Կաթողիկոսական աթոռը 1705 թվի հունիսի 13-ից թափուր էր։ Անշուշտ, բոլորն էլ հետամուտ էին այդ խնդրին եւ բանակցություններ էին վարում։ Եվ հանկարծ հայրապետական աթոռ է բարձրանում Ալեքսանդր Ջուղայեցին, որը Սբ Ամենափրկչի առաջնորդն էր եւ Պարսկաստանի հայոց մետրապոլիտը։ Հենց նա էր, որ Ստեփանոս Ջուղայեցու կողմից Էջմիածին էր եկել՝ Նահապետ կաթողիկոսին աթոռազրկելու։ Նա հայրապետ օծվեց 1706 թվի դեկտեմբերի 7-ին, սակայն հարցը մինչ այդ, ըստ էության, լուծված է եղել, քանի որ դեկտեմբերի 20-ին նրան նամակով դիմում են Կ. Պոլսի հայ մեծավորները, իսկ 13 օրը հազիվ թե բավարար լիներ լուրն օսմանյան մայրաքաղաք հասցնելու համար։ Ավելորդ է ասել, որ դրա տակ միայն 448 անձի կնիք է դրված։ Հավանաբար, հաշվի առնելով հայության տարբեր հատվածների միջեւ տիրող երկպառակությունները, կաթողիկոսի օծումն իրականացրել են բոլոր հատվածների հավանությունն ստանալուց հետո։ Ուստի հարկ է կարծել, որ արդեն սեպտեմբերին հարցը վճռված է եղել, եւ միայն օծումն է կատարվել դեկտեմբերի 7-ին։ Անշուշտ, դրա օգտին է խոսում 1706 թվականի սեպտեմբերի 18-ին Ալեքսանդրի՝ կաթողիկոսությունն ստանձնելու համար Էջմիածին գնալու հիշատակությունը մի գրության մեջ։

Ալեքսանդր կաթողիկոսի մասին մեր տեղեկությունները շատ էլ մանրամասն չեն։ Հայտնի է, որ նրա հորը կոչել են Կոստանդին, եւ նա հաջորդն է այն նշանավոր վարդապետների, որոնք պայծառացրին Ջուղայի աթոռը։ Սիմեոն, Դավիթ եւ Ստեփանոս Ջուղայեցիներին 1699 թ. հունվարի 20-ին հաջորդել է Ալեքսանդրը, որը եղել է Ստեփանոսի տեղապահը՝ նրա կաթողիկոսության շրջանում։ Դատելով նրա «Գիրք ատենական, որ ասի վիճաբանական» աշխատությունից, որը գրել է 1682-ին, նա եղել է հայադավան ուղղափառության ջերմ ջատագով։ Այն լույս տեսավ 1687 թվին Նոր Ջուղայում, իսկ 1783-ին վերահրատարակվեց Կ. Պոլսում։ Ալեքսանդրը հերքում է քաղկեդոնականության պնդած երկաբնակության խնդիրը եւ պաշտպանում Հայ Եկեղեցու վարդապետությունը։ Նա գրում է նաեւ լատինական վարդապետության դեմ։ Նրա գրչին է պատկանում «Աղօթամատոյց» վերտառությունը կրող մի գրքույկ (1687 թ.), որը, սակայն, լույս է ընծայվել միայն 1790 թվին։

Ալեքսանդրի առաջին խնդիրը եղավ զբաղվել Կ. Պոլսի պատրիարքության կնճռոտ կացությամբ, քանի որ Միքայել երեցի՝ պատրիարքարանի վարիչ նշանակվելուց հետո էլ հայ հասարակությունը չխաղաղվեց, իսկ խնդիրները չկարգավորվեցին։ Կ. Պոլսի հայությունը հույս էլ չուներ, որ էջմիածինը կարող է խնդիրը կարգադրել, քանի որ այլ պետության մեջ էին եւ շատ հեռու Էջմիածնից։ Բայց ստիպված եղան դիմել նորընտիր կաթողիկոսին՝ թերեւս հիմնվելով Հովհաննես Զմյուռնացու՝ Էջմիածնում գտնվելու հանգամանքի վրա։ Վերջինս Ավետիքի առաջին աթոռակալության ժամանակ փախել էր Էջմիածին։ Պոլսի հայությունը կարծում էր, որ Հովհաննեսը, լինելով Ավետիքի ուղղության հետեւորդ, կարող էր հարմար անձ լինել՝ պատրիարքության գլուխ անցնելու համար։ Նրանք կամենում էին ձեռք բերել Էջմիածնի՝ իրենց համար նպաստավոր վճիռը, որպեսզի դրա շնորհիվ կարողանան պայքարել լատինամոլների դեմ, որոնք անիրավություններ էին գործում Ֆերիոլի դրդմամբ։ Ինչպես հավաստում է այդ գրության պատճենի հրատարակությունը, այն գրվել է 1705 թվի դեկտեմբերին 20-ին։ Դրանում ասվում է, թե ինչ մոլար եւ անտեղի գործեր են անում աղթարմաները, կանգ է առնվում Ավետիքի հափշտակության մանրամասների, ինչպես նաեւ դրան հաջորդած իրադարձությունների վրա։ Բողոք է հայտնվում Էջմիածնի նվիրակների թույլ գործունեության կապակցությամբ եւ խնդրանք, որ Էջմիածնից ուղարկեն երկու կամ երեք խորիմաց աստվածաբան վարդապետի՝ որպես քննիչ, որոնց հետ լինի նաեւ իզմիրցի Հովհաննեսը։ Միաժամանակ Էջմիածնից խնդրվում էր նամակով դիմել Հռոմի պապին եւ պահանջել Ավետիքի ազատությունը։ Այնուհետեւ տրվում է աղթարմաների մի ցուցակ՝ ըստ թաղերի, նշված են նաեւ նրանց միացածները, որոնք աղթարմա չլինելով՝ օգնել են Ավետիքի հափշտակությանը։ Չնայած այդ ցուցակները, ինչպես հավաստում է Մ. Օրմանյանը, մի քիչ շփոթ են, այնուամենայնիվ առաջին թվարկության մեջ 175 անուն կա, որոնց նշանակալից մասն աշխարհական էր։ Կաթողիկոսը նամակն ստանալուն պես Հովհաննես Զմյուռնացուն շտապով ուղարկեց Կ. Պոլիս եւ օսմանյան մեծ վեզիրին էլ նամակ ուղարկեց, որով խնդրում էր պատժել 175 կամ 200 անձանց, որոնք կաթոլիկացած հայեր էին։

Սակայն դեպքերը զարգանում էին զարմանալի արագությամբ։ Դեռ Հովհաննես Զմյուռնացին կաթողիկոսական նամակով Կ. Պոլիս չէր էլ հասել, երբ Սահակ Ապուչեխցի վարդապետին հաջողվեց ձեռք բերել ազգի մեծավորների մի ազդեցիկ խմբի վստահությունը եւ հեռացնելով Միքայել երեցին՝ 1707 թվականի հունվարի 22-ին տիրանալ պատրիարքական աթոռին, այլ խոսքով՝ Միքայելի տեղապահությունը տեւեց ընդամենը 7 ամիս։

Սահակը հանգիստ եւ խաղաղ բնավորության տեր անձ էր, սակայն Հայոց Եկեղեցու դավանության մեծ ջատագով։ Նա ամեն ինչ արեց՝ փոթորկուն վիճակը կարգավորելու համար՝ օգնական ունենալով Աղավնի մականունն ստացած Աստվածատուր Ջուղայեցի վարդապետին, որը նվիրակ էր կարգվել Ալեքսանդր կաթողիկոսի կողմից։ Նա կաթողիկոսից հատուկ հանձնարարություն էր ստացել քաջալերելու տպագրական գործը։ Սակայն, զարմանալիորեն, Սահակի գործունեությունը սխալ մեկնաբանվեց, եւ նա անգամ խրախուսեց կաթոլիկացածներին, նրանց առաջնորդող լատիններին ու սրանց բոլորին իր հովանավորության ներքո վերցրած դեսպանին։ Դա էլ իր հերթին բոլորովին դուր չեկավ հայ ազգայիններին եւ Եկեղեցու պաշտպաններին, որոնք չէին կարող հանդուրժել ազգի մեջ ծնունդ առած անջատականությունը. առավել եւս, որ ունեին հայրապետական աջակցությունը։ Սահակի պատրիարքությունն էլ կարճ տեւեց. ընդամենը՝ 8 ամիս։ 1707 թ. սեպտեմբերի 26-ին պատրիարք դարձավ Հովհաննես Զմյուռնացին, որին այդ աթոռին փափագում էր տեսնել Կ. Պոլսի հայությունը՝ ծանոթ լինելով նրա գործունեությանն ու բռնած ուղղությանը։ Ավետիքից հետո նա համարվում էր ամենահարմար անձը՝ կատարված անիրավության վրեժը լուծելու համար։ Հովհաննես Զմյուռնացու աթառակալությունը մեծ հարված էր լատիններին, հայ կաթոլիկացածներին ու դեսպան Ֆերիոլին։ Այս խմբում հատկապես ակտիվ էին հիսուսականները եւ ճիզվիտները։ Վերջիններս սկսեցին խստորեն պահանջել իրենց համամիտներից, որ չհաճախեն հայկական եկեղեցիները, այլ միայն՝ լատինականները։ Հարկ է խոստովանել, որ այդ մեծ պառակտում առաջ բերեց ազգի մեջ։

Ստեղծված պարագաներում Հովհաննես Զմյուռնացին, ունենալով կաթողիկոսի մեծ աջակցությունը, ինչպես նաեւ ժողովրդի ստիպողական վերաբերմունքը, ձեռնամուխ եղավ շփոթ վիճակը կարգավորելուն։

Լինելով խորամիտ մարդ՝ նա ոչ թե հետապնդեց վերը հիշված նամակի 175 կամ 200 անձանց, այլ կազմեց 40 հոգու ցուցակ, որոնցից էլ առանձնացրեց 9-ին, որոնք գլխավոր գրգռիչներ էին համարվում։ Վերջիններս ձերբակալվեցին հոկտեմբերի 21-ին՝ Խաչի վեցերորդ երեքշաբթի օրը, եւ բանտարկվեցին Չորլուլու եպարքոսի հրամանով։ Ավետիքի հափշտակությունը նա չէր կարողանում ներել լատիններին ու լատինամետներին՝ համարելով այդ օսմանյան իշխանությունների համար անպատվություն։ Մեծ վեզիրը կամ եպարքոսը սպառնալից կերպով պահանջում էր Ավետիքի ազատումը, իսկ Ֆերիոլը ճարահատ զանազան խաբեություններ էր մտորում՝ նրա զայրույթը մեղմելու համար։ Այս իննից զատ, ուրիշներ էլ ձերբակալվեցին, որոնցից էին Կոմիտաս Քյոմուրճյան եւ Կարապետ Ճամճյան քահանաները։ Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ նրանց դատը։ Չորլուլու Ալի մեծ վեզիրը դատարանում պահանջեց նրանցից ասել, թե Ավետիք վարդապետին ուր են աքսորել։ Պատասխան չստացվեց, իսկ դատարան կանչված Մատթեոս Սարին, որը նշանակվել էր Ավետիքի տեղում, մեղադրեց ձերբակալվածներին Ավետիքի աքսորման մեջ։ Ձերբակալվածները հանցապարտ ճանաչվեցին, Մատեթոսը՝ նրանց մեղսակից, եւ որոշվեց նրանց գլխատել։ Նույն գիշերը նրանք բանտ տարվեցին եւ հոկտեմբերի 23-ին ուղարկվեցին կառափնարան։ Փրկվելու համար նրանց առաջարկվեց կրոնափոխ լինել։ Նրանք մի պահ ընդդիմացան, բայց սրերից ահաբեկված՝ առաջինը Կիլիկիայի գահազուրկ կաթողիկոս Մատթեոս Սարին տվեց իր համաձայնությունը, որին հետեւեցին մյուսները։ Իրականում դա առերես իսլամացում էր, եւ նրանցից քչերը մնացին մահմեդական։ Մատթեոսը փախավ Հռոմ եւ պաշտոնապես կաթոլիկացավ՝ ձեռք բերելով Հռոմի պաշտպանությունը, իսկ մյուսները ցրվեցին այս ու այն կողմ։

Կոմիտաս Քյոմուրճյան քահանայի դատն առանձին արվեց, քանի որ նա մեղադրվեց որպես շարժման ղեկավար։ Կոմիտասը Մարտիրոս քահանայի որդին էր եւ Երեմիա Չելեբու եղբայրը։ Կրթություն էր ստացել նավրերցի Ամբակումի խնամակալությամբ, որն իր սեփական զավակների պես խնամել էր քրոջ թոռներին։ Նա չուներ Երեմիայի զգուշավորությունը եւ Սամաթիայի Սբ Գեւորգ եկեղեցու ավագերեց դառնալով՝ քարոզների ժամանակ օտար սկզբունքներով բացատրություններ էր տալիս՝ արժանանալով իր քահանայակից ընկերների նկատողություններին։ Կոմիտասը «Գործոց առաքելոց» գիրքը ոտանավորի էր վերածել եւ հրատարակել 1704 թվին։ Եփրեմ պատրիարքի օրոք այցելել էր Երուսաղեմ՝ ցույց տալու հայադավանությանն իր նվիրված լինելը, քանի որ Երուսաղեմի միաբանությունը միշտ էլ ընդդիմադիր է եղել հռոմեադավանությանը։ Կոմիտասի ձերբակալությունը կաթոլիկները փորձում էին բացատրել Սամաթիայի քահանաների նախանձով, չնայած այն պայմանավորված էր նրա անզգույշ կեցվածքով, քանի որ քաջալերում էր Ավետիքի հալածողներին։ Եթե անգամ ոչ ուղղակի, ապա նա նրանց անուղղակի գործակից էր դիտվում։ Կատարվածը կաթոլիկների կողմից վրեժխնդրություն էր Ավետիքի նկատմամբ եւ ոչ թե զուտ դավանաբանական խնդիր։ Կոմիտասը 1707 թ. հոկտեմբերի 23-ին հանցավոր ճանաչվեց իր երկու ընկերների՝ Հարություն Խաչատրյանի եւ Գրիգոր Եղիայանի հետ, իսկ 1707 թ. հոկտեմբերի 25-ին նրանք դատապարտվեցին գլխատման։ Կոմիտասին առաջարկվեց կրոնափոխ լինել, սակայն նա հրաժարվեց եւ հոժարակամ գնաց կառափնարան։ Մյուս երկուսը փրկվեցին ուրացությամբ։

Կաթոլիկները Կոմիտասի նահատակությունը շտապեցին հայտարարել մարտիրոսություն հռոմեականության համար, ինչն իրականում չուրացության արդյունք էր։ Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ Կոմիտասն Ավետիքի հափշտակությանը որեւէ ձեւով չի առնչվել։ Բանտից գրած նամակում, որն այրվել է 1865 թ.՝ Սամաթիայի հրդեհի ժամանակ, նա հավաստել է, որ ինքը կաթոլիկացած չէ եւ որ չի ուզում իսլամանալ ու ոսկին տալով՝ պղինձ ստանալ։ Իր կյանքի վերջին օրերին գրած «Ողբի» մեջ նա միայն Լուսավորչի ուխտն ու նրա աշխատանքներն է հիշատակում։ Ճիշտ չէ այն տեղեկությունը, թե իբր նրան հուղարկավորել են հույն քահանաները, քանի որ նա թաղված է հայոց գերեզմանատանը, ինչը հնարավոր չէր՝ առանց Կ. Պոլսի պատրիարքի համաձայնության։ Նա հողին է հանձնվել Կիլիկիայի Թորոս կաթողիկոսի շիրմի կողքին՝ Պալըքլըի հայոց գերեզմանատանը, իսկ այն տեղեկությունը, թե իբր նրա գլուխն ու մարմինը Ֆրանսիայի դեսպանն ուղարկել է Ֆրանսիա, որեւէ հիմք չունի։

Շարունակելի

Բաբկեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր

 

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s