ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Ձեր հարցերին պատասխանում է տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։ Ձեր անունից հարցերն ուղղում է մեր թերթի արտահաստիքային թղթակից Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

— Տե՛ր հայր, Սուրբ Գիրքը բազմիցս զգուշացնում է ապրել չափավոր եւ ժուժկալ կյանքով` հեռու մնալով ագահությունից: Ինչո՞վ է կարեւորվում ժուժկալությունը, որ համարվում է 7 գլխավոր առաքինություններից մեկը։
— Այո՛, ժուժկալությունը 7 գլխավոր առաքինություններից մեկն է: Աստված այնքան կարեւորեց չափավորությունը, որ նույնիսկ դրախտի պարտեզում, որտեղ մարդը երանավետ կյանք էր վարում, չափավորության մի սահման դրեց` պատվիրելով ուտել դրախտի բոլոր ծառերի պտուղներից, բացի չարի եւ բարու գիտության ծառի պտղից (տե՛ս Ծննդ. Բ 16, 17): Եվ կյանքում միշտ այդպես է. երջանկությունը կապված է որոշակի սահմանափակումների, զոհողությունների հետ: Ագահության, անչափության վիճակը չի կարող երջանկացնել մարդուն: Եթե փորձենք նայել մարդկության պատմության ընթացքին, ապա պիտի փաստենք, որ այսօր ողջ աշխարհում մարդն ապրում է ավելի բարեկեցիկ ու հարմարավետ կյանքով, քան սրանից 50 կամ 100 տարի առաջ: Առօրյա հոգսերն ու կենսապայմաններն ապահովելու առումով մեր կյանքն ավելի հեշտ է: Սակայն այսօրվա մարդն առավել երջանիկ չէ, քան նախնի մարդը: Մեր ցանկությունների, հաճույքների բավարարումը չի տանում երջանկության: Նայենք փաստերին: Այսօր ողջ աշխարհում ավելի շատ են ինքնասպանությունները, խելագարությունները, հոգեկան խեղումները, տեսակ-տեսակ այլասերումները, քան նախկինում: Ուրեմն հաճոյապաշտությունը, մոլությունների հետեւից գնալը չերջանկացրին մարդուն: Չնայած այս ամենին` աշխարհը նորից շարունակում է այդ ճանապարհով ընթանալ: Տեսեք, ի՞նչ է ազատությունը. հայրերից մեկն ասում է, որ ազատ է այն մարդը, ով կարողանում է «ո՛չ» ասել իր ցանկություններին, երբ կարողանում է բարոյական արգելքներ դնել դրանց վրա: Ես ցանկանում եմ այն, ինչն օգտակար չէ ինձ, ուստի ինքս ինձ զսպելով` մերժում եմ ցանկությունս, անում եմ այն, ինչը թեեւ դժվար է թվում, բայց օգտակար ու բարոյական է: Սա ժուժկալություն, չափավորություն է:
— Տե՛ր հայր, սակայն ոչ բոլորը կարող են ունենալ այնքան ամուր ու զորեղ կամք, որպեսզի «ո՛չ» ասեն իրենց վնասակար ցանկություններին: Սբ Պողոս առաքյալն ասում է. «Ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք» (Ա Տիմոթ. Զ 8): Դժբախտաբար ներկայումս մարդկությունը հասել է այնպիսի մի վիճակի, որ այլեւս գրեթե անհնար է վերադառնալ սակավապետ, ժուժկալ, չափավոր ապրելակերպին:
— Այո՛, մարդիկ հասել են այդ վիճակին, բայց համաձայն չեմ, որ այլեւս հնարավոր չէ վերադառնալ ժուժկալ ապրելակերպին. միշտ կարելի է վերադառնալ: Խնդիրն այն է, որ այսօրվա մարդու համար հագուստը ծառայում է ոչ թե մարմնի մերկությունը ծածկելուն ու այն ցրտից ու արեւից պաշտպանելուն, այլ դարձել է մարդկանց մեջ ներկայանալու, հասարակության մեջ զբաղեցրած դիրքը ցույց տալու միջոց: Սա չափավորության կորուստ է: Եթե մենք հագուստին վերաբերվենք ճիշտ, ապա չենք ձգտի ունենալ այնքան հագուստ, որ չհասցնենք հագնել, այն դեպքում, երբ մեր կողքին ապրող շատ մարդիկ չունեն նույնիսկ անհրաժեշտը: Նույնը վերաբերում է նաեւ սննդին: Սնունդը մարդու կյանքի կենսական նյութերը վերականգնելու, մարդու կենսական ուժերը վերականգնելու համար է, մինչդեռ այսօրվա մարդն ուզում է անպայման կերակրից հաճույք ստանալ, քիմքի պահանջը բավարարել հնարավորինս համեղ ու բազմատեսակ կերակրով:
— Հիշենք մեր Տիրոջ երկրային կյանքը. մեր Տերն ապրեց համեստ ու ժուժկալ կյանք` Իր հետեւորդներին էլ կոչ անելով նմանվել Իրեն, հետեւել Իր կյանքի օրինակին…
— Քրիստոսն Իր կյանքը մեզ որպես օրինակ ապրեց: Հիշենք Քրիստոսի պատասխանն այն երիտասարդի հարցին, ով կամենում էր հետեւել Իրեն: Տերն ասաց. «Աղվեսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները` բույն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ Իր գլուխը դնի» (Մատթ. Ը 20): Մեր Տերը նույնիսկ տուն, կացարան չուներ: Նա ուզում էր ասել, որ Իրեն հետեւողը պիտի հանձն առներ այդպիսի մի կյանք: Իրապես, Քրիստոսի կյանքը չափավոր, ժուժկալ, անհրաժեշտով բավարարվելու կյանք էր` իբրեւ մեզ օրինակ: Սրանում շատ մեծ ճշմարտություն կա: Այսօր մենք Աստծուց մեզ շնորհված ժամանակը, շնորհները, մեր կենսական ուժերը, մեր խելքը, ավյունը, եռանդը ուրիշ ուղղությամբ ենք աշխատեցնում, ոչ այն ուղղությամբ, ինչի համար Աստված մեզ կյանք է շնորհել, այսինքն` առաքինության, բարության, սրբության ճանապարհով, մեղքից հրաժարվելով, երկնքի արքայության ճանապարհով ընթանալով, այլ մտել ենք մի խելահեղ վազքի մեջ, որը չգիտենք, թե ուր է տանում։ Նյութի, դրամի, բարեկեցության, հաճոյամոլության վազքը աստվածահաճո ընթացք չէ: Այս կյանքը շատ կարճ է, ուստի մարդը պիտի այս ժամանակահատվածը ճիշտ ապրի` գլխավորը զանազանելով երկրորդականից:
— Իսկ որո՞նք են ժուժկալության օգուտները։
— Ժուժկալ մարդը սովոր է միշտ գոհ լինել իր վիճակից, սակավով գոհանում է` փառաբանելով Աստծուն: Անժուժկալ մարդը միշտ դժգոհում է, որովհետեւ չի հագենում ունեցածով: Ուրեմն ժուժկալը նախ` գոհանում է քչով եւ անտրտունջ ապրում, որը մեծագույն առաքինություն է: Հիշենք աղքատ Ղազարոսի եւ մեծահարուստի առակը. մեկնիչներն ասում են, որ Ղազարոսի առաքինություններից մեկն էլ չտրտնջալն էր. նա իր ծայրահեղ ծանր, չքավոր ու հիվանդ վիճակի մեջ գոհությամբ ապրեց, չդժգոհեց, ուստի ողորմություն գտավ (տե՛ս Ղուկ. ԺԶ 19-31): Ժուժկալ մարդը բավականին կամային մարդ է, կարողանում է կամք դրսեւորել ու մերժել իր վնասակար ցանկությունները: Ըստ հայրերի` մարդու հոգին եռամասնյա է` բանական, ցասմնական, ցանկական: Ժուժկալ մարդը կարողանում է իր բանականությամբ եւ կամքով հակառակ կանգնել ցանկականին, կամք դրսեւորել ու ճնշել այն: Ժուժկալ մարդիկ նաեւ բարեգործներ են, վատնող, փչացնող չեն, իրենց զրկելով` օգնում են ուրիշներին:
— Սուրբ Պողոս առաքյալն ագահությունը կռապաշտություն է համարում` ասելով, որ այդպիսիները երկնքի արքայության մեջ մաս եւ բաժին չեն ունենալու (տե՛ս Եփես. Ե 5): Ինչպե՞ս կարող է այս ախտը տիրել մարդու սրտին, եւ ո՞րն է ագահությունից ձերբազատման ճանապարհը:
— Ագահությունը 7 մահացու մեղքերից մեկն է: Այս ախտի մասին խոսում են նաեւ Սիրաք եւ Սողոմոն իմաստունները: Իմաստության գրքերում ասվում է. «Ագահությունն իրեն անձնատուր եղողին կսպանի»: Ագահության անձնատուր եղողն իրեն մահվան է դատապարտում: Առաքյալն ասում է. «Բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է» (Ա Տիմոթ. Զ 10): Սա սատանայի խաբկանքն է: Ինչպես սատանան դրախտում խաբեց, պատրեց մեր նախածնողներին` ասելով, որ եթե ուտեք արգելված պտղից, աստվածներ կլինեք, այսինքն` կունենաք ավելին, քան ունեք, թեեւ նրանք ամեն ինչ ունեին ու երջանիկ էին: Պետք է միայն մեկ պատվիրան պահեին, այն էլ չպահեցին: Այսօր էլ նույն կերպ խաբում է մեզ…
Մարդն այս ախտի մեջ հայտնվում է միշտ ավելին ցանկանալու եւ ունենալու պատճառով, որի անհրաժեշտությունն ինքը չունի: Սա խաբկանք է:
— Վարդան Այգեկցին, վկայակոչելով Տիրոջ այն խոսքը, թե «հարուստը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն», ասում է. «Սակայն շատ մեծատուններ կմտնեն Աստծո արքայություն, եթե լինեն բարեսեր, ողորմած, անկաշառ, իրավադատ… եւ այլն»: Ի՞նչ կասեք այս հարցի առնչությամբ։
— Ասեմ, որ սակավ ունեցող կամ աղքատ մարդկանց մեջ էլ հաճախ պատահում են ագահ ու աչքածակ մարդիկ, որոնց որքան էլ տաս, միեւնույն է, դժգոհ են: Բայց անկախ ամեն ինչից` միշտ պետք է տալ, ողորմել, քանի որ Սուրբ Գիրքն ասում է, որ ծարավածին մեկ բաժակ ջուր տվողն իր վարձքն է ունենալու երկնքում: Ուրեմն իրենց արդար ունեցվածքից բարիք գործող մարդիկ վարձքի են արժանանալու երկնքում:
— Իսկ ի՞նչ մեղքեր են ծնվում ագահությունից։
— Ագահությունը ծանրագույն մեղք է, որը ծնում է մի շարք մեղքեր: Ագահը կարող է հեշտությամբ գողանալ, սպանել, խարդախել, բանսարկությունների դիմել, ատել, դավաճանել ու էլի շատ ու շատ մեղքեր գործել` ընչասիրությունից դրդված:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s