ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐ

«ԱՆԻՐԱՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԵՎ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԱՌԱԿԸ»

Մեր հյուրն է Բյուրավանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Ղազար քհն. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

— Աստծո արքայության, մեսիական 2-րդ գալստյան մասին խոսելուց հետո Հիսուսը, ըստ Ղուկասի, «մի նոր առակ» է մեջբերում` հենց սկզբից պարզաբանելով, թե ինչ նպատակով է պատմում: Այն է` ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ:
— Այո՛, սա ավետարանական այն առակներից է, որն իր հետ «աջակից» բացատրություն ունի։ Տերն առակը պատմելուց հետո, լսողների խնդրանքով, տալիս է մեկնությունը: Կարծում եմ` այնքան էլ կարեւոր չէ առակի իմաստը նախօրոք կամ հետո բացատրելու հանգամանքը: Այս առակի մեջ գլխավորն այն է, ինչ Հիսուսն ասաց սկզբում, այսինքն` հրահանգը, պատգամը՝ հարատեւ եւ անձանձիր աղոթելու մասին: Իսկ առակը պատմեց` այդ պատգամն ավելի պատկերավոր դարձնելու համար: Ասաց. «Մի քաղաքում մի դատավոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եվ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տե՛ս» (Ղուկ. ԺԸ 2-3):
Նախ պետք է հասկանալ` ով էր դատավորը, եւ ով էր այրի կինը:
Այն, որ դատավորն անիրավ էր, հայտնի է նախ առակի վերնագրից, եւ հետո` ի՞նչ մի զարմանալի բան կա. բոլոր ժամանակներում էլ եղել են անիրավ դատավորներ, իսկ մեր օրերում` ինչքան ուզես… Բայց այս մեկը ոչ միայն անիրավ էր, այլեւ շատ ինքնավստահ ու «հաջողակ», այն առումով, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «մեջքը պինդ էր»: Այլապես այդչափ համարձակ ու հանդուգն չէր լինի, որ անընդհատ մերժեր այրու արդար դատն իրագործել ոսոխի դեմ: Սա, ուրեմն, ոչ միայն անիրավ էր, այլեւ՝ կաշառակեր, եւ որ ամենակարեւորն է՝ ո՛չ ամոթ ուներ, ո՛չ վախ, այսինքն` խիղճ չուներ, ինչը հենց ինքն էլ խոստովանում է առակում եւ շատ հանգիստ էլ ասում է` առանց խղճի խայթի, ուղղակի փաստն արձանագրելու պես: Եվ այրու դատն էլ երկար ժամանակ քաշքշելուց հետո ի վերջո լուծում է ոչ թե արդարության մղումից կամ խղճի խայթից դրդված, այլ միայն այն բանի համար, որ այդ կինն իրեն հոգնեցրել էր` անընդհատ դռները բախելով: Իր մտքում ասում է. «Թեեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինն ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա եւ ինձ չանհանգստացնի» (Ղուկ. ԺԸ 4-5):
Իսկ ո՞վ էր այրի կինը. ամուսնուց զրկված, միայնակ, անպաշտպան մի կին: Այսքանն էլ բավական չէր` նաեւ ոսոխ ուներ, ով շարունակաբար նեղում էր իրեն: Այսինքն` որեւէ լծակ չուներ ազդելու դատավորի վրա եւ որեւէ կերպ իր արդարությունն առաջ տանելու: Սակայն, չունենալով ոչ մի լծակ, այրին այնուամենայնիվ չդիմեց զարտուղի եւ սխալ քայլերի, այլ գնաց արդար ճանապարհով: Եթե «տրամաբանորեն» մոտենանք, այրի կինը կարո՞ղ էր այլ ճանապարհով գնալ։ Իհարկե՝ կարող էր. հազար ու մի ճանապարհ կա, եւ շատ այրիներ (ու ոչ միայն այրիներ) չեն խորշում հնարավոր ու անհնարին միջոցներ գործադրելուց՝ իրենց նպատակին հասնելու համար: Եվ մեղքը ծնում է մեկ այլ մեղք, ու այսպես շարունակ…
Դատավորը հանցանք էր գործում` այրի կնոջ արդար դատը չլուծելով: Այրին նույնպես իր նպատակին հասնելու համար կարող էր մեղքի մեջ հայտնվել, բայց կարող էր նաեւ առաքինության մեջ մնալ: Այրին ընտրեց վերջինը` արդարության ճանապարհը: Ո՞րն էր այդ ճանապարհը: Ըստ առակի` դա կարելի է ձեւակերպել այսպես` դիմեց, դիմեց, հոգնեցնելու չափ խնդրեց, մինչեւ անիրավ դատավորը տեղի տվեց: Հասկանալի է, որ դիմելն ու խնդրելը այլաբանորեն աղոթքն են խորհրդանշում, իսկ անդադար խնդրելը` հարատեւ աղոթքը: Հասկանալի է նաեւ, որ առակի անիրավ դատավորն Աստծո «նախատիպը» չէ։ Տերն անիրավ դատավորի օրինակն է բերում` համեմատելու եւ ասելիքն առավել պատկերավոր ու հասկանալի դարձնելու համար. եթե մի դատավոր, որն անիրավ էր, կարող է տեղի տալ այրի կնոջ խնդրանքներին, ուր մնաց Աստված` ամենողորմ Տիրակալը տիեզերքի։ Մի՞թե Նա արդարություն չի անի Իր այն ծառաներին, որոնք գիշեր ու ցերեկ աղաղակում են (հմմտ. Ղուկ. ԺԸ 6-7):
Ուրեմն` պետք է հարաժամ աղոթել ու չվհատվել, չհոգնել, չձանձրանալ: Երբ մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված, հաճախ մտածում ենք, թե անմիջապես պիտի մեր խնդրանքը կատարվի: Ու երբ չի կատարվում, շատ արագ վհատվում ենք: Այս դեպքում անիրավը մենք ենք. նախ` որ շատ շուտ հոգնեցինք ու վհատվեցինք, եւ երկրորդ` ի՞նչ իմանանք` մեր օգո՞ւտն էինք խնդրում, թե՞ վնասը: Մենք միշտ պետք է մտածենք` Աստծո ողորմության տնօրինությունն է, որ մեր խնդրանքը չի կատարվում կամ ուշանում է:
Իսկ ընդհանրապես հարաժամ աղոթքը բարիք է խնդրողի համար, այն էլ` կրկնակի բարիք: Տեսեք` երբ մենք աղոթում ենք Աստծուն, աղոթքն ինքնին մխիթարություն եւ բարիք է մեր հոգու համար, որը կարգավորում ու ազնվացնում է մեր ներքնաշխարհը` պարգեւելով խաղաղություն մեր հոգուն: Եվ եթե, օրինակ, մենք աղոթում ենք մեր ննջեցյալ հարազատի հոգու համար, մեր շարունակական աղոթքը նախ հենց մեզ է օգուտ բերում, որովհետեւ մեր սրտերը լցվում են մխիթարությամբ, եւ ուրեմն` մեր ողջ կյանքի ընթացքում այս աղոթքը մեզ բարիք բերեց, իսկ ահեղ դատաստանի օրն էլ` մեր ննջեցյալներին:
— Տե՛ր հայր, կարծում եմ` ամեն մարդ էլ աղոթում է, անշուշտ` յուրովի: Ոմանց համար աղոթքը հանապազօրյա հաց է, ոմանք էլ դեպքից դեպք են հիշում Աստծուն, հիմնականում` նեղության պահերին: Աղոթքի մեջ հարատեւել նշանակում է մշտապես աղոթական վիճակի մեջ լինել. այս դեպքում աղոթական վիճակը մարդու համար դառնում է կենսակերպ: Այդպես հնարավո՞ր է:
— Մշտապես աղոթական վիճակի մեջ լինելը չի նշանակում միայն աղոթել եւ ուրիշ ոչինչ չանել: Այո՛, աղոթական վիճակը, աղոթքի մեջ հարատեւելը կենսակերպ է իսկական բարեպաշտ քրիստոնյայի համար, ով ոչ թե պարզապես աղոթք է ասում, այլ ամեն ինչում առաջնորդվում է Տիրոջ պատգամներով, այդ թվում` աղոթական կեցվածքի, աղոթքի բովանդակության եւ առհասարակ աղոթքին ու խնդրվածքներին վերաբերող բոլոր հարցերում: Աղոթքի մեջ հարատեւությունը չափազանց կարեւոր առաքինություն է: Աղոթքից հոգնողը, խնդրելուց ձանձրացողը, փնտրելուց վհատվողը նման է մի մարդու, ով մի օգտակար գործ է կատարում եւ հետո հարվածելով փշրում իր արածը: Իհարկե միայն նեղության մեջ աղոթելը նույնպես ճիշտ չէ. Աստծո անունը փառաբանությամբ ու օրհնությամբ պետք է հիշել միշտ` ե՛ւ նեղության մեջ, ե՛ւ հաջողության կիզակետին: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցրեց Տերունական աղոթքը, սովորեցրեց ինչպես աղոթել, նաեւ հարաժամ աղոթքի պատգամը տվեց, որի մեկ օրինակն է այս առակը: Պատահական չէ, որ անցյալում մեր Եկեղեցում օրվա ընթացքում 9 ժամերգություն է եղել: Շատերին սա կարող է տարօրինակ թվալ, բայց օրվա կեսից ավելին աղոթքի ժամ է եղել: Հասկանալի է` սա վանական մթնոլորտն է եղել, սակայն այս երեւույթը նաեւ շատ լուրջ ուսուցում է բոլորիս համար. երբ ուսումնասիրում ենք , տեսնում ենք, որ յուրաքանչյուր ժամ իր շնորհն ու խորհուրդն ունի, եւ մարդիկ հարաժամ այդ շնորհի մեջ են եղել:
— Աղոթքը, ուրեմն, շնորհ է, հետեւաբար աղոթական վիճակն էլ, թերեւս, իրական վայելքի վիճակ է: Իսկ եթե աղոթքը վայելք չէ, այլ զուտ քրիստոնյայի` կենցաղավարության կանոնների մի պարտադիր մաս:
— Աղոթքի մեջ հարաժամ վայելքը մարդկային հոգեվիճակի կատարյալ տեսակն է: Սակայն անհնար է եւ ճիշտ էլ չէ նման «պահանջներ» դնել աղոթողի առաջ: Ինչո՞ւ. որովհետեւ հնարավոր չէ, որ աղոթելիս միշտ նույն զգացողությունն ունենանք: Եվ ընդհանրապես վայելք կոչվածը զգացողություն է, որը կարող է փոփոխական լինել մարդու սրտում…
— Խոսքս «էքստազի» մասին չէ, տե՛ր հայր, այլ բնականաբար՝ սիրո մասին:
— Հասկանալի է: Բայց ամեն դեպքում դա զգացողություն է, որը կարող է փոփոխվել: Ասածս այն է, որ քո աղոթքը երբեւէ չպիտի կախված լինի քո փոփոխական զգացողություններից, ուրախ կամ տխուր վիճակից: Անկախ այդ ամենից` յուրաքանչյուր մարդ պարտավոր է իր կյանքի բոլոր օրերում խոսել Աստծու հետ, փառաբանել Աստծուն եւ իր կյանքն անցկացնել աղոթքի մեջ:
— Եկեղեցու հայրերի բնորոշմամբ` աղոթքը հոգու կերակուրն ու շնչառությունն է: Ուրեմն` կարելի՞ է ասել, որ չաղոթող մարդու հոգին էլ մեռած է:
— Իհարկե՛: Շունչ չունեցող մարմինը կարո՞ղ է կենդանի լինել: Նույնն էլ` հոգին. եթե կա Աստված, եթե մարդու սրտի մեջ հավատք կա, ուրեմն կա աղոթք: Իսկ եթե չես աղոթում, չկան Աստծո նկատմամբ փառաբանություն, աղոթք ու խնդրանք, ուրեմն մեռած է քո հավատքը, մեռած է եւ հոգիդ:
Թող Աստված օրհնի Հայ Առաքելական Սբ Եկեղեցու զավակներին` Սուրբ Հոգով լցնելով նրանց սրտերը եւ հարաժամ աղոթողներ դարձնելով` ի փառս Ամենասուրբ Երրորդության: Ամեն:
Հյուրընկալեց Հայկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s