Մեծ Բրիտանիայում հայկական համայնքն ավելի քան 200-ամյա պատմություն ունի։ Սակայն հայ-անգլիական առնչությունները շատ ավելի հին են (տե՛ս «Հայկական Սովետական հանրագիտարան», հատոր 7, Երեւան, 1981)։ Դրանք առավել աշխուժացում են ապրել 16-17-րդ դարերում՝ պայմանավորված անգլիացիների Հնդկաստան ներթափանցմամբ։ Հատկապես հիշատակելի է 17-րդ դարի երկրորդ կեսին՝ 1686 թվականին, Արեւելա-հնդկակական ընկերության հետ կնքված պայմանագիրը, որը հնդկահայ վաճառականներին արտոնում էր ազատ առեւտուր կատարել անգլիական բոլոր առեւտրակայաններում։ Նույն պայմանագիրը հայերին շնորհում էր նաեւ սեփականություն ձեռք բերելու եւ պաշտոններ վարելու իրավունք։
Ավելի ուշ՝ 19-րդ դարի 30-ականներին, Անգլիայի հետ առեւտրային կապերի մեջ էին պոլսահայ վաճառականները, որոնք Լոնդոնում ու Մանչեստրում առեւտրային գրասենյակներ ու գործակալություններ հիմնելով՝ հետագայում բնակություն հաստատեցին այդ քաղաքներում։ Այս ժամանակներից ի վեր Անգլիայում իր մնայուն ներկայությունն է ունեցել նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իբրեւ անգլիահայ համայնքի հոգեւոր կյանքի կազմակերպիչ։
Համայնքի առաջին հոգեւոր հովիվը՝ Կարապետ վրդ. Շահնազարյանցը, 1863-ին՝ Սուրբ Հարության տոնին, Մանչեստրում վարձված անգլիկան մատուռում առաջին պատարագն է մատուցում (տե՛ս «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երեւան, 2002)։ Նրա ջանքերով էլ Մանչեստրում լույս է տեսնում Անգլիայում հայերեն առաջին պարբերականը՝ «Երկրագունդը»։ Յոթ տարի անց՝ 1870 թվականին, Մանչեստրում կառուցվում է նաեւ Անգլիայում առաջին՝ Ս. Երրորդություն հայկական եկեղեցին, որը գործում է մինչ այսօր։
Սակայն անգլիահայ գաղութի կյանքում, ինչպես նաեւ հայ-անգլիական հարաբերություններում Հայ Եկեղեցու դերակատարությունը չի սահմանափակվում սոսկ հոգեւոր ոլորտով։ Այս առումով մասնավոր հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի առաջին հանրապետության տարիներին հայ-անգլիական առնչություններին վերաբերող եկեղեցական վավերագրերը։ Սա մի ժամանակաշրջան էր, երբ Մայր Աթոռ Սբ Էջմիածինը նորանկախ Հանրապետության իշխանությունների հետ միասին իր բոլոր ջանքերն էր գործադրում պետության կայացման, խաղաղության ու ազատության ամրապնդման համար։
Ավելորդ է նշել, թե Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհաքաղաքական զարգացումների վրա ինչ դերակատարություն է ունեցել Անգլիան։ Միացյալ Հայաստանի երազով ապրող հայ ժողովուրդը, որին հետագայում մեծ հիասթափություններ էին սպասում, որոշակի հույսեր էր փայփայում Անգլիայի հետ։
1920 թվականի հունվարին Փարիզի Վեհաժողովում դաշնակից պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության անկախության դեֆակտո ճանաչման առիթով Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Էջմիածին» շաբաթաթերթը գրում է. «Այժմ Վեհաժողովը վճռում է Հայկական հարցը, թերի եւ այն էլ առանց տաճկական Հայաստանի» («Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության», գիրք Ե, Երեւան,1999 թ., էջ 279)։
Այսուհանդերձ, Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհակալական գրեր է հղում դաշնակից պետությունների ղեկավարներին, այդ թվում եւ Անգլիայի ներկայացուցիչներին՝ Լորդերի պալատի նախագահ լորդ Քերզոնին, Քենթրբերիի արքեպիսկոպոսին, անգլիական պառլամենտի անդամ Ջեյմս Բրայսին՝ հույս հայտնելով, որ փաստացի ճանաչմանը կհետեւի նաեւ իրավական ճանաչումը՝ իրականություն դարձնելով միացյալ Հայաստանի հայկական երազը։
Քենթրբերիի արքեպիսկոպոսին ուղղված նամակում Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը մասնավորապես գրում է. «Տէ՛ր, իմ ժողովրդի կողմից ուզում եմ արտահայտել Ձեզ Մեր անկեղծ շնորհակալութիւնները՝ Ձեր անխոնջ ջանքերի համար մեր օգտին, որը պատիւ կբերէ եւ Ձեզ, եւ Ձեր քրիստոնեայ ժողովրդին. նրանք եղել են ախոյեան ճնշուածների դատին եւ այժմ շահել են մեզ համար մեր առաջին յաջողութիւնը՝ մեր պետութեան փաստօրէն ճանաչումը։ Աղօթում եմ եւ վստահ եմ, որ Դուք չպիտի ձգէք մեր դատը, մինչեւ որ ամբողջ աշխարհի կողմից չճանաչւի աւելի ընդարձակ Միացեալ եւ Անկախ Հայաստանը։ Մեր տանջանքները եւ օրինապահ աջակցութիւնը Դաշնակիցների դատին պիտի երաշխաւորեն մեր պահանջների կատարումը եւ արդարութիւնը։ Օրհնում եմ Ձեզ եւ Ձեր Մեծ Բրիտանական ազգը» («Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության», գիրք Ե, Երեւան,1999 թ., էջ 285)։
Կաթողիկոսի շնորհակալական նամակի պատասխան նամակում Հայ դատի մեծ պաշտպան լորդ Ջեյմս Բրայսն առավել քան ջերմ է. «Թէ ինձ եւ թէ Ձեր բազմատանջ ժողովրդի բոլոր բարեկամներուն համար մեծ հաճոյք է եղել Երեւանի Հանրապետութեան ճանաչումը, եւ այսպիսով շատ դարերի խաւարումից վերջ ազատութեան եւ անկախութեան արեգակը դարձեալ ծագում է Հայաստանի վրայ։ Հայաստանի այստեղի բարեկամները ցանկանում են նոր պետութեան համար խաղաղութիւն եւ բարգաւաճում։ Ձեր մեծանուն նախորդները այս բարձր Գահի վրայ, որ Դուք գրաւում էք Էջմիածնում՝ մատուցել են մեծ ծառայութիւն Քրիստոէութեան, նոյնպէս եւ Հայ ժողովրդին, կենդանի պահելով Քրիստոէնեական հաւատքի եւ սիրոյ բոցը եւ Հայկական մեծութեան ազգային աւանդութիւնները բոլոր այն դժբախտութիւններու մէջ, որը հասցնում էին անգութ բարբարոսութիւնները։ Մենք սրտանց բարիք ենք ցանկանում Ձեր եկեղեցիին եւ Ձեր ժողովրդին համար եւ յոյս ունենք, որ Աստծոյ օրհնութեամբ Դուք կարող պիտի լինէք ակնկալել բարգավաճման եւ խաղաղութեան մի դարաշրջանի վերածնունդ Հայաստանի համար։
Պատիւ ունեմ լինել Ձերդ Վեհափառութեան ամենահաւատարիմ ծառայ» (նույն տեղում)։
Ավելի ուշ՝ 1920 թվականի գարնանը, Խորեն արք. Մուրադբեկյանը (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս), ով ընդգրկված էր Հայկական հարցի կապակցությամբ Եվրոպա մեկնած հայկական պատվիրակության կազմում, Լոնդոնից Գեւորգ Ե Սուրենյանց կաթողիկոսին հղած նամակում գրում է. «Հայաստանի հարցը եւ բախտը այժմ վճռւում է Անգլիայում, ուր գտնւում են մեր պատուիրակները եւս։ Ինչպէս արդէն տեղեկացած կը լինի Ձերդ Վեհափառութիւնը, Անգլիան, մանաւանդ Մարաշի կոտորածներից յետոյ, ակտիւ քայլերի դիմեց, եւ անգլիական «Թայմսը» սկսեց յոդուածներ տպագրել յօգուտ հայկական հարցի։
Համայնքների եւ լորդերի պալատներում շարունակ խոսվում է Հայաստանի մասին, խոսում են Ասիվիդ, Բրայս, Վիլիամս, Նիսել եւ պատասխանում են Լոյդ Ջորջ եւ Կերզոն։
Արդեն որոշուած է Տաճկահայաստանի խնդիրը։ Մեզ տրւում են Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայեթները, առանց Սղերթի եւ Երզնկայի, եւ ելք դէպի Սեւ ծովը Ռիզե եւ Աթենա նաւահանգիստներով։ Սահմանները գծված են եւ շուտով այդ մասին, երեւի, ապրիլի 20-ին կը յայտարարուի տաճիկներին։ Բարձրագույն խորհուրդը վերջնական որոշումն ունի Հայաստանի անկախության եւ իր մի պաշտոնական գրութեան մեջ, ուղղված Ազգերի լիգայի նախագահությանը, ասում է. «Բարձրագոյն խորհուրդը, միաձայնութեամբ ընդունելով Հայաստանի անկախութիւնը եւ այլն» («Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության», գիրք Բ, Երեւան, 1996 թ., էջ 85)։
Նույն նամակում Խորեն Մուրադբեկյանը շարունակում է. «Այսպէս թե այնպէս ինչպէս եւ անգլիական Կառաւարութիւնը յայտնել է, մենք մեր յոյսը մեր ուժերի վրայ պետք է դնենք եւ մենք պէտք է տիրապետենք եւ գրաւենք մեր երկիրը, որ մեզ են վերադարձնում։ Լսելով մեր ներկայացուցիչներից, որ Հայաստանը կարող է զէնքի տակ դնել 50.000 մարդ, Անգլիան խօստացել է հարկաւոր զէնքը եւ հագուստեղէնը տալ, եւ այս օրերս հրաման է տրուած ուղարկել Հայաստան։ Թոյլատրել է նաեւ գաղութներում կամաւորների հաւաքելը եւ խոստացել է ամէն դիւրութիւն տալ կամաւորներին երկիր փոխադրելու համար։ Դեռ երէկ Համայնքների պալատում Լոյդ Ջօրջը մի ընդարձակ ճառում ասաց, որ հայերը պէտք է դուրս գան շարունակ աղերսողների դերից եւ իրանք պէտք է տիրեն իրանց երկիրը։ Նրանք իրանց վրայ պէտք է դնեն իրենց յոյսը եւ կարող են, որովհետեւ ընդունակ, կուլտուրական ժողովուրդ են։ Նոյն ճառի մէջ Կիլիկիայի մասին աննպաստ է խօսում, ասելով, որ այստեղ հայերը փոքրամասնութիւն են կազմում։ Լոյդ Ջօրջին ընդհատում է Վիլիամսը հարցնելով. «Ե՞րբ, կոտորածներից առաջ թէ յետոյ». իսկ Լոյդ Ջօրջը պատասխանում է. «Մենք պէտք է ի նկատի ունենանք ներկայ դրութիւնը»։ Պարզ է, որ Կիլիկիայի մասին խօսք լինել չի կարող»,- անգլիական տրամադրություններն է փոխանցում Մուրադբեկյանը՝ նշելով նաեւ, որ առանձին հանդիպումներ է ունեցել «մեծ հայասէրների Ջէմս Բրայսի եւ Վիլիամսի» հետ՝ հայտնելով նրանց հայրապետական ողջույնը եւ օրհնությունները։
Լոնդոնից հղած մեկ այլ նամակում, այս անգամ ուղղված Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, Մուրադբեկյանը գրում է. «Ամերիկայի հեռանալուց հետո մեզ համար մտածողը միայն Անգլիան է, սահմանները Լոնդոնում որոշուած էին Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները (առանց Հիքիարի, Սղերդ եւ Երզնկա)։ Ծովի ելք Ադենե եւ Րիզէ նաւահանգիստներ։
… Այս է քաղաքական դրութիւնը եւ ուզում եմ ինձ համոզել, որ շուտով մեր հարցը բոլորովին որոշուելու է»,- գրում է Խորեն Մուրադբեկյանը՝ խոսելով նաեւ պաշտոնական շրջանակներում, ինչպես եւ Անգլիայի հայ համայնքում կատարած իր աշխատանքների մասին («Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության», գիրք Բ, Երեւան, 1996 թ., էջ 88)։
Հետաքրքիր են նաեւ Մուրադբեկյանի դիտարկումներն անգլիահայ համայնքի վերաբերյալ։ Նույն նամակում Մուրադբեկյանը գրում է. «Որքան անմխիթար է այստեղ մեր պատգամաւորութիւնը, որ շարունակ կռիւներով է զբաղուած, այնքան մխիթարական են գաղութները։ Տեղական եւ մանաւանդ Մանչեստրի հայութիւնը, շատ ուժեղ են կապուած հայրենիքի հետ. բոլորն էլ տաճկահայեր են եւ շատ պարզ է, որ Ահարոնեանի եւ Նուբար Փաշայի կռիվների ժամանակ անցնում են աւելի վերջինիս կողմը…» (նույն տեղում, էջ 87)։
Մուրադբեկյանի նամակը վկայում է նաեւ, որ անգլիահայ համայնքը եւս զերծ չի մնացել Հայաստանին աջակցելու գործից։ «Ուղարկվելու են շուտով բժ. Տեր-Միքայելեանի անունով մեծ քանակութեամբ դեղեր, զանազան պարագաներ, թելեր, գործիքներ։ Կարմիր Խաչի համար մենակ Մանչեստրից եւ Լոնդոնից կբերեմ մի հազար ֆունտ»,- հայտնում է Մուրադբեկյանը՝ նշելով նաեւ այլ օգնությունների մասին (նույն տեղում, էջ 89)։
Ավելի վաղ Լոնդոնում եւ Մանչեստրում հօգուտ Հայաստանի Հանրապետության արված հանգանակության մասին է հայտնում նաեւ զորավար Անդրանիկը՝ Գեւորգ Ե կաթողիկոսին՝ 1919 թվականի նոյեմբերին հղած իր նամակում։
«Ձեզնից բաժանուելէն վերջ եկայ Ֆրանսայ եւ Անգլիայ։ Լոնդոնի, Մանջեսդրի եւ Հնդկաստանի հայութիւնից հաւաքեցի մօտաւորապէս 50 հազար անգլիական ոսկի։ Հաւաքածիս չափ ալ պիտի տան Անգլիոյ մէջ գտնուող գաղթականութեանց օգնող մարմիններ, որով այս գումարը կհասնի 100 հազար ոսկի։
Այս ամբողջ գումարով պիտի գնուի հագուստ, ճերմակեղէն, կաշի օճառ եւ անհրաժեշտ պիտոյքներ Կովկաս ապաստանած գաղթականութեան համար, եւ որոնց մանրամասնութեանց պիտի տեղեկանաք։
Այս իրեղենների բաշխման ընդհանուր քօնթրօլէօր է Քօլօնէլ Հասքէլ, իսկ Մանջեսթրից ուղարկուած իմ նախկին գրագիր Եղիշէ Քաջունի եւ Բաքէեան բաշխումի գործին մէջ ծառայելու համար են» («Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության», գիրք Ե, Երեւան,1999 թ., էջ 199-200)։
Նշենք, որ Անդրանիկը նույն տարվա գարնանը հյուրընկալվել էր Մայր Աթոռում եւ պատշաճ ընդունելության արժանացել Հայ Եկեղեցու գահակալի կողմից։
Պատմության հետագա ընթացքը, սակայն, հակառակ մեծ տերությունների խոստումների, առավել քան անբարենպաստ եղավ Հայաստանի համար։ 1920 թվականի աշնանը Հայաստանը կրկին ներքաշվեց պատերազմի մեջ։
Նորանկախ հայ ժողովրդին բարոյական եւ ֆիզիկական աջակցություն ցուցաբերելու համար Գեւորգ Ե կաթողիկոսի նոյեմբերի 12-ի կոչը վերջին խնդրանքն է՝ ուղղված Անգլիայի թագավոր եւ Հնդկաստանի կայսր Գեորգ Ե-ին եւ այլ տերությունների առաջնորդների։
«Երկար տարիներ իւր ազատութեան յոյսով ապրած եւ տանճուած հայ ազգը, վերջին պատերազմի ընթացքում վեց տարի շարունակ համահաւասար կռուեց Համաձայնութեան պետութիւնների հետ միասին ընդհանուր թշնամու դէմ։
Եվ երբ նա Սէվրի դաշնագրի համաձայն սպասում էր օր առաջ իր հայրենիք վերադառնալ, յանկարծ իւր առաջ տեսաւ իւր դարաւոր թշնամուն իւր փոքրիկ սահմաններից ներս խուժած։ Արիւնաքամ, սոված, մերկ եւ հիւանդ հայութիւնը թողած մենակ թշնամու դէմ, որի նպատակն է ոչնչացնել հայ ազգն ու պետութիւնը եւ բնաջնջել քրիստոնէական հաւատը եւ եկեղեցին Արեւելքից։
Յանուն Տիեզերքի Փրկչի, սորանով դիմում եմ Ձեր քրիստոնէական մարդասիրութեան, օր առաջ փրկելու Հայաստանի հայութեան վերջին մնացորդը ֆիզիքական եւ բարոյական ուժերով, մինչեւ կհաւաքուին նորա ցրուած ուժերը եւ մինչեւ որ նա ի վիճակի կլինի ինքզինքը պաշտպանելու» (նույն տեղում, էջ 498)։
Հաշված օրեր անց Հայաստանի առաջին հանրապետությունն այլեւս պետք է պատմություն դառնար։
Հեղինե ՄԿՐՏՉՅԱՆ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s