Երկնքի ու երկրի Արարիչ Աստված Աստվածաշունչ Մատյանում բազում ստորոգելիներով է բնորոշվում` մարդասեր, ողորմած, անոխակալ, գթած, ներողամիտ, անհիշաչար, բարեգութ… Բարի ու մարդասեր է Աստված Իր արարչության հանդեպ, քանզի հայրական անքննելի սիրով ու հոգատարությամբ խնամում եւ հոգ է տանում Իր ստեղծած զարմանահրաշ աշխարհը` սկսած կենդանական աշխարհից մինչեւ արարչագործության թագ ու պսակ հանդիսացող մարդը` չնայած վերջինիս խոտոր ու ապերասան ընթացքին: Բոլոր դարերում ու ժամանակներում էլ մարդկության պատմության մեջ եղել են, այսպես ասած, «բարության մարմնացումներ», մարդիկ, որոնք լինելով հողեղեն ու մահկանացու՝ ապրել են իրենց «պանդխտության ժամանակը» իբրեւ ճշմարիտ քրիստոնյաներ, իբրեւ «Աստծո ընտրյալ անոթներ»` նմանվելով բարության Աղբյուրին՝ իրենց փափագելի Արարչին, քանզի բարի մարդն Աստծո պատկերն է երկրի վրա: Այսպիսիների գոյությունը մեզանում մեկ անգամ եւս եկել է փաստելու այն պարզ ճշմարտությունը, որ Աստված մարդուն ուղղամիտ ու բարի է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին (տե՛ս Ժողովող Է 29): Մեղքն է սեւացնում մարդու հոգին, իսկ չարիքի մեջ անզղջում մնալով` մարդը եղծում է իր բարոյական նկարագիրը, կերպարը, կորցնում իր աստվածատուր մաքրությունն ու ազնվությունը: Եվ թեեւ «մեղքով սեւացածը հնարավոր է արտասուքներով, զղջումով ու ապաշխարությամբ լվանալ», այնուամենայնիվ, այս չար աշխարհում՝ համատարած չարիքի ու անօրենության մեջ, բարության բարձր պատվանդանին մնալը շատ դժվար է, բայց ոչ` անհնարին: Բարության առաջին սերմերը, թերեւս, մարդը ստանում է ընտանիքում՝ քրիստոնեական դաստիարակության շնորհիվ: Ես կասեի` երեխայի դաստիարակությունն սկսվում է մինչծննդյան շրջանից եւ շարունակվում արդեն ծնվելուց հետո: Երջանիկ են բարության եւ սիրո անկեղծ մթնոլորտում լույս աշխարհ եղած մանկիկները, որոնք մայրական անխարդախ կաթի հետ ստանում են նաեւ քրիստոնեական կրթություն եւ դաստիարակություն, քանզի Աստվածաշունչ Մատյանի ստվարածավալ էջերը ողողված են բարության ու ներողամտության, անհիշաչարության՝ այնքան թանկագին խրատներով, որոնք մանկան մատաղ հոգում սերմանելով` ծնողները հետագայում արժանանում են վայելելու իրենց սերմանածի քաղցր եւ հյութեղ պտուղները: Թեեւ, դժբախտաբար, մեր օրերում մի շարք առաքինություններ, այդ թվում եւ բարությունը, համարվում են ժամանակավրեպ եւ ոչ կարեւոր մարդ անհատի կյանքում, սակայն, բարեբախտաբար, ճշմարիտ քրիստոնեական ընկալում, հոգեւոր տեսողություն ունեցող շատ մարդիկ շարունակում են իրենց զավակներին կրթել ու դաստիարակել բարոյականության դասերով, քրիստոնեական արժեքներով, որոնք երբեք ժամանակավրեպ չեն կարող լինել: Այսօր էլ մեր կողքին ապրում են ճշմարտապես առաքինի եւ բարի մարդիկ, որոնց` Աստծով մաքրված հոգիներում տեղ չունեն նենգությունն ու ատելությունը, մախանքն ու չարակնությունը, ովքեր թեեւ երբեմն ընդվզում են իրենց բարի էության դեմ, որովհետեւ հաճախ են հալածվում մարդկանցից՝ բարի լինելու համար, սակայն երբեք չեն կարող այլ կերպ ապրել իրենց կյանքը, չեն կարող չարին չարով հատուցել ու թշնամու դեմ դավ նյութել, չեն կարող, քանի որ այլ կերպ են դաստիարակվել, այլ` ավելի վերմարդկային արժեքներ են կրում իրենց մեջ, քանի որ չեն կարող հակադրվել իրենց խղճին, Ում հետ ուզում են հաշտ ապրել… Այո՛, այսօր մեր կողքին ապրում են այսպիսի մարդիկ, որոնց համար խղճի, բարոյականության օրենքից վեր օրենք չկա եւ չի կարող լինել: Նրանք հավատում են, որ Աստված ամենատես է ու արդարադատ, գիտեն, որ չկա ոչինչ գաղտնի, որ չհայտնվի, եւ ծածուկ, որ չիմացվի, ուստի ապրում են այս ժամանակավոր կյանքն իրենց խղճի հետ հաշտ: Եվ թե որքան դժվար է բարի հոգու տեր մարդու համար այս աշխարհում ապրելը, աշխատավայրում ու դրանից դուրս տարբեր մարդկանց հետ շփվելը, պատկերացնել կարելի է, սակայն ինչպես խոստովանում են վերջիններս, չեն ափսոսում, որ այդպիսին են էությամբ, որ այդպիսի դաստիարակություն են ստացել, որ փորձում են հնարավորինս առաջնորդվել սուրբգրային պատգամներով, որովհետեւ չկա ոչինչ ավելի քաղցր, քան մաքուր խղճով ու խաղաղ հոգով երեկոյան գլուխը բարձին դնելը: Բարի մարդուն Աստված զորացնում է, ուժ տալիս իր երկրավոր կյանքում` խոչընդոտները հաղթահարելու համար: Բարի ու ազնիվ մարդու պաշտպանը Տերն է, Ով միշտ նեցուկ եւ օգնական է լինում նրան՝ կյանքի տարաբնույթ փորձությունների մեջ: Այդպիսի մարդը վարձատրվում է Աստծուց ե՛ւ այս կյանքում, ե՛ւ հանդերձյալում, քանզի Տերը խոստացավ հատուցել յուրաքանչյուրին՝ ըստ իր գործերի: Թեեւ առկա նեղություններին ու դժվարություններին, որոնք քրիստոնյայի կյանքի անբաժանելի մասն են կազմում, բարի մարդն իր կայնքի ընթացքում ապրում է Աստծո շնորհի եւ օրհնության մեջ, վայելում իր աշխատանքի բերկրանքը, իր նմանների ընկերակցությունը` ունենալով հոգու խաղաղություն ու խղճի հանգստություն, այլեւ իր բարի էությունից մղված` օգնության ձեռք է մեկնում կարիքի եւ նեղության մեջ գտնվող մարդկանց` նյութական եւ որ ամենակարեւորն է՝ բարոյական օգնություն ցույց տալով: Պողոս Ադրիանուպոլսեցին ասում է, որ բարի մարդն Աստծու հանդեպ սիրուց մղված է գործում բազում առաքինություններ, որովհետեւ այլ կերպ չի էլ կարող վարվել: Եվ կյանքում ինչպիսի անելանելի իրադրության մեջ էլ գտնվի, աննվազ ու աներբա սեր է տածում առ Աստված, իր ողջ էությամբ ապավինում Նրան, քանզի գիտի, որ Աստված երբեք չի թողնի իրեն, գիտի, որ եթե իր Տիրոջն անարգեցին, իրեն էլ կանարգեն՝ ըստ այս խոսքի, որ ասում է. «Եթե Ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն» (Հովհ. ԺԵ 20)։ Հիշում է իր Տիրոջ անհիշաչարությունն Իրեն անարգողների հանդեպ ու մխիթարվում` աղոթելով, որ Աստված ների նրանց, քանի որ չգիտեն, թե ինչ են անում (տե՛ս Ղուկ. ԻԳ 34): Մտաբերում է առաքելական պատգամը, որ ասում է. «Բոլորի հետ ջանացեք ապրել խաղաղությամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի» (Եբր. ԺԲ 14)։ Ի վերջո, էությամբ բարին գիտի ու հավատում է, որ Տերը հավիտենական հանգիստ է պարգեւելու Իր խոնարհ ծառաներին, Իր կամքը կատարողներին ու Իր անունը փառաբանողներին, ուստի «իր ողջ կյանքում երկնչում ու դողում է, որ իր առաքինության արդյունքները չկորցնի` ըստ այսմ. «Ահով եւ դողով դուք ձեր փրկության համար աշխատեցեք» (Փիլ. Բ 12): Նրա սիրտը միշտ բերկրում է Տիրոջով եւ Նրան միանալու փափագով, իսկ «Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը»,- ինչպես ասում է իմաստունը (Առակ. ԺԵ 13): Բարի մարդիկ իրավամբ լինում են «աշխարհի լույսը եւ երկրի աղը»` ըստ տերունական խոսքի` լուսավորելով բազում մարդկանց եւ պատճառ լինելով Աստծո անվան փառաբանությանը, ինչպես Տերն է ասում. «Թող այնպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն եւ փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. Ե 16): Որքան խաղաղություն ու հանգստություն կա բարի ու առաքինի մարդկանց աչքերում, որ փոխանցվում է նրանց հետ շփվող մարդուն: Ի հակադրություն սրա` չարագործի դեմքի վրա երբեմն դժոխքի կրակներն են նշմարվում, երբեմն թվում է` նրա աչքերի միջից սատանան է նայում, մինչդեռ բարի մարդու սրտի բարությունը, ողջ էությունն են արտացոլված նրա աչքերում ու դեմքի վրա, ինչպես ասում է Սիրաք իմաստունը. «Մարդը ճանաչվում է իր հայացքից իսկ, եւ դեմքի տեսքից երեւում է իմաստությունը նրա» (Սիրաք ԺԹ 26), նաեւ` «Բարի սրտի նշանը զվարթ դեմքն է» (Սիրաք ԺԳ 32): Մեր օրերում, երբ այնքան շատ են գժտություններն ու խռովությունները, անարդարություններն ու թշնամանքը, այնքան կարիքն ունենք նման մարդկանց ընկերակցության, նրանց հետ ամենօրյա շփումների: Որքան բան կարելի է ուսանել նրանցից, որոնք խաղաղության ու բարության «խորհրդանիշեր» են այս մեղավոր աշխարհում, որոնց աղոթքներով է Աստված ողորմում մեղավոր մարդկությանը, համբերում մարդկանց չարագործություններին` նրանց ապաշխարության ու փրկության նորանոր հնարավորություններ ընձեռելով, չէ՞ որ հստակ գրված է, որ «Աստծու բարությունը մեզ ապաշխարության է տանում» (Հռոմ. Բ 4):

Բայց Աստված նաեւ արդարադատ է. Նա հաստատել է մի օր, երբ «պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց կատարած բոլոր թաքուն գործերի համար` լինեն դրանք չար թե բարի» (Ժող. ԺԲ 14): Նաեւ` «Այս աշխարհի վախճանին հրեշտակները կելնեն ու չարերին արդարների միջից կբաժանեն ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մեջ. այնտեղ կլինեն լաց եւ ատամների կրճտում» (Մատթ. ԺԳ 49, 50): Եվ արդար բարիները կգնան դեպի հավիտենական կյանք, իսկ չար մեղավորները` հավիտենական տանջանք (տե՛ս Մատթ. ԻԵ 46): Գոհանանք Աստծուց, եթե մեր շրջապատում ու ընկերների մեջ կան բարի ու առաքինի մարդիկ, որոնց ներկայությունը մեր կողքին արդեն ինքնին Աստծո անհուն ողորմության մեծագույն արտահայտությունն է: Փորձենք նմանվել նրանց` հետեւելով նրանց բարի ու առաքինի ընթացքին: Չարհամարհենք Աստծու բարության առատությունը, ներողամտությունն ու համբերությունը: Այլեւ ահեղ տանջանքների ահով եւ անանց բարիքների փափագմամբ հեռու վանենք մեզնից ամեն տեսակի չարություն, նենգություն, ատելություն ու չար արարք, խնդրենք Աստծուն, որ օգնի մեզ ապրել առաքինի ու բարի կյանքով` ընթանալով Աստծո ուղենշած փշոտ, բայց փրկաբեր ճանապարհով, որի վախճանը փառք ու անմահություն է` հավիտենական հանգիստ` Տիրոջ ներկայության մեջ: Առաքելական խոսքի համաձայն` «ատելով չարը` ընթանանք բարու ետեւից» (Հռոմ. ԺԲ 9), խորհենք, խոսենք ու գործենք բարին բոլոր մարդկանց առաջ (հմմտ. Հռոմ. ԺԲ 17)` առաքինի կենցաղավարությամբ բարի հիմք դնելով մեզ համար երկնքում, ուր չկան չարություն ու նախանձ, նենգություն ու ատելություն, քանզի դա արդարների բնակավայրն ու սրբերի հանգստարանն է, որին թող արժանացնի մեզ մեր Քրիստոս Աստված, եւ Նրան փառք հավիտյանս. ամեն:

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s