Ս. Բարթողիմեոս առաքյալի անունը հավերժացնող Ս. Բարթողիմեոս վանքը գտնվում է Վասպուրականի Աղբակ գավառում՝ համանուն գետի աջ ափին՝ արհեստական բարձր բլրի վրա (ներկայիս Թուրքիայի Հանրապետության Բաշկալե գավառակում): Վանքը կառուցվել է ս. Բարթողիմեոսի նահատակման վայրում՝ Արեփանոս քաղաքում: Ս. Բարթողիմեոս վանքի կառուցման ժամանակի ու կառուցողի մասին մեր մատենագրության մեջ պահպանվել են մի շարք հետաքրքիր ավանդություններ ու պատմություններ, որոնցից է նաեւ Արեփանոսում առաքյալի գործած հրաշքներից մեկի պատմությունը: Ըստ ավանդության՝ Արեփանոսում ս. Բարթողիմեոսը մի ծերունու է տեսնում, որը ողբում էր իր միակ զավակի մահվան պատճառով: Առաքյալի հրամանով երեխային տանում են գետի մոտ ու երեք անգամ Հիսուս Քրիստոսի անունը տալով՝ ջրով լվանում են, եւ փոքրիկը հարություն է առնում:
Ս. Բարթողիմեոս վանքի կառուցման հետ կապված՝ երկու նշանավոր ավանդություն գոյություն ունի։ Ըստ դրանցից մեկի` վանքը կառուցել է հայոց Սանատրուկ թագավորը՝ Ա-Բ դարերում: Ս. Բարթողիմեոսի նահատակությունից հետո Սանատրուկ թագավորը բորոտությամբ է հիվանդանում: Նրան խորհուրդ են տալիս Բարթողիմեոսի նահատակման վայրից բխող Կաթնաղբյուրի ջրով լվացվել: Թագավորն այդ Կաթնաղբյուրի ջրով լվացվելուց հետո բժշկվում է, եւ որպես շնորհակալության արդյունք՝ հրամայում է հենց այդ վայրում կառուցել վանք: Իսկ մյուս ավանդության համաձայն՝ վանքը կառուցել է հայոց Տրդատ Գ թագավորի որդին, ով նույնպես տառապում էր բորոտությամբ: Վերջինս ս. Բարթողիմեոս առաքյալի բարեխոսությամբ մաքրվում է բորոտությունից, որից հետո սրբի գերեզմանի վրա կառուցում է այս վանքը՝ Դ դարում, որի բացմանն այցելում են Տրդատ թագավորը եւ Գրիգոր Լուսավորիչ հայրապետը:
Առաքյալի անունը կրող այս վանքը թե՛ դրսից, թե՛ ներսից շատ գեղեցիկ է: Երեք կողմից շրջապատված է աշտարակավոր պարիսպներով, տաճարը կառուցված է սրբատաշ քարերով, սյունազարդ է, ունի քանդակներ: Եկեղեցին ներքուստ բաղկացած է երեք մասից. ավագ Սեղան, որը մեջտեղում է, աջակողմյանը՝ Հազարապետի սեղանն է, իսկ ձախ կողմում փոքրիկ մատուռ է, որտեղ էլ գտնվում է Բարթողիմեոսի գերեզմանը: Տաճարը հաստատված է վեց կլորակ քարե սյունների վրա: Մեջտեղում սյուն ու հենարան չկան: Եկեղեցու ներքին շրջապատը զարդարում են այն վեց սյունները, որոնց վերեւի գլուխները հրաշակերտ արվեստով բարձրանում ու խառնվում են հսկա կամարին: Նույն տիպի կամար է կազմում նաեւ տաճարի առաստաղը: Այս երկու կամարների կենտրոնական ուղղությամբ՝ դեպի դուրս, շինված է միջին մեծությամբ երկու կաթողիկե՝ առանց զանգակատան, որոնցից համեմատաբար ավելի մեծը 1877-1878 թթ. վերանորոգել է Եղիազար վանահայրը: Վանքը շրջապատված է պարիսպներով ու աշտարակներով, ներսում ունի միաբանության ու հյուրերի համար սենյակներ:
Ս. Բարթողիմեոս վանքի դռան վրա պատկերված է Հայր Աստծո պատկերը՝ ըստ Եզեկիել մարգարեի տեսիլքի՝ առյուծներով ու հրեշտակներով շրջապատված, իսկ մի քիչ ներքեւ փորագրված է ս. Բարթողիմեոս առաքյալը՝ տեգը ձեռքին, որով սպանում է երեխաներ ուտող վիշապին։ (Ըստ ավանդության՝ Վասպուրականի քարայրներից մեկում մի վիշապ օձ է ապրելիս եղել, որը փակել է գետի աղբյուրը ու գյուղի բնակչությանը զրկել խմելու ջրից: Գյուղացիներն ամեն օր մի երեխա են բերել վիշապի մոտ, որ նա ուտի, եւ այդ ընթացքում նրանք կարողացել են ջուր վերցնել: Մի օր էլ մի կին իր միակ փոքրիկ աղջկան տանում էր վիշապի մոտ, եւ ճանապարհին հանդիպում է Բարթողիմեոս առաքյալին: Վերջինս, իմանալով վիշապի մասին, վերցնում է երեխային ու մոտենում քարայրին: Երբ վիշապը դուրս է գալիս, առաքյալը տեգով հարվածում ու սպանում է վիշապին: Հետագայում այս քարայրում վանք է կառուցվում): Փորագրված են նաեւ վանքը կառուցող չորս ճարտարապետների պատկերները՝ հասակով մեկ, որոնց մեջտեղում է պատկերված ս. Հովհաննես Մկրտչի գլուխը, որի երկու կողմերում կանգնած են բուրվառակիրներ:
Թեեւ Ս. Բարթողիմեոս վանքը շատ հին պատմություն ունի, բայց մինչեւ ԺԴ դար վանքի գործունեության մասին, ցավոք, մեզ ոչինչ չի հասել: Մեր ունեցած տեղեկություններն սկսվում են ԺԴ դարից՝ Ավետարանների, Հայսմավուրքների եւ այլ գրքերի հիշատակարանների շնորհիվ: Ս. Բարթողիմեոսը եղել է Աղբակի թեմի եպիսկոպոսանիստ աթոռը:
Վանքում գրվել են Հայսմավուրքներ, Ավետարաններ, «Շարակնոց», «Ոսկեփորիկ» եւ այլ գրքեր:
1715 թ. երկրաշարժից ավերվել է Ս. Բարթողիմեոսի գմբեթը: 1751 թ.՝ Կիրակոս վարդապետի վանահայրության տարիներին, վանքի աջ թեւը վերանորոգվել է, որը վնասվել էր երկրաշարժից: Ս. Բարթողիմեոսը 1897 թ. դարձյալ երկրաշարժից տուժել է. քանդվել է տաճարի պատը:
Ս. Բարթողիմեոս վանքն ունեցել է շատ նվիրական սրբություններ. ս. Բարթողիմեոսի ծնոտը, որը մի սնդուկի մեջ դրված՝ թաղել են, եւ աջը:
Ս. Բարթողիմեոսը հարուստ է եղել ոչ միայն ավանդություններով ու սրբություններով, այլ նաեւ նյութականով: Վասպուրականի հարուստ ու ժողովրդի կողմից սիրված վանքերից մեկն է եղել: Վանքն իր ենթակայության տակ է ունեցել գյուղեր, ագարակներ, հանդեր, արտեր, արոտատեղիներ ու անտառներ: Որոշ ժամանակ վանքում վարժարան են բացել, որը 1915 թ. փակվել է: Չնայած վանքի նյութական ապահովությանը՝ այստեղ գիտությունը, համեմատած Վասպուրականի մյուս վանքերի հետ, չի զարգացել: Վանքն այժմ գտնվում է ավերված վիճակում:
Հերմինե ՀԱԿՈԲՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s