Սկիզբը՝ 2011 Հուլիս Բ- Նոյեմբեր Բ
Մի պահ թողնենք Ավետիքին բանտարկության մեջ եւ անդրադառնանք մի քանի այլ խնդիրների։
Գողթն գավառի Շաղկերտ գյուղի տանուտեր Մալխասը, պարտք մնալով գյուղի հաշվին, գյուղացիների ճնշումից ազատվելու համար դիմում է Նախիջեւանի կառավարիչ Մուհամմեդ Ռիզա խանին եւ առաջարկում իր գեղեցիկ կույս աղջիկը կնության տալ նրա որդի Մուրթեզաղուլուն, եթե նա իրեն պաշտպանի գյուղացիներից։ Խանը համաձայնում է, եւ գալիս են աղջկան Երեւան տանելու։ Կատարյալը (թուրքերեն՝ Թամամը) փորձում է ընդդիմանալ, սակայն նրան ուժով տանում են Երեւան, որտեղ ամուսինը նրան զարդարում է ոսկով եւ արծաթով։ Աղջիկը չէր կամենում իսլամանալ եւ պատրաստ էր հանուն քրիստոնեության զոհվել։ Տունը Հրազդանի ափին էր։ Նա պատուհանից դուրս է նետվում եւ ուշքի գալով կամուրջն անցնում է եւ ուղեւորվում դեպի Կարբի։ Նորագյուղն ու Կարբին անցնելով՝ հասնում է Եղվարդ, որտեղ խոստովանում է եւ հաղորդվում։ Հետո շարունակում է իր ճամփան։ Եղվարդի տանուտեր Սահակը, իբրեւ թե Նախիջեւանի խանի վրեժխնդրությունից վախենալով, երկու թուրքերի հետ հասնում է նրա հետեւից, զարդերից զրկում, կապում, որից հետո թուրքերից մեկի խանջանով խեղդում։ Մալխասը գալիս է եւ մեծ ու հանդիսավոր հուղարկավորություն կատարում։ Նրան՝ որպես վկայուհու, թաղում են Եղվարդի եկեղեցու բակում։ Դա տեղի ունեցավ 1691 թվին։
Նույն՝ 1691 թվին տեղի ունեցավ նաեւ սղերդցի Պողոս սարկավագի նահատակությունը։ Մի իսլամացած ասորու, որը նախկին նեստորական էր, բերում են հայոց եկեղեցի, որ ուրացյալի քար նետի եկեղեցու վրա։ Նրան հետեւող ամբոխն էլ սկսում է քարեր նետել եկեղեցու վրա։ Տոնական օր էր, եւ եկեղեցին լեցուն էր ժողովրդով։ Այդ ժամանակ նորապսակ սարկավագ Պողոսը նետվում է դուրս՝ ամբոխը ցրելու համար, բայց պատահաբար տապալում է մահմադականների թուղն ու դրոշը։ Նրան ձերբակալում եւ հանձնում են դատավորին, որը նրա կյանքը փրկելու համար առաջարկում է ուրացություն։ Պողոսը հրաժարվում է, եւ նրան երկար ժամանակ պահում են բանտում, իսկ այնուհետեւ ցցին կապելով՝ կրակի են տալիս։ Ըստ Մ. Օրմանյանի՝ նրա մահն ընկնում է մոտավորապես ապրիլի 12-ին։ Նրա ոսկորները հավաքում են եւ հողին հանձնում Սղերդի եկեղեցու բակում։
Նահատակվեց նաեւ սարկավագ Սարգիս Կարսեցին, որի մկրտության անունը Սաֆար էր։ Նա 18 տարեկան էր եւ մուշտակի առեւտրով էր զբաղվում։ Մի անգամ նա իսլամական կրոնին առնչվող դիտողություն է անում մի թուրքի, եւ վերջինս այդ առիթն օգտագործում է՝ փորձելով նրան վախեցնել եւ ձրի ապրանք ստանալ։ Սարգիսը դիմադրում է, իսկ նա էլ աղմուկ է բարձրացնում, թե սարկավագը հայհոյել է իր կրոնը։ Նրան տանում են դատավորի մոտ, որն ազատության դիմաց ուրացություն է առաջարկում։ Գործը հասնում է կուսակալին, բայց Սարգիսը մնում է անդրդվելի։ Նրան նահատկում են հայոց 1141 թվին, այլ խոսքով՝ 1692 թվի հոկտեմբերի 15-ին։
Նահատակվեց նաեւ դարբին Նիկողայոս Պրուսացին, որն Աթաջանի եւ Շուշանի որդին էր։ Ամուսնացած էր եւ Աննա անունով մի աղջիկ ուներ։ Բարետես էր, որի համար դրացի թուրքերը նրան կրոնափոխության առաջարկ էին արել 1689 թվին։ Գործը փակվել էր խնջույքի սեղանով։ 1694 թվին նրան իսլամացնելու նոր փորձեր արվեցին։ Նիկողայոսը խստիվ հրաժարվեց։ Եվ խանութպաններն սկսեցին աղաղակել, թե իրենց առջեւ ուրացել է։ Հակառակ վկայություն տվողներ էլ եղան, բայց սուտ վկայությունները հարգվեցին, եւ Նիկողայոսին բանտարկեցին։ Նա 10 օրվա ընթացքում խոստովանեց եւ հաղորդվեց մի քահանայի կողմից, իսկ դատավորը նրան գլխատման դատապարտեց։ Տեսնելով նրա վիճակը՝ անգամ մայրը, մորաքույրը եւ զոքանչը նրան առաջարկեցին ընդունել իսլամը, բայց նա հրաժարվեց։ Սուքիաս եպիսկոպոսն ստացավ նրա մարմինը թաղելու թույլտվությունը, հայերի եւ հույների մեծ բազմությամբ այն հողին հանձնեց մի նշանավոր վայրում։ Սարգիսը նահատակվեց 1694 թվի մարտի 14-ին՝ Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթի օրը։
Նահատակների շարքը մտավ նաեւ Գրիգոր Ջուղայեցին, որ Լույս Գրիգոր մականունով է հայտնի։ Նա տակավին 18 տարեկան էր եւ ծառայում էր մի անգլիացի վաճառականի մոտ։ Մի օր նրա հոր քղանցքը պատահաբար դիպչում է մի պարսիկ խանութպանի ջրի բաժակին։ Խանութպանը գոռում է, թե նա իր ջրամանը պղծեց, ու սկսում է նրան ուժգին գանակոծել։ Գրիգորը զայրանալով երկու այլազգի ծառայակիցների հետ գնում է նրան ծեծելու։ Խանութպանին ծեծում են եւ քարշ են տալիս դեպի անգլիացու տուն։ Այդպես է սկսվում Գրիգորի մեղադրանքը, թե նա հայհոյել է մահմեդական կրոնը։ Դա հաստատում են դատարանի վճռով եւ նրան պահանջում են անգլիացիներից։ Անգլիացիները երկու ծեծող այլազգիներին հանձնում են, բայց Գրիգորին պահում են։ Երբ գործը հասնում է խանին, Գրիգորին հեռացնում են, որ Ջուղայի հայրական տանը թաքնվի։ Ձերբակալում են հորը, որ հայտնի որդու տեղը։ Հայրը չի խեղճանում սպառնալիքից, բայց երբ երդմամբ վստահեցնում են, թե հարցաքննությունից հետո նրան բաց կթողնեն, նա մորը գրում է, որ Գրիգորը հանձնվի։ Երբ Գրիգորն ընկնում է պարսիկների ձեռքը, ազատության համար նրանից պահանջում են ուրացություն։ Խանը կարգադրում է միայն ձաղկել նրան։ Նրան ձաղկելով պտտեցնում են քաղաքով մեկ։ Բերում են հայերի շուկա, եւ այստեղ էլ Գրիգորը հայտարարում է, որ ամուր է հավատի հարցում։ Մի քանի ուրացյալ հայեր նրան առաջարկում են առերես ընդունել իսլամը, բայց նա մնում է անդրդվելի։ Ամբոխից նրան հարվածում են, բայց ոմանց հաջողվում է նրան փախցնել ու փակել մի սենյակում։ Մոլեռանդ ամբոխը ջարդում է սենյակի դուռը եւ դաշույններով ու բրերով նահատակում նրան։ Մարմինը տանում են Ջուղա եւ հողին հանձնում Երեւանի թաղի ամառային եկեղեցում։ Գրիգորի նահատակությունը եղավ 1704 թվի հուլիսի 3-ին՝ Ներսեսի եւ Խադի տոնի օրը։
Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s