Պատմական հանգամանքների բերումով հայ պարբերական մամուլը սկզբնավորվել եւ իր գործունեությունը ծավալել է հայրենիքից դուրս` գաղթավայրերում: 1794 թ. Մադրասում հրատարակվեց առաջին հայ պարբերականը` «Ազդարարը»: Դրանից հետո եվրոպական, ասիական, ռուսական բազմաթիվ հայ գաղթօջախներ ունեցան մամուլի իրենց օրգանները: Բայց հայ մամուլի զարգացումը սերտորեն կապված է արեւմտահայ եւ արեւելահայ մշակութային կենտրոններ Կոստանդնուպոլսի եւ Թիֆլիսի հետ: Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան հատվածները չունեին ո՛չ մտավոր, ո՛չ ֆինանսական ներուժ՝ նման գործ կատարելու համար: Այդ ժամանակ (19-րդ դարի II կեսին) հանդուգն ու խիզախ գավառացի մի վարդապետ՝ ծագումով Արեւմտյան Հայաստանից` Վանից, Կ. Պոլսի աղդեցիկ հայ գերդաստանների աջակցությամբ տեղում սկսում է հրատարակել «Արծուի Վասպուրական» ամսագիրը՝ 1855 թ. հունիս ամսին: Ամսագրի տիտղոսաթերթին գրված էր. «Արծուի Վասպուրական թռուցեալ հայրենասէր թեւօք յԱրծրունի գահեն ի Վան Տոսպ»: Անգամ այդ խոսքերը ցույց էին տալիս խմբագրի հիմնական նպատակը` ամսագրի հրատարակությունը շարունակել հայրենի Վանում: 1855 թ. հունիսից մինչեւ 1856 թ. հունիսն ամսագիրը կանոնավոր հրատարակվում է Կ. Պոլսում: Վերջին՝ թիվ 12-ում խմբագիր Մկրտիչ Խրիմյանը հայտնում է ընթերցողներին, որ «Արծիւը» թռիչքը շարունակելու է հայրենի Վասպուրականի վանքերից մեկում, այդ պատճառով ժամանակավորապես դադարեցնում է ամսագրի հրատարակությունը: Կ. Պոլսի Օտյան եւ Այվատյան ազդեցիկ գերդաստանների աջակցությամբ, հայոց պատրիարքի կոնդակով եւ Բ. Դռան ֆերմանով Մ. Խրիմյանը դառնում է Վանին մերձակա Վարագա վանքի վանահայրը: 1857 թ. մարտ ամսին վանահայրը դնում է տեղի «Ժառանգաւորաց» վարժարանի հիմնաքարը, իսկ օգոստոսի 1-ից սկսվում են դասերը: Վարժարանի աշակերտներից խմբագիր վանահայրը պատրաստում է տպագրական գործի մասնագետներ` գրաշարներ եւ բանվորներ: Տարի ու կես անց՝ 1858 թ. հունվար ամսին, վերսկսվում է «Արծուի Վասպուրական» ամսագրի հրատարակությունը, որը Հայաստանի տարածքի առաջին պարբերականն էր: Այն լույս էր տեսնում Կ. Պոլսում ստեղծված «Արծուանուէր» ընկերության հավաքած միջոցներով: Դրան գումարվում է նաեւ Վասպուրականի «երեւելի եւ հայրենասէր» անձանց հավաքած դրամը: 1858 եւ 1859 թվերին կանոնավոր լույս է տեսնում ամսագրի տարվա 12 համարները: Սակայն հանգանակած գումարները վերջանում են: Նյութական միջոցների պակասությունն ստիպում է խմբագիր վանահորը «տարին մեկ վազել» Կ. Պոլիս` տեղի մեծահարուստներից օգնություն խնդրելու: Ամսագրում լույս տեսած խմբագրական հոդվածներում Մ. Խրիմյանը գանգատվում է դրամական միջոցների պակասությունից, ընթերցողներից ներողություն է խնդրում, որ ամսագիրն անկանոն է լույս տեսնում, հայտնում է, որ ինքն ու վարժարանի սաները ե՛ւ ամսագրի հրատարակիչներն ու բանվորներն են, ե՛ւ հողի մշակները` երկրագործները: Վանքի հասույթները չէին ծածկում ոչ մի ծախս: Խմբագիրը խորհում էր. «Աղքատութեան հարկն ստիպող է… ամեն պարագայի մեջ կը խոնարհեցնե ու կը պզտիկցնե բարձրաթռիչ արծիւն, մինչեւ նայինք երբ պիտի ժիր ազգասէրի մը ձեռք, իր թեւերուն ոյժ տալով, միշտ իր թռիչքները բարձրութեան մեջը պահե»: Այդպես էր մտածում Մ. Խրիմյանը՝ ամեն անգամ Կ. Պոլիս գնալով. նա հոգնել էր տարին մեկ այնտեղ մեկնելուց եւ ազգայիններին ձեռք պարզելուց: Երկար մտորելուց հետո նա որոշեց ձեռնարկել մի այլ ճանապարհորդություն, այս անգամ` Արեւելյան Հայաստան: 1860 թ.՝ ամսագրի երկու համար հրատարակելուց հետո, դադարեցնում է նրա հրատարակությունը եւ նոյեմբերի 10-ին իր մտերիմ գործընկերների ու սաների հետ (Գարեգին Սրվանձտյանց, Հրաչյա Սեւիկյան, Երեմիա Տեւկանց) մեկնում է Արեւելյան Հայաստան: Սկզբում նրանք ժամանում են Էջմիածին, արժանանում Կաթողիկոսի ջերմ ընդունելությանը, նրանից կոնդակ ստանում հանգանակություն կատարելու համար: Արեւելյան Հայաստանի ամբողջ տարածքում, մշակութային նշանավոր կենտրոններում Խրիմյանի խումբը հարաբերություններ է հաստատում տեղի ժողովրդի, մտավորականության ներկայացուցիչների, հոգեւորականների հետ, իսկ եկեղեցիներն ու վանքերը դառնում են հայրենաշունչ քարոզների վայր: Երեւանը, Թիֆլիսը, Սյունյաց աշխարհը, Շուշին ու Ղարաբաղը, դրանց վանքերը հյուրընկալում են հայրենասեր եւ հայրենախոս Արծվին ու իր մտերիմներին: Տեղի պարբերական մամուլը («Կռունկ հայոց աշխարհի», «Մշակ», նաեւ Կ. Պոլսի «Մեղուն») հոդվածներ են տպում Խրիմյանի քարոզների մասին: Այդ ընթացքում կատարվում են հանգանակությունները, որին արեւելահայությունը ջերմ մասնակցություն է ցուցաբերում: Մեր խնդիրը չէ անդրադառնալ Խրիմյանի եւ նրա համախոհների ամեն մի վայրում գտած ընդունելությանը: 1860 թ. նոյեմբերին սկսված ճանապարհորդությունն ավարտվում է 1861 թ. հուլիսի կեսին` 16-ին, երբ նա արդեն Վանում էր, ապա ` Վարագում: Ճանապարհորդությունից հետո վերսկսվեց «Արծուի Վասպուրականի» հրատարակությունը, ընդլայնվեցին ամսագրի տարածման շրջանակները: Նրա շրջագայած կենտրոնները դարձան ամսագրի բաժանորդները: Ավելի լայնացավ ամսագրի քննարկվող հարցերի ընդգրկումը: Խմբագրի գրած հոդվածներում սկսեցին քննարկվել համահայկական հրատապ խնդիրներ: Ջերմ ընդունելություն գտավ նաեւ ամսագրի փոխխմբագիր Գարեգին Սրվանձտյանցի` ամսագրում լույս տեսած հոդվածների շարքը` «Երեւան քաղաք», «Տփխիս քաղաք», «Սիւնեաց աշխարհ եւ Շուշի քաղաք» խորագրերով՝ հերթականությամբ լույս տեսնելով 1861 (թիվ 1, 3 եւ 4) եւ 1862-1863 թթ. (թիվ 4): Այդ հոդվածներն այսօր էլ չեն կորցրել իրենց այժմեական հնչեղությունը եւ հետաքրքրությունը, քանի որ նրանց միջոցով մենք հաղորդակցվում ենք 150 տարի առաջ կատարված իրադարձություններին, տեղեկանում մեր հայրենիքի տարբեր վայրերի կացությանը, ծանոթանում այդ ժամանակաշրջանում հայությանը հուզող խնդիրներին: Այստեղ ընթերցողի ուշադրությանն եմ ուզում ներկայացնել Սրվանձտյանցի «Սիւնեաց աշխարհ եւ Շուշի քաղաք» հոդվածը: Այն ուշադրություն է գրավում մի քանի հանգամանքներով. Վարագի խումբը Ղարաբաղում հանգրվանել է երեք ամիս: Այդ ընթացքում նրանք լավ ճանաչել եւ ուսումնասիրել են երկիրը, հաղորդակցվել տեղի նշանավոր գործիչների հետ: Հոդվածագիրը Ղարաբաղը ներկայացնում է իբրեւ Սյունիքի անբաժան մաս` փոքր Սյունիք, այդ պատճառով է երկիրը ներկայացվում իբրեւ Սիսական աշխարհ՝ Գեղամ նահապետի որդի հայկազուն Սիսակի անունով: Իրեն հատուկ ոճով Գ. Սրվանձտյանցը նկարագրում է երկրի բնական գեղեցկությունները` վեհապանծ լեռները, դալարախիտ վայրերը, գյուղերի գեղեցկությունը, գյուղացիների կյանքը: Հեղինակը հատուկ շեշտում է, որ երկիրը նշանավոր քաղաքներ չունի, բայց ամեն մի գյուղ ունի իր անմատչելի բերդն ու դղյակը, որոնք ճարտարապետական արվեստի անկրկնելի նվաճում են: Ափսոսանքի մեծ զգացումով հեղինակը նշում է, որ բնության եւ մարդու ձեռակերտ բազմաթիվ հուշարձաններ ավերակ են, թափուր, անմարդաբնակ: Մարդու կողմից կառուցված կոթողների շարքն են դասվում քրիստոնեական բազմաթիվ վանքերը: Հեղինակի ուշադրության կենտրոնում են Ամարասն ու Գանձասարը, ուր եղել են «ինքնուրոյն մետրոպոլիտներ եւ Աղուանից կաթողիկոսներ», որոնց մեծագործությունների վկայություններն են հետագա սերունդներին հասած ճարտարապետական կոթողները: Սրվանձտյանցը նշում է նաեւ, որ այդ վանքերից յուրաքանչյուրը եղել է հարյուրից ավելի գյուղի սեփականատեր: Նշելով նաեւ Խոթա վանքի անունը՝ հոդվածագիրը հավելում է, որ նրա սեփականությունն այնքան մեծ էր, որ երկու օր հազիվ կշրջագայվի, իսկ իր այնտեղ եղած ժամանակ վանքը չուներ միաբանություն, ոչ էլ` վարդապետ: Հեղինակը ցավով է հավելում, որ տեղի քրդերը սեփականել են վանքը, բայց Շուշիի հասարակությունը, մեծամեծները տքնում են «այս ազգային անգին աւանդը իր կորստենե ազատել»: Շեշտելով եւ ընդգծելով տեղի հայության «ազատասիրութեան հոգին եւ նահատակութեան պատրաստակամութիւնը»՝ Սրվանձտյանցը ցավով է նշում, որ ժամանակին ազատության համար պայքարող այս ժողովուրդը հետագայում գերության օրեր շատ է տեսել: Իր ընթերցողներին նա հիշեցնում է «հարիւր երեսուն տարի առաջ» տեղում ծավալված ազատագրական պայքարի մասին՝ տալով Դավիթ Սյունեցու (Բեկի) եւ մելիքների անունները: Հատուկ ընդգծելով Ղարաբաղի մելիքների մղած պայքարը՝ Սրվանձտյանցը մելիքություններն անվանում է «ազնվապետական կառավարութիւն կամ նախարարական դրութիւն»՝ նրանց համարելով հայկական պետականության յուրահատուկ դրսեւորումներ: «Սիւնեաց աշխարհը, որ է Ղարապաղ, հինգ մելիքութիւն ուներ, բաժանեալ հինգ գաւառներու վերա, որք էին Ջրաբերդ, Գիւլիստան, Վարանդ, Խաչեն եւ Դուռաղ (Դիզակ), սոքա տիրապետութիւն կամ ինքնագլուխ կառավարութիւն ունեին… զորքեր ունեին եւ կռիվ կանեին»: Գ. Սրվանձտյանցն արեւմտահայ ընթերցողին տեղեկություններ է հաղորդում մելիքներ Մեջլումի, Աբովի, Շահնազարի, Ալլահվերդիի, Բախտամի մասին եւ կսկիծով հայտնում, որ այս մելիքների օրով «Իպրահիմ խան չարագործ պարսիկն… իշխեց ողջ Ղարապաղին, տիրեց եւ Շուշվա բերդին»: Նա ափսոսանքով է նշում, որ այդ պատմությունը լիովին չգիտի, միայն հավելում է, որ ռուսական տիրապետության ժամանակ այլեւս մելիքություններ չկան Ղարաբաղում, բայց նրանց ժառանգներն ազնվականության տիտղոս ունեն եւ մի քանի գյուղերի սեփականատեր են: Հոդվածում մանրամասն նկարագրվում է Շուշի քաղաքն իր բերդով, որը կառավարության նստավայրն է. այդտեղ են գտնվում քաղաքապետը, ազգապետ իշխանք, դատավորք, զորք: Տեղացիներից բացի, Շուշիում ապրում են Ագուլիսից, Մեղրիից, Ղազանչիից գաղթածներ: Ամբողջ բնակչության զբաղմունքը նշվում են վաճառականությունն ու առեւտուրը, ընդգծվում է, որ այդ բնագավառում նրանք «ճարտարութիւն եւ հաջողականութիւն ունին»: Այդ պատճառով էլ նրանք իրենց զավակներին դեռ փոքր հասակից կրթում են առեւտրի եւ հաշվապահության մեջ: Այդ հանգամանքը վշտացնում է հեղինակին, քանի որ նոր սերունդը մյուս առարկաներից մնում է անգետ: Հոդվածում նկարագրվում են Շուշիի բնական դիրքը, լեռները (Քիրս եւ Խալի), նրանց միջով հոսող գետերը: Անառիկ դիրքի համար Շուշիի հիմնադիրները (հայերը) քաղաքն անվանել են բերդ, տաճիկները (թուրք-թաթարները)՝ «Շուշի ղալա», իսկ ռուսները` «կրեբոստ»: Չնայած լեռնային դիրքին, ձորամեջին եւ զառիվայրին, նույնիսկ թմբերի վրա բնակիչները կառուցել են միահարկ, երկհարկ եւ եռահարկ տներ՝ կրաշաղախ եւ կոփածո քարերով: Քաղաքում հոսող ջրեր չկան, այլ միայն ջրհորներ, որոնց մի մասի ջուրը «քաղցր եւ բարեհամ է», իսկ մյուսներինը` դառն ու աղի: Սրանք օգտագործվում են շինարարության համար: Խմելու ջուրը հարուստները գնում են ջրավաճառներից, աղքատները խմում են ջրհորների ջուրը եւ բավականին առողջ են: 150 տարի մեզնից առաջ՝ 1860-61 թվերին, Գ. Սրվանձտյանցը մանրամասն նկարագրում է Շուշի քաղաքը: Ըստ այդ նկարագրման՝ քաղաքը բաժանվում էր երկու մասի. ներքին կողմում՝ ձորի մոտ, բնակվում էին տաճիկները, իսկ երկրորդ մասում ապրում էին հայերը, որը բաժանվում էր չորս թաղի: «Տաճիկների» (թուրքերի) մոտի թաղում ապրում էին գաղթած ագուլիսցիները, ովքեր կառուցել էին խաչապսակ երեք գմբեթավոր մայր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածին անունով: Երկրորդը Ղազանչեցոց թաղն էր, ուր գտնվում էր սրբատաշ քարերով շինված միագմբեթ ամենափրկիչ եկեղեցին: Երրորդը զառիվայրի վրա գտնվող Մեղրեցոց թաղն էր, որը ժողովուրդն անվանում էր «կյավուր ղալա»: Այդ թաղում էր գտնվում հանգուցյալ Բաբա Հախումյանի միջոցներով կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Չորրորդը վերաբնակիչների թաղն էր, ուր խառն ապրում էին հայեր եւ թուրքեր. այն կոչվում էր Ներքին թաղ: Այդտեղ կար նորաշեն Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի, որի կառուցման ծախսերը հոգացել էր պարոն Հովհաննես Հովհանյանը՝ ի հիշատակ վաղամեռիկ եղբայր Մկրտչի: Մեղրեցոց եւ Ներքին թաղի միջեւ գտնվում է դարձյալ Սուրբ Աստվածածնի անվան մի «կուսանոց մենաստան», որը կառուցվել է մայրապետ Հռիփսիմե Բահաթրյանի գումարներով: Սրվանձտյանցը գրում է նաեւ կայսերական ուսումնարանի մասին, որտեղ հայերն ու տաճիկները (թուրքերը) ուսանում են խառը: Հոդվածագիրը հատուկ շեշտում է, որ Շուշիի բարոյական, հոգեւոր-մտավոր կյանքը վերելք է ապրում՝ քաղաքի երկու պանծալի հիմնարկությունների շնորհիվ. գրատուն (նկատի ունի գրադարանը) եւ Ազգային հոգեւոր ուսումնարան (ամենայն հավանականությամբ՝ թեմական դպրոցն է): Երեք ամիս Շուշիում ապրած, իր ուսուցչի հետ տեղի հայության հարգանքն ու մտերմությունը վայելած Սրվանձտյանցը գրում է, որ տեղացիների ամենամեծ հոգսը լավ ուսումնարան ունենալն է: Այդ նպատակով էլ ազգայինները, բոլոր խավերի ներկայացուցիչները անընդհատ ժողով-խորհրդակցություններ էին գումարում, քննարկում ուսումնարանի հոգաբարձության ներկայացրած հաշիվը: Երիտասարդ Սրվանձտյանցին ուրախացրել էր այն հանգամանքը, որ հավաքների ժամանակ տարբերակում չէր դրվել հասարակության խավերի միջեւ. «Փինաչին ոսկերիչին հետ խառն էր կանգնած, գեղացին իշխանին կուշտը կը դիտեր եւ կը տեղեկանայր, թե իր տված արդյունքն ի՞նչ տեղ ծախս է եղեր եւ ինչ շահ ունեցեր է»։ Հոդվածագիրը զարմացել է նաեւ շուշեցիների առատաձեռնության վրա, հոգեւոր ուսումնարանի եւ գրադարանի բարեկարգության համար բոլորը նվիրատվություններ են անում. նա նշում է 6.000, 8.000, 10.000, մինչեւ անգամ 20.000 մանեթ (այն ժամանակվա հաշվով՝ հսկա գումար) նվիրատվություն անողների մասին, որոնք ձեռնամուխ են եղել ստեղծել հասարակական այնպիսի գրատուն (գրադարան), որն ստանա հայերեն հրատարակվող բոլոր լրագրերն ու ամսագրերը, նույնիսկ՝ ռուսերեն «քաղաքական լրագիրները», հայերեն լույս տեղնող «նոր գրքերն ու հեղինակութիւնները»: Այդ բոլորը համարելով ժողովրդին կրթելու եւ լուսավորելու ամենամեծ գործոնը՝ երիտասարդ Սրվանձտյանցը երազում էր, որ հայկական բոլոր քաղաքներն ունենան այդպիսի ազգօգուտ միություններ: Շուշի քաղաքի եւ տեղի հայության այդ առավելություններն ընդգծելուց հետո երիտասարդ փոխխմբագիրը՝ Վասպուրականի Արծվի արժանընտիր ձագը, իր խոր հարգանքն է արտահայտում «Ղարապաղցի ազգացնոց»՝ ոչ միայն այն բանի համար, որ Վասպուրականի Արծիվն «իր ճետերով» սիրվեց եւ քաղցր ընդունելության արժանացավ նրանցից, այլ «վասնզի նրանք ճշմարիտ հայ եւ անկեղծ ազգասէր են»: Հոդվածս ավարտում եմ մի ցանկությամբ. կուզենայի տեղի ուսումնասիրողները համեմատություն անցկացնեին այս փաստերի եւ հետագա ժամանակաշրջանի տեղի հասարակական կյանքի միջեւ. 1860-ական թվականներից հետո ինչպիսին էր Շուշիի եւ Ղարաբաղի հասարակական կյանքը մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականների սկիզբը, ինչպես այն վերափոխվեց, այսպես կոչված, Ադրբեջանի կազմում, եւ ինչ քայլեր են կատարվում այժմ մեր հայկական բերդաքաղաքը նորից վերածնելու համար:
Էմմա ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s