Հայաստանյան մի շարք մշակութային գործիչներ վերջին ամիսներին առավել հաճախ են բարձրաձայնում, թե քաղաքացիական կամ փորձնական ամուսնությունը պիտի լայնորեն կիրառվի, թե այն առավել զարգացած տեսակն է ամուսնության, թե սիրող մարդկանց համար հարազատների կերուխումը որեւէ նշանակություն չունի…

Այս թեմայով, սակայն, ուսումնասիրություններ կան հենց այն երկրներում, ուր քաղաքացիական ամուսնությունը «լայնորեն կիրառվում է», նույնիսկ՝ օրենքով կարգավորվում…

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտությունները պարզել են, որ եթե մարդիկ որոշում են կազմել փորձնական ընտանիք, ապա բազմակի մեծանում է նրանց բաժանվելու հավանականությունը, եւ դա այն դեպքում, երբ նրանք ամենաազնիվ ձեւով միմյանց հետ պայմանավորվում են, որ դա միմյանց առավել լավ ճանաչելու եւ վերջնական որոշում կայացնելու համար է…

Մասնագետների կարծիքով՝ ամեն ինչ սկսվում է պայծառ-պայծառ հարաբերությամբ՝ երկուսն էլ սիրահարված են, սկսում են հանդիպել, մտածում են ապրել միասին, որ վստահ լինեն իրենց ընտրության մեջ… Իսկ երբ նրանք սկսում են միասին ապրել, փոխվում է իրավիճակը… Մեծ հաշվով՝ այս պարագայում կինն այլեւս ընտրող չի լինում, այլ բոլոր կողմերով փորձում է իրեն լավագույնս ներկայացնել. փորձում է միշտ լինել գեղեցիկ, խնամված եւ հրապուրիչ, փորձում է պատրաստել լավագույն ուտելիքները, լինել ցանկալի ու անմատչելի, թեպետ միեւնույն ժամանակ արդեն իսկ հասանելի է… Տղամարդու համար, իհարկե, իրավիճակը ձեռնտու է. նա բոլոր կողմերից շրջապատված է ուշադրությամբ եւ սիրով, իսկ իրենից, կարծես, առանձնապես ոչինչ չի պահանջվում. միայն վերջնական որոշում կայացնել. եւ ուրեմն՝ ինչո՞ւ շտապել…

Կինը հոգ է տանում նրա մասին այնպես, որ «կին-տղամարդ հարաբերությունները կամաց-կամաց դառնում են կին-երեխա. այն էլ՝ կամակոր երեխա… Կինն արդեն ոչ թե տղամարդու կողքին է, այլ նրան ձեռքերի վրա է առնում ու տանում՝ սպասելով «վերջնական որոշմանը»… Կենսաբանական իր կերտվածքով եւ հասարակական՝ դարերով հաստատված դիրքով կինն առավել, քան տղամարդը, ձգտում է կայուն ընտանիք, որոշակի կարգավիճակ եւ վերջապես երեխաներ ունենալ… Ու փորձում է խթանել «վերջնական որոշումը» կայացնելուն…

Իսկ տղամարդուն այս կարգավիճակը դուր է գալիս եւ կնոջ մանր-մունր ակնարկները նա հաջողությամբ անտեսում է… Կինն սկսում է նյարդայնանալ, ինչն սկսում է նեղել կամակոր դարձած զուգընկերոջը… Մեկ-երկու վեճ, ու նա սկսում է մտածել՝ իմ ինչին է սա պետք…

Հոգեբաններն զգուշացնում են՝ թվացյալ հավասար դիրքերից ընտրություն կատարելու համար փորձնական կամ, այսպես ասած, քաղաքացիական ամուսնությամբ ապրող կինն ու ամուսինը նույն հարթակի վրա չեն. շատ ավելի խոցելի է կինը…

Եվս մեկ հետազոտության մասին պատմում է հոգեբանական գիտությունների դոկտոր, միանձնուհի Նինա Կրգինան… Փորձնական ամուսնությունները, ըստ ռուս հետազոտողների, մեծացնում են դավաճանության հակումը… «Նրանք ամուսիններ են, սակայն ընտրությունը շարունակվում է բառիս բուն իմաստով. դա իրենք էլ խոստովանում են, դա իրենց որոշումն է, դա իրենց համար նորմալ է… Նրանք ընտրում են իրար, նրանք շարունակում են նայել շուրջը… Եվ երբ մի փոքրիկ հարցի են առերեսվում, ինչ-որ խնդիր են ունենում, նախընտրում են դիմացինի բոլոր թերություններին նայել խոշորացույցով, համոզել իրեն եւ իրենց, որ այլեւս չեն կարող, եւ հեռանալ… Հեռանալ, փնտրել-գտնել ուրիշին, փորձնական ամուսնությամբ ապրել՝ տեսնելու համար, թե որքանով են համապատասխան միասին ապրելու, եւ այդպես շարունակ»…

Ըստ հոգեբանի՝ երկրորդ անգամ բաժանման հիմք հանդիսացող խնդիրը կարող է էլ ավելի փոքր լինել, կարող է նույնիսկ որոշակի պատճառ չլինել. ուղղակի ձանձրանան իրարից… «Այս պարագայի համար մի լավ օրինակ կա՝ կպչուկի օրինակը… Երբ առաջին անգամ կպչուն ժապավենը փակցնում ես, այն բավական լավ է կպչում, պոկելը դժվար է, հետք է թողնում… Երկրորդ անգամ՝ էլի ոչինչ, ինչ-որ չափով ամուր է, սակայն ոչ այնքան, որքան՝ առաջինը… Երրորդ, չորրորդ… ու տեսնում ես, որ այն արդեն գործնականում չի կպչում… Այդպես էլ հարաբերություններում. հասնում է մի պահ, երբ արդեն ուղղակի մարդն ուրիշի հետ չի կարողանում համակերպվել. նա կորցրել է միանալու կարողությունը»,- նշում է մասնագետը…

Սեփական հարմարավետության մասին հիմնավոր ապացույցներ ունենալու այս ձգտումը մարդկանց զրկում է ամենամեծ, ամենահրաշալի, ամենամարդկային-աստվածային ունակությունից՝ սիրելուց… Մինչդեռ, երբ կինը սիրված է, դա ակնհայտ է, նա ծաղկում է, նա եթերային է, նա գեղեցիկ է… Երբ սիրված է տղամարդը, նա խաղաղ է, առավել դյուրությամբ հաղթահարում է դժվարությունները, լի է ստեղծագործ եռանդով…

Նինա Կրգինան փաստում է, որ մեր ժամանակների ամենամեծ միֆն է, թե անհրաժեշտ է միասին ապրել՝ ոչ միայն կենցաղային, այլեւ սեռային բիոռիթմերի համապատասխան լինելու մեջ վստահ լինելու համար… Վկայակոչելով հետազոտությունները՝ նա նշում է, որ մարդկանց լիարժեք համապատասխանություն (ցանկությունների բիոռիթմի տեսանկյունից) գրեթե չի պատահում. գիշերային կյանքը շարունակությունն է կենցաղային ցերեկվա, եւ այն գեղեցիկ ու ներդաշնակ է, երբ սերն է ուղղորդում կնոջն ու ամուսնուն եւ ոչ թե առավելագույն բավականությունն ստանալու եսապաշտական նկրտումը, ինչն առատորեն գովազդվում է այսօր… Միայն սերն է գրավականը ամուսանական հարաբերությունների փոխլրացման, քնքշանքի ու բերկրանքի, միայն հավատարմությունն է, որ կարող է խաղաղ պահել տան հարկն ու անվրդով դարձնել կյանքի ծանր ու թեթեւ օրերը…

«Պսակն ու հարսանիքը ոչ թե կերուխումի առիթ են, այլ՝ հանդիսավոր երդում Աստծու եւ բոլոր հարազատների, ընկերների առջեւ. «Տեսե՛ք, ես այս մարդուն սիրում եմ այնքան, որ նրա հետ պատրաստ եմ անցնելու ճանապարհ՝ գիշեր թե ցերեկ, նեղ թե լայն օրերին»… Այս օրն է ընտանիքն ստանում օրհնություն՝ Աստծու օրհնությունը, որ ամուր լինի իր ճանապարհը»,- նշում է Անդրեյ սարկավագ Կուրաեւը… Նա փաստում է, որ իրար իսկապես սիրող մարդիկ պատրաստ են ոչ միայն հարազատների առջեւ, այլեւ ամբողջ աշխարհով մեկ գոռալ ու հայտարարել, որ սիրում են. ճշմարիտ սերն ուղղակի չի հանդուրժում հոռետեսական այսպիսի մտածումներ. «Իսկ եթե հանկարծ անկողնում իրար չհամապատասխանենք…»։

Քաղաքացիական ամուսնության որոշում կայացնելը նման դեպքում անպատասխանատվությամբ պարբերաբար ապօրինի կենակցություն է…

Կուրաեւը ներկայացնում է պատկերավոր. «Մենք կանգնած ենք Աստծու եւ կենդանական աշխարհի միջեւ եւ մեր յուրաքանչյուր որոշմամբ ընտրում ենք՝ դեպի Աստված ընթանա՞լ, թե՞ իջնել դեպի անասունները»…

Ամեն ինչում զարգացող երկրներին ընդօրինակել ձգտող երիտասարդներին, չգիտես ինչու, նույն օպերատիվությամբ չեն տեղեկացնում, որ փորձնական ընտանիքի մոդելի փորձանքային գիտական հիմնավորումները հաշվի առնելով՝ այդ նույն զարգացած երկրներում ահռելի գումարներ են հատկացվում դեռահասների բարոյական կրթությանը, նրանց զսպվածության վարժեցնելուն… Այստեղ բոլոր ատյաններն արդեն հասցրել են համոզվել, որ բարոյական անկման արդյունքում երկիրը բոլոր ոլորտներում սրընթաց անկում է ապրում։ Իսկ մենք սկսել ենք որդեգրել նրանց տապալված օրինակը…

Իսկ իրականում ընտանիքն է անբաժանելի բջիջն ազգի ու պետության, եւ երբ մարդն է որոշում միացնել ու բաժանել, երբ եւ որքան կամենում է, սկսվում է հասարակական քայքայման, անձնական ողբերգությունների, հոգու կարծրացման, զգացմունքների կորստի, ցավ ու վշտերի անկասելի շղթան…

Նկատի ունենանք հոգեւոր ուսուցումները, դարերի փորձն ու ժամանակակից գիտական հետազոտությունները եւ ամենասուրբ պատգամներով աստվածային՝ ընթանանք դեպի Լույսը, Սերն ու Կյանքը…

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s