Ժողովրդական ավանդույթների վերհանման, ազգային ոճի պահպանման ու վերարտադրության տեսակետից կարեւոր նշանակություն ունի միջնադարյան կիրառական արվեստի ստեղծագործությունների եւ դրանց ակունքների ուսումնասիրությունը:
Հայ ժողովրդի պատմությունը լի է ողբերգական իրադրություններով, եւ չնայած հարատեւող աննպաստ պայմաններին` ժողովրդական ստեղծագործության թելն իսպառ չի կտրվել: Եթե երկրի մի մասում ժողովրդի ստեղծագործությունը ժամանակավորապես դադարել է, ապա այն վեր է բարձրացել երկրի մի այլ հատվածում կամ երկրից դուրս` գաղթավայրերում:
Մատենագրական, պատմական աղբյուրներն այդ տեսակետից առանձնապես հիշատակում են Բագրատունյաց թագավորության հարստությունը: Խոհեմ դիվանագիտությամբ, ռազմական որոշակի ուժի ստեղծման շնորհիվ՝ Բագրատունիները պայմաններ ստեղծեցին համեմատաբար խաղաղ կյանքի, քաղաքների եւ բազմաճյուղ արհեստների ու առեւտրի զարգացման համար:
Քաղաքների առաջացման եւ զարգացման համար առավել բարենպաստ տնտեսական եւ քաղաքական նախադրյալներ կային Հյուսիսային Հայաստանում:
Քաղաքական տեսակետից եւս հայտնի է, որ երբ Հայաստանը 9-րդ դարի վերջերին անկախություն ձեռք բերեց, ազատագրվեցին երկրի ոչ թե բոլոր տարածքները, այլ միայն Հյուսիսային Հայաստանը, Վասպուրականը եւ սրանց կից որոշ գավառներ: Ամենախոշոր պետական միավորումը Բագրատունիների գլխավորությամբ առաջացավ Հյուսիսային Հայաստանում, որտեղ եւ ավելի լուրջ նախադրյալներ ստեղծվեցին տնտեսական զարգացման եւ քաղաքների աճի համար:

5-9-րդ դարերում, լինելով Հայաստանի մայրաքաղաքը, Դվինը, սակայն, չդարձավ Բագրատունիների թագավորության կենտրոնը: Այս թագավորության հիմնական բազան Շիրակն էր, որտեղ եւ առաջանում է նոր մայրաքաղաքը` Անին: Թագավորանիստ կենտրոն դառնալը (961թ.) նպաստեց քաղաքի զարգացմանը: 10-րդ դարի վերջին Անին արդեն խոշոր քաղաք էր, որը եթե, իբրեւ արհեստագործության եւ առեւտրի կենտրոն, չէր անցել Դվինից, ապա ետ էլ չէր մնում նրանից:
Անիի պեղումները ցույց են տալիս, որ այստեղ առավել զարգացած արհեստներից էին շինարարական արհեստները, դարբնությունը, զինագործությունը, պղնձագործությունը, կավագործությունը, հասարակ (անջնարակ), ջնարակված խեցեղենի եւ բարձրարվեստ հախճապակու արտադրությունը: Կարեւոր տեղ էին բռնում նաեւ մանածագործությունը եւ գրչության արվեստը:
Արհեստագործության եւ առեւտրի խոշոր կենտրոն դարձած այս քաղաքում կային շուկաներ, եւ ըստ երեւույթին՝ դեռեւս 10-11-րդ դարերում գոյացել էին արհեստավորական եւ առեւտրական շարքեր, որոնց վերաբերյալ տեղեկություններ մեզ հասել են 13-րդ դարից:
Առեւտրի հետ կապված՝ գոյացել էին նաեւ իջեւաններ եւ հյուրատներ: Այսպիսով` Անին դեռեւս 10-րդ դարի վերջերին եւ 11-րդ դարի 1-ին կեսում հանդիսանում էր Մերձավոր Արեւելքի քաղաքային խոշոր կենտրոններից մեկը:
Գործվածքների արտադրությունը միջնադարյան Հայաստանում արհեստագործության առավել տարածված եւ զարգացած մի ընդարձակ ճյուղ էր, որի համար անհրաժեշտ պայմաններ ընձեռում էին երկրի տնտեսությունն ու բնակչության պահանջները:
Բրդից, բամբակից, վուշից, կանեփից, մետաքսից գործվածքներ արտադրելու արհեստը միջնադարյան Հայաստանում հայտնի է եղել մի շարք անուններով: Ժողովրդի մեջ առավել գործածական եղել է «կտավագործություն» տերմինը, իսկ արհեստավորը կոչվել է «կտավագործ», որը եւ տեղ է գտել առակների մեջ, օրինակ՝ Մխ. Գոշի մոտ: Գրական լեզվի մեջ ավելի գործածական է եղել «ոստայնանկություն» տերմինը, դրան համապատասխան արհեստավորն էլ կոչվել է «ոստայնանկ»: Հին է նաեւ «անկվածագործություն» տերմինը: Հայաստանի բնական հարստությունը, թելերի, ներկերի առկայությունը նպաստել են ոստայնանկության գունազարդ գործվածքների արտադրությանը: Սկսած հին դարերից` Անիում արտադրվել են բազմազան հարթ, միագույն եւ զարդահյուս գունավոր գործվածքներ: Միջնադարը հայտնի է եղել զարգացած ոստայնանկությամբ` ոստայնանկ ջուլհակներով, կտավագործներով, ասվագործներով, մետաքսագործ-կերպասագործներով, դիպակագործներով եւ այլն: Բացի տեղական արտադրանքից` գործվածքներ են ներմուծվել նաեւ ուրիշ երկրներից:


Հ. Մանանդյանը Հայաստանի միջնադարյան քաղաքներում զարգացած արհեստների թվում ամենախոշոր նշանակություն վերագրում է ոստայնանկությանը: Այն զարգացած էր Հայաստանի բոլոր քաղաքներում, սակայն նրա խոշորագույն կենտրոնն էր Անին:
Միջնադարյան Անի քաղաքի պեղումների ընթացքում դամբարաններից հայտնաբերվել են բազմազան գործվածքների պատառիկներ: Դրանք Հայաստանի գործվածքների իսկական նմուշներ են, որոնք հողի տակ պահպանվել են դարերի ընթացքում: Այդ պատառիկները գաղափար են տալիս 10-13-րդ դարերի զարգացած ոստայնանկության մասին:
Ըստ հնագետ Կ. Գ. Ղաֆադարյանի` «Մի քանի անգամ գտնվել է ոսկեթել բանվածքի մնացորդ՝ խիստ քայքայված վիճակում, եւ մի անգամ էլ՝ կոպիտ կտավ` միջնաբերդի գագաթին»:
Հնագիտական պեղումները որոշ նյութեր են տվել Անիի գորգագործության մասին: Գորգի մնացորդներ Անիում գտնվել են Բագրատունիների պալատում, ինչպես եւ Տիգրան Հոնենցի` Ծաղկոցաձորի քարայրային տոհմական դամբարանում` 1907 թ.:
Բագրատունիների պալատում գտնվել է նաեւ կարպետի մի կտոր, սակայն դժվար է դրանից որոշակի գաղափար կազմել:
Անիի պեղումների ժամանակ գտնվել են նաեւ մետաքսե նուրբ գործվածքներ: Բավականաչափ մեծ է կարմիր եւ բաց դեղին գույնի այն մետաքսե նուրբ գործվածքների թիվը, որոնք փակցվել են միջնադարյան ձեռագրերի կազմերի տակ եւ դրա շնորհիվ հասել մեզ:
Մետաքսագործությունը կազմում էր ոստայնանկության առանձին ճյուղ, եւ մետաքսի գործվածքներ արտադրողը՝ իբրեւ ինքնուրույն արհեստավոր, հիշատակված է Անիի 1276 թ. վիմագիր մի արձանագրության մեջ, որտեղ ասվում է, թե «Բաւլէն ապրեշմագործ»-ը հարկահան-տամղաչիի պաշտոն էր ձեռք բերել: «Ապրեշմագործ» բարբառային ձեւից բացի՝ կա նաեւ «մետաքսագործ» գրական ձեւը, ըստ որում՝ տրվում է եւ նրա հյուսած գործվածքի անունը՝ «մետաքսագործ կերպասի», որը հանդիպում ենք Գրիգոր Մագիստրոսի, Հովհան Երզնկացու քերականության գրքերում:
Բացառիկ նշանակություն ունեն Անի քաղաքի գործվածքները, որոնք պահպանվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում: Այդ պատառիկների մեջ հանդիպում են մետաքսյա մի քանի տեսակ ճերմակ կտորներ` գործված բարձր վարպետությամբ, հասարակ կտավ, սեւ գույնի նրբագույն շղարշ, որի վրա ոսկեթելերով ասեղնագործված են գազանների պատկերներ: Մանկական հագուստները կարված են մետաքսյա գործվածքից, իսկ գլխաշորի տակի ճերմակ կտորը, որի վրա կարմիր մետաքսաթելերով ասեղնագործություն է կատարված, իր վրա ունի նույն գույնի նախշեր` բանված հենց գործելու ընթացքում: Անիի թե՛ ասեղնագործության եւ թե՛ գործվածքի թելերը բազմազան են` մանված տարբեր հաստությամբ. ոսկեթելը ոսկեմանյալ է` մետաքսաթելն ու ոսկեթելը համատեղ մանված: Կտավի հաստ ու բարակ թելերից երեւում է թել մանողների հմտությունը: Նույնը պետք է ասել թելեր ու կտորներ ներկելու մասին: Ճերմակ, կարմիր ու սեւ ներկված գունավոր գործված-հյուսված գործվածքները ցույց են տալիս, որ ոստայնանկություն-ջուլհակությունը, կերպասագործությունը, ներկարարությունը Անիում զարգացած արհեստներ են եղել:
Բագրատունի Սմբատ Ա թագավորը, զորեղ դիմադրություն կազմակերպելով 10-րդ դարի սկզբին Հայաստանի վրա հարձակված Էմիլ Յուսուֆի դեմ, հարկադրում է նրան հաշտություն կնքել եւ մեծամեծ նվերներ ստանալով` ինքն էլ նվերներ է տալիս նրան: Դեպքերին ժամանակակից Հովհաննես կաթողիկոսը գրում է, թե թագավորը Յուսուֆին նվիրեց «Երեւելի զարդս հանդերձանաց եւ նկարակերտ կազմուածս բազմականաց կարմրութեամբ որդանց եւ ըմբակս եւ նուագս. եւ կամար ի համակ ոսկւոյ` գործ հռոմայական ճարտարաց, յերգանս գունակ ապակւոյ»:
1001 թ. ավարտվում է Անիի հռչակավոր կաթողիկեի կառուցումը, եւ Կատրանիդե թագուհին այս տաճարը, ինչպես ասում է պատմիչը, «զարդարեաց ի զարդ ծիրանեծաղիկ, ոսկեթել նկարագործ անկուածոց, արծաթեղէն եւ ոսկեղէն անօթոց եւ բազմապայծառ լուսատու անօթոց վայելչութեամբ, որովք ջահանայք ըստ երկնային կամարին կաթողիկէն սուրբ, որ ի քաղաքին Անւոյ»: Այստեղ անկվածը ոչ միայն ոսկեթել է ու ծիրանածաղիկ, այլեւ նկարագործ, այսինքն` վրան նկարված են եղել զանազան պատկերներ:
Ոստայնանկության պատմության համար բացառիկ նշանակություն ունեն գործվածքների մեզ հասած, թեեւ սակավ, նմուշները: Անիում գտնվել է վերմակի կտոր` նուրբ գործվածքից, որի մեջ բամբակ էր դրված ու կարված: Ոստայնանկության զարգացման բարձր աստիճանը ցույց տվող կարեւոր նմուշ է Անիում Ծաղկոցաձորի քարայրային մեծ դամբարանում 1908 թ. գտնված փոքրիկ աղջկա զգեստը, որ նկարագրել է այն ժամանակ Անիի հնագիտական արշավախմբի աշխատակից Հ. Օրբելին: Դամբարանում բացվել է մի գերեզման, որի մեջ երեխայի զգեստը բավականաչափ լավ է պահպանվել: Դա մուգ դեղնավուն մետաքս է, ամբողջ զգեստի միջով կարմիր թելով անցկացված են զուգահեռ գծեր: Զգեստի վրա դրված եւ կարված են կտորներ, որոնք ըստ Հ. Օրբելու` թալիսմանի նշանակություն են ունեցել: Առջեւից` գոտկատեղից ցած, զգեստը մինչեւ փեշի ծայրը բացվածք ունի, որը չի կոճկվել, իսկ կրծքի վրա անցքեր են արվել եւ կապվել: Զգեստի վիզը բարձր չէ, եւ նրա վրա առջեւից կարված են ձեռագործով ոսկեթելերով արված 6 պսակաթերթ եւ պտղաբերած 6 վարդյակ: Զգեստի թեւերին դրված են ձեռագործված նեղ երիզներ, թեւերին` արմունկից վերեւ, բեհեզյա նուրբ գործվածքից փոռեր են դրված, որոնք զարդարված են ձեռագործ ոսկեթել նկարով: Աղջկա գլխին կապված է եղել սեւ գույնի մետաքսե նուրբ շղարշ, որի վրա ձեռագործով նկարված է երկու գազան՝ իրար մոտեցողի դիրքով. մեկը հովազ է` կանգնած ոճավորված թփի տակ, իսկ մյուսը` փոքր առյուծ: Աղջկա գլխի տակ դրված է եղել մետաքե գործվածք, հավանաբար՝ բարձի ծածկոց, որի վրա ձեռագործով արված են եղել բարդ նկարներ` բազմաթիվ թռչուններ:
Ակադեմիկոս Օրբելին ենթադրում է, թե այս դամբարան-քարայրը Տիգրան Հոնենցի հանգստարանն է եղել:
Մի փոքրիկ աղջկա զգեստի վրա մետաքսե ու բեհեզե յոթ տեսակի գործվածքների, ինչպես եւ զանազան ու շքեզ ձեռագործ զարդերի պատկերների առկայությունն ինքնին վերին աստիճանի կարեւոր մի փաստ է՝ ոստայնանկության եւ ձեռագործի բարձր զարգացման աստիճանը վկայող: Բայց դա միակ փաստը չէ. Անիում գտնվել են նաեւ գործվածքների այլ մնացորդներ, օրինակ՝ քաղաքի հյուրանոցներից մեկի պեղման ժամանակ գտնվել է մորու գույնի մետաքսե մի սքանչելի գործվածք` հաստ ու բարակ թելերից հյուսված շերտերի հաջորդական զուգադրությամբ: Այս շերտերի վրա էլ գործված են քառակուսիներ: Գործվածքը շատ լավ է պահպանված. երեւում է նրա մետաքսե խավը:
Հայսաստանի պատմության պետական թանգարանում, բացի վերեւում նկարագրված զգեստից, Անիի հավաքածուի մեջ մի քանի համարների տակ պահվում են այդ քաղաքում գտնված գործվածքների եւ ձեռագործի նմուշներ:
Հին արհեստների շարքին է պատկանում նաեւ դերձակությունը: «Դերձակ» բառը ծագում է պահլավերենից, եւ ժողովրդի մեջ պահպանվել է դրա «դարզի» ձեւը: Այս արհեստը միջին դարերում, կենտրոնանալով քաղաքներում, մյուս խոշոր արհեստների նման առանձին շարք էր զբաղեցնում: Անիի պեղումների ժամանակ բացվել է դերձակի արհեստանոց, որտեղ գտնվել են մետաղե մատնոց եւ ասեղ: Դերձակներն անգամ հավակնություն են ունեցել իրենց արհեստը գերադասելի համարել ջուլհակությունից, որն իր արտահայտությունն է գտել առակագրության մեջ, սակայն Գոշն առաջնությունը տալիս է ոստայնանկ վարպետին, որովհետեւ գործվածքն արտադրողը նա է, ոչ թե դերձակը:
Անեցիները մեծ արհեստագործական գործունեություն են ծավալել նաեւ գաղթօջախներում եւ այնտեղ պահպանել են արվեստի ավանդները, այդ թվում նաեւ՝ ոստայնանկությունը:
Անի քաղաքի զարգացած արհեստների ապացույցը միայն գործվածքները, ասեղնագործությունները, գորգի ու կարպետի պատառիկները չեն: Կան նաեւ արվեստի այլ բնագավառների բազմաթիվ իրեր, որոնք փայլուն ապացույց են ծաղկած արհեստագործության եւ հարուստ կենցաղի:
Անուշ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մանկավարժական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s