամագիտական հավաքածուներին: Կային 4000 տարվա հնության 2 եգիպտական մումիա, բազմաթիվ արձաններ, հին հայկական քանդակներ եւ մեծադիր յուղանկարներ: Մեծ ուշադրություն էին գրավում Կղեմես Սիպիլյանի, Սիմոն Անտոնյանի եւ Գրիգորիս Գալեմքերյանի ջանքերով ստեղծված դրամագիտական հավաքածուները, որտեղ կային 16.000-ից ավելի հին դրամներ, հազվադեպ օրինակներ. ամենահարուստը եւ ակնառուն 3000 կտոր ռուբինյան հայկական դրամների հավաքածուն էր: Այդ բաժնում կար նաեւ պարթեւական, հայ Արշակունյաց, սասանյան, հին հունական, հռոմեական, բյուզանդական, արաբական, օսմանյան, արեւելյան պետությունների 1500 եւ արեւմտյան երկրների 4000 հնադրամ: Ինչպես տեսնում եք, թանգարանն արտակարգ հարուստ էր եւ պատիվ կբերեր ոչ միայն միաբանության, այլ նաեւ ցանկացած պետության: Ակնարկի մյուս բաժինը նվիրված է միաբանության մամուլի հիմնադրման ուղղությամբ գործադրած ջանքերին: Դեռեւս 1819-ին փորձեցին սկիզբ դնել «Ծանոթութիւնք վաճառագիտութեան» թերթին, որն ընդունելություն չգտնելով՝ առաջին համարից հետո դադարեց: Երկրորդ ձեռնարկը եղավ 1847-ին, երբ Հակոբ Չելեպի Տուզյանի խորհրդով եւ հորդորով ձեռնարկեցին «Եվրոպա» շաբաթաթերթի հրատարակությունը` գիտական-բանասիրական եւ քաղաքական բաժիններով: 11 տարի անց՝ 1858-ին, զգացին, որ քաղաքական լուրերի կարիքը չկար, այդ ժամանակ էլ շաբաթաթերթը դարձավ երկշաբաթաթերթ, իսկ 1863-ի վերջին ընդհանրապես դադարեց նրա հրատարակությունը: Միաբանությունը «Եվրոպայի» գլխավոր արդյունքն է համարում, որ նրա էջերում աշխարհաբարը մաքրվեց «օտարություններից եւ ռամկաբանությունից», բարձրացավ գրական լեզվի մակարդակը: 1886 թ. Միաբանությունը ձեռնարկեց մի նոր ամսաթերթ՝ «Հանդես ամսօրեայ — բարոյական, ուսումնական արուեստագիտական» անվանումով: Ուներ մի քանի բաժին` պատմություն, բանասիրություն, արվեստագիտություն, տնտեսագիտություն, նույնիսկ՝ վիպագրություն եւ քաղաքագիտություն։ Ընթացքում այս բաժինները վերացան, եւ այն դարձավ հայագիտական ուսումնաթերթ. միաբանության 100-ամյա տարելիցին նշվում էր դրա 25-ամյակը: «Հանդես ամսօրեային» թղթակցել են բազմաթիվ անվանի հայագետներ` Նիկողայոս Ադոնց, Արշ. Ալպոյաճյան, Հրաչյա Աճառյան, Ստ. Մալխասյան, Գրիգոր Խալաթյանց, Առաքել Սարուխան եւ ուրիշներ, դրանց շարքում նաեւ՝ բազմաթիվ օտարազգի հայագետներ: «Հանդես ամսօրեան» մինչեւ օրս էլ շարունակում է իր երթը: «Յուշարձանի» ամենածանրակշիռ բաժինը, որն ընդգրկում է մոտավորապես 350 էջ, օտարազգի եւ հայ գիտնականների 40 հոդված ուսումնասիրություններն են (Գալեմքերյան, Նորայր Բյուզանդացի, Վեբեր, Գր. Խալաթյանց, Կոնիբեր, Անտուան Մեյյե, Ստ. Մալխասյան, Հ. Աճառյան, Մարկվարտ, Ակինյան, Ստրչիգովսկի, Կ. Բասմաջյան, Բ. Կյուլեսերյան եւ շատ ուրիշներ. ինչպես նշեցի, 40 հոդված, 40 անվանի հեղինակ եւ 40 շատ հետաքրքիր հարցեր ու պատասխաններ): Դա իսկապես մի փառահեղ հուշարձան է, որ պատիվ կբերի ցանկացած գիտական հիմնարկության: Վերջում ցանկանում եմ նշել, որ այս երկու հոբելյանների եւ կարեւոր ժողովածուների մասին տեղեկություն եմ ստացել՝ շնորհիվ մի այլ ծանրակշիռ հայագետի` Մաղաքիա Օրմանյանի, որի Ազգապատումի Բ եւ Գ հատորներում հեղինակը բազմաթիվ անգամ վկայակոչել է այս ժողովածուները, աշխատությունները: Օրհնությամբ եւ շնորհակալությամբ հիշելով Վենետիկի եւ Վիեննայի Մխիթարյան միաբանության մեր հայրենակիցներին՝ երախտիքի խոսք ուղղենք նաեւ Մ. Օրմանյամի հիշատակին, որի ծննդյան 170 տարելիցն է այս տարի:
Էմմա ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Պատմական գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s